Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Եթե ուզում ենք ապրել իբրև հայ ժողովուրդ, իբրև հայոց երկիր

Եթե ուզում ենք ապրել իբրև հայ ժողովուրդ, իբրև հայոց երկիր
24.11.2023 | 16:08

Հայրենիքը միայն հող ու քար, լեռ ու հովիտ չէ, նա ամենից առաջ ոգի է ու լեզու:

Ես միշտ կարկամել եմ հայոց լեզվի առեղծվածի առաջ։

Այդ ինչպե՞ս է, որ գրավոր դառնալուց առաջ նա ուներ ադամանդե այն փայլը, որ ցոլում է մեր գողթան երգերի մեջ։ Այդ ինչպե՞ս է, որ գրավոր դառնալուց անմիջապես հետո նա կարողացավ թարգմանել մի այնպիսի վիթխարի ու բարդ գործ, ինչպիսին Աստվածաշունչն է։ Եվ ոչ միայն պարզապես թարգմանել, այլ այնպես թարգմանել, որ, աշխարհի խոշորագույն լեզվաբանների կարծիքով, դառնա թարգմանությունների թագուհին։

Ես հաճախ եմ հայերենի բառարաններ կարդում։ Դա իմ ամենամեծ հետաքրքրություններից ու վայելքներից է։ Ես ասես քիմքով վայելում եմ բառեր, որոնց մեջ դարերի համն ու հոտը կա։ Հինավուրց բառեր եմ վայելում, որոնք ի զորու են արտահայտել ժամանակակից գիտական ու փիլիսոփայական մտածողության ամենաբարդ հասկացություններն ու ամենատարբեր երանգները։

Կարդում եմ ու վայելում, նորից սիրահարվում նրան ու խորհում մեր գոյության ու հարատևության գաղտնիքի մասին։

Մեր ժողովրդի գոյության դարավոր հենասյուները՝ մայրենի լեզվի պաշտամունքն ու պահպանումը, մեր պատմության հայրենասիրական ոգին, հոգու և խղճի նարեկյան մաքրությունը, առողջ կենսափիլիսոփայությունը օդի ու ջրի նման պետք են մեզ այսօր, եթե ուզում ենք ապրել իբրև հայ ժողովուրդ, իբրև հայոց երկիր:

Վահագն Դավթյան

1982 թ․

Սիլվա Յուզբաշյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 10188

Մեկնաբանություններ