Այսօր առավել քան տեսանելի է, որ Հայ ժողովրդին համատարած զինաթափում են Հայոց նոր ցեղասպանության մեկնարկած սպառնալիքով։ Զինաթափմանը, ըստ էության», մասնակցում է միջազգային հանրությունը՝ իր քաղաքակիրթ ու ոչ քաղաքակիրթ հատվածներով։
Օրակարգում մարտավարական դետալներն են, կասկածի տակ է պետականորեն ընդունված ռազմավարությունը՝ անկախ պետականության հաստատումը։
Շրջանառվող թեմաներից մեկն է Արցախի զորահրամանատարների վարքագիծը Արցախի Պաշտպանության Բանակի զենքը հանձնելու ու հանձնվելու պահին։
Հաշվի առնելով ՀՀ ու ԱՀ զուտ մասշտաբային տարբերությունը, դժվարագույն պայմաններում մայր Հայաստանի կողմից Արցախի ու արցախցիների լքված լինելու հանգամանքը՝ այս նյութում առանձնացնում եմ միայն պատասխանատու անհատների վարքագծին վերաբերող հարցերը։
Նույնիսկ չեմ անդրադառնալու այս առիթով իրականացվող մանիպուլյացիաներին։ Առանց ինձ էլ դրանով զբաղվողները շատ շատ են։
Հանձնելու ու հանձնվելու վերաբերյալ տեսակետները ավանդական նախադեպերի շրջանակից դուրս չեն գալիս.
- կրակել մինչև վերջին փամփուշտն ու հերոսաբար զոհվել:
- Ինքնասպան լինել, բայց չհանձնվել:
- Հանձնվել, հետագայում պայքարը շարունակելու վճռականությամբ։
- Հանձնվել, կյանքը թողնելով բախտի քմահաճույքին, այսինքն բարոյապես ու ֆիզիկապես ոչնչանալ։
Բոլոր տարբերակների վերաբերյալ էլ պատմական օրինակներ են բերվում՝ մեկը մյուսից համոզիչ։
Բանավեճն անպտուղ է, քանի որ մարդիկ ու հանգամանքները տարբեր են լինում։
Ես հարցը կդիտարկեմ անհատի դիմադրողականության ու հաշտվողականության հատկանիշների տեսանկյունից։ Պակաս կարևոր չէ, թե անհատը այդ երկուսից որ մեկին նախապատվություն տվող ճամբարում է հայտնվել։
Դիմադրողականությամբ կամ հաշտվողականությամբ օժտված անհատների վարքագիծը հավասարապես կանխատեսելի է: Դիմադրողները հիմնականում նահանջում, կամ զոհվում են, հարմարվողականները՝ կոտրվում, կամ դավաճանում (իրենց ծառայություններն են առաջարկում թշնամուն)։
Անկանխատեսելի է դիմադրողականության ու հաշտվողականության բալանսին տիրապետող ուժեղ անհատների վարքագիծը զինաթափման պահին։ Այն կախված է ավելի շատ հանգամանքների գնահատումից։
Թվարկումը կարող է լիարժեք չլինել, բաց եմ թողնում։
Հատուկ ուզում եմ ընդգծել մեկը՝ արդյոք անհատն ի վիճակի՞ է ճիշտ գնահատել, իսկ հետագայում ապացուցել, թե արդյոք իր վերջի՞ն զենքն է հանձնում անգութ թշնամուն։
ՈՒժեղ անհատի համար վերջին զենքը հանձնելը զուտ կյանքից արժանապատիվ հեռանալու խնդիր է։
Սակայն այստեղ էլ տարբերակներ կան:
Ի՞նչ է ուժը, ինչպիսի՞ն է ուժի մասին անհատի պատկերացումը։ Վերջին հաշվով ինչպիսի՞ն է «ՈՒժն է ծնում իրավունք» հանրահայտ ասույթի ընկալումը այն միջավայրում, հանուն որի իրեն բախտ է վիճակվել այդպես դնել իր կյանքի վերջին արարի վերջակետը։
Չէ՞ որ երբ առաջնորդի կյանքի վերջին ակորդը հնչեղ է, ապա այն որոշակիորան ծածկում է նրա ողջ կենսագրության հաղթանակներն ու նահանջները, կանխորոշում է նրա մասին հիշողության տևողությունը։
Ոչինչ ավելի չի բարձրացնում ներկա ու ապագա հետևորդների մարտական ՈԳԻՆ, քան հանրահայտ առաջնորդի վերջին սխրանքը։
Ավելորդ է, բայց մեր պարագայում անհրաժեշտ է հիշատակել նաև հակառակը․
ոչինչ ավելի թևաթափ չի անում հետևորդներին, քան իրենց առաջնորդի անփառունակ վախճանը։
Զինվորական սպան, պատվասեր զինվորը՝ նույնիսկ նահանջի հրաման ստանալու պարագայում, իրեն ստորացած է զգում թշնամու առաջ։ Իսկ զորահրամանատարը առավել ևս, երբ հրամանը ծագում է ռազմականից զատ հանգամանքներից։
Մեզանում, ճակատամարտերի հարուստ փորձին զուգահեռ, խեղաթյուրված պատկերացումներ են ձևավորվել հասարակության բոլոր շերտերում։ Այդ թվում հաղթողների ու պարտվողների, նահանջողների ու հանձնողների մասին։ Բայց ավելի կարևոր է, որ խեղաթյուրված են պատկերացումները ուժի ու իրավունքի փոխկապակվածության մասին։
Երեք տասնամյակ շարունակ «ՈՒժն է ծնում իրավունք» հինավուրց ու հանրահայտ ասույթը անտեսվում, կամ բացահայտ քարկոծվում է։
ՈՒժ ասելով վերից վար հասկանում են բիրտ ուժը, հետին պլան մղելով ուժի այլ բաղադրիչները, որոնց միայն թվարկումը այս նյութի համար մեծ ծավալ կունենա։
Մասնավորապես պետության համար արտակարգ կարևոր է երկրի ներքին կայունությունը, իսկ արտաքին հարաբերություններում զինված ուժերից բացի տնտեսական հզորությունն ու այն համալիրը, որին մեկ բառով անվանում են ճկուն դիվանագիտություն։
Զինվորականը ուժի խորհրդանիշն է, հետևաբար, այս աղճատված ֆոնի վրա՝ պարտության գլխավոր պատասխանատուն։
Իրականում այդ հարցով միջինացված պատկերն ավելի օբյեկտիվ է, բայց ընդհանուր պատկերի մեջ հատուկ դիտավորությամբ շատ ավելի հեշտ է համակարգային պարտության համար առանձին զորահրամանատարների հասարակական կարծիքում որպես քավության նոխազներ ներկայացնելն ու նրանց հետ հերթով հաշվեհարդար տեսնելը։
Զարհուրելի է, երբ զգալի զանգվածների կողմից ընդունելի է համարվում «դավաճան» պիտակված զինվորականներին (ու ոչ միայն նրանց) թշնամու ձեռքով պատժելը։
Հուսով եմ, որ կարողացա հանրամատչելի լեզվով ներկայացնել մեր ժողովրդի պառակտման գործիքներից մեկի դեմն առնելու հիմնադրույթները։
Հիշեք, անհատներին պիտակավորելուց, կամ այդ պիտակները շրջանառելուց առաջ պետք է առաջնորդվել համակարգին բնորոշ գնահատման համալիր մեթոդներով, այլ ոչ թե նրանց կենսագրության առանձին դրվագներն ուռճացնելու ճանապարհով։
Մասնավորապես կարևոր է, թե էությամբ անձը դիմադրողական է, թե՞ հաշտվողական, ու իր էութամբ ո՛ր ճամբարում է նա հայտնվել։
Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ