ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Տեխնոլոգիական լուծումներ՝ բիզնես համայնքի համար

Տեխնոլոգիական լուծումներ՝ բիզնես համայնքի համար
23.06.2014 | 11:51

Հունիսի 20-21-ն անցկացվեց «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 7-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը: Այս տարի ֆորումին մասնակցում էին և իրենց տեխնոլոգիական լուծումները բիզնեսի արդյունավետության բարձրացման համար ներկայացրին 64 կազմակերպություններ, որից 51-ը` տեղական, 13-ը` արտասահմանյան: Գործարար համայնքը հնարավորություն ունեցավ ծանոթանալ տեխնոլոգիական լուծումների ֆինանսաբանկային, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, շինարարության, էլեկտրոնային կառավարման բնագավառներում:
Ֆորումի բացմանը ներկա էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Հայաստանի կառավարության և իր անունից ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ վարչապետը նշեց, որ ներկայում մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը բավականին մեծ զարգացում է ապրում։ Ըստ կառավարության ղեկավարի՝ տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտը դարձել է Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից՝ նպաստելով երկրում տեխնոլոգիական նորարարության և արտադրողականության բարձրացմանը, գիտելիքահենք տնտեսության ձևավորմանը: ՏՏ ոլորտում ձեռքբերումները վստահություն են ներշնչում, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջատար երկիր։ Նա նաև մեծապես կարևորել է ավանդական դարձած ԴիջիԹեք բիզնես ֆորումի դերը Հայաստանի զարգացող բիզնես միջավայրի կայացման գործում, քանի որ նման միջոցառումները հնարավորություն են ընձեռում մասնակից ընկերություններին ոչ միայն ծանոթանալու այն առավելություններին, որ կարող է իրենց տրամադրել ՏՀՏ գործիքների կիրառումը բիզնեսում, այլև նպաստել նորագույն տեխնոլոգիաների տարածմանը, փորձի փոխանակմանը, գործարար միջավայրում համագործակցության խթանմանը:
Վարչապետը հավաստիացրել է, որ ՀՀ նոր կառավարությունը գործնական քայլերով ամեն ինչ անելու է՝ աջակցելու ՏՏ ոլորտի զարգացմանը, քանի որ այն ունի առաջընթացի մեծ ապագա:
ԴիջիԹեք բիզնես ֆորումի ընթացքում տեղի ունեցան նաև հայ-հոլանդական և հայ-ռուսական բիզնես ֆորումներ։ Հայ-հոլանդականում, մասնավորապես, քննարկվեցին հոլանդական և հայկական ՏՀՏ ոլորտների համագործակցության հնարավորությունները հետևյալ հիմնական ուղղություններով` նոր շուկաներ մուտք, օտարերկրյա կապիտալի ներգրավում, կրթության ոլորտում նախաձեռնություններ: Հայ-հոլանդական ֆորումի հիմնական նպատակն էր ներկայացնել Նիդերլանդների ընդհանուր ՏՀՏ ոլորտի և կիրառական խաղերի մեթոդի նկարագիրը: Կիրառական կամ «լուրջ» խաղերը իրական խնդիրների կամ իրավիճակների սիմուլյացիաներ են, որոնք կարող են օգտագործվել որպես փորձարարական և կրթական տեխնոլոգիաներ ճարտարագիտության, պաշտպանության, առողջապահության, գիտության, բիզնեսի կառավարման և այլ ոլորտներում: Հայ-հոլանդական բիզնես ֆորումի արդյունքում փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց Նիդերլանդների ՏՀՏ ասոցիացիայի (Nederland ICT) և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության միջև:
Հունիսի 21-ին անցկացված թեմատիկ քննարկումներից մեկն էլ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումն էր։ Այն ներկայացվում էր «Տելեբժշկության հայկական ասոցիացիայի» կողմից։ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նկատեց, որ առողջապահության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների ներդրմամբ բուժումը կդառնա ավելի հասանելի, մատչելի և որակյալ:
«Համոզված եմ, որ էլեկտրոնային կառավարման միասնական համակարգերը ժամանակի հրամայականն են: Եվ առանց նման համակարգի բացառվում է, որ հնարավոր կլինի կառավարել, լուծել առողջապահական այն խնդիրները, որոնք ծառացած են մեր առջև»,-ասաց Արմեն Մուրադյանը` ընդգծելով, որ տեխնոլոգիական համակարգերի ներդումը պետք է ուղեկցվի որակի վերահսկման չափորոշիչների և մեխանիզմների ամրապնդմանը զուգահեռ:
Նախարարը միասնական էլեկտրոնային համակարգը ստեղծելու գործում կարևորեց մասնագետների, հանրության կողմից նոր և կառուցողական առաջարկների անհրաժեշտությունը: «Առանց նման համակարգի մեր յուրաքանչյուր բարեփոխում դատապարտված է»,- նկատեց նախարարը` ավելացնելով, որ առանց նման համակարգերի ժամանակակից աշխարհում գրեթե անհնար է վերահսկել ֆինանսական հոսքերը:
Նշենք, որ ԴիջիԹեք բիզնես ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Այն իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2323

Մեկնաբանություններ