Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Վրաստանի քաղաքականությունը Սամցխե-Ջավախեթիի հայության նկատմամբ

Վրաստանի քաղաքականությունը Սամցխե-Ջավախեթիի հայության նկատմամբ
20.02.2009 | 00:00

ՋԱՎԱԽՔ
ԱՄՆ-ի և Եվրոպայի հետազոտական ու իրավապաշտպան կազմակերպությունները ներկայացնող որոշ դիտորդներ Սամցխե-Ջավախեթիում Վրաստանի բացասական քաղաքականությունը հայ բնակչության նկատմամբ հակված են դիտարկելու իբրև ոչ սկզբունքային, համակարգային հետևողականությունից զուրկ քաղաքականություն, որն ընդամենը վրացական կառավարության առանձին չինովնիկների ազգայնական տրամադրությունների դրսևորումն է։ Այս թեզը գրեթե «պաշտոնական» կարգավիճակ է ստացել տարաբնույթ բանավեճերում և մասնավոր գնահատականներում, սակայն ոչ հրապարակային ելույթներում ու զեկուցագրերում։
Եթե համեմատելու լինենք Վրաստանի էթնիկ-տարածաշրջանային այս քաղաքականությունը Բալկանների ու Արևելյան Եվրոպայի որոշ պետությունների փորձի հետ, ապա իսկապես կարող է տպավորություն ստեղծվել, որ խտրականության քաղաքականություն, իբրև համակարգային գործունեություն, գոյություն չունի։ Սակայն պետք է ուշադրություն դարձնել, որ Վրաստանը, չնայած վարչարարությունն արդյունավետ դարձնելու բոլոր փորձերին, մնում է թույլ պետություն` զգալի արտաքին ու ներքին քաղաքական ու սոցիալ-տնտեսական պրոբլեմներով, որը միաժամանակ խոր ազգային ճգնաժամ է ապրում։ Ընդհանուր առմամբ երկիրը, որ վերապրում է պետականության այսպիսի երկարատև ճգնաժամ, երբ չկան իրավիճակի բարելավման լուրջ սպասումներ, չի կարող իրականացնել էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ խտրականության արդյունավետ քաղաքականություն։ Վրաստանի այդ քաղաքականությունը կարելի է պատկերացնել միայն դրա հիմնական ուղղություններից ելնելով։
Տարբեր էթնիկ խմբերի ու տարածաշրջանների նկատմամբ Վրաստանի խտրականության քաղաքականության մեջ կարևորագույն հանգամանք է վրացական քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների, առանձին սոցիալական խմբերի միջև այս հարցի շուրջ ձևավորված «տոտալ» փոխհամաձայնությունը։ Սրանով Վրաստանն արմատապես տարբերվում է ցանկացած եվրոպական պետությունից, ուր ձևավորված են տարբեր դիրքորոշումներ` ազգային և տարածաշրջանային խնդիրների հետ կապված, քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպություններն ընդգրկված են լայն հասարակական բանավեճում։ Վրաստանում, ներքաղաքական սուր պայքարով հանդերձ, ամբողջ քաղաքական դասակարգն ու հասարակությունը միասնական են` այլ էթնիկ խմբերին երկրից դուրս մղելու առումով։ Սա բացատրվում է վրացական հասարակության մեջ արմատացած ծայրահեղ շովինիզմի սպեցիֆիկ ձևերով, որոնք պայմանավորված են վրացիներին բնորոշ տարբեր ֆոբիաներով և ունեն էական հիմնավորումներ։ Դա տնտեսական և ինտելեկտուալ մրցակցության ցածր ընդունակությունն է երկրում բնակվող այլ էթնոսների հետ, ցածր ծնելիությունն ու ժողովրդագրական էական ներուժի բացակայությունը, վրացական էթնոսին բնորոշ հիվանդությունները` կապված ծնելիության հետ, ինչն իր հերթին թաքնված, բայց կարևոր գործոն է վրացիների էթնոհոգեբանության մեջ։ Կարևոր հանգամանք է էթնիկ միասնականության բացակայությունը քարթվելական ժողովրդի ներսում, կենտրոնախույս ուժերի առկայությունը տարբեր տարածաշրջաններում, վրացիների, հատկապես նրանց արևելյան ճյուղի ակտիվության անկումը, մինչդեռ հենց այդ ճյուղն է երկար ժամանակ հանդիսացել վրաց ժողովրդի առանցքը։ Պակաս էական չէ ինտելեկտուալ ճգնաժամը, որ պայմանավորված է կեղծ պատմական և պատմամշակութային ահռելի նյութի կուտակումով, որն իր մեջ ներառում է այլոց մշակութային ձեռքբերումների յուրացումը, երբ կեղծարարությունը բարձրացված է պետական քաղաքականության մակարդակի ու ողջունվում է հասարակության կողմից։
Բոլոր այս առանձնահատկություններին զուգահեռ` վրացիները որոշակի բարդույթներ ունեն հայերի նկատմամբ և նրանց հետ են կապում «դավադրության», որոշակի հատուկ թշնամական դիրքորոշման և ամենաարյունալի մտադրությունների առկայությունը` ընդհուպ մինչև վրացական պետության բաժանումը և Վրաստանի տարածքների գրավումը։ Արժե հիշատակել, որ վրացական, այսպես կոչված, «ազգային գաղափարախոսության» ստեղծողը` Իլյա Ճավճավաձեն, ով այնքան հարգված է ժամանակակից վրացական հասարակության մեջ, շատ որոշակիորեն պնդում էր, թե վրացական գաղափարախոսությունը պետք է հիմնված լինի նաև հայերի դեմ պայքարի վրա, որպես վրաց ժողովրդի թշնամիների։ Այսպիսի քաղաքականության իրականացումը միշտ էլ դժվար է եղել, քանզի վրաց ժողովուրդն իր մեծամասնության մեջ երբեք հայերի հետ հակադրության պահանջ չի ունեցել, Վրաստանում բազմաթիվ են խառը հայ-վրացական ընտանիքները, ընդ որում` թբիլիսաբնակ ընտանիքների 20 տոկոսը հենց խառը ձևավորվածն է։ Այնուհանդերձ, Վրաստանում ձևավորված է հայերի դեմ առարկայական և ոչ առարկայական ատելության տարածման ավանդույթ, ու, ըստ այդմ, կան հայ բնակչության նկատմամբ խտրականության քաղաքականություն կիրառելու բոլոր հնարավոր նախադրյալները։
Վրաստանի քաղաքականությունը Ջավախքում իրականացվում է թեկուզ ոչ այնքան արդյունավետ, բայց մշակված ծրագրի համաձայն։ Դա հաստատվում է բազմաթիվ նախանշաններով, որոնք միանգամայն տեղավորվում են ընդհանուր գործընթացի մեջ։ Որոշ տեղեկությունների համաձայն, այդ ծրագիրը ղեկավարում է պետական անվտանգության նախարարը, իսկ դրա մշակմանը մասնակցել են որոշ վրացի գիտնականներ` սոցիոլոգներ, էթնոհոգեբաններ, պատմաբաններ ու ժողովրդագրության մասնագետներ։ Վրաստանի քաղաքական ղեկավարությունը հասկացել է, որ ստեղծված քաղաքական պայմաններում ու միջազգային իրավիճակում էթնիկ զտման մեթոդների կիրառումն անհնարին է։ Բացի այդ, հայերի կազմակերպվածության աստիճանը Վրաստանում երկար ժամանակ ավելի բարձր մակարդակի վրա էր, քան ադրբեջանցիներինը, և դա պատճառ դարձավ այն որոշման ընդունման համար, որ էթնիկ տարածաշրջանային քաղաքականության իրագործման մեջ առաջնային նշանակություն պետք է ունենա ադրբեջանական բնակչության դուրսմղումը Վրաստանից։
Դա համարվում է ավելի իրագործելի ու կարևոր, քանի որ Վրաստանում գնալով ավելի են խորանում մտահոգությունները թուրք-ադրբեջանական դաշինքի վարած քաղաքականության հետ կապված, և կա գիտակցում, որ այդ առանցքում Վրաստանին վերապահված է ընդամենը սատելիտի դեր։ Ներկայումս, հատկապես վերջին երկու տարիներին, էթնիկ-տարածաշրջանային քաղաքականության ծանրության կենտրոնը տեղափոխվել է Քվեմո-Քարթլիի տարածաշրջան, որտեղ ադրբեջանցիները կազմում են բնակչության առնվազն 75-80 տոկոսը։ Նախկինում ադրբեջանական բնակչությունը երբեք չի ունեցել պահանջներ կամ հավակնություններ իր սոցիալական կարգավիճակի հետ կապված։ Դա բացատրվում էր կրթական ու մշակութային ցածր մակարդակով, քաղաքական պայքարի ավանդույթների բացակայությամբ և տնտեսավարման համեմատաբար լավ պայմաններով։ Քվեմո-Քարթլիի ադրբեջանական բնակչության պահանջները շատ բանով պայմանավորված են նրանց առնչությամբ թուրք-ադրբեջանական դաշինքին, այդ տարածաշրջանի որոշակի դերին Հայաստանի տրանսպորտային շրջափակման առումով, ինչպես նաև այն հանգամանքով, որ կա նպատակ ադրբեջանական բնակչությանը վերածել Վրաստանի վրա ճնշում գործադրելու հզոր լծակի։ Ադրբեջանի որոշ ուսումնասիրողների և քաղաքագետների հրապարակումներում (ներառյալ թուրքական ԶԼՄ-ները) ադրբեջանցիները Վրաստանում պետք է դառնան երկրորդ կարգավիճակն ունեցող ազգ, որ ապագայում հավակնում է կարևորագույն պետական պաշտոնների, ասենք, խորհրդարանի նախագահի կամ վարչապետի։ Վրացական փորձագետները պնդում են, որ Վրաստանի հատուկ ծառայություններն ունեն տեղեկություններ, թե Ադրբեջանի պաշտոնական կառույցներում կան հայեցակարգային փաստաթղթեր Վրաստանի վերաբերյալ, որոնք հաստատում են, թե կա նպատակ Թբիլիսին վերածելու Անկարայի ու Բաքվի սատելիտի։ Հնարավոր է, որ սա չափազանցություն է, սակայն կան շատ ցուցանիշներ, որ ադրբեջանական բնակչության գործունեությունը Վրաստանում ձեռք է բերել համակարգային բնույթ։ Վրացական փորձագետները հայ գործընկերների հետ շփումների ժամանակ իբրև Վրաստանում հայերին ինքնավարություն չտրամադրելու փաստարկ պնդում են, թե այդպիսի քայլի դեպքում նույնը կպահանջեն ադրբեջանցիները։
Սակայն, դրան զուգահեռ, վրացական ղեկավարությունը պրոֆեսիոնալ երաշխավորություններից ելնելով, ամեն կերպ փորձում է օրենսդրորեն ամրագրել Վրաստանի հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքը, մասնավորապես լեզվի ու կրթության հարցերում։ Սա շատ զգայուն ոլորտ է` նկատի ունենալով ոչ միայն հայերի հասարակական առանձնահատկություններն ու մշակութային առաջնահերթությունները։ Այս հարցը նրանց կարգավիճակի հարցն է, քանի որ լեզվի խնդիրն ինքնաբերաբար պայմանավորում է տվյալ էթնոսի քաղաքական ու սոցիալական կարգավիճակը պետության ներսում։ Խորհրդային ժամանակաշրջանում Վրաստանի հայ բնակչությունն ուներ էթնիկ փոքրամասնության շատ որոշակի կարգավիճակ, և հայերենն օգտագործվում էր իբրև կրթական ու գործառական լեզու։ Գոյություն ուներ հայկական դպրոց հասկացությունը բոլոր հարակից պայմաններով` կրթական ծրագրեր, դասագրքեր, բուհում սովորելու հնարավորություն։ Խորհրդային Վրաստանի սահմանադրությամբ ամրագրված էր, որ հայերենն օգտագործվում է դատական գործընթացներում և այլ պետական մարմիններում, եթե տեղում կա կոմպակտ բնակվող հայ բնակչություն։ Պետական և կուսակցական փաստաթղթերն էլ միաժամանակ կազմվում ու հրապարակվում էին հայերենով։
2004-ին Վրաստանի ղեկավարությունը փորձեց ոչնչացնել «հայկական դպրոց» հասկացությունը և 2006-ից բոլոր հայկական դպրոցները դարձնել վրացալեզու։ Վրաստանի ղեկավարությունը չէր կարող չհասկանալ այդ մտադրությունների անհեթեթությունը, և, ըստ այդմ, հիշյալ նախաձեռնությունը, անկասկած, նպատակ ուներ զանգվածային ելույթներ հրահրել հայ բնակչության մեջ։ Սակայն դա արժանացավ շատ արդյունավետ դիմադրության Ջավախքի հայության կողմից` ներառյալ տեղական իշխանությունները, ինչպես նաև Հայաստանի, Եվրոպայում ու ԱՄՆ-ում հայկական կազմակերպությունների կողմից։ Ռուսական ԶԼՄ-ները նույնպես մեծ դեր խաղացին այս խնդրի լուսաբանման գործում։ Վրացական իշխանությունների մտադրությունները խիստ քննադատության արժանացան ԱՄՆ-ի կոնգրեսի միջազգային հարաբերությունների կոմիտեի կողմից և նույնիսկ Պետդեպարտամենտը հարկադրված եղավ արձագանքել դրան։ Էական դեր խաղացին նաև Եվրամիության ազգային փոքրամասնությունների հարցերով հանձնաժողովները և եվրոպական պետություններում այս խնդիրներով զբաղվող կազմակերպությունները։ Մոտավորապես 2005-ի կեսերից վրացական ղեկավարությունը հրաժարվեց այս օրինագծից, իսկ խորհրդարանը զգալի փոփոխություններ մտցրեց կրթական համակարգին առնչվող օրենքներում։ Այդ ամենն արժանացավ քննարկման եվրոպական կազմակերպություններում, և, որոշ փորձագետների գնահատմամբ, արդեն օրենք դարձած այդ նախագիծն ունի կոմպրոմիսային հայեցակարգ։ Դրա համաձայն, դպրոցներում ուսուցման լեզուն և ուսումնական գործընթացի չափորոշիչները որոշում են ծնողական խորհուրդները, և այդ դրույթն առայժմ բավարարում է հայ բնակչությանը։ Սակայն օրենքի գործնական կիրառումը պայմանավորված է նաև տեղական բնակչության էթնիկ կազմով և իշխանությունների կողմից հնարավոր մանիպուլյացիաներով, ինչը մտահոգություններ է ստեղծում` հայկական դպրոցների ապագայի հետ կապված, ու այս կապակցությամբ զգալի լարվածություն կա։
Ընդհանուր առմամբ հայերենի օգտագործման հետ կապված զգալի պրոբլեմները մնում են չլուծված։ Վրաստանի ղեկավարությունն ու քաղաքական դասակարգը կտրականապես բացառում են որևէ այլ լեզվի, բացառությամբ վրացերենի ու աբխազերենի օգտագործումը, իբրև պետական լեզու։ Ըստ այդմ, բոլոր գործառական խնդիրները հայաբնակ շրջաններում, ըստ օրենքի, պետք է վարվեն վրացերենով, ինչը սկզբունքորեն անհնարին է։ Առայժմ տեղական իշխանությունների և Թբիլիսիի հարաբերություններում բանավոր մակարդակում օգտագործվում է ռուսերենը, բայց ապագայի պրոբլեմները չեն լուծվում։ Տեղական կադրերը Ջավախքում, ինչպես դատարանում, այնպես էլ ոստիկանությունում ու տեղական մարմիններում չեն կարողանում գործերը վարել վրացերենով, մանավանդ որ վերջին 15 տարիներին Ջավախքը սոցիալ-մշակութային առումով ակտիվ ինտեգրացվել է Հայաստանի հետ։ Վրաստանի ղեկավարությունը հասկանում է, որ հայերենի ճանաչումը, իբրև պաշտոնական լեզվի, ինքնաբերաբար հանգեցնելու է ազգային-մշակութային ինքնավարության հիմքերի ձևավորման և հայ բնակչության իրավունքների ամրագրման ոչ միայն Ջավախքում, այլև ամբողջ Վրաստանում։ Այդ իսկ պատճառով հայերենի դեմ պայքարը դարձել է հայերին Վրաստանից դուրս մղելու հիմնական ուղղություններից մեկը։ Հարկ է ընդգծել, որ հայերի համառ դիմադրությանը հանդիպելով` վրացական ղեկավարությունը միաժամանակ չի բացառում դուրսմղման քաղաքականության տապալումը և, ըստ այդմ, կփորձի ուծացման քաղաքականություն կիրառել առաջին հերթին լեզվակրթական ոլորտում։
Վրաստանի ղեկավարությունն ավելի ու ավելի է բախվում «իշխանության դեֆիցիտի» հետ, քանի որ ներկա սոցիալ-տնտեսական զարգացման պայմաններում անհնար է իրականացնել կառավարում ժողովրդավարական մեթոդներով, պետության նշանակության նվազեցմամբ։ Քաղաքացիական հասարակությունը Վրաստանում ընդունակ չէ վերահսկելու վարչարարությունը, քաղաքական և հասարակական գործընթացները, բայց գլխավոր պրոբլեմը մնում է գործունակ քաղաքական, ամենից առաջ ընդդիմադիր կուսակցությունների բացակայությունը։ Այս պայմաններում կառավարող ռեժիմը ստիպված է պետական շինարարությունն իրականացնել իշխանության կենտրոնացման միջոցով։ Լավագույն օրինակ կարող է ծառայել իրավիճակն Աջարիայում, որից գործնականում խլված են ինքնավար իրավունքները։ Վրաստանի քաղաքական ղեկավարությունը ձգտում է իշխանության կենտրոնացման, ֆեդերալիզմի ցանկացած ձևի բացառման։ Սակայն երկրի առանձնահատկությունն այնպիսին է, որ, էթնիկ տարածաշրջաններից բացի, խնդրահարույց են բազմաթիվ այլ տարածաշրջաններ։ Վրացական փորձագետների կարծիքով, Մ. Սաակաշվիլին խիստ զգուշանում է իշխանության ապակենտրոնացումից, մանավանդ եթե դա հանգեցնի տեղերում ֆինանսական ռեսուրսների ինքնուրույն օգտագործման և որոշումների` ուժային կառույցների առումով։ Էթնիկ տարածաշրջանները` Քվեմո-Քարթլին, Սամցխե Ջավախեթին, Մեգրելիան, Աջարիան ու Սվանեթիան, կազմում են մինչև 1,5 մլն մարդ։ Այստեղ առկա են էական սոցիալական ու քաղաքական խնդիրներ, տարածաշրջանները զբաղեցնում են ռազմավարական նշանակություն ունեցող զգալի տարածք։ Վրաստանում առկա է տարածաշրջանների տնտեսական զարգացման անհամաչափությունը, ինչը հետևողական տնտեսական քաղաքականության բացակայության հետևանք է։
Այս պայմաններում Վրաստանն ընդունել է տեղական ինքնակառավարման մասին օրենք, որն արժանացել է լայն քննարկման Եվրոպայում։ Այն ուղղված է ընդհանուր քաղաքական խնդիրների լուծմանը, սակայն հաշվի չի առնում այնպիսի տարածաշրջանի խնդիրները, ինչպիսին Ջավախքն է։ Օրենքը ենթադրում է տեղական ներկայացուցչական և գործադիր մարմինների բաժանում, գործադիրը չի ընտրվում տեղական խորհրդի կողմից, այլ նշանակվում է երկրի նախագահի հրամանագրով։ Միակ ընտրովի մարմինները շրջանային խորհուրդներն են, իսկ գյուղական ու ավանային համայնքները չունեն այդ իրավունքը։ Նրանց ղեկավարները նշանակվում են շրջանի գործադիր ղեկավարության կողմից, և դրանով ապահովվում է իշխանության ուղղահայացի ստեղծումը երկրի նախագահից մինչև վերջին գյուղապետը։ Դոտացիոն համակարգի պայմաններում շրջանային խորհուրդները չունեն իրավիճակի վրա ազդելու իրական հնարավորություններ։ Կառավարման հիմնական լծակները կենտրոնացած են շրջանների գործադիր իշխանության ձեռքում, որն անմիջական կախվածության մեջ է կենտրոնական իշխանությունից։ Բացի այդ, շրջանային իշխանությունների վրա առանձին հսկողություն են իրականացնում նախագահի նշանակած նահանգապետները, որոնց դերն ընդհանուր կառավարման համակարգում բավական մեծ է, հատկապես իրավապահ մարմիններ ձևավորելու առումով։ Նրանց է վերապահված նաև դատարանների, դատախազության, ոստիկանության, հարկային մարմինների վերահսկողությունը։ Եթե վրացաբնակ շրջանների համար այսպիսի իրավիճակը տանելի է, ապա Ջավախքի համար հանգեցրել է հայ բնակչության իրավունքների զգալի կորստի։ 2006-ի տեղական ընտրություններից հետո հայկական բնակչությունը կանգնեց ինքնակառավարման կորստի փաստի առջև։ Միաժամանակ իրականացվեցին միջոցառումներ` կադրերի փոփոխության առումով։ Նպատակամղված կերպով Ջավախքում որոշիչ պաշտոնների են նշանակվում այն մարդիկ, ովքեր իրենց նախկին հասարակական գործունեությամբ միշտ շատ հարմարվողական կեցվածք են ունեցել Ջավախքում իրականացվող քաղաքականության նկատմամբ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3224

Մեկնաբանություններ