Անցած տարեվերջին եթեր տրվեց «Գիտության ուժը» հաղորդաշարի (հեղինակ՝ Նազենի Հովհաննիսյան) 7-րդ թողարկումը, որը նվիրված էր ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի հիմնադրմանը, զարգացմանը, ներկա վիճակին և ապագային նվիրված հարցերին: Նշված հարցերի վերաբերյալ պարզաբանումներ էր տալիս ինստիտուտի գիտական ղեկավար, ԳԱԱ թղթակից անդամ Արսեն Հախումյանը: Այդ, մեղմ ասած, չափազանց անհաջող հարցազրույցի մանրամասն մեկնաբանությունը մեր կողմից տրվել է «Իրատեսի» ս.թ. թիվ 27-ում զետեղված ընդարձակ հոդվածում:
Նույն ինստիտուտի վերաբերյալ, միանգամայն նույն հարցերի շուրջ սույն թվի հուլիսի վերջին եթեր տրվեց ՀՀ Հանրային ռադիոյի «Մտքի ուժը» հաղորդաշարի (հեղինակ Հասմիկ Դիլանյան) հերթական թողարկումը: Այս անգամ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ էր տալիս ինստիտուտի տնօրեն Տիգրան Զաքարյանը:
Քանի որ հարցազրույցն այս տեսքով եթեր է տրվել, իմ կարծիքով, նախնական լսումներից հետո, ուստի պետք է ենթադրել, որ Տիգրան Զաքարյանը համաձայնել է զրուցավարի բոլոր անհատական ներկայացումներին, ուստի մեկնաբանությունների թիրախը պարոն Զաքարյանն է:
Հարցազրույցի ընդհանուր գնահատականը պարզ կդառնա հարցազրույցի առանձին դրվագների ստորև բերված մեկնաբանություններից հետո: Եվ այսպես, թղթակիցն սկսում է:
«Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը կարելի է ճանաչել հեռվից, շնորհիվ 3 ռադիոաստղադիտակների. Դրանք բավական հին սարքավորումներ են, այսօր չեն աշխատում: Տնօրենն, ասում է՝ «պահանջարկ չունեն»: Ո՛չ, պարոն տնօրեն, պահանջարկ չունեն, քանի որ չեն աշխատում: Կարծում եմ, պարոն տնօրենին քաջ հայտնի է, թե ինչպես այդ ռադիոդիտակները՝ նախորդ տնօրեններ Արսեն Հախումյանի և Ռադիկ Մարտիրոսյանի հանցավոր անգործության, ինչպես նաև ինստիտուտի գույքի նկատմամբ նրանց ոչ սրտացավ վերաբերմունքի պատճառով իսպառ թալանվեցին և վերածվեցին մետաղի ջարդոնի: Դրանցից մեկը՝ 12 մետր տրամագծով ռադիոդիտակը 2006-ին մեր ջանքերով բերվել էր աշխատանքային վիճակի և հագեցվել էր շատ մեծ զգայնությամբ ընդունիչ համակարգով: Նա, հավանաբար, մոռացել է, որ 2018-ին հենց իրեն եմ ներկայացրել այդ անտենայի միջոցով հետաքրքիր ռադիոաստղագիտական հետազոտություններ կատարելու կոնկրետ պլան: Բացի այդ, նման սարքավորումը, որը հանրապետությունում միակն էր, կարող էր հանդիսանալ գործնական աշխատանքներ կատարելու համար անփոխարինելի հարթակ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի աստղագիտական բաժնի այն ուսանողների համար, ովքեր որպես մասնագիտություն կընտրեին ռադիոաստղագիտությունը:
Այնուհետև զրուցավարը «33 հեկտար տարածքի վրա» մասնաշենքերը լաբորատորիաների հետ շփոթելով և ինչ-որ «կիսակառույցներ» հայտնաբերելով, շարունակում է. «Բյուրականից Աշտարակ՝ Բյուրականի աստղադիտարանի աստղագիտության բաժնի հիման վրա ստեղծված ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի անցած ճանապարհն է: Այն հիմնադրվել է 1960 թվականին, երբ Բյուրականի աստղադիտարանում գործող տարբեր աստղերի ռադիոճառագայթման ուսումնասիրությունների ծավալը մեծացավ: Վիկտոր Համբարձումյանի աջակցությամբ ու Էմիլ Միրզաբեկյանի ջանքերով է նոր ինստիտուտը հիմնադրվել»: Ոչ ավել, ոչ պակաս: Հետաքրքիր է իմանալ, թե Բյուրականից Աշտարակ 10 կմ ճանապարհը ինստիտուտը ինչքա՞ն ժամանակում է անցել: Պարոն Զաքարյանին պետք է պարզ լիներ, որ աստղադիտարանում աստղագիտության բաժին լինել չէր կարող, կարող էր լինել և կար ռադիոաստղագիտության բաժին: Այնուհետև, միակ աստղը, որից երկրի վրա ռադիոճառագայթում է գրանցվում, Արեգակն է: Մնացյալ աստղերի ռադիոճառագայթումը՝ դրա փոքր հզորության և աստղերի՝ Երկրից ունեցած չափազանց մեծ հեռավորությունների պատճառով, Երկիր չի հասնում: Հաջորդ միտքը, պարզապես, հանճարեղ է. պարզվում է, որ «Բյուրականի աստղադիտարանում գործել են տարբեր տիպի աստղեր, որոնց «ռադիոճառագայթման ուսումնասիրությունների ծավալը մեծացել է» և այն էլ, հավանաբար, կտրուկ, քանի որ աստղադիտարանը գլուխ չի հանել դրանից, ուստի «Համբարձումյանն աջակցել» է, որպեսզի «Միրզաբեկյանի ջանքերով» ստեղծվի այդ ինստիտուտը: Գուցե թղթակիցը երիտասարդ է, անփորձ, աստղագիտության, առավել ևս ռադիոաստղագիտության մասին ոչ բավարար տեղեկացված, ուստի կարող էր նման անհեթեթ մտքեր արտահայտել: Պարոն Զաքարյանը պարտավոր էր կատարել համապատասխան ուղղումներ, որպեսզի դրանք եթեր չհեռարձակվեին: Չէ՞ որ նա կարդացել է վերը նշված հոդվածը, որում նշված են ինստիտուտի ստեղծման պատճառներն ու նրա առջև դրված նպատակները:
Զրուցավարը թվարկում է ինստիտուտի տնօրենների ազգանունները, սակայն (պարզ չէ`պատահաբա՞ր, թե՞ դիտավորյալ) մոռացության է տրվում ինստիտուտի երրորդ տնօրեն Արսեն Հախումյանի ազգանունը: Զրույցը շարունակում է Տիգրան Զաքարյանը.
«Սկզբի ժամանակներում, առաջին տարիներին, խիստ անհրաժեշտություն առաջացավ, որպեսզի ինստիտուտը հետազոտություններ իրականացնելու համար, ստիպված էր ստեղծել, մշակել սեփական չափիչ սարքավորում և շատ շուտ պարզվեց, որ այդպիսի աշխատանքները հանդիսանում են մի առանձին ռադիոֆիզիկայի ճյուղ և այդ ճյուղը սարքաշինական ուղղությունը շատ ինտենսիվ սկսեց զարգանալ, և հիմա կարելի է ասել, մեր հիմնական լաբորատորիաներից մեկը՝ հատկապես գերբարձր հաճախությունների համակարգերի լաբորատորիան է, զբաղվում է , մասնավորապես, սարքաշինական խնդիրներով»:
Նման «շիլափլավը» դժվար է մեկնաբանել: Մի կողմ թողնելով խոսքի գրագիտական մասը, փաստենք, որ դժվար է հասկանալ, որ աշխատանքները կարող են հանդիսանալ առանձին ռադիոֆիզիկայի ճյուղ, որն էլ դառնա սարքաշինական ուղղություն և արագ տեմպերով զարգանա: Մեր կողմից նշենք, որ չափիչ սարքավորումները մշակվել ու պատրաստվել են պայմանագրային հիմունքներով հատուկ նպատակների համար, հանձնվել են պատվիրատուին և ինստիտուտի սեփականությունը չեն եղել, որոնք, սակայն, պատվիրատուի օբյեկտներում շահագործվել են ինստիտուտի աշխատակիցների կողմից:: Այդ աշխատանքները հիմնականում կատարվել են կիրառական ռադիոաստղագիտության լաբորատորիայի ուժերով, իսկ նշված լաբորատորիան հազվադեպ է մասնակցել: Տնօրենը շարունակում է:
«Ստեղծվեց նաև լաբորատորիա, որի հիմնական նպատակն էր ստեղծել կիսահաղորդչային սարքեր, զանազան կիսահաղորդչային տվիչներ, և մենք ունենք էդպիսի առանձին լաբորատորիա, որն այսօր զբաղվում է, օրինակ, արեգակնային էներգիայի ձևափոխման նոր տիպի հետերո և նանո կառուցվածքային նյութերի ուսումնասիրմամբ: Այսօրվա հետազոտությունների ուղղությունը որոշ չափով համապատասխանում է համաշխարհային տենդենցիաներին: Այսօր, օրինակ, մենք ունենք ազդանշանների մշակման և կապի ժամանակակից տեխնոլոգիներով ուղղություն: ՈՒնենք ռադիոլոկացիոն, զբաղվում ենք ռադիոլոկացիոն տեխնոլոգիաներով: Ինստիտուտի լաբորատորիաներից մեկը զբաղվում է, ուրեմն, զանազան սենսորների, տվիչների մշակմամբ. Դրանք շատ տարբեր տվիչներ են, օրինակ դոպլերային, մագնիսական, սեյսմիկ: Ինստիտուտն այսօր ունի գերբարձր հաճախությունների համակարգերի լաբորատորիա, ազդանշանների թվային մշակման լաբորատորիա, ունի կիրառական ռադիոաստղագիտության լաբորատորիա և նանոէլեկտրոնիկայի լաբորատորիա»:
Այնուհետև հարցազրույցը շարունակվում է նույն ոճով, նույն ոգով և առոգանությամբ փոխադարձ լրացումներով՝ ինստիտուտի զարգացման լավագույն տարիների, հետխորհրդային շրջանում ինստիտուտի արտասահմանյան կապերի, բյուջետային սուղ միջոցների, որոշ արտաբյուջետային ֆինանսական միջոցների հայթայթման, պաշտպանության նախարարության և ազգային անվտանգության ծառաjության հետ համագործակցության, ինչպես նաև սերնդափոխության բարդ խնդիրների մասին: Հարկ եմ համարում այսուհետ մեկնաբանությունները ներկայացնել առանց մեջբերումներ անելու:
Այո, ստեղծվել է կիսահաղորդչային ֆիզիկայի լաբորատորիա, որն ավելի քան 50 տարի զբաղվել է մասնավորապես արևային էներգիայի ձևափոխիչների մշակման աշխատանքներով, տպագրվել են մեծ թվով գիտական հոդվածներ, պաշտպանվել են թեկնածուական, դոկտորական թեզեր, որոշ աշխատակիցներ ստացել են ակադեմիկոսի կոչումներ, սակայն մինչև այժմ ոչ մի էական գործնական արդյունք չի ստացվել: Կարծում եմ, տարեկան մեկ-երկու հոդված տպագրելը չի կարելի բավարար հիմք համարել նման ստորաբաժանումների պահպանումն արդարացնելու համար: Արդեն մի քանի տարի է լաբորատորիան վերանվանվել է նանոէլեկտրոնիկայի լաբորատորիա և ղեկավարվում է ԳԱԱ թղթակից անդամի կողմից: «Միգուցե հիմա կարվեն որոշակի քայլեր գործնական հաջողություններ արձանագրելու ուղղությամբ:
Իրականությանը չի համապատասխանում պարոն Զաքարյանի այն պնդումը, որ ինստիտուտի լաբորատորիաներից մեկը «զբաղվում է զանազան տվիչների (դոպլերային, մագնիսական, սեյսմիկ) մշակմամբ»: Տարիներ առաջ ՀՀ պետական անվտանգության կոմիտեի հետ կնքած պայմանագրով ինստիտուտը պարտավորվել էր պատրաստել ռադիոտեխնիկական սարքեր, որոնք հանրապետության սահմանային գոտում կարողանային արձանագրել հակառակորդի իրականացրած սահմանախախտումները: Հենց այդ սարքերի մուտքին պետք է տեղադրվեին հիշատակված տվիչները: Աշխատանքները «ղեկավարում էր» «ակադեմիկոս» Ա. Ղուլյանը: Պարոն Զաքարյանը չի կարող մոռացած լինել այդ պայմանագրի տխրահռչակ ավարտը, երբ մսխվեցին պատկառելի գումարներ, սակայն ՊԱԿ-ը ստացավ սարքեր, որոնք, հավանաբար, տեղ են գտել նրա նկուղներում: Եվ ահա այդպիսի «ղեկավարման» համար պարոն «ակադեմիկոսն» «արժանացավ» պետական պարգևի՝ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալի:
Տնօրենը հայտնում է, որ ինստիտուտն ունի կիրառական ռադիոաստղագիտության լաբորատորիա: Ես ավելացնեմ, որ այն ստեղծվել է 1975 թվականին և հաջորդ 15 տարիների ընթացքում անթերի կատարել է իր առջև դրված առաջադրանքները: Խորհրդային Միության փլուզումից հետո այդ լաբորատորիան 25 տարի շարունակ ինստիտուտի համար դարձել է կույր աղիքի նման մի բան, սակայն տնօրենությունը համառորեն պահպանել է այն: Պարոն Զաքարյանի խոսքերով՝ ինստիտուտի անտենաները չեն աշխատում, որովհետև պահանջարկ չունեն, ուստի կարող են մատնվել թալանի: Իսկ ահա բոլորովին պահանջարկ չունեցող լաբորատորիան պետք է ամեն գնով պահպանել, ինչ է թե նրա վարիչը «ակադեմիկոս» է: Լաբորատորիայում ընդգրկվել են ռադիոաստղագիտության հետ ոչ մի կապ չունեցող աշխատակիցներ, որոնք կարողանում են «թխել» հոդվածներ (երբեմն նույնիսկ իսկական խոտան), որոնք հիմնականում տպագրվում են տեղական ամսագրերում, առանց որակյալ գրախոսման դրանց հեղինակակիցներ են դառնում լաբորատորիայի վարիչն ու ինստիտուտի գլխավոր խորհրդականը՝ նրանց գիտական ակտիվության ցուցադրման համար: Մի՞թե սա անհեթեթություն չէ:
Ինստիտուտը զբաղվում է ռադիոլոկացիոն տեխնոլոգիաներով: Թե ինչպիսի տխուր հետևանքներով են ավարտվել այդ ուղղությամբ կատարված նախկին աշխատանքները, նշված է «Իրատես»-ի վերը նշված համարում: Հուսանք, որ եթե նոր պատվերներ ստացվեն այդ բնագավառում, ապա դրանք չեն արժանանա նախկինների ճակատագրին:
Տնօրենը նշում է, որ ինստիտուտն ունի ազդանշանների թվային մշակման լաբորատորիա: Այո, կա 7 աշխատակիցներից բաղկացած լաբորատորիա՝ լաբորատորիայի վարիչ Տիգրան Զաքարյանի ղեկավարությամբ: Աշխատակիցներից առնվազն չորսը մասնագիտությամբ բացարձակապես կապ չունեն թվային մշակման հետ: Եթե խորանանք, ապա կստացվի, որ մասնագետ է միայն լաբորատորիայի վարիչը: Հավանաբար միայն տնօրենին է հայտնի նման՝ փաստորեն մեկ մասնագետով լաբորատորիայի պահպանման անհրաժեշտությունը:
Միևնույն ժամանակ մոռացության է տրված 5 աշխատակիցներից բաղկացած տեսական ֆիզիկայի լաբորատորիան, որը ղեկավարում է ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Հրանտ Մաթևոսյանը:
Ցավով է նշվում, որ ժամանակին 500 աշխատակիցներ ունեցող ինստիտուտում այժմ մնացել է 108 աշխատակից: Սա բնական է, քանի որ Խորհրդային Միության փլուզումից հետո վերացել է այն հիմնական պահանջարկը, որի համար ստեղծվել է ինստիտուտը:: Կարևորն այն է, թե ինչպիսի արդյունավետությամբ է աշխատում եղած կոլեկտիվը: Թող տնօրենը ցանկացած աշխատանքային ժամի շրջի լաբորատորիաներով և անկեղծորեն հայտնի, թե քանի աշխատող է տեսել տեղերում և ինչով են նրանք զբաղված եղել: Կարծում եմ՝ ողբալի վիճակ կարձանագրվի: Մի՞թե ուռճացված չէ ինստիտուտի վարչական կազմը: Նման վիճակում գտնվող ինստիտուտում ինչպիսի՞ գործառույթներ են իրականացնում գլխավոր խորհրդականն ու գիտական ղեկավարը: Չէ՞ որ ինստիտուտի լավագույն տարիներին նման պաշտոններ գոյություն չեն ունեցել:
Եվս մի ոչ պակաս կարևոր իրողության մասին, որին համառորեն չեն անդրադառնում ինստիտուտի հարցազրույց տվող տնօրենները: Անցած դարի 90-ականներին ինստիտուտի տարածքի մեծ մասը ծածկված էր պտղատու ծառերով՝ ծիրանենիներ, ընկուզենիներ, խնձորենիներ, իսկ մնացած մասը՝ դեկորատիվ ծառերի գեղեցիկ, աչք շոյող բազմությամբ: Այդ տարիներից սկսած ձմռան և գարնան ամիսներին ինստիտուտի տարածքը հիշեցնում է ոչխարաբուծական ֆերմա մի քանի հարյուր ոչխարներով: Մասնաշենքերից մեկն էլ ծառայում է որպես փարախ: Պարզ է, որ սա ոչխարների տիրոջ գեղեցիկ աչքերի համար չի արվել: Ինստիտուտի աշխատակիցներից քչերին է հայտնի, թե ինչպես են տնօրինվում ստացված եկամուտները, սակայն բոլորն են տեսնում այդ գործարքի տխուր հետևանքները. այդ ժամանակներից սկսած ինստիտուտի ծաղկուն տարածքը աստիճանաբար անկում է ապրել և այժմ վերածվել է մացառուտի՝ մասամբ ոչխարների, իսկ հիմնականում` ոռոգման բացակայության պատճառով: Այս ամենը նպատակաուղղված գործողությունների տպավորություն է թողնում:
Ինչպես տեսնում ենք, երկու հարցազրույցները շատ նման են իրար: Այս մեկում թղթակիցը ավելի շատ նախաձեռնություն է հանդես բերել՝ հարցազրույցը, իր կարծիքով, ավելի լսարժան դարձնելու համար, սակայն տեղյակ մարդու համար դա բավական անհաջող է ստացվել:
Շատ շուտով ինստիտուտի հիմնադրման 60-ամյակն է լրանում: Այս հարցազրույցները, հավանաբար, ինստիտուտը գովազդելու նպատակ են հետապնդել, իբր թե ամեն ինչ կարգին է, որ ինստիտուտը հանրապետության համար օգտակար գործեր է անում: Կհավաքվեն, գովեստի խոսքեր կասեն, ոմանց «դոշերին» նոր մեդալներ ու շքանշաններ կկպցնեն առանց իրական արժանիքներ հաշվի առնելու, ինչպես եղել է 10 տարի առաջ:
Ցավալին այն է, որ ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս պատկան մարմինները բացարձակապես ոչ մի ուշադրության չեն արժանացնում նման հրապարակումները: Մտահոգ մարդկանց խոսքը մնում է որպես ձայն բարբառո հանապատի: ՈՒստի, ինչպես ասում են, այսպես եղել է և այսպես էլ, հավանաբար, կշարունակվի:
Արամ ԱՍԼԱՆՅԱՆ
Ինստիտուտի հիմնադիր աշխատակից, այժմ` թոշակառու