«ԻՄ ՏԵՐՆ ԻՄ ԳՈՐԾՆ Է»
Ճեպազրույց մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ
-Տիկին Պողոսյան, վերջերս մշակույթի նախարարությունը հայտնվել է ԶԼՄ-ների «ուշադրության» կենտրոնում. նրա նկատմամբ հզոր դեմարշ է սկսվել: Ինչպե՞ս եք վերաբերվում նման «ուշադրությանը»:
-Ոչ մի կերպ: Շատ հանգիստ: Սկսված, Ձեր խոսքով, դեմարշը ես համարում եմ մեծ անհեթեթություն:
-«Վկայակոչվում» են փաստեր:
-Որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն, որովհետև «փաստերը» ընդհանուր կոնտեքստից դուրս են: Նախ՝ ԱՕԿՍ-ի մասով։ ՈՒրեմն, երբ ես դարձա նախարար, այդ ժամանակ ֆինանսավորվում էր վեց հասարակական կազմակերպություն: Այսօր արդեն ֆինանսավորվում է 36 կազմակերպություն: Ասել է` առանձնացվել է դրանցից մեկը, երբ այդ շարքում կան ևս 35-ը, որոնք նույնպես ֆինանսավորվել են: Եվ եթե խնդիր է դրված վարկաբեկելու 1943-ից գործող կառույցը, որն ունի ավանդույթներ, վաստակ, ապա այդտեղ ես իրենց «օգնել» չեմ կարող։ Թող նույնքան «ինքնամոռաց նվիրումով» շարունակեն իրենց սկսած, ոչ մի տեղ չտանող «գործընթացը»:
-Ի դեպ, ինչո՞ւ են ուզում վարկաբեկել:
-Հարցը պետք է ուղղել նրանց, ովքեր այդ գործի մեջ հմտացած են։ Ես ժամանակ չունեմ նման բաների վրա կորցնելու:
-Բոլոր դեպքերում, տպավորությունն այնպիսին է, որ այս խմորը դեռ շատ ջուր կքաշի:
-Իմ սկզբունքը հետևյալն է. նախ` որևէ պարագայում չանդրադառնալ այդ կարգի դրսևորումներին: Եվ երկրորդ` ես միշտ բաց, երկխոսության պատրաստ մարդ եմ. խնդրեմ` թող գան բաց դաշտ, խոսենք, բանավիճենք: Բայց երբ թփերի հետևից միակողմանի հարցեր են «բարձրացվում», «եզրակացություններ» են արվում, մանավանդ, երբ դրանք իրականության հետ որևէ կապ չունեն, ես որևէ կերպ չեմ անդրադառնալու:
-Իսկ ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ հենց այս պահին սկսվեց այդ ամենը։ Մշակույթի նախարարությունը, կարծես, մինչ այդ ոչ մեկին «չէր խանգարում», նախարարությունն էլ իր հերթին «ցցվելու» խասիաթ, կարծես թե, չուներ:
-Գիտե՞ք, ըստ ամենայնի, հասարակությունը պատրաստ չէ այս հանգստությանը։ Մշակույթի նախարարությունը միշտ համարել են (եթե փոքր-ինչ կոշտ արտահայտություն օգտագործեմ) «թամաշայի» վայր: Եվ բոլորն սպասում էին, որ հերթական անգամ տապալում կլինի, տարընթերցումներ կլինեն, խնդիրներ կառաջանան: Եվ այսօր ինձ համար առնվազն զավեշտական է, որ «խնդիրը» բարձրացնում են ոչ թե մշակութային, այլ բոլորովին այլ շրջանակներ` տալով բոլորովին այլ աստառ այս ամենին, ինչն էլ ինքնին բացահայտում է այդ «շրջանակների» իրական-խորքային նպատակը: Իսկ այդ դեպքում ես անելիք չունեմ։ Կոպիտ ասած` իրենց «նպատակի» ու «խորքի» հետ պետք է նրանց մենակ թողնել:
-Տեղեկատվություն կա, որ «այդ ամենի» արդյունքում քաղաքաշինության նախարարությունը «կտան» ՀՀԿ-ին, «կվերցնեն» մշակույթի նախարարությունը... ոտները կբռնի Ավագը, «Հալեպը» կասի Պավլեն:
-Ես չկա՜մ այդ կարգի խաղերում։ Այդ զրույցները, բանակցությունները, բամբասանքները, ինտրիգներն ինձնից կիլոմետրերով հեռու են: Ես իմ գործն եմ անում և շարունակում եմ աշխատել` իմ ճշմարտությանը հավատարիմ: Իսկ եթե ինչ-որ տեղ ինչ-որ մեկի-մեկերի հետաքրքրությունների հետ դա չի «համընկնում», դա արդեն իմ խնդիրը չէ:
-Տիկին Պողոսյան, Դուք, փաստորեն, անկուսակցական քվոտայով նախարար եք:
-Ասենք այսպես. նախարար եմ ՀՀԿ-ի քվոտայով, բայց անկուսակցական եմ:
-Իսկ գուցե դա՞ է պատճառը, որ «մեկերին» թվացել է` Ձեզ հեշտ դուրս կմղեն: Ձևակերպեմ խիստ անկեղծ ու լակոնիկ. տիկին Պողոսյան, Դուք տեր ունե՞ք ինտրիգների այս «մեծ ու լուսավոր» աշխարհում:
-Իմ տերն իմ գործն է:
-Կարո՞ղ եմ ճակատային հարց տալ:
-Կարող եք:
-Ճի՞շտ է, որ Ձեր հայրն ու Սերժ Սարգսյանը կապված են անչափ մարդկային ու հին կապերով, և այդ բարեկամությունը, այսպես ասեմ, խիստ անբեկանելի է:
-Դա ի՞նչ կապ ունի: Հետո էլ՝ ես չեմ կարող իրենց փոխարեն պատասխանել: Գիտեմ միայն, որ նրանց միջև կա խոր հարգանք: Եկեք հասկանանք մեկ բան. մենք բոլորս ունենք ծնողներ, որոնցով հպարտանում ենք, բայց նրանք առանձին գոյություններ են, ունեն իրենց հարաբերությունները, կապերը, ինչն ամենևին չի կարող լինել մեղադրանք, այլ բոլորովին հակառակը` կարող է լինել լոկ հարգանքի առարկա:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ