Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Մեր միրգ-բանջարեղենն ազնվականների ցեղից են

Մեր միրգ-բանջարեղենն ազնվականների ցեղից են
04.06.2024 | 07:37

Հեչ մտածել ե՞ք, թե ինչ սիրուն, պատկառելի անուններ ունեն մեր միրգ-բանջարեղենը։ Եթե մոռանաս, թե ինչ են նշանակում, ու միայն բառն արտասանես, անկախ քեզնից՝ հարգանքով ես լցվում էդ բառերի հանդեպ՝ կեռաս, հապալաս, մաղադանոս, ազնվամորի, ձմերուկ, պղպեղ, ծիրան...

Օրինակ՝ կեռաս... Ի՜նչ սիրուն ա հնչում։ Եթե չիմանաս, որ միրգ ա, կթվա, թե մշտադալար բույսերով, վառ, գույնզգույն ծաղիկներով ու թափանցիկ շատրվաններով դրախտային այգի ա նշանակում, որտեղ հրեշտակներն անհոգ ճոճվում են ոսկե ճոճանակի վրա։ Կե-ռաս... Ասես՝ լսում ես ճոճանակի ոսկեձայն ճռռոցը։

Բա ազնվամորին՝ տեղով ազնվական։ Փորձեք օտարերկրացու մոտ ասել՝ ազնվամորի։ Նա չգիտի էլ, թե «ազնիվ» ինչ ա նշանակում, բայց միանգամից կլրջանա, կարող ա ոտքի էլ կանգնի։ Ամենաքիչը՝ կմտածի, թե ինչ-որ թանկանոց ոգելից խմիչքի անուն ա։

Կամ, ասենք՝ մաղադանոսը՝ կարծես անտիկ շրջանի հույն փիլիսոփա լինի, որ Արիստոտելի հետ թև-թևի տված շրջել են ձիթենիների շվաքի տակ ու բամբասել Պլատոնից։ Իսկ մենք կտրտում, գցում ենք բորշի մեջ։ Արդար չի, հե՛չ արդար չի։ Օրինակ՝ ես մրգերից մեկի անունն էլ պտղոմեոս կդնեի, որ մաղադանոսը մենակ չմնար իր փիլիսոփայական մտորումների հետ։ Իսկ կտրտելուց առաջ գոնե ներողություն կխնդրեի։

Կամ թեկուզ հենց հատապտուղների ընտանիքի ամենագոնչո ներկայացուցիչ ձմերուկը։ Հլը աչքերը փակեք ու դանդաղ արտասանեք՝ ձը-մե-րուկ... Զգում ե՞ք՝ ինչ հարգանք կա էդ բառի մեջ, ինչ վեհանձնությամբ են բաղաձայններն ու ձայնավորները շարվում իրար հետևից ու համաչափ, զնգուն, ընդգծված անկյուններով բառ կազմում, չնայած իրականում՝ ձմերուկը ոչ մի անկյուն էլ չունի, եթե կտրած չի։

Դրան հակառակ՝ «վարունգը» կլոր-մլոր բառ ա, մի հատ անկյուն չունի։ Որ արտասանում ես, քիչ ա մնում լեզվիդ վրայից պլստա-ընկնի։ Բայց էլի՝ գլուխը բարձր ա՝ արժանապատվությամբ լի, քիչ ա մնում՝ խոնարհվես։

Բա հապալասը... Եթե չիմանայի, թե հապալասն ինչ ա, կկարծեի, թե հունական դիցարանի էն չքնաղ աստվածուհիներից մեկն ա, որ Օլիմպոս լեռան գագաթին մշտական ու ժամանակավոր բնակություն հաստատած բոլոր աստվածներին ու կիսաստվածներին խելքահան են անում իրանց երկնային գեղեցկությամբ, ու վերջում՝ Զևսը՝ ճարը կտրած, համաստեղություն ա դարձնում, որ խանդոտ Հերան ամեն օր գլխին սկանդալ չսարքի։

Բա ծիրանը՝ իր ազնվազարմ, արծաթաձայն խորհրդավորությամբ, բա երգեհոնի նման հնչող նուռը, բա կծու արժանապատվությամբ լցված պղպեղը...

Չէ՛, մեր միրգ-բանջարեղենն ազնվականների ցեղից ա, առանց հարգանքի ոչ արտասանել ա լինում, ոչ ուտել։ Դրա համար՝ երբ ասում ենք՝ ոտքի վրա ուտել, դա չի նշանակում արագ, իմիջիայլոց մի կտոր բան գցել բերանը, այլ նշանակում ա հարգանքով ուտել՝ հոտնկայս ուտել։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9738

Մեկնաբանություններ