Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Եռամսյակային հավաքները պետական բարձր մակարդակով որպես պատժամիջոց են սահմանվում»

«Եռամսյակային հավաքները պետական բարձր մակարդակով որպես պատժամիջոց են սահմանվում»
12.07.2022 | 07:28

Կառավարության որոշմամբ՝ 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը ՀՀ ԶՈւ-ում նախատեսված են պահեստազորի վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով: Չնայած այն հանգամանքին, որ որոշման մեջ որպես դրա անցկացման նպատակ նշված է «ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու, զորահավաքային մարդկային ռեսուրսները և տրանսպորտային միջոցները վարժական հավաքների և մարտական հերթապահության մեջ ընդգրկելու անհրաժեշտությունը», օրեր առաջ պաշտպանության նախարարն ԱԺ-ում այլ նպատակ էր հնչեցնում։


Վերջինս, անդրադառնալով այդ հավաքներին ընդդիմության ներկայացուցիչների ընդգրկման անհրաժեշտությանը, նշեց. «Ճիշտ է ասվում՝ Երևանում երկիրը փրկելը հեշտ է, երբ կատարվում է փափուկ ու հանգիստ պայմաններում, բայց դուք, իհարկե, չեք փրկում, փորձում եք երկիրը տանել դեպի անորոշություն: Ես վերջին մեկ ամիսը հայտարարել եմ ինժեներական ամիս, համեցեք, մասնակցեք ինժեներական աշխատանքներին, մասնակցեք եռամյսա հավաքներին»։


Հիշեցնեմ, որ եռամսյա հավաքները որպես մահակ, պատիժ ընդդիմադիր հայացքներ ունեցողների դեմ օգտագործելու անհրաժեշտությունը մի քանի ամիս առաջ շրջանառության մեջ դրեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը, ով փողոցային պայքարի դուրս եկած քաղաքացիների ու, մասնավորապես, բերման ենթարկվածների վերաբերյալ հորդորեց իրավապահ կառույցներին՝ անունները փոխանցել ՊՆ-ին ու նրանց ընդգրկել եռամսյա հավաքներում։
Ի դեպ, չնայած այն հանգամանքին, որ իշխանությունը 44-օրյա պատերազմից հետո անընդհատ խոսում է պահեստազորի ուսուցման, վերապատրաստման ու մարտունակության բարձրացման մասին, սակայն, ըստ կառավարության որոշման, ստացվում է, որ այս հավաքների հիմնական նպատակը մարտական հերթապահության ներգրավումն է, իսկ ըստ Պապիկյանի՝ նաև ինժեներական աշխատանքների անցկացումը։


Ես ինքս պահեստազորայինների ակտիվ հավաքների անցկացման ջատագովներից եմ, ով համարում է, որ Հայաստանի նման երկրները պարտավոր են ունենալ մարտունակ պահեստազոր, սակայն, որպես պահեստազորի սպա, վիրավորական եմ համարում, երբ մեր երկրում եռամսյակային հավաքները պետական բարձր մակարդակով որպես պատժամիջոց են սահմանվում։
Սա, իհարկե, առաջին հերթին խոսում է օրվա իշխանությունների լեզվամտածողության, էության, գաղափարական դատարկության մասին։
Եռամսյա հավաքներին ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց ներգրավումը ես կարևորում եմ այլ տեսանկյունից։


Ինքս ծանուցագրեր ստացած շատ մարդկանց հետ իմ զրույցներում նշում եմ, որ հավաքներին մասնակցությունը, եթե մի կողմ դնենք դրա քաղաքական գործոնը, բացի երկրի պաշտպանությանը մասնակցելու կարևոր առաքելությունից, նաև հնարավորություն է խորքով ուսումնասիրելու բանակում առկա իրավիճակը, ներկայումս նկատելի արատավոր բարքերն ու բացասական միտումները։
Խնդրել եմ բանակի հետ առնչություն ունեցող (ունեցած) և վերլուծական հմտություններ ունեցող մի տասնյակի հասնող քաղաքացիների, եռամսյակային հավաքների օրերին, տեղում թուղթ ու գրիչով արձանագրել կազմակերպչական, մարտական պատրաստության, գաղափարադաստիարակչական բնույթի բոլոր խնդիրները և հետագայում սրանք մասնագիտական քննարկումների դաշտ բերել։
Քննարկումների բաց կամ փակ ձևաչափը, դրա հետագա հանրայնացումը կախված է թեմայի բնույթից, անվտանգության նկատառումներից և իրավիճակային առանձնահատկություններից, բայց տեղեկատվության հավաքագրումն ու խնդիրների խմբավորումն առաջնահերթություն է։


ՀԳ. Երկիր հանձնողները, հազարավոր մարդկանց կյանքեր խլածներն ու ադրբեջանական քմահաճույքներ կատարողները դեռ ընդդիմությանը հեգնում են, թե բա՝ «փրկիչներ»։ Դե բա ձեր ձեռքից իշխանության ղեկը պետք է խլել, որ գոնե փրկենք այն, ինչը դեռ չեք հանձնել, ապահովենք այս տարածաշրջանում հայի ֆիզիկական գոյության և արժանապատիվ կյանքի պայմանները։


Տիգրան Աբրահամյան

Դիտվել է՝ 14578

Մեկնաբանություններ