Ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում Իսրայելի հիմնական և ամենակարևոր պրոքսին Ադրբեջանն է: Ժամանակակից աշխարհակարգում Իսրայելը այնպես է դիրքավորվել, ստանալով Արևմուտքի ամբողջական համակրանքն ու աջակցությունը, որ պրոքսի ուժերին թվում է, թե Իսրայելի և հրեական հզոր լոբբիի միջոցով կարող են իրենց խնդիրները լուծել ցանկացած իրավիճակում: Ադրբեջանի համար սա ամենակարևոր քաղաքական հանգամանքն է, իսկ մյուսը տեխնոլոգիական աջակցությունն է, որը ցուցաբերում է Իսրայելը:
Այս երկուսը Ադրբեջանին վստահություն են ներշնչել աշխարհաքաղաքական ավանտյուրայի համար:
Սակայն աշխարհում փոփոխվող իրավիճակը աստիճանաբար փակելու է նաև Ադրբեջանի հնարավորությունների պատուհանը:
Ավելին, այն պահից, երբ Իրանը կզգա, որ Ադրբեջանում Իսրայելի ներկայությունն իր համար գոյաբանական խնդիրներ է ստեղծում, և Իսրայելը կարող է ցանկացած պահի խաղարկել ադրբեջանական պրոքսին, այնժամ տարածաշրջանում նոր դիմակայության օջախ կձևավորվի, ինչը Ադրբեջանի ներկա ցնծության փոխարեն կարող է բերել խոր հիասթափություն:
Ի դեպ, այնպես չէ, որ Ադրբեջանը ստիպված է դարձել իսրայելական պրոքսի, դա հենց Ադրբեջանի ընտրությունն է եղել ու մնում:
Հ.Գ. Նկարում Հեյդարի տղու և Նեթանյահուի երջանիկ ժպիտներն ուղիղ համեմատական են Գազայում ամեն օր զոհվողների և տառապյալ արաբ ժողովրդի ցավերին:
Արա Պողոսյան