Մեր երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը այցելում է Թուրքիայի նախագահ էրդողանին Նյու Յորքի թուրքական հյուպատոսության շենք, ինչն անցնում է քրեական գործով, որի էությունը հետևյալն է:
Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ թուրքական կառավարության կողմից կաշառված լինելու և շարունակաբար, 2018 թվականից սկսած, թուրքական բիզնեսներից և նրանց մեջքին կանգնած թուրքական պաշտոնյաներից տարբեր նվերներ և օգուտներ ստանալու մեղադրանքով:
Փոխարենը սա թուրքական կառավարությանը և բիզնեսներին մատուցել է ծառայություններ, այդ թվում՝ նշված երկնաքերը շինարարական նորմերի խախտումներով շահագործել թույլատրելը, որտեղ տեղակայված է նաև Նյու Յորքի թուրքական հյուպատոսությունը, որտեղ նաև այցելել է մեր երկրի ղեկավարի պաշտոնն զբաղեցնողը:
Թուրքական այս շենքում ակնհայտորեն կաշառել և կաշառում են զանազան պաշտոնյաների, որոնք էլ թուրքական պետությանը ծառայություններ են մատուցում:
Հարց է առաջանում՝ մեզ ներկայացնող անձը ի՞նչ էր անում այդ շենքում, ինչի՞ համար էր գնացել ու ի՞նչ անձնական օգուտներ է քաղել՝ ի վնաս հայ ժողովրդի:
Քանի որ երկրի իրավապահ համակարգը օկուպացված է այս վարչակարգի կողմից, այս հարցերին պատասխաններ ստանալու բեռը քաղհասարակության վրա պետք է լիներ, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարող այն կազմակերպությունների, որոնք մինչև 2018-ը «օր ու արև չէին տալիս» նախորդ իշխանություններին, իսկ 2018-ից հետո սկսեցին համագործակցել այս իշխանության հետ: Իսկ դրանցից ոմանք ստացան նաև բարձրաստիճան պաշտոններ:
Քաղհասարակության այս կարկառուն կազմակերպությունները շարունակում են միլիոնավոր դոլարների աջակցություն ստանալ արևմտյան կազմակերպություններից կամ պետություններից՝ իբր թե, որ ծառայեն հայ ժողովրդին և իրազեկ դարձնեն նրան կառավարության մութ ու սև գործարքների և վատ գործունեության մասին: Սակայն, ինչպես տեսնում ենք, մեր գլխին եկած այսքան աղետներից հետո, սրանք էլի շարունակում են աջակցել, ես նույնիսկ կասեի, ծառայել այս ռեժիմին՝ ի վնաս հայ ժողովրդի և պետության:
Եվ հետևաբար, հայ ժողովուրդը մնացել է միայնակ իր պետությունը գրաված, օտար շահեր սպասարկող ռեժիմի դեմ: Եվ միակ լուծումը համատեղվելն ու կազմակերպվելն է, ինչը, ցավոք, շարունակաբար չի ստացվում: Բայց ես շարունակում եմ հավատալ, որ այդ օրը գալու է, և բոլոր մեղավորները ստանալու են իրենց արդարացի պատիժը, իսկ Հայաստանը ունենալու է հայ ժողովրդին ծառայող իշխանություն:
Հովհաննես Ավետիսյան