Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Վաղն ականատես ենք լինելու պատմական իրադարձության»

«Վաղն ականատես ենք լինելու պատմական իրադարձության»
01.08.2008 | 00:00

«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
Եվ այդ իրադարձությունը կարող է շրջադարձային լինել մեր իրականության համար, քանի որ, ինչպես «Իրավունք de facto» ակումբում ՍԴՀԿ ատենապետ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ երեկ ազդարարեց, Մատենադարանի հարթակում այսօրվա հանրահավաքի կազմակերպիչ քաղաքական ուժերի լիդերները հանրության աչքի առաջ ստորագրելու են Հայ ազգային կոնգրեսի հռչակագիրը։ Ինչու շրջադարձայի՞ն։ «Որովհետև բոլոր այն ջանքերը, որ իշխանությունները գործադրեցին Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված քաղաքական ուժերը պառակտելու համար, վաղն այս հռչակագրով ի չիք են լինելու, և մենք, ժողովրդի աջակցությամբ, սկսված պայքարն առաջ ենք տանելու մինչև հաղթական ավարտ, մինչև լեգիտիմ իշխանությունների ձևավորում»,- հավաստիացրեց Հնչակյան կուսակցության ատենապետը։
Ամռան այս դաժան «շոգեբաղնիքում», երբ մարդկանց ուշքն ու միտքը մի ստվերոտ ծառի շվաքում ոտքերը մեկնելն է, «հանցագործություն» չէ՞ հանրահավաք կազմակերպելը՝ դրսի 40 աստիճանին գումարելով 40 աստիճանը գերազանցող «ներսի» քաղաքական ադրենալինը։
«Մենք ունենք մի լիդեր, որն ինքը ևս առայսօր մեկ օր անգամ չի հանգստացել, շատ լավ գիտակցելով, որ երկիրը, իրոք, անդունդի եզրին է»,- շեշտեց ակումբի հյուրը, հավելելով, թե ծառի շվաքը, իմա՝ ամառային պասիվ հանգիստը, հանրահավաքային ակտիվ պայքարին ստորադասած ժողովուրդն էլ է շատ լավ հասկանում, որ այսպես ապրելն անհնարին է։ «Մենք չափազանց գիտակից հասարակություն ունենք այսօր, որն այս գործընթացի մեջ իր առաքելությունը շատ լավ տեսնում է։ Փառք Աստծո, որ մեզ հաջողվեց հայ ժողովրդին արթնացնել երկարատև քնից»,- ընդգծեց բանախոսը։
Ժողովուրդը՝ ժողովուրդ, սակայն լուրջ կասկածներ կային և այսօր էլ դեռ կան, թե Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ՀԺԿ-ն ու Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգությունը» չեն միանալու Հայ ազգային կոնգրեսին։ Լյուդմիլա Սարգսյանն այս առնչությամբ հնչած կասկածները ՀԺԿ-ի մասով լիովին անհիմն համարեց, «Ժառանգության» գծով՝ ոչ տեղին։
«Ինչ վերաբերում է ՀԺԿ-ին, կարծում եմ` անհիմն կասկածներ էին։ Գիտակցելով շարժման կարևորությունը՝ Ստեփան Դեմիրճյանը չէր կարող դուրս գալ պայքարի բովից։ Իսկ «Ժառանգության» դիրքորոշումը ես հարգում եմ, որովհետև նրանք շատ լուրջ դիվիդենդներ ունեն այսօր, թիմը շատ լավ աշխատել է, անկեղծ լինելու համար էլ ասեմ, որ քաղաքական առումով իրենք, միգուցե, ճիշտ են, քանզի այն, ինչ ձեռք են բերել, փորձում են պահպանել և, չշեղվելով հանդերձ համաժողովրդական պայքարից, այդուհանդերձ, հանդես գալ որպես ինքնուրույն ընդդիմադիր ուժ։ «Ժառանգության» ունիկալությունն այսօր այն է, որ իշխանությունը մեծ գուրգուրանքով է վերաբերվում այս կուսակցությանը՝ որպես Ազգային ժողովում գործող միակ ընդդիմադիր ուժի, և եթե խմբակցությունը ցած դնի իր մանդատները, խորհրդարանում խուճապ կսկսվի, ինչը կարող է հանգեցնել ճգնաժամի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,- եզրահանգեց ՍԴՀԿ ատենապետը։
Վերադառնալով օգոստոսի 1-ի հանրահավաքի թեմային` լրագրողները բանախոսից հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում օրերս հայկական հեռուստաալիքներից մեկով Հայկ Բաբուխանյանի հնչեցրած «աքլորականչին», որ եթե իրավապահ մարմինները չեն կարողանում տերպետրոսյանականների հախից գալ, ապա չարտոնված միտինգն ու երթը ցրելու գործն իրենք իրենց վրա են վերցնում։
«Նախ և առաջ եկեք հստակեցնենք, թե ովքեր են այդ «իրենքը», որ այսօր քաղաքական դաշտում փորձում են ինչ-ինչ հարցեր լուծել,- իր հերթին հարց բարձրացրեց տիկին Սարգսյանը։- Դրանք բոլորն էլ իշխանությունների հովանավորությունը վայելող ուժեր են, և այս նոր ձևավորվող դաշտում պարզ երևում է Ռոբերտ Քոչարյանի ձեռագիրը։ Սրանք բոլորն էլ կեղծ ընդդիմադիր ուժեր են, որոնք կոնկրետ շահեր են հետապնդում ընդամենը, այն է՝ սնվել իշխանական կերակրատաշտից և որքան հնարավոր է՝ շատ։ Ես չեմ բացառում, որ Հայկ Բաբուխանյանն այդ «տաշտից» իր փայաբաժինն արդեն ստացել է և, բնականաբար, պիտի փորձի արդարացնել իր ստացածը՝ թեկուզ հեռուստաեթերով։ Ինչ վերաբերում է հանրահավաքը ցրելու ամպագոռգոռ հոխորտանքին, ապա Բաբուխանյանը շատ փոքր մարդ է, չունի իր հետևում կանգնած քիչ թե շատ լուրջ քաղաքական հենարան, որի վրա հենվելով կարողանա ժողովրդի դեմ ուղղված քայլ անել։ Բայց ոչինչ, թող փորձի, և ընդամենը երկու րոպե անց վնասազերծված կլինի»։
«Երրորդ ուժի» ձևավորման գործընթացին անդրադառնալով՝ Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ այդ առնչությամբ շատ դիպուկ է արտահայտվել Գուրգեն Եղիազարյանը «Իրավունք de facto»-ի էջերում, այն անվանելով «դհոլիզմ»։ «Այս ուժի մեջ փորձում են միավորվել մարդիկ, որոնք «դհոլի» գործում, ճիշտ է, դեռ չեն մասնագիտացել, սակայն այսօր արդեն պարզ է, որ ինչպես «մեծն դհոլչի» Գեղամյանը դուրս մղվեց քաղաքական լուսանցք, այդպես էլ նույն նվագի տակ պարողներն են դուրս մղվելու»։
«Բոլոր նրանք, ովքեր այսօր դուրս են գալիս Համաժողովրդական շարժման դեմ, օրեր հետո ոչինչ են լինելու։ «Դհոլիզմը» երկար գոյատևել չի կարող»,- ամփոփեց ՍԴՀԿ ատենապետը։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 5958

Մեկնաբանություններ