Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Ձգտում է արթուն պահել սերունդների հիշողությունը»

«Ձգտում է արթուն պահել սերունդների հիշողությունը»
12.06.2022 | 10:55

Երևանի պետական մանկավարժական համալսարանում օրերս կայացավ Վրեժ Սարուխանյանի «Տարոնականչ» գրքի շնորհանդեսը։ Սովորական մանրամասներ չեմ ուզում ներկայացնել շնորհանդեսից, կարծում եմ՝ այդ մասին դեռ գրողներ շատ կլինեն։ Անսովորն այն էր (գուցե ինձ թվա՞ց), որ բոլորին այնտեղ բերողը մեր երկրում տիրող անելանելի քաղաքական լարված իրավիճակն էր, մեր պետականությանն սպառնացող վտանգի մտահոգությունը, ներսի ու դրսի կործանարար մարտահրավերները, որոնց դեմ պայքարելու միջոցներ չափազանց դժվար է այսօր գտնելը։ Ազգի մտավորականը նաև նրա ճակատագրի պատասխանատուն է։ Թվում է՝ Վրեժը քաղաքականությամբ չի զբաղվում, բայց, միևնույնն է, քաղաքականությունը չի ուզում շրջանցել նրան։ Նրա հերոսները կարծես հերթով սպասում էին դահլիճում՝ իրենց ոգու արիությունից բաժին հանելու ներկաներին և հույս ու հավատ ներշնչելու նրանց՝ դժվարին կացությունից ելք գտնելու համար։ Նրանք եկել էին ասելու, որ անցյալի հիշողությունը, ինչպիսին էլ այն լինի, մեր կենսագրությունն է, որն անբաժան է մեզանից, և նրանով պիտի սրբագրենք մեր ներկան ու ապագան։


Երբ Եղեռնից հրաշքով փրկված հայության բեկորները, հետևում թողած մեր պատմական հայրենիքը, սփռվեցին աշխարհով մեկ, նրանցից յուրաքանչյուրը, ուր էլ գնաց, իր հոգու թաքուն մի անկյունում փայփայեց վերադարձի հույսն ու հավատը՝ «Իմա՞լ կէղնի, իմա՞լ չէրթանք մըր էրգիր»։ Դեռ ապրում էր ու հզոր էր հայրենիքին անմնացորդ նվիրված քաջերի ոգին, որ միշտ անհնազանդ էր դառնաղետ ճակատագրին։ Նրանց անուններն ու հերոսական գործերը հավատի ու ոգևորության հրդեհ էին վառում ո՛չ միայն վտարանդի, այլև ողջ հայության հոգում։ Բայց դաժան է ժամանակ ասվածը, ու կորսված հայրենիքը տարբերվեց մյուռոնաչափ մնացած Հայաստանից իր յուրօրինակ անունով՝ ցավն անմիջական կրողների բարբառով ինքնաբերաբար ստանալով «Էրգիր» անվանումը։ Ցավոք, այդպես էլ իրականություն չդարձան վերադարձի հույսն ու հավատը, թեև մինչ օրս էլ դրանք շարունակում են ապրել հայի հոգում։ Էրգիրը մեր հիշողության մեջ հետզհետե վերափոխվեց Ցավի, Մորմոքի ու անմխիթար Կարոտի, որից ազատվելը գրեթե անհնար դարձավ։ Ժամանակի հետ «Էրգիր» հասկացության սահմանները հետզհետե «փոքրացան», ու մեր բոլոր կորուստներն ասես կենտրոնացան Սասունի, Մուշի ու մասամբ էլ Վանի մեջ։

Սակայն, իմ կարծիքով, վտանգավորը, որ առավել սարսափելի է, քան Եղեռնը, դեռ առջևում է․ սերնդեսերունդ փոխանցվող արյան կանչը մի օր էլ կարող էր վերափոխվել սոսկ անցած-գնացած՝ անվերադարձ պատմական հիշողության, եթե չլինեին պորտալարով կորսված հայրենիքին ամուր կառչած, արմատներն իրենց հողի մեջ ամուր խրած, նախնիների սուրբ պատգամին հավատարիմ Վրեժ Սարուխանյանի նման մարդիկ` Խաչիկ Դաշտենց, Մուշեղ Գալշոյան, Վրեժ Իսրայելյան՝ մտավորականներ, որոնք ի վերուստ և ի բնե կոչված են վառ պահելու Էրգրի հիշողությունը։
Վրեժ Սարուխանյանը եկավ լրացնելու այդ շարքը, շարունակելու այն սրբազան առաքելությունը, որը հավասարազոր է մեր քաջ ֆիդայիների անօրինակ հերոսությանը։ Սա պատմական անարդարության դեմ մարտնչելու, բռնաբարված արդարությունը վերականգնելու յուրատեսակ խիզախություն է, սխրանք։

Նրա (Վրեժի «կանչերին» մի ընդհանուր անուն տամ) «Հայրենականչերը» մեկը մյուսի հետևից հաստատում են, որ այնտեղ, որտեղ ավարտվում է հնարավորը, ծնվում է անհնարինը, որն իրականություն դարձնելու համար հարկավոր է հերոսական ոգի, միասնականություն, ամուր պետականություն ու հետևողական պայքար։ Առանց վարանելու պիտի ասեմ, որ այսօրինակ պայքարը հզոր դիվանագիտության նման մի զենք է, որն անտարակույս հանգիստ չի տալու անհայրենիք թշնամուն՝ իր գոյությունը խաղաղորեն ամրապնդելու ուրիշից խլված հայրենիքում։
Վրեժ Սարուխանյանը ծնվել ու ապրել է Ցեղասպանության դժոխքին ականատես և նրա սարսափները սեփական անձի վրա կրած այն մարդականց միջավայրում, որոնք Սասունից Աշնակ են գաղթել՝ հայրենիք վերադառնալու հույսով ու կարոտով։ Նրանք հարուստ ու հավաստի նյութ են մատակարարել բանիմաց, տաղանդավոր գրողին, որն իր գրչի զորությամբ այսօր էլ ստիպում, պարտավորեցնում է նրանց՝ չմոռանալու անցյալը և դասեր քաղելու պատմությունից։ Կարծում եմ՝ սա է ամենաարժեքավորը նրա ստեղծագործությունների մեջ, և հենց դա էլ շեշտեցին շնորհանդեսին ելույթ ունեցող բանախոսները։ Վրեժի հերոսները՝ կին թե տղամարդ, իրենց մեջ կրում են Էրգրի ցավն ու կարոտը և դրա հետ մեկտեղ՝ ապրելու, կորցրածը հետ բերելու անընկճելի կամքն ու հավատը, որոնք ուժ են տվել նրանց դիմակայելու թշնամու սահմռկեցուցիչ դաժանություններին և հաղթահարելու իրենց դեմ ծառացած հետագա բոլոր դժվարությունները (հիշենք «Դուռեն» և այլ պատմվածքներ)։ Իմ նպատակն այսօր առանձին գործերը ներկայացնելը չէ (ավելի ուշ մանրամասն ու հավուր պատշաճի կանդրադառնամ Վրեժ Սարուխանյանի ստեղծագործությանը), բայց չեմ կարող չնշել, որ տաղանդավոր գրողը, կորուսյալ երկրի ու նրա մարդկանց ճակատագրի մասին պատմելով, ևս մեկ անգամ հաստատում է, որ հնարավոր չէ սպանել այն ժողովրդին, որն ուզում է ապրել։
Ներկա լարված իրավիճակում առաջին հայացքից սովորական թվացող այս շնորհանդեսը մի յուրատեսակ ոգեկոչման կոչ էր ասես, որ ստիպում էր ներկաներին հույսով ու հավատով զինվել և մտածել ստեղծված ծայրահեղ դրությունից պատվով դուրս գալու մասին։


Զորեղ է Վրեժի գրիչը։ Առանց ավելորդ ջանքերի՝ հզոր վրձնահարվածներով նա կերտում է էպիկական այնպիսի կերպարներ, որոնք իրենց մեջ ընդհանրացնում են մեր ժողովրդին հատուկ բնավորության լավագույն գծերը՝ պարզություն, անկեղծություն, ազնվություն, աշխատելու, արարելու ձգտում, ազատ ապրելու կամք ու համառություն, հայրենասիրություն և, որ ամենակարևորն է, հույս ու հավատ վաղվա օրվա հանդեպ։ Վրեժ Սարուխանյանի արձակ ու չափածո գործերը, անխոս, մեր գրականության մնայուն հարստությունն են, որոնք բազմիցս հաստատել ու հաստատում են նրա մնայուն տեղը մեր տաղանդավոր դասականների կողքին։


Հասմիկ Վարոսյան
Գրող, հրապարակագիր

Դիտվել է՝ 8923

Մեկնաբանություններ