19.04.2024|
19:54
Մկրտիչ Սարգսյան գրողի, զինվոր զավակի գրավոր ու բանավոր կյանքը տեսնելով, առավել լավ հասկացա, որ ստեղծագործել, չի նշանակում ստեղծել կամ էլ հորինել: Ճշմարիտ գրողը ոչ թե չեղած բանը ստեղծող-հորինող է, այլ պարզապես եղածը հայտնաբերող: Եվ քանի որ մարդը ստեղծված է Աստծո պատկերով ու նմանությամբ, մարդկայինից բացի, կրելու է աստվածային, նույնն է թե ասեի` Աստծո բնությունը: Դա այդպես է, այլապես մարդացյալ Աստված Հիսուս Քրիստոսը չէր ասի. «Ինձ նման եղեք», այսինքն՝ ինձ նման մարդ եղեք, որպես մարդ ինձ նմանվեցեք: ՈՒրեմն, հնարավոր է այս աշխարհում գտնվելով, գործել աստվածային բնությամբ: Ոչ միայն գործել, այլև ապրել աստվածային բնությամբ: Առաջին մարդ Ադամը հնազանդ չգտնվեց, երկրորդ մարդը, որ Հիսուս Քրիստոսն է, Հորը հնազանդ մնաց մինչև վերջ, և այդ հնազանդությամբ էլ հաղթեց աշխարհին: