Օգոստոսի 21-ին մեկնարկեց «Սյունյաց զարդը. Տաթև» անվանումով պլեները (բառը ֆրանսերեն է` pleinair, նշանակում է բաց օդ, բացօթյա) ԳՐԻԳՈՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ և ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ամուսինների մեկենասությամբ։
Յոթ նկարիչներ երկու օրվա ընթացքում կտավին հանձնեցին չնաշխարհիկ տեսարաններ Սյունիքի այս նշանավոր անկյունից։ Ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ Սյունիքում 2020-ի օգոստոսն անսպասելի զով և անձրևոտ էր, ինչը շահեկան հնարավորություն էր տվել կերպարվեստի վարպետներին վանքապատկան համալիրն ու շրջակա աշխարհը (Արամազդ լեռը և Տաթև գյուղը) տեսնելու, ընկալելու և կտավին հանձնելու ամառվա արևի և աշնան անձրևի անսպասելի զուգորդությամբ։
Պլեների հմայքն առանձնահատուկ է. նկարիչները սեղմ ժամկետում պատկերում են բնության նախընտրած անկյունը, օրեր անց էլ ամբողջացնում են արվածը, շտկում այս կամ այն, ուժգնացնում կամ մեղմացնում երփնագիրը։
Սակայն պլեների առանձնահատկությունը հանպատրաստից ստեղծագործելն է։ Մասնակիցները թե՛ նկարչական փորձով, թե՛ անհատականությամբ էապես զանազանվում են, մի բան, որն իր հերթին առանձին գրավչություն հաղորդեց հիշյալ միջոցառմանը։
Հայաստանի ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի հետ բաց օդում ստեղծագործում էին տակավին երիտասարդ գեղանկարիչներ Տիգրան Հակոբյանը, Արթուր Հովհաննիսյանը և Արտաշես Աբրահամյանը, նաև փորձառու վարպետներ Հովնան Սևոյանը, Աշոտ Ազատյանը և Հարութ Վանը (Հարություն Հարությունյան)։ Պլեներին մասնակցում էին արվեստաբաններ Սիլվիա Մանուչարյանն ու Քրիստինե Սարգսյանը. նրանք ապագա նյութի ուրվագիծն էին պատրաստում, երբ դատարկ կտավի վրա ի հայտ էին գալիս առաջին հորինվածքները, կենդանանում էին գույները, ընդգծվում էր հեղինակի անհատականությունը։ Եվ առանց վերապահման կարելի է ասել. «Պլեները տոն է, որը միշտ նկարչի հետ է»։
Տեղեկացնենք, որ ավանդույթի համաձայն պլեների ընթացքում ծնված նկարներից մեկը մեկենասի սեփականությունն է, մյուսը հանգրվանում է հեղինակի արվեստանոցում։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ. Գրիգոր Մովսիսյան և Նաիրա Կարապետյան ամուսինները ծրագրել են այլ պլեներներ կյանքի կոչել երկրի տարբեր անկյուններում։