Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Մանվել ՔԵՇԻՇՅԱՆ. Լսում ենք Հախվերդյան, խմում գարեջուր, հիշում Երևանը

Մանվել ՔԵՇԻՇՅԱՆ. Լսում ենք Հախվերդյան, խմում գարեջուր, հիշում Երևանը
25.07.2013 | 12:08

Սա Էրևանն է, այստեղ դու տանն ես, ուր կամ սիրում են կամ հայհոյում են…

Երևանը վաղուց հախվերդյանական զգացողություններ արթնացնող քաղաքը չէ: Այն ավելի շատ լարվածություն, պայքարելու մոտիվացիա ու պահպանելու բնազդ է առաջացնում:

Հին Երևանի մասին պատմություններն ու նկարագրություններն ուտոպիական են թվում: Ոչ մի տեղ չես գտնում դա: Ոչ մի տեղ չես կարողանում լսած ու կարդացած զգացողություններն ապրել: Այնքան չկա, որ սկսում ես կասկածել լսածիդ ու կարդացածիդ: Արտաքին տեսքի հետ փոխվել, ավելի շուտ կորել է նաև կոլորիտը: Սկսած բազմաբնակարան դատարկ շենքերից, մինչև ժամանակ առ ժամանակ քաղաքով մեկ սփռվող, բադակտուց, տձև, Երևանի հետ ոչ մի աղերս չունեցող կենդանիներ:

Մեզ սեղմում են նոր ժամանակները, ինչպես երկաթե պնդօղակներ: Մինչև վերջ սեղմեք ձԵր գոտիները, պետք է դիմանալ, դիմադրել:

Դժգոհության, ընդվզման ու բողոքի առիթ հիմնականում դառնում են քաղաքային իշխանությունների անհեռատես ու հիմնական բաներն անտեսող որոշումներն ու նախագծերը: Դա ապացուցում է ժամանակը:

Ամենավառ օրինակը Մաշտոցի պուրակն է: Այգին ոչնչացումից փրկեց նախագահի գեղագիտական ճաշակը՝ «Տարոն ջան, սիրուն չի» թևավոր դարձած արտահայտությամբ: Դա ամենացցուն օրինակն է: Կա նաև փոքր, բայց ոչ պակաս կարևորության խնդիրների շարք: Ձմեռը ձյունը ոչ մի կերպ չի մաքրվում, մյուս եղանակներին էլ հորդառատ անձրևը մինի-ջրհեղեղ է առաջացնում: Ամեն ձմեռ քաղաքապետարանը տարածում է ճոխ հաղորդագրություն, թե քաղաքում աշխատում է մեծ քանակությամբ տեխնիկա, նայում ես գետնին՝ միայն ասֆալտ է: Բայց դե հո մենք էլ հեքիաթի արջերից չե՞նք, որ ամբողջ ձմեռ քնենք ու հավատանք հայտարարությանը: Դուրս ենք գալիս, տեսնում հակառակ պատկերն ու սայթաքում:

Ջրահեռացման համակարգն էլ, կարծում եմ, անլուծելի խնդիրների շարքից չէ:Պարզապես անտաբերության մատնված հարցերից է:

Բարքերի անկում, անկման բարքեր և անկման եզրին կանգնած կրքեր:

Կամ մեծերի արձանները: Չգիտեմ՝ իրագործումը որքանով արդարացրեց գաղափարը: Սոցցանցերի շաբլոնային ու տարբեր դիրքերով նկարներ դառնալուց բացի, չեմ կարծում, որ դրանք որևէ այլ բանի ծառայեցին և օգուտ տվեցին: Դրանով ավելի արժևորվեցին, թե արժեզրկվեցին մեծերը՝ բարդ հարց չէ: Տեղադրման սկզբնական շրջանում էլ արձանները հաճախ էին կոտրվում ու վնասվում: Մարդիկ չեն բարբարոս, արձաններն են անորակ: Ժողովրդի ասած՝ թքով կպցրած:

Ես հիշում եմ քաղաքն իմ, երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման:

Քրջի բազարի վաճառականններին տեղահանեցին, բայց այդպես էլ չտեղավորեցին: ԻՆչպես հնոտի վաճառողներն էին բնորոշում՝ մնացին օդից կախված: 100 դրամով տաբատ վաճառող, օրական հազար դրամի շահույթ ստացող որոշ վաճառականների էլ տարածք հատկացրեցին վերնիսաժում: Դրանով էլ, սակայն, հարցը չլուծվեց: Վերնիսաժի որոշ քաղքենի հնաբնակներ բողոքում էին, որ նրանք անմակարդակ են, արվեստագետին էլ հարիր չէ նման մարդկանց հետ շփվելը: Վաճառականներն էլ գոհ չէին իրավիճակից. առևտուր չի լինում այդտեղ: Հակասության մեջ գտնվող երկու կողմերն էլ մեղադրում էին քաղաքային իշխանություններին՝ իրենց մարդատեղ չդնելու ու չբանակցելու իրենց հետ և արդյունքում ամեն ինչ վատ կազմակերպելու մեջ:

Ու փչում է քամին ունայնության…

Եվ վերջապես՝ ուղեվարձի մասով: Ուղեվարձի թանկացման միտումը, որքան հիշում եմ, վաղուց կար: Ուղղակի համապատասխան առիթ չկար: Գազի գնի բարձրացումն էլ հենց դաձավ այդ ցանկալի ու սպասված առիթը:

Ամեն դեպքում, դա չի հիմնավորում ուղեվարձի բարձրացումը: Գազի գինը 50 տոկոսվ չի բարձրացել:

Անհեթեթության շարքից: Գազով չաշխատող ավտոբուսների գներն ինչո?ւ են բարձրանում: Պատկան մարմինները դա նույնպես բացատրում են գազի գնի բարձացումով, սակայն այս անգամ՝ այլ կտրվածքով՝ թե վարորդների ապրելակերպի վրա ազդում է գազի սակագնի փոփոխումը: Այդ նույն տրամաբանությամբ համաչափորեն պետք է բարձրանար նաև բոլոր ոլորտների աշխատավարձը: Դա, սակայն, ընդամենը փափուկ բարձ է: Պարզ է, որ այդ ավել գումարը վարորդը ոչ թե տուն է տանելու, այլ դնելու է գծատիրոջ գրպանը: Ընդհանրապես, տրանսպորտի գնի թանկացման մասով մի նորմալ հիմնավոր հայտարարություն չեմ լսել: Թերևս միակ խորիմաստն այն է, որ ամեն ինչ արվելու է հօգուտ ժողովրդի:

Թանկացումից հետո վարորդները չեն սկսի ավելի քիչ ծխել ու չեն դադարի մուննաթ գալ: Ուղեվորներն էլ չեն դադարի կքանստած, գլուխը դիմացինի, լավագույն դեպքում, թևի տակ մտցնել կամ, որ այս համատեքստում առավել բարվոքն է, կանգնած երթևեկել: Մի խոսքով, ոչինչ չի փոխվի: Ոչ մի դրական միտում:

Եվ մի նկատառում: Զարմանում եմ՝ ինչու ոչ ոք չի առաջարկում հանրային տրանսպորտն ամբողջությամբ պետականացնել: Բազմաթիվ քաղաքակիրթ երկրներում այդպես է: Պետք է, ի վերջո, վերացնել գծատիրոջ ինստիտուտը: Ո՞նց կարելի է մի ամբողջ հանրային ծառայություն թողնել կասկածելի արժեհամակարգով ու աշխարհընկալմամբ մարդկանց հայեցողությանը:

Մի խոսքով, լսում ենք Հախվերդյան, խմում գարեջուր, փնտրում իսկական Երևանն ու փորձում պահպանել ունեցածը: Ավելի շուտ՝ մնացածը:

Ես քեզ սիրում եմ, էս խոսքերը ասում եմ քեզ իմ Էրեվան, արժե հասնել աշխարհի ծայրը, որ էս բառերը հասկանամ:

Դիտվել է՝ 4400

Մեկնաբանություններ