2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

Վաղը գարուն է լինելու

Վաղը գարուն է լինելու
29.02.2024 | 17:04

Էսօր ձմռան վերջին օրն է։ Ով լավ չլսեց, կրկնում եմ՝ էսօր ձմռան վերջին օրն է։

Կան պարզ, սովորական նախադասություններ, որոնք ցանկացած պոեզիայից ավելի ազդեցիկ են, երաժշտության նման են հնչում՝ անկախ նրանից, թե ինչ հնչերանգով են արտասանվում։ Սա էդ նախադասություններից մեկն է, որ իր ազդեցության ուժով հավասար է «ես էլ քեզ եմ սիրում» կամ «արի՛, տոլմա կեր» նախադասություններին։ Էս նախադասության մեջ երեք ամսվա սպասում կա, հույս կա, ձյան տակ թաքնված ծաղիկ կա, ծառի մերկ ճյուղերի ցամաքած երակներում ծնվող խլրտոց կա, քանդված ասֆալտի ճեղքերը խուտուտ տվող մատղաշ կանաչ գույն կա։ Ինչ ասես չկա էս նախադասության մեջ։

Նենց որ՝ դանդաղ ու պարզորոշ արտասանե՛ք՝ էսօր ձմռան վերջին օրն է, ու զգացեք, զգացե՛ք, թե ինչ է կատարվում։ Զգում ե՞ք՝ էդ նախադասության ամեն մի հնչյունը, ամեն մի շունչը ձեր ներսում քնած բջիջների մի խայտաբղետ բանակ ա արթնացնում, ձեր հոգում դաշտային ծաղիկների մի փունջ է բացում: Զգում ե՞ք, թե ոնց է գարունը գողանում ձեր շունչը, որ բեղմնավորի իր կենարար սերմերով ու վաղը ներարկի ձեզ:

Ուրեմն՝ էսօր ձմռան վերջին օրն է, զգանք պահը, վաղը էս ժամին արդեն գարուն է լինելու, իսկ էսօր․․․ Էսօր ձմռան վերջին օրն է։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 3271

Մեկնաբանություններ