Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մոռանալ Քոչարյանին

Մոռանալ Քոչարյանին
17.02.2009 | 00:00

ՍԻԱՄԱԿԱՆ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻ ՑԱՎՈՏ «ՕՊԵՐԱՑԻԱՆ»
Հին Հունաստանում արքայի հրամանով ամեն առավոտ հույները հավաքվում էին հրապարակում և երեք անգամ, էքստազի մեջ ընկած, պատասխանում իրենց ուղղված հարցին.
-Մոռանալ՝ ո՞ւմ։
-Հերոստրատին։
-Ո՞Ւմ։ Ո՞Ւմ։
-Հերոստրատի՛ն։
ՈՒ այդպես ամեն առավոտ «մոռանում» էին։
Հիմա, երբ քաղաքական թատրոնն ու բեմն այլևս Քոչարյանինը չեն, կամաց-կամաց պետք է սկսենք «ինվենտարիզացիան». նա ինչ թողեց, ինչ տարավ, «ումով» թողեց, «ումով» տարավ:
Ի դեպ, վերջերս մի նեղ շրջապատում Քոչարյանը նետել է. «Լռում եմ, որ ուրախանաք»:
Ասենք անկեղծ ու միանգամից.
ա) նա մեզ բոլորիս հարկավոր էր, մեր ներքին բաղադրության մեջ մենք երկար էինք հունցել իրեն` այն պարզ աքսիոմայի համաձայն, որ ինչ ցանում են հանրությունն ու էթնոսը, այն էլ հնձում են իրենց առաջնորդի գործունեությամբ` որպես խտացված «արտադրանք»: Հին ճշմարտություն է` առաջնորդներն արտածվում են էթնիկ միջավայրից, դառնում առաջնորդ-կոդեր և համապատասխանում էթնիկ խմբի ներքին զարգացմանը:
բ) Քոչարյանը կենսաբանորեն ճշգրիտ տեսակ էր, միքս չէր ու իր վրա դրված «առաքելության» մեջ ոչ մի վայրկյան «չթերացավ»:
գ) Քոչարյանը եկավ, եռացրեց մեր ընդերքը, հատակը հանեց ջրի երես, տեսակին հանեց քունջ ու պուճախից, դրեց «մեյդանում»: Այլ կերպ ասած` նա քանդեց մեզ, ճիշտ է, բոլորիս մի քիչ քաոս պատճառելով: Եվ այնուհանդերձ, այդ քանդումը մեր տեսակին անչափ անհրաժեշտ էր։ Էլի պարզ պատճառով` քաոսի ժամանակ է որոնվում կորսվածը, քաոսի ժամանակ պտույտը ներուժը շրջում, գնում-հասնում է սկզբնապատճառին։
Տեսնո՞ւմ եք` ինչքան լավ բաներ է արել մեր «վոյինը» մեզ համար, իսկ դուք ասում եք:
ՈՒ թե իրենից հետո եկողները սա գիտակցեն (՞), էս մեծ խաղից էթնոսը շահած դուրս կգա: ՈՒ նաև սրա համար է «խնայվում» Սերժ Սարգսյանը։ Նա ամեն րոպե «մազից» է պրծնում։ Նախագահ դարձավ` անցնելով մարտի մեկի միջով, թվում էր` Ռուսաստանը Մեդվեդևով հրես «դասի» կասի նրան: Չասաց: Եվրոպան ձայնից կզրկի: Չզրկեց: Քոչարյանի թողած բալաստը «կուլ» կտա նրան: Չզորեցին:
Ինչո՞ւ:
Անցում պետք է ապահովի: Շատ կարևոր: Կկարողանա՞. այսօրվա մեր քննարկման թեման չէ, այլ առիթով կանդրադառնանք:
Հիմա դեռ պետք է «պպշկվենք» Քոչարյանի կողքին, շարունակելու «ինվենտարիզացիան», հասկանալու` ինչու է նա լռում:
Կրկին ասենք անկեղծ ու միանգամից. նա լռող տեսակից չէ, նրա ցեղին, ինչպես Արթյուր Ռեմբոն կասեր, հատուկ է «ըմբոստությունը»: Դե, ո՛չ այն բանաստեղծականությամբ, ինչպիսին ընկալում էր Արթյուրը` Ռեմբո, այլ խիստ պրագմատիկ ու պրակտիկ։ Քոչարյանը Ղարաբաղում ըմբոստացավ, «արդյունքում», Արթուր Մկրտչյանի մահից հետո, դարձավ նախագահ, հետո ըմբոստացավ Հայաստանում ու դարձավ` էլի նախագահ, հետո` մի քիչ 27 եղավ մեզանում, ու ինքը մնաց նախագահ:
Իսկ մարտի 1-ին ընդհանրապես ըմբոստացավ... ու չդարձավ վարչապետ:
Ինչո՞ւ: Պտույտն ավարտվել էր (նոր պտույտի շանս տիեզերաբանորեն կտրվի՞, կախված է անցումային փուլը ճշգրիտ ապահովելու` էթնոսի և նրա առաջնորդ-կոդի կարողականությունից. սխալ թույլ տրվեց, դասն անմիջապես կրկնվելու է` հարյուրապատիկ մեծ էներգետիկայով):
«Մեծ էներգետիկ» դաշտերից տեղափոխվենք երկիր, այն է` քաղաքական դաշտ, հասկանալու` բոլոր դեպքերում, ի՞նչ կատարվեց քոչարյանական ըմբոստության և լռության «միջակայքում»` վերջին օրերին:
Շատ պարզ։ Իր իսկ ստեղծած համակարգը սկսեց խժռել իրեն։ Քոչարյանը նախագահական «գրիչը» վայր դրեց ու դարձավ սովորական քաղաքացի, իր ձևակերպմամբ` երիտթոշակառու: Եվ քանի որ «ինքը» չէր ստեղծել մի երկիր, մի համակարգ, ուր թոշակառուները, այլ «առուները»` կուսակցությունները, մտավորականները, չինովնիկները, հասարակ քաղաքացիներն իրենցից ինչ-որ բան են ներկայացնում, իրեն նույնպես վայրկյաններ անց վանեցին, մոռացան: Ընդ որում և առաջին հերթին` հենց իր մերձավորները, և մոռացան նույնքան ինքնամոռաց, ինչպես ինքն էր մոռացել «բոլորին», երբ գրչավոր էր:
Նրան փորձում է մոռանալ, անշուշտ, նաև Սերժ Սարգսյանը:
Արձանագրենք. պրոցեսը, բոլոր դեպքերում, ցավոտ է և ոչ վերջնականորեն ավարտված: Այն պարզ պատճառով, որ բժշկությանն ու գիտությանը հայտնի չէ դեպք, երբ սիամական երկվորյակներին միմյանցից զատելու «օպերացիան» հաջողված ելք է ունեցել:
Այնուհանդերձ, Սերժ Սարգսյանը գնաց նման բարդ վիրահատության։ Հայտնի է` նա պետք է շնորհավորեր Քոչարյանի 2009 թիվը, այն է` Նոր տարին, և այլևս չզանգեր, դիցուք Երվանդ Զախարյանին կամ, ասենք, Արմեն Գևորգյանին ու հանձնարարեր` կանչեք, Քոչարյանն էլ գա, մասնակցի, մի քիչ ժապավեն-բան կտրի:
Ի դեպ, Սերժ Սարգսյանը, ըստ իր «մերձակայքի», փորձում էր միանգամից չկտրել իր ողնաշարը Քոչարյանից` ելնելով հազար ու մի պատճառից, առաջին հերթին այն, որ չէր ցանկանում իր նախորդի հետ վարվել այնպես, ինչպես Քոչարյանը վարվեց Տեր-Պետրոսյանի հետ։ Էստեղ, անշուշտ, տարընթերցում կա, և, այնուհանդերձ, Սերժ Ազատիչն իր համար ժամկետ էր դրել` մեկ տարի հետո կարողանալ «տվյորդո» կանգնել ոտքերի վրա և թույլ չտալ, որ Քոչարյանն ու իր թողած բալաստը խանգարեն իրեն:
Բայց այդ որոշումը ոչինչ չէր արժենա, եթե...
«Եթե»-ին կանդրադառնանք ներքևում, այժմ` «բաղկացուցիչների» մասին:
Վերջին շրջանում, ինչպես արդեն իսկ ասել ենք, տեղի ունեցավ, այսպես ասած, ՀՀ իշխանական էլիտայի վերադասավորություն, և բոլորը խիստ սահուն տրանսֆորմացվեցին` խոստովանելով իրենց «խոր ու անմնացորդ» սերը առ երկրի նախագահ (է, սիրում եք` ամուսնացեք, կասեին հայտնի անեկդոտում):
«Եվ ամուսնացան»: ՀՅԴ-ն` էքսնախագահի երբեմնի պարտնյորը, օրինակ, առանց երկմտելու ասաց, որ իրենք ոչ մի նպատակ չունեն ակտիվացնելու Քոչարյանին, իրենք գործում են իրենց դաշտում, և խարակիրին այլևս ՀՅԴ-ի ժանրը չէ` «չենք ինքնաոչնչացվելու», ասին: Ահա այսպես կարճ, կոնկրետ: ՈՒ` անկեղծ: Մանավանդ` իմաստալից:
Հաջորդեց ԲՀԿ-ի նույնատիպ քայլը (սրան արդեն անդրադարձել, պատճառաբանել ենք, և նույնիսկ` օրինակ ծառայել):
Ճիշտ է, սիրասուն ՀՅԴ-ն շատ կուզենար, որ ԲՀԿ-ն ու նախագահ Սերժ Սարգսյանը, ոնց եղել էր, ցկյանս իրար դեմ պայքարեն, քաղաքագիտորեն և խիստ հայեցի ձևակերպած` «չդադարեն միմյանց միս ուտել», որպեսզի ՀՅԴ-ն, ինչպես հատուկ է մշտապես իրեն, դիվիդենդներ շահի, բայց ինքնապահպանման բնազդն ու մի քանի այլ «գերակայություններ» իրենցն արեցին:
Հարցնում եք «Սիվիլիտասի՞» մասին, որն աշխարհով մեկ կառույցներ, լուրջ ծրագրեր ու նպատակադրումներ ունի: Դե, որ հարցնում եք, մենք էլ խոնարհ պատասխանում ենք` չկա նման «հիմնադրամ»: Դե, գոնե տեսանելի դաշտում, որպես գործիք կամ, եթե կուզեք նուրբ, որպես գործոն:
Ի դեպ, վերջերս նույնիսկ ընդդիմությունն էր հիշել Քոչարյանին, հիշել էր անուն առ անուն, իմա` հավաքված ստորագրություններն ուղարկում է Հաագա:
Դե, հիմա ի՞նչ անի` չլռի՞ Քոչարյանը:
Իհարկե, ոչ: Նրա ուժը, ինչպես Սամսոնինը, բոլորովին այլ տեղում էր:
Բայց ողջ խնդիրն այն է, որ Դալիլան, այո, հենց Դալիլան նրան ասաց` ոչ, սիրելիս, բավ սիրեցի, մարտի մեկին սկսած խաղն այս փուլում ավարտվեց, նոր խաղ կսկսեմ, և այն կլինի քեզնով, թե ոչ, ես չգիտեմ:
Այո, խոսքը «նեսրավնեննի» Ռուսաստանի մասին է, ուր վերջերս Քոչարյանը հաճախ էր լինում:
ՀԱՊԿ-ի ռազմականացված կառույցի արագ արձագանքման զորամիավորման ստեղծումը, 500 մլն ռուսաստանյան «տրանշը», Ռուսաստանի հետ սպասվելիք հակաօդային «ռազմավարության» ապագան Ռուսաստանին ապացուցեց, որ Սերժից լավ «ռազմավարական գործընկեր» աշխարհում չկա:
Նույնիսկ «կասկած» ունենք, որ ընդդիմության ներկայացուցիչն էլի գնաց Մոսկվա (ինչպես եղել էր արդեն մեկ անգամ` նախորդ ամռան սկզբին, երբ արմատական ընդդիմության հայտնի ներկայացուցչին կանչել ու ասել էին` առժամանակ սսկվեք, սպասեք, Դիման` Մեդվեդև, ուժեղանա, հետո կերևա` ինչ ենք անում): Ոնց երևում է` այս անգամ ևս նույնատիպ մեսիջ էր փոխանցել Ռուսաստանը` արդեն մարտի մեկին սպասվող հանրահավաքին առնչվող:
Ի՞նչ կարող ես անել:
Մնում է սպասել «Նաբուկոյի» առաջարկին: Եթե լինի, ու աշխարհը որոշի, որ այն պետք է անցնի Հայաստանով, ա՛յ, այդ ժամանակ Սերժ Սարգսյանն իսկապես շատ բարդ խնդրի առաջ կանգնած կլինի։ Մերժի` չի լինի, չմերժի` Ռուսաստանը, թերևս, կհիշի վերը նշված բոլոր ուժերին` մեկ-մեկ, անուն առ անուն: Մանավանդ որ Ռուսաստան-Թուրքիա տանդեմում «ամուսնական» նոր սիրավեպ է սկսվում, իսկ նման դեպքերում, որպես օրինաչափություն, Հայաստանը վերածվում է «որբի գլխի». ով հասավ` կխուզի։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3183

Մեկնաբանություններ