Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Պետք չէ զբաղվել քաղաքականությամբ, եթե ձեր կաշին նույնքան հաստ չէ, որքան ռնգեղջյուրինը»

«Պետք չէ զբաղվել քաղաքականությամբ, եթե ձեր կաշին նույնքան հաստ չէ, որքան ռնգեղջյուրինը»
28.11.2008 | 00:00

ԱՅՍՐՈՊԵԱԿԱՆ ՇԱՀԵՐ
«Քաղաքական գործիչն ինձ հիշեցնում է մի մարդու, որը սպանում է իր հորն ու մորը։ Իսկ հետո, երբ նրան դրա համար դատապարտում են, ներում է հայցում` ելնելով նրանից, որ ինքը որբ է»։
ԱԲՐԱՀԱՄ ԼԻՆՔՈԼՆ
Մենք արդեն վաղուց ենք վարժվել այն իրողությանը, որ մեր տնաբույս քաղաքական գործիչները չափազանց բառացի են ընկալում պատմական մեծությունների երաշխավորությունները և իրենց հայտարարություններում ղեկավարվում են բացառապես այսրոպեական շահերով։ Ընդ որում, բացարձակապես մոռանալով, որ քաղաքականության մեջ սուտը ճշմարիտ և հավաստի մատուցելու համար չպետք է մոռանալ հաջորդ թևավոր միտքը` «Քաղաքականությունը բազմաթիվ մանր ստերից մեծ ճշմարտության նման մի բան հորինելու արվեստն է»։
Ինչպես էլ որ լինի, հայկական անկախ պետականության կառուցման ողջ ընթացքում երկրի ազգաբնակչությունը բազմիցս սպասումներ է ունեցել ամենաաղմկահարույց հանցագործությունների բացահայտման առումով, որոնք այս փոքրիկ ու հրաշալի երկրում կատարվում են ապշեցուցիչ հետևողականությամբ ու հաջորդականությամբ։ Եվ, ինչպես միշտ, նման դեպքերում երկրի խորհրդարանը կանոնավորապես ստեղծում է հատուկ հանձնաժողովներ, որոնք իրենց կարգավիճակով կոչված են բավարարելու հարկատուների հետաքրքրասիրությունը և հասարակությանը ներկայացնելու ճշմարտությունը կամ գոնե քիչ թե շատ խելքին մոտ բացատրություններ` հերթական աղմկահարույց հանցագործության վերաբերյալ։ Այդպես էր ենթադրվում դեռ 1994-ին ստեղծված խորհրդարանական առաջին նմանատիպ հանձնաժողովի պարագայում, որը կոչված էր բացահայտելու հանցագործություններն ազգային անվտանգության համակարգում` Վանո Սիրադեղյանի սկանդալային հայտարարություններից հետո։ Նույնն էր ակնկալվում 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո ստեղծված հանձնաժողովից։ Բոլոր այդ կառույցները բավականին երկարաժամկետ գործունեությունից հետո ներկայացնում էին ինչ-որ եզրակացություններ, որոնք, լավագույն դեպքում, նվազագույն չափով էին բավարարում հասարակության պահանջներն ու հերթական անգամ լավագույնս հաստատում հայտնի թեզը, որ եթե ուզում ես որևէ գործ տապալել, պետք է հանձնաժողով ստեղծես։ Բոլոր այդ կառույցների գործունեությունը միշտ էլ աժիոտաժի առարկա է եղել լրագրողական շրջանակներում, թեկուզև գործնականում դուրս էր հասարակության տեսադաշտից։
Այնուհանդերձ, այդ կառույցներն այս կամ այն չափով կատարել են իրենց առջև դրված քաղաքական պատվերը։ Բացի այդ, բոլոր նախկին «հետաքննությունները» ունեցել են բացարձակապես տնաբույս և ներհայկական բնույթ` գործնականում դուրս մնալով արտաքին քաղաքական ինստիտուտների ուշադրությունից։ Համապատասխանաբար նրանք գործել են արդեն հաստատված խաղի կանոնների շրջանակում, երբ ընդդիմությունը քննադատել է դրանց գործունեությունը, իշխանությունները բարեհամբույր հանգստություն են պահպանել, իսկ հանձնաժողովները լավ-վատ կատարել են իրենց առջև դրված խնդիրները` բավականին հարմարավետ պայմաններում։ Հասարակությունը ոչ միայն չի ստացել իրեն մտահոգող հարցերի պատասխանը, այլև շարունակում է մնալ ստատիստի դերում` քաղաքական ինտրիգների այդ շրջապտույտի մեջ։
Այսօր մենք հնարավորություն ունենք հետևելու մեր պատմության ևս մեկ արյունալի դրվագի` 2008-ի մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին։ Եվ այսօր սովորական տրամաբանությունից դուրս գործընթաց կա, որովհետև այդ հանձնաժողովի ղեկավարության և անդամների նկատմամբ իրականացվող ճնշումն անհամեմատելի է նախորդ ժամանակների հետ իր ուժգնությամբ և որակով։ Չի բացառվում, որ դրա պատճառը ոչ այնքան քննվող հարցի հրատապությունն է ու դրա շուրջ առկա հասարակական պատվերը, որքան այն փաստը, որ հանձնաժողովը ստեղծվել է եվրոպական կառույցների պահանջով և համապատասխանաբար գտնվում է նրանց քննախույզ հայացքի ներքո։ Որպես դրա հետևանք, այն մանիպուլյացիաների մեխանիզմի են փորձում վերածել ինչպես նախկին իշխանությունները, այնպես էլ արմատական ընդդիմությունը։ Համենայն դեպս, դժվար է հիշել որևէ փաստ, որ նման հանձնաժողովներն այսպիսի կոշտ և ուղղագիծ քննադատության ենթարկվեին ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ԶԼՄ-ների կողմից։
Վերջերս հանձնաժողովի և նրա ղեկավար Սամվել Նիկոյանի շուրջ ծայր առավ հերթական սկանդալը, որի առիթ ծառայեց վերջինիս հարցազրույցն արտասահմանցի մի լրագրողի հետ, ուր նշվել էր նաև դիպուկահարի մասնակցության մասին։ Մի կողմ թողնելով տեղի ունեցածի` դետեկտիվ ժանրին հարիր հանգամանքները, այսինքն` որտեղից և ինչպես է ասպարեզում հայտնվել այդ հարցազրույցի ձայնագրությունը, անդրադառնանք ամենակարևորին. մարտի 1-ի իրադարձությանը դիպուկահարի (կամ դիպուկահարների) մասնակցության փաստն այլևս անկասկած է, մանավանդ գլխավոր դատախազի հայտնի հայտարարությունից հետո։ «Կան մարդիկ, որոնց համար ավելի կարևոր է էժան սենսացիայի հետևից ընկնելը, քան օբյեկտիվ ճշմարտության բացահայտումը։ Այս թեմայով հետագա սպեկուլյացիաներից խուսափելու համար տեղեկացնում ենք, որ ոստիկանության զորքերի կազմում գործել է մի դիպուկահար, որի խնդիրն է եղել ապահովել զինվորականների անվտանգությունը զինված հարձակումից»,- նշվում է գլխավոր դատախազության հայտարարության մեջ։ Միաժամանակ ընդգծված էր, որ նման տվյալների հրապարակումը խոչընդոտում է նախաքննությանը, և այդ վտանգը մնում է առարկայական։
Այսինքն, Աղվան Հովսեփյանի տրամաբանությամբ, ստացվում է, որ խորհրդարանական հանձնաժողովը, ի դեմս իր նախագահի, «պաշտոնական հանցագործություն» է կատարել` հասարակությանը տեղյակ պահելով այդպիսի փաստի մասին։ Ինչպես և սպասելի էր, այս կապակցությամբ սկսվեց քննադատության հեղեղ` նախկին և ներկա իշխանությունների կողմից վերահսկվող մամուլում։ Գլխավոր դատախազի կնքահայր Ռոբերտ Քոչարյանը, որի հովանավորությամբ էլ շատ շատերի կարծիքով տեղի ունեցան մարտիմեկյան դեպքերը, «քսի տվեց» իր վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներին, և Սամվել Նիկոյանի հասցեին սկսվեց թափվել կեղտի հեղեղը։ Իշխանամետ մի լրատվամիջոց նույնիսկ կարծիք հայտնեց, թե քանի որ իշխանությունները միշտ հերքել են դիպուկահարների մասնակցությունը մարտի 1-ի դեպքերին, իսկ Սամվել Նիկոյանը խոսում է այդ մասին, ուրեմն, կամ խելքը թռցրել է ու խոսում է ինչ պատահի, կամ հարցազրույցի ժամանակ հարբած է եղել, կամ էլ գնվել է ընդդիմության կողմից։
Եվ այստեղ արդեն դժվար է հրաժարվել գործընկերներին չքննադատելու ավանդական մոտեցումից։ Իշխանական մամուլի տրամաբանությամբ` Նիկոյանը չպետք է իշխանություններին դներ անհարմար դրության մեջ և բացեր քոչարյանական կարտելի «պետական գաղտնիքը»։ Եվ եթե նա արել է դա, ուրեմն կամ հիմար է, կամ վաճառված։ Եվ սա ասվում է այն դեպքում, երբ Նիկոյանի հրապարակած «գաղտնիքը» չի հերքում ոչ մի պետական կառույց, ինքն էլ շարունակում է գլխավորել խորհրդարանական հանձնաժողովը։ Տրամաբանական հետևությունն այն է, որ Նիկոյանը միանգամայն ճիշտ է վարվել ճշմարտությունն ասելով։ Իսկ եթե նրա նկատմամբ հարձակումները լավ ծրագրավորված քարոզչություն են, ու հանձնաժողովի նախագահին քննադատող լրատվամիջոցները նպատակ ունեն բարձրացնելու հանձնաժողովի հեղինակությունը, ապա իրենց տերերին իրականում խիստ վատ ծառայություն են մատուցում։
Ինչ մնում է վերոնշյալ հանձնաժողովի և նրա նախագահի հետագա գործունեությանը, ապա թերևս ավելորդ չէ վերհիշել Ռուզվելտի հայտնի արտահայտությունը, թե պետք չէ զբաղվել քաղաքականությամբ, եթե ձեր կաշին նույնքան հաստ չէ, որքան ռնգեղջյուրինը։ Համենայն դեպս, ակնհայտ է, որ հանձնաժողովի աշխատանքը, նրա անկողմնակալ հետևությունները, իրական մեղավորների բացահայտումն ու հանրությանը ներկայացնելը կարող են և պետք է դառնան շրջադարձային պահ մեր պատմության մեջ։ Դա է սպասում երկրի հասարակությունը, դրանից է կախված նաև երկրի հեղինակությունը։ Իսկ ճշմարտության հաղթանակին ոչինչ այնպես չի նպաստում, որքան դիմադրությունը դրան։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3885

Մեկնաբանություններ