38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Չանկըրիում բանտարկված Կոմիտասի կյանքի վերջին տեր ողորմեան («Վերագտնված հաշվիչ-մասունքի» հետքերով)

Չանկըրիում բանտարկված Կոմիտասի կյանքի վերջին տեր ողորմեան  («Վերագտնված հաշվիչ-մասունքի» հետքերով)
24.04.2023 | 10:18

Վկայագիր հաշվիչի վրա հիշատակված մտավորականներից շատ քչերին հաջողվեց փրկվել։

Այս կարևոր գործում ահռելի մեծ նշանակություն ունեցավ ամերիկյան դեսպան Մորգենթաուերի միջամտությունը, ոմանք փրկվեցին հատուկ խնդրանք նամակների օգնությամբ, ոմանք փրկվեցին ռազմադադարի ժամանակ, իսկ մի քանիսնին էլ հաջողվեց փախչել, հետագայում անվանափոխված կամ ծպտված շարունակելով իրենց կյանքն ու գործունեությունը։

Աքսորից վերադարձած և ցեղասպանությունը վերապրածներից որոշ մանրամասներ.

  • Կոմիտաս վարդապետը Պոլիս է վերադարձել Մեճիտ իշխանի և դեսպան Մորգենթաուերի միջնորդությամբ :
  • Թորգոմեան Վահրամ (1858-1942), բժիշկ, հանրային գործիչ, վերապրող: Աքսորից ազատվել է Մեճիտ իշխանի միջնորդությամբ, եղել է Մեճիտ իշխանի անձնական բժիշկը:
  • Պալագեան Գրիգորիս, ծայրագույն վարդապետ (1879-1934), Թոքաթցի, փախել է Դեր-Զորի ճանապարհից 1916-ի ապրիլի 2-ին, հասել է Պելեմետիկ կերպարանափոխված և ծպտված: Վերապրած է:

Գ. Պալաքյանը 1921թ. ամռանը Բեռլինում մասնակցել է Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը՝ իբրև վկա: Գերմանական դատարանում նրա՝ Հայոց ցեղասպանության վերապրողի տված վկայությունները կարևոր հակափաստարկ եղան նախորդ իրազեկի՝ Օսմանյան կայսրությունում գերմանական ռազմական առաքելության ղեկավար Լիման ֆոն Սանդերսի վկայութան դեմ: Գ. Պալաքյանը իր վկայության մեջ հստակեցրեց այն դրույթը, որ հայերի տեղահանության և ջարդերի գլխավոր կազմակերպիչը Թուրքիայի Ներքին գործերի նախկին նախարար Թալեաթն էր, որի տված հրամաններով իրագործվեց Հայոց ցեղասպանությունը:

Պալաքյանի գրած «Հայ Գողգոթան» գիրքը նրա հիշողություններն են, ականատեսի իր վկայագրերը և տեղեկությունները աքսորված հայ մտավորականներից։

Պալաքյանի և բժիշկ Թորգոմյանի հուշերը Կոմիտասի մասին.

Աքսորում հայտնված հայ մտավորականները, առաջին իսկ օրից, նախազգացել էին իրենց եղերական վախճանը: Նրանցից Վարուժանը և մյուսները դեռ Պոլսի բանտից, իրենց գուրգուրանքի և հոգածության առարկա էին դարձրել Կոմիտասին, ամեն կերպ փորձելով ապահովել նրա հանգստությունը:

Ամիսներ տևող այդ տառապանքի ընթացքում Կոմիտասը ֆիզիկական և հոգեկան երեք ահավոր ցնցումներ է ունեցել և այդ ցնցումները բավական էին խանգարելու Կոմիտասի նման զգայուն մի մարդու իմացական հավասարակշռությունը, որը երաժշտությունից և արվեստից դուրս ուրիշ աշխարհ չէր ճանաչել:

Կոմիտասի առաջին ցնցումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա երգեցողության միջոցով, իրենց սպառնացող վտանգը իր ընկերներին հասկացնել փորձելիս, մի հրեշ ոստիկան, անակնկալ կերպով, նրա հետևից խոյացել և ծոծրակին բռունցքի մի սոսկալի հարված է իջեցրել, որի հանկարծական թափից և ուժգնությունից Կոմիտասը շշմել, մնացել է:

Այդ վայրագ հարվածը նա չի մոռացել նույնիսկ իր մելաղձոտության քսան երկար տարիների ընթացքին՝ Փարիզի «Վիլ Ժյու- իվ»-ի հիվանդանոցում և հիշել է այն:

Մյուս ցնցումները ֆիզիկական ցավ չէին պատճառել նրան, բայց հոգեկան այնպիսի խորունկ ալեկոծության էին ենթարկել, նա կարելի է ասել, այդ ցնցումների ծանրության տակ կքել ջախջախվել էր վերջնականապես:

Այսպես, հազարավոր դիակների և մահամերձների միջից քարավանն անցնելիս, նա ականատես է լինում Գոնիայի մոտ մի սրտաճմլիկ տեսարանի, որին պիտի չկարողանար դիմանալ գուցե նույնիսկ ամենից պաղարյուն և անտարբեր սիրտն իսկ: Կոմիտասը սարսափով տեսնում է, թե ինչպիսի վայրագությամբ մի ոստիկան, սվինի մի հարվածով ճեղքում է փորը երկունքի ցավերի մեջ տառապող մի դեռատի հայուհու, որի նորածին երեխայի առաջին ճիչր խեղդվում է հրեշի հարվածի տակ: Կոմիտասը մոր ու երեխայի այդ գեհենային տանջանքն ու սրտակեղեք մահը տեսնելով, մի րոպե արձանացած մնում է գունատ և այլայլված...

Երրորդը՝ պատահում է Չանկըրըյի ճանապարհին, Թավլիի հանգրվանում, ուր հասնում են հայ մտավորականները հետիոտն ճամփորդությունից հետո, հոգնած, ուժասպառ ու ծարավի: Ամենքը փոշիների մեջ թաթախված, քաղցած ու ոտից-գլուխ կեղտոտված, մի խանի մեջ հանգստանում են: Մի քանի ընկերներ գնում են դույլով ջուր ճարելու, որ իրենց ծարավը հագեցնեն: Կոմիտասը այդ պահին խանից դուրս ելնելով, տեսնում է ջուրը և սկսում ձեռները շփել, ինչ որ նրա սովորությունն էր բոլոր ուրախառիթ պարագաներին: Բաժակի չգոյությունը ստիպում է նրանց ուղղակի դույլով խմելու, Վարուժանն ու Սիամանթոն առաջին դույլը բերում են Վարպետին, ու երկու հոգի խնամքով այնպես են բռնում դույլը նրա շրթունքների առաջ, որ նա կարողանա հանգստությամբ խմել և ծարավն հագեցնել: Բայց հազիվ նա շրթունքները դույլին մոտեցրած, մի հրեշ ոստիկան զինվոր գալիս է շտապ, և դույլը ուժով քաշելով դեն է շպրտում և ջուրը գետին թափում: Կոմիտասը այլայլված, անմիջապես, թևը գլխին շուրջ տանելով, ծածկում է դեմքը և անշարժ մնում այնպես, մինչ թրջված դեմքից և մորուքից ջուրը կաթիլ-կաթիլ թափվում է նրա փեշերին։

Վարուժանն ու Սիամանթոն ծայր աստիճան հուզվում են: Անկարող լինելով ոստիկանին պատժելու, նրանք իսկույն հանում են իրենց թաշկինակները ու սրբում սարսափից անշարժ գամված Վարպետի դեմքն ու մորուքը: Վերջապես, թևը գլխիցը վար առնելով, դանդաղորեն և մարած նայվածքով, նորից խան է մտնում Կոմիտասը, մեղրամոմի նման դեղնած: Այդ պահին բժիշկ Թորգոմյանն է գալիս, իմանալու՝ թե ինչ է պատահել, որ Կոմիտասը չի խոսում, ինչու՞ նրա այնքան վառ կենդանի աչքերը այժմ մարած են այսպես: Նրա դեմքի հանկարծական փոփոխությունը և մեռելական կերպարանքը մեծ հուզում և խուճապ է առաջացնում մտավորականների ամբողջ քարավանի մեջ: Ամենքը սիրում և հարգում են նրան: Նրանք հավանաբար քանիցս դիմում են կատարում ու խնդրում՝ որ ազատ արձակեն այս անմեղ մարդուն, որը միայն երաժշտությունը, երգը ու դաշնամուրն է ճանաչել: Բայց՝ իզուր...

Այս դեպքերից հետո ավելի ինքնամփոփ դարձած Կոմիտասը շարունակ միայնակ խոսում էր մյուսների համար անհասկանալի բառերով։

Արդեն Չանկրիի բանտում հայ մտավորականները, զգալով իրենց մոտալուտ եղերական վախճանը, խնդրում են Կոմիտասից երգել իրենց համար վերջին անգամ: Կոմիտասը չի մերժում և սկսում է երգել իր հայտնի ստեղծագործությունը՝ «Տէ՜ր, ողորմեան»: Ոստիկանները նախ ուզում են արգելել նրան, բայց նրա ձայնի մոգական ազդեցությունից խորապես տպավորված, ունկնդրում են հետաքրքիր ու հիացած:

Հրաշքով վերապրող մի քանի մտավորականներ, ինչպես և Թորգոմյանը, վկայում են որ Կոմիտասն այդ վերջին երգը երգել է բացառիկ զգայականությամբ, բոլորովին վերացած կարծես նյութական աշխարհից:

Այդ ողբերգի կերկերուն վանկերից ուժգնորեն թրթռում է Կոմիտասի խորունկ վշտի ճիչը , որը գիտցել է թե բոլորն էլ դատապարտված են վերջում գառնուկի նման մորթվելուն: Իրենց մոտալուտ մահվան հոտն զգացող թշվառ աքսորյալները այնպիսի հուզման մեջ են ապրում, որ բոլորն էլ, առանց բացառության, հեկեկագին արտասվում են:

ՈՒ երբ ընդհանուր հուսաբեկության և հառաչների մեջ վերջացնում է Կոմիտասն իր երգը, տեսնելով իր գլխահակ ընկերների արցունքն ու հոգեկան տառապանքը, անօրինակ բոցով վառվում է, աչքերը մեծանում են, և անսպասելիորեն հանկարծ խոլական քրքիջով քահ-քահ ծիծաղում է: Մտահոգության և սարսափի մատնված իր ընկերներն անմիջապես շրջապատում են նրան, վշտալից ու գորովագին և ուզում են հանգստացնել նրան: Բայց Կոմիտասը շարունակում է իր խելագար ծիծաղը՝ շղթայազերծված այնպիսի մի վայրենի ծիծաղ, որ նրա դեմքի վրա դրոշմում է հետզհետե հոգեկան տանջանքի և ներքին ալեկոծության մռայլ կնիքը։

Այս մասին իր «Հայ Գողգոթա»-յում Պալաքեանը գրել է .

"Չանկըրիի մեծազանգված զորանոցում մենք 150 է ավելի Պոլսէն աքսորական մտավորականներ և ընկերներ ի մի եկած, առանց խտրութեան կուսակցություններու և դասակարգի, հավատացեալի՝ թէ կրօնքի անտարբերի եւ կամ թերահավատի, մթնշաղին մոմի տմույն լույսի մը մէջ, ժամերգութիւն կը կատարէինք։ Երբ Կոմիտաս վարդապետ սկսաւ իր մելամաղձոտ եւ սրտառուչ “ՏԷՐ ՈՂՈՐՄԵԱՆ” ծայր առավ հեկեկանք մը ամէն կողմէ, որը հնար չէր զսպել։ Կու լայինք ամէնքս ալ տղու պէս. կու լայինք մեր ձգած սիրելիներուն վրայ, կու լայինք մեր սև ճակատագրին վրայ, կու լայինք մեր ազգի անբախտութեան վրայ, կու լայինք անցուցած մեր արյունի օրերուն վրայ, առանց ենթադրելու, թէ արեան աշխարհավեր աննախընթաց նոր փոթորիկներու արդէն նախօրեակին կը գտնուէինք։ Երբ ազգ ու հայրենիք ի մի հարուած պիտի փորձէին բնաջնջել մեր ցեղային դարավոր թշնամիները։ Թերևս տարաբախտ Կոմիտաս վարդապետն իր ամբողջ կեանքին մէջ այսքան հուզիչ երգած չէր երբեք Տէր Ողորմեան։ Որովհետև, մինչդեռ ամէն անգամ ի պաշտօնէ երգած էր «Տէր Ողորմեան», ուրիշներու ցավերուն, վշտերուն, սուգին առ ի մխիթարութիուն, այս անգամ սակայն, «Տէր Ողորմեան» կ’երգէր իր իսկ վշտին, հույզերուն ու հուզումներուն համար, հայցելով սփոփանք մխիթարութիուն հավիտենական Աստուծմէն, և սակայն լուռ կը մնար…։

Կոմիտասի այս նկարը արվել է Չանկրիից վերադառնալուց հետո...

Սերինե ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 5726

Մեկնաբանություններ