38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Կոռուպցիոն ելևէջներ բոկում կամ` это вам выйдет бок-ом!

Կոռուպցիոն ելևէջներ բոկում կամ` это вам выйдет бок-ом!
26.05.2023 | 21:56

Ժամանակին օրենսդրորեն սահմանվում էր, որ պետական գլխավոր պաշտոնյան իրավունք չունի անդամակցելու որևէ քաղաքական կուսակցության։ Հետագայում մեզ համոզեցին, որ քաղաքականությունը կեղտոտ երևույթ է, և այնտեղ ցանկացած բան կարող է լինել ու պատահել։ Կուսակցաքաղաքական գործունեությունը ջհանդամ, բայց գիտությունն էլ հո մաքուր ոլորտ է, կամ, գոնե ներկայացվում է իբրև այդպիսին։ Եվ եթե այդպես է, ուրեմն վաղուց ժամանակն է, որ բոկում աշխատողներն օրենսդրորեն զրկվեն գիտական կոչումներ «շահելու», իսկ գիտության կոմիտեի ժողովուրդն էլ՝ թեմաների մրցույթներում «հաղթելու»` «ի վերուստ շնորհված» «իրավունքից»։ Թող դրանք էլ մյուս պաշտոնյաների պես բավարարվեն աշխատավարձ, պարգևատրում կողմնակի եկամուտ եռամիասնությամբ։ Թե չէ խեղճ գայշնիկ-տամոժնիկների անունն է դուրս եկել, բայց բոկիստներն ու գիտկոմիստներն են աշխարհն ուտում։ Երկրորդներին կանդրադառնանք այլ առիթով, իսկ այժմ նկատենք, որ երբ նայում ես բոկին, մեկ էլ տեսնում ես, թե մի անհայտ բոկոտն, բոկում հայտնվելով, անշեղորեն հարստանում է։ Եվ դեռ դա քիչ է՝ միանգամից ատենախոսություններ է պաշտպանում կամ պաշտպանեցնում ազգական, հարազատ, բարեկամներին (կամ պարզապես վճարունակներին)։ Իբրև դիտարկման թեմա վերցնենք բոկի ներկայիս գլխավոր պաշտոնակատարին (անուն-ազգանուն չենք գրում, որովհետև բացարձակապես ոչինչ չասող բաներ են, իսկ մենք չենք ուզում անիմաստությամբ ավելորդ ծանրաբեռնել ընթերցողի միտքը), որ ոչ միայն ինքն է «տաղանդավոր», այլև պարզվեց, որ իր կինն էլ «լուրջ» գիտնական է։ ՈՒղղակի մինչև ամուսնյակի պաշտոն ստանալը դեռ ի ցույց չէր դրել իր «գիտական» ձիրքը։ Անշուշտ չակերտով ենք ասում, որովհետև գիտություն ասելով, հասկանում ենք, օրինակ՝ «Լույսի տարածումը խավարում», «Տիեզերքի էվոլյուցիայի պրոբլեմները», կամ նման մի վերնագիր, և ոչ թե՝ «Հայաստանի Հանրապետության Բարձրագույն կրթության որակի ապահովման հիմնախնդիրների լուծման ուղիները կրթական բարեփոխումների համատեքստում»։ Համոզված ենք, որ եթե մեկը բարձրաձայն էր կարդում, ապա շունչը կեսից կտրվեց։

Ինչևէ, հաստատ բոկիկի տիկնոջ ատենախոսության մեջ ամեն քայլափոխի գրված կլինի, թե դա խիստ կարևոր «ուսումնասիրություն» է։ Համաձայն եմ, կարևոր բան է «կրթության որակի ապահովումը», բայց ո՜ր միամիտը կհավատա սրանց «կրթական որակի ապահովմանը», երբ պաշտոնական ընդդիմախոս․․․ դոկտոր․․․ պրոֆեսորի տված կարծիքի (https://www.bok.am/sites/default/files/2023-03/ Ի․%20Կարապետյանի%20կարծիք%20%281%29_0.PDF) ամեն էջում փնթիության սպրդվածքներն են (5/22/2023)։ Այն, որ բութի փոխարեն բառի գլխին [Է] տառ կա դրված՝ ոչինչ։ Երկու կոճակներն իրար մոտ են, պատահում է, սակայն դոկտորին սազական չէ, երևի, տառեր կուլ տալը (համոզված չենք՝ խնդիրը կուլ տալն է, թե տվյալ դիրքում տառի ներկայության անհրաժեշտությունը չգիտակցելու հանգամանքը)։ Այս հարցում հատկապես Կարծիքի էջ 5-ն է «հաջողված» (միանգամից 4 սխալ)։ Բայց մեր համար ուշագրավ է 3-րդ էջին բամած «բարձ[-]ագույն»-ը, որ նաև ատենախոսի ամենասիրած վրիպումն է (օրինակ Սեղմագրի էջ 9-ում 2 անգամ է) (https://www.bok.am/sites/default/files/2023-03/սեղմագիր%20058.pdf)։ Այսինքն բոկիստները այնքան են «բարձ[-]ացրել» կրթության որակը, որ պաշտոնական Կարծիքը (Սեղմագիրն էլ ջհանդամ) տառասխալ-վրիպակներով կարող է գրվել, և ոչ մի խնդիր չի առաջանա, որովհետև տեր և տիկին գլխավոր բոկիկներն են «շահառուն»։ Մինչդեռ ժամանակին սա լուրջ խնդիր կլիներ ոչ միայն ատենախոսություն պաշտպանողի, այլ նաև գրագիտության ասպարեզում չփայլող դոկտորի դիպլոմ հայթայթածի և առավել ևս հիշյալներին իր «լուսավոր» կամարների տակ ընդունած հաստատությունների համար։ Վրիպակ-տառասխալները նույնիսկ կարելի է բոկիստների մենաշնորհը համարել՝ իրենց թողնելով նաև վրիպակ-սխալ տարբերության սահմանումը։ Օրինակ՝ եթե հաշվելիս ասենք․ «5, 6, 8»։ Այստեղ 7-ի բացակայությունն ի՞նչ է՝ վրիպա՞կ։ Իսկ եթե բոկիստուհու Սեղմագրի 16-րդ էջի («Ատենախոսության հիմնական դրույթներն արտացոլված են հեղինակի կողմից հրատարակված հետևյալ աշխատություններում.․․» ) ցուցակի N 2 հոդվածի 33-րդ էջի պես է՝ շարադրանքում ծանոթագրության թիվը կա (7-րդ), տողատակում չկա, իսկ 8-ն ընդհակառակը՝ ներքևում առկա է՝ վերևում՝ չիք։ Սա որակի «բարձ[-]ացում» է, թե՞ ոչ։ Ի դեպ՝ այս գիտականորեն «ակնառու» հոդվածը հրապարակվել է «Կրթությունը 21-րդ դարում» «կոթողային» (ուզում էինք ասել՝ հենց նոր սաղմնավորված) «Գիտամեթոդական միջազգային գրախոսվող հանդես»-ում (տե՛ս տիտղոսաթերթը)։ Նույն հանդեսում են տպվել նաև Սեղմագրի ցուցակի 3-րդ և 4-րդ համարները։ Վերջինը 2021 թվականին է հայտնվել պարբերականում, որից հետո «պարբերականը» զարմանահրաշ զուգադիպությամբ ընդգրկվել է բոկ-ի՝ ընդունելի պարբերականների ցուցակում։ Հաշվենք, թե կոռուպցիոն ռիսկեր այստեղ չեն եղել, այդ շրջանում բոկիստը չի եղել գիտական պարբերականների կուռատոր (այսինքն պարբերականը բոկ ցուցակում ընդգրկող և հանող), և կատարվածն ամբողջովին զուգադիպություն է։ Կամ ընդհանրապես բոկ թիվ մեկ տիկնոջ նախասիրությունն ու նախապատվությունն է նույն տեղում հրատարակվելը։ Բայց հետաքրքիր է՝ ո՞ր ամսին է պարբերականն ընդգրկվել բոկ ցուցակում․ բոկիստի կնոջ հոդվածի տպագրությունից հետո, թե՞ առաջ։ Անկախ ամեն ինչից արձանագրենք, որ տիկնոջ՝ «21-րդ դարի կրթության» էջերում եղած 3 հոդվածից միայն մեկը (կոռուպցիոն խիստ վերապահումներով) կարող է բավարարել բոկ պահանջները, իսկ եթե անկողմնակալ մոտեցում ցուցաբերվի՝ և՛ ամսագիրը կհանվի ցուցակից, և՛ տիկնոջ կոչումը կչեղարկվի (այս ամենը լինելու է՝ ուղղակի ժամանակի խնդիր է)։ Ինչո՞ւ ենք շատ հիշում բոկ «ընդունելի» պարբերականները։ Շատ պարզ․ եթե բոկի ցուցակից, իբրև չափանիշներին չհամապատասխանող, կամ որևէ այլ ձևակերպմամբ, հանվել է Մաշտոցի անվան Մատենադարանի պարբերականը, ուրեմն կա՛մ բոկ ցուցակն է պետք փակել, կամ, ավելի ճիշտ կլինի՝ հենց բոկը։ Եթե այդ կանտոռայի նպատակը ծանոթ-բարեկամներին՝ պաշտպանողների ու պարբերականների ցուցակներում ընդգրկելն է, ի՞նչ իմաստ ունի դրա համար առանձին շենք զբաղեցնելը, աշխատողներով լցնելը։ Մի կրպակ դնենք, թող բոկոտները դիպլոմ, վկայական և գոնե զովացուցիչ ըմպելիքներ վաճառեն, որ սպասարկման կլիենտուրան միայն իրենց շրջապատով չսահմանափակվի՝ ժողովրդին էլ ծառայեն։

Լա՜վ, ասենք Մատենադարանի ժողովուրդը չափազանց քաղաքակիրթ է, ո՛չ ընդվզում է, ո՛չ խոսում, ո՛չ ձայն է հանում։ Ուրեմն մենք էլ մեր տեղում անկողմնակալությամբ վերանանք ամեն ինչից և պարզապես գիտական պարբերականների անվանումները համեմատենք՝ «Բանբեր [Մաշտոցի անվան] Մատենադարանի» = «Կրթությունը 21-րդ դարում»։ Տարբերություն կա՞։ Եթե բոկիկների խելքը չի հերիքում արդար դատելու համար, թող դուրս գան փողոց, ցանկացած՝ թեկուզ անուս, մեկին հարցնեն։ Անհնար է, որ նա չասի, թե երկուսից ո՛րն է գիտական, որը մոգոնած, որը հորինած, որը օրինաց։ Հավելենք նաև, որ չնայած ամսագրերից քչերն ենք ակնարկում, տիկնոջ ցուցակի բոլոր անուններն են նորաբույծ, կամ, նվազագույնը, Մատենադարանի հանդեսին անհամադրելի, գոնե՝ «տարիքի», «վաստակի», ծավալի և ցիտելիության ցուցանիշներով։ Համոզվելու համար բավական է, որ նայենք բոկի ցուցակով թիվ մեկ տիկնոջ սեղմագրյան ցուցակին։ Ընդ որում՝ դրա և պարբերականներում տպված վերնագրերը երբեմն տարբերվում են (օր․՝ հմմտ․ ցուցակի 7-րդ համարի վերնագիրը)։ Բայց այս ամենը ոչինչ է բոկիստների համար, մինչդեռ ուրիշները մեծ պրոբլեմ կունենային նման դեպքում, որովհետև առնվազն ամոթ է հոդվածիդ վերնագիրը չիմանալը։ Ժող․ ասացվածք է․ «Դժվար է աշխատությանդ վերնագիրը հիշելը, առավել ևս, եթե գրողը դու չես (կամ «հեղինակակից» ես)»։ Հաշվենք որ այնքան շատ են սեղմագրորդուհու հոդվածները, որ վերնագրերը ճիշտ չի հիշում, չնայած նման գրառումները ոչ մի լուրջ գիտնական հիշողությամբ չի անում, այլ ճշգրիտ դնում է։ Բացասական առումով ուսանելի է ցուցակի 8-րդ համարը, որ մի ամբողջ բառի տարբերություն է տալիս տպագրվածի հետ։ Սա ևս մանր բան հաշվենք։ Սակայն սխալ-վրիպումների մեջ կա մի երևույթ, որ ոչ միայն ուշագրավ է, այլ նաև էապես պետք է ազդի թիվ 1 տիկնոջ պաշտպանել-չպաշտպանելու (դիպլոմ ստանալ-չստանալու) վրա։ Հոդվածների մի մասում հեղինակ-հեղինակակից տիկինը մեկ Տաթև (N 1, 2, 3, 4), մեկ էլ Տաթևիկ (N 6, 7, 9), իսկ երբեմն Տ․Ս․ (N 5, 8) Մովսիսյան է։ Եվ որովհետև չենք կարծում, թե անձնագրում, ատեստատում՝ փաստաթղթերում ․․․ բոլոր տարբերակներն էլ առկա են, պետք է կարծել, որ սա փաստաթղթային լուրջ վրիպում է, և մեր բյուրոկրատական երկրում դժվար թե գտնվի որևէ նոտար, որ «վիզ առնի» նման հանգամանքներում ճանաչել տվյալ անձի նույնականությունը։ Իսկ պատճառը, մեր կարծիքով, ավելի շատ պրոզայիկ է․ պաշտոնիստ ամուսինն է զբաղվել հոդվածների տպագրմամբ և շփոթել է կնգա անվան անձնագրային և փաղաքշական տարբերակները։

Այսքանը բավարար համարելով՝ ասենք, որ տիկնոջ ուսումնասիրությունը նույնիսկ տեսականորեն հնարավորության նշույլ չունի նորություն բերելու գիտությանը։ Եվ այստեղ ոչ թե լուրջ գիտությունը նկատի ունենք, այլ անգամ իրենց ընտրած՝ կեղծ մասնագիտությունը։ Նույնիսկ դրան օգուտ բերել չէր լինի։ Հայերեն կայքերում տիկնոջ ուսումնասիրության նյութը միլիոններով է, անգլերեն և ռուսերեն ցանցում՝ անհաշվելի։ Եվ բավական է վերցնել օր․՝ «Quality Assurance in Egypt and the European Standards and Guidelines», կամ «Механизмы и процедуры обеспечения качества в высшем образовании в контексте реализации европейских подходов»․․․ կամ նման մի ատենախոսություն, և կրթության որակի և դիսերտացիայի պաշտպանության գործն ինքնաբերաբար առաջ կգնա։ Սրանից այնկողմ յուրաքանչյուրի սրտի ուզածով կարելի է վերցնել ռուսական, եգիպտական․․․ նմուշները և գուգլով թարգմանել՝ ընդամենը չմոռանալով փոխել աշխարհագրական անունները՝ Եգիպտոս, Ռուսաստան կամ Բուրունդին դարձնելով ՀՀ։ Եղածից ավելի տիկինը ոչինչ չէր կարող երկնել։ Դրա համար շատ հետաքրքիր է Սեղմագրի՝ «Հետազոտության գիտական նորույթը» բաժինը, որ կարող է նաև լակմուսած թուղթ կամ ինդիկատոր հանդիսանալ։ Անմիջապես բացում ենք համապատասխան հատվածը (էջ 5) և կարդում․ «սահմանվել է «բարձրագույն կրթության որակի ապահովման ազգային շրջանակ (ՈԱԱՇ)» եզրույթը և բացահայտվել են ՀՀ ՈԱԱՇ-ի ձևավորման և զարգացման նախադրյալները հայալեզու գիտամանկավարժական գրականության մեջ վերոնշյալ եզրույթի տարբեր մեկնաբանությունների և դրանց առնչվող հետազոտությունների բացակայության հաշվառմամբ»: Իբրև կարևոր հանգամանք նաև կարծիքատուն է իր պարտքը համարում արձանագրել․ «ատենախոսը վերլուծում է ՀՀ ՈԱԱՇ-ի ձևավորման ու զարգացման փաստաթղթային հենքը, սահմանում «ՀՀ ՈԱԱՇ» հասկացությունը»։ Փառահեղ է՝ ՈԱԱՇ-ն հայտնագործվեց։ Երկուսի խոսքում էլ բանալի բառերը «ՈԱԱՇ» և «սահմանել»-ն են։ Վերջապե՜ս հայրենի գիտության համար սահմանվեց ՈԱԱՇ-ն։ Ազգս կարող է ապահով լինել։ Իսկ եթե լուրջ խոսենք, սա ծաղր է գիտության հանդեպ՝ ՀՀ, Եգիպտոս և ՌԴ ՈԱԱ շրջանակները ռազմավարական առումով տարբերվո՞ւմ են, թե միայն երկրների անուններով են տարբեր։ Պատճենում ենք տիկնոջ հայտնագործությանը վերաբերող մասն ու որոնում։ Պարզվում է, որ ՈԱԱՇ հապավումը բավականին հաճախ է հանդիպում։ Օրինակ՝ ՎՊՀ «Որակի ապահովման ձեռնարկ»-ում (https://vsu.am/karg/2019/voraki-apahovman-cernark.pdf, էջ 105), Աբովյանի անվ․ մանկ․ համալսարանի՝ 2020 (էջ 230), 2021 (էջ 246) թթ․ հաշվետվություններում։ Ավելի վաղ՝ տիկնոջ գյուտարարությունից մի 10 տարի առաջ, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի 2009-2011 «Համակարգային վերլուծության» մեջ է ՈԱԱՇ-ն՝ (https://www.anqa.am/hy/հրապարակումներ/հհ-մասնագիտական-կրթության-համակարգի-վերաբերյալ-ոաակ-ի-2009-2011թթ-առաջին-ամբողջական-վերլուծություն/։ Դրանում ասված է․ «2011 թ. ՀՀ կառավարությունն ընդունեց ՀՀ որակավորումների ազգային շրջանակը (այսուհետ` ՈԱՇ), որը բաղկացած է 8 մակարդակից: Այժմ ՈԱԱՇ-ի կիրառումն ու պահպանումը ՀՀ Կրթության և գիտության նախարարության իրավասությունն է» (էջ 7)։ Հիմա, այս սպառիչ մեջբերումից հետո բոկիստների ասածն ի՞նչ է։ Հապավում-եզրը վաղուց եղել է, բայց մարդիկ կիրառել են առանց հասկանալու՞, թե՞ ուրիշ բան են ուզում ասել։ Ստիպված նորից դիմում ենք գուգլի օգնությանը։ Տիկնոջ հայտնագործած ՈԱԱՇ-ն Translate-ով ռուսերեն լինում է «национальная система обеспечения качества высшего образования», իսկ անգլերեն․ «national framework for quality assurance of higher education»։ Երկու տարբերակներով էլ հազարավոր էջեր են հայտնաբերվում, ուր ամեն բան ծամած-դասակարգած-դրած է։ Կասկած է առաջանում՝ կարո՞ղ է ուզեցել են «սահմանել»-ի փոխարեն «թարգմանել» գրել, և այդ դեպքում ամեն բան տեղը կընկներ։ Նաև շատ հետաքրքիր է՝ եթե «կրթության որակի բարձրացման», «կրթ․ եվրոպ․ ստանդարտների»․․․ ՈԱԱՇ-ի մասին Այբ-ից մինչև Քե ամեն բան հայտնագործված և մանրադիտակով ուսումնասիրված է, տիկինը ինչ է արել ինչպե՞ս է գրել, ո՞նց է ամփոփել իր «գիտական» վեպ-օպերան։ Թերևս բոկինեն վերջում գրել է՝ «Այսպիսով ավարտեցինք հեծանիվ հայտնագործելու «ազգային ռազմավարական» օպերացիան։

Եթե որակ բարձրացնելու իրական նպատակ ունենք, եկեք նայենք ռառաջադիմական երկրների փորձին։ Դրանք անիմաստ, դատարկաբան, ջուրծեծոցի թեմաներն ի սկզբանե մերժում են։ Սեղմագրից և հոդվածներից դատելով՝ բոկուշը ոչ թե ջուր է ծեծել, այլ լվացքի մեքենան միացրել է և չի կարողացել անջատել, դրա համար էլ 194 էջ բացառիկ անիմաստությամբ մրել է։

Լա՜վ, ինքն ու ամուսինն արեցին, գլուխները քարը։ Իսկ կարծիք, երաշխավորություն, կողմ և հօգուտ քվե տվողները․․․ չամաչեցի՞ն։ Կրթության որակ եք ուզում․ ատենախոսություններն ու խորհուրդների ցուցակները, հարակից փաստաթղթերը իրար հետ դրեք համացանցում, և գործընթացը սկսեք հանց ձեզնից։ Սա ծայրահեղություն չէ՝ միջազգային առաջադիմական փորձն է պահանջում, որ երբ ուզենք, նայենք։ Եթե անարժանություն տեսնենք, իմանանք՝ ո՞վքեր են իրենց գործը, անունը, մասնագիտությունը, ստորագրությունը չհարգողները, տառասխալով կարծիք տվողները, հիմարությանը կողմ քվեարկողները․․․ Նույն կերպ պետք է սահմանված լինի, որ եթե, թեկուզ 100․․․1000 տարի անց բացահայտվի գրագողությունը, տգիտությունը, տխմարությունը, անարժանը պետք է զրկվի կոչումից։ Մտորման կարոտ ուրիշ ուղղություն։ Ասենք, մեր հարևան Վալոդը կոմպից հեռու է։ Փողը տվեց՝ աշխատանքը մուտքագրեցին, հետո փառք ու պատվով պաշտպանեց։ Խնդիր կա՞։ Ո՛չ։ Վալոդը անգլից էլ է հեռու, բայց բոկն ու գիտկոմը Scopus-ի հոդված են պահանջում։ Վալոդն էլ փողը տվեց, թարգմանեցին, հետո վճարեց՝ Scopus-ով տպեցին, փառք ու պատվով պաշտպանեց։ Խնդիր կա՞։ Ո՞չ։ Իսկ եթե ասենք, որ Գենաձիկն էլ՝ ո՛չ կոմպ գիտի, ո՛չ հայերեն, ո՛չ անգլերեն։ Գիտության հետ էլ սեր չունի, բայց փողը տվեց՝ գրեցին, շարեցին, տպեցին․․․ Խնդիր կա՞․․․ Այո՛, և հենց այս ու նմանատիպ խնդիրները լուծելու համար են բոկն ու գիտկոմը։

Կարճ ասած՝ շատ ուրախ ենք, որ բոկյան թիվ 1 ընտանիքը կաշառք-քծնանք-կամակատարություն․․․ նաև այլ՝ ոչ գիտական հմտություններ դրսևորելով բարեբեր երակի է նստել։ Բայց մեր մատնանշումները և պահանջները կոնկրետ են․ անհապաղ վերականգնել Մատենադարանի ամսագրի բարի համբավը, ձեռնպահ մնալ տիկնոջը կոչում շնորհելուց, և համացանցում տեղադրել նրան վերաբերող բոլոր փաստաթղթերը։ Ըստ տարեթվի պարզել, թե ո՞րն է շուկան ողողած «Բանբերներ»-ից ամենահինը և մյուսներին առաջարկել-հորդորել-պարտադրել, որ ուրիշ անուն ընտրեն։ Մի՞թե ուրիշ անուն չկա։ Բոլորը «Բանբեր» են, բայց բերածները բանի նման չէ։

Հուսանք մեր զուսպ խոսքի ֆոնին նկատվեց մեր ինֆորմացիոն ապահովվածությունը, ուստի խելքի բավարար քանակի առկայության դեպքում բոկիստները զերծ կմնան մեզ ավելորդ գայթակղելուց։ Ուզում ենք ակնկալել իրենց շուտափույթ խելքի և շողուլի գալը հավաստող գործողություններ։ Միշտ պետք է հիշել, որ նշանակովի (անգամ ընտրովի) թիվ 1 լինելը հավերժական չի լինում, և պետք է զգուշանալ պաշտոնանկությունից հետո «թիվ մինուս մեկ», «թիվ մինուս երկու» կամ «թիվ զրո» դառնալուց։

Սարգիս ՍԱՐԳՍՅԱՆՑ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 15916

Մեկնաբանություններ