ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«ՓՈԹՈՐԻԿԻ» ՎԵՐԱԴԱՐՁԻ ԱՆԴՈՐՐԸ

«ՓՈԹՈՐԻԿԻ» ՎԵՐԱԴԱՐՁԻ ԱՆԴՈՐՐԸ
06.05.2011 | 00:00

Հեռուստախցիկների ու լրագրաձայնագրիչների նմանօրինակ հավաքականության հազվադեպ կարելի է հանդիպել Հայաստանի ազգային պատկերասրահում։ Նույնիսկ ամենանշանակալից ցուցահանդեսների նկատմամբ չի դրսևորվում ԶԼՄ-ների այսպիսի միակամ հետաքրքրություն։ Շարժառիթը, անշուշտ, իրադարձային էր։ ՀՀ մշակույթի նախարարությունն ազգային պատկերասրահին էր հանձնելու Այվազովսկու` 1990-ից անհետացած համարվող «Փոթորիկ ժայռոտ ափերին» կտավը (1875 թ.)։ Ըստ պաշտոնական լրատվության, ֆրանսահայ երիտասարդների միությունն այն 1957-ին նվիրել էր Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերությանը (հայտնի AOKC-ին), որի շենքից առևանգվելով` «Փոթորիկը» ձեռքից ձեռք էր անցել և «անվրդով անդորրով» ս. թ. փետրվարի 26-ին հայտնվել մոսկովյան «Հելիոս» աճուրդի տանը։ Հիմք ընդունելով հայաստանյան թանգարաններում պահվող բոլոր աշխատանքների գունավոր վերատպություններով արվեստաբան Շահեն Խաչատրյանի կազմած ալբոմի (1984 թ.) վերջին հրատարակությունում Այվազովսկու «Փոթորիկին» կցված մակագրությունը («Գողացվել է 1990 թ. ԱՕԿՍ-ից»)` «փոթորկախույզ» մարմինները կասեցնում են 24 մլն ռուբլի նախնական սակագնով վաճառքը։
Մինչ ծովանկարի «տունդարձի» հայ-ռուսական պաշտոնական ծիսակարգի մեկնարկը շրջելով Հովհաննես Այվազովսկու աշխատանքների մի մասը (Թեոդոսիայի թանգարանից հետո ամենապատկառելի հավաքածուն պատկերասրահում է պահվում` 62 գեղանկար և հայկական մոտիվներով հայտնի կոմպոզիցիաներ, բոլորն էլ` նվիրատվություն) ներկայացնող 5-րդ հարկի ցուցասրահներում` ցավով նկատում էինք յուղաներկ կտավների «կոսմետիկ վիրահատությունների» հետքերը, կիսաձայն խորհում հայտնի ու անհայտ արվեստագողոնների մասին։ Պատահաբար հայտնված մանկահասակ դպրոցականների խումբը, որն առանց էքսկուրսավարի, ուսուցչուհիների իմացությանն ապավինելով, տնտղում էր պատկերասրահի մշտական ցուցադրությունը, միայն երեկոյան հեռուստալրատվությունից կտեղեկանա, թե ինչու կասեցվեց իր մուտքը բազմամարդ սրահ։ Ասենք, ներսում եղածներին էլ հասանելի չեղան «Հելիոս»-ում «փրկագնված» ծովանկարի պաշտոնահանդերձ տունդարձի էական մանրամասները։ Իր մասնավոր հավաքածուում շուրջ 200 արժեքավոր կտավներ ամփոփած «Փոթորիկի» վերջին սեփականատերը` ՌԴ պատգամավոր, «ակամա նվիրատու» ՀՈՎՀԱՆՆԵՍ ՕՀԱՆՅԱՆԸ, շրջապատված գողոնաորոնմանը մասնակցած ՌԴ ու ՀՀ համապատասխան ծառայությունների պաշտոնատար անձանցով, դիվանագիտորեն խուսանավեց լրագրողների հարցասիրությունից։ Գոհանալով «Փոթորիկի» վերադարձի սոսկ փաստով` ոմանք, մինչ Գեորգի Յակուլովի արվեստն արժևորող նորընծա գրքերի շնորհանդեսն ու ստեղծագործությունների ցուցադրության պաշտոնամուտը, գերադասեցին մի վերջին հայացք գցել ֆրանսաբնակ գեղանկարիչ Ռիշար (Խաչատուր) Ժերանյանի ծննդյան 90-ամյակը նշանավորող ցուցահանդեսին։ Նոսրացան լրագրաբանակի շարքերը։ Հեռուստախցիկների մի մասն «ուղևորվեց» մայրաքաղաքային այլ միջոցառումներից կադրեր որսալու` նախապես ֆիքսելով յակուլովյան որոշ բնութագրական պատկերներ։ «Երփներանգ» խոհերով չծանրաբեռնելով տապից ընդարմացած միտքը` ամենահամբերատարները մնացին մասնակցելու համաշխարհային թատրոնի ու կերպարվեստի պատմության մեջ մնայուն հետագիծ թողած Յակուլովին առաջին անգամ հավուր պատշաճի մեծարող հանդիսավոր հավաքին։ Պատկերասրահի հավաքածուի յոթ հազարից ավելի գեղանկարների «ընտանիքին» «Փոթորիկի» անդամակցումը երանավետ անդորրով կամրապնդվի, եթե հնարավորինս շուտ ապահովեն դրանց իրական արժեքին հարիր «կենսապայմաններ»։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2291

Մեկնաբանություններ