26.04.2013|
12:44
Իմ պատանեկության օրերի Երևանը առանձնահատուկ ջերմ էր ու հարազատ: Այդ այն ժամանակ էր, երբ տրամվայներն ամբողջովին փայտաշեն էին, ծանրամարմին, դանդաղաշարժ ու աղմկոտ: Նրանք վեհաշուք, երկաթյա անիվներից արձակվող առանձնահատուկ զնգրտոցով և դղրդոցով վեր ու վար էին անում Մաշտոցի (այն տարիներին` Լենինի) պողոտայով, այժմյան Փարիզյան հրապարակից թեքվում էին դեպի մարշալ Բաղրամյանի պողոտա, կամ ուղիղ վեր էին բարձրանում մինչև կինո «Նաիրի», որտեղ և նրանց վերջին կանգառն էր: Քաղաքում կանգառներին մոտենալուն պես տրամվայ վարողները, որոնք հիմնականում կանայք էին, տրամվայի զրնգուն զանգ էին միացնում, քաղաքացիներին ավետելով, որ պատրաստվեն նստելու: