ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ներսիններով» ու «դրսիններով» հայրենիք չկորցնելու ժամանակն է

«Ներսիններով» ու «դրսիններով» հայրենիք չկորցնելու ժամանակն է
14.10.2016 | 00:57

Միանգանից ասեմ, որ խոսքը սովորական ներկա-բացակայի մասին չէ, այլ ազգը հայրենիքում ապրող «ներկա» հայերի ու երկրից դուրս բնակվող «բացակա» սփյուռքահայերի բաժանելու շատ տարածված սովորության մասին, որ սովորույթի ուժ է ձեռք բերել արդեն: Ցավոք, ճակատագրի և իրերի բերումով, այսօր Հայաստանից դուրս քառակի շատ հայ է ապրում, քան Հայաստանի ներսում, և եթե կա մի բան, որ միավորում է հայության այս երկու հատվածները, հայրենիքի վաղվա օրվա հանդեպ օրավուր աճող տագնապն է, շատ հաճախ՝ ծայրահեղ դրսևորումների հասնող տագնապը: «Հեռու նստեմ, մոտիկ խոսեմ» դրսևորումը, թերևս, ամենատարածվածն է դրանցից, որ հատուկ է գերազանցապես Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, և որը, համացանցի ընձեռած անվերահսկելի ազատության պայմաններում, շատ հաճախ դուրս է գալիս սթափ դատողության շրջանակներից:


«Ձեններդ տաք տեղից է գալիս, եվրոպաներում և այլուր ծվարած «ազգի փրկիչներ»: Տակներդ՝ չոր, փորներդ՝ կուշտ, գլուխներդ՝ դինջ, գրպաններդ՝ եվրոյադոլարախեղդ: «Ձեր մուր՝ ձեր գլուխ»՝ կասեր ժողովուրդը, «երրորդ սորտի» մարդու կարգավիճակով ապրեք ձեր երկրորդ «հայրենիքներում», իսկ մեզ՝ ՀԱՅՐԵՆԻՔԸ պահողներիս, ապրել մի սովորեցրեք: Պայքարել՝ առավել ևս: Դուք դրա իրավունքը կորցրիք՝ երկիրը լքելու պահից: Սսկվե՛ք: Ձեր տերերն ամեն ինչ ասում են ձեր փոխարեն»:

Տողերիս հեղինակն այս գրառումն արել է ֆեյսբուքյան իր էջում՝ «հուլիսյան խռովության» օրերին, երբ սոցիալական ցանցը հեղեղվեց զինված ապստամբության կոչերով, որոնք սթափ դատողությունից նույնքան էին հեռու, որքան վիրտուալ տարածքը՝ իրական կյանքից: Ասես ներքին մի հրահանգով աննախադեպ աշխուժություն սկսեցին դրսևորել աշխարհի տարբեր ծայրերում բնակություն հաստատած մեծ թվով ֆեյսբուքյան օգտատերեր՝ հայաստանաբնակ հայերիս կոչ անելով դուրս գալ փողոց և ապստամբության դրոշ պարզել:


Անցել է երեք ամիս, իսկ վիրտուալ հիստերիան դեռ շարունակվում է, ամենայն հավանականությամբ, չի դադարի նաև վաղը: Որակումների պակաս բնավ չի զգացվում, ընդ որում՝ հայհոյանքներով ու ցենզուրայից դուրս կոլաժներով զուգորդված: Օգտատերերի մի ստվար զանգվածի համար սոցիալական ցանցերը դարձել են ինքնադրսևորման անփոխարինելի հարթակ, անեծքն ու հայհոյանքն էլ՝ «բարև-բարլուսի» պես մի բան:
Նույն տխուր պատկերն է նաև ոչ վիրտուալ, տպագիր որոշ լրատվամիջոցներում, որոնց էջերից «ներսիններիս» խելք ու խրատ են տալիս «դրսերում» տաքուկ կյանքի վարժված առանձին մտավորականներ, արվեստագետներ և դերասան-դերասանուհիներ։
Մի հարցնող լինի հայրենիքում և հայրենիքից դուրս ապրող վիրտուալ այս «քաջերին»՝ առավոտից կեսգիշեր վիրտուալ տարածքում մաղձ ու թույն շաղ տալուց բացի, ուրիշ ի՞նչ եք արել այս երկրի համար, որ հիմա ձեզ իրավունք եք վերապահում մյուսներին խելք սովորեցնելու, ապրել ու պայքարել սովորեցնելու: Գուցե դո՞ւրս գայիք ձեր տաքուկ անկյուններից, կտրվեիք վիրտուալ չիրականությունից ու վերադառնայիք իրական կյա՞նք, սփյուռքահայերի պարագայում՝ հայրենի՞ք: Թե չէ գրկել եք համակարգիչ-նոթբուք-նեթբուքներն ու հայրենասեր-հայրենասեր եք խաղում, ապստամբություն ու իշխանափոխություն եք «անում»: Եփած հավի ծիծաղն էլ է գալիս ֆեյսբուքյան «հերոսների» ստատուսային հայրենասիրության այս անզուսպ պոռթկումների վրա:

Վերադարձեք իրական կյանք, տիարք և տիկնայք, սոցիալական ցանցերն էլ կուլտ մի սարքեք, դրանք ընդամենը շփման միջոց են, ի դեպ, քաղաքակիրթ շփման միջոց: Հատկապես՝ հայերիս համար, որ դրսում չորս անգամ ավելի շատ ենք, քան ներսում, և այսօր ոչ թե չոր-ցամաք ներկա-բացակա անելու, այլ «ներսիններով» ու «դրսիններով» հայրենիք չկորցնելու գերխնդիր ունենք:


Թեև, ո՞ւմ ես ասել:
Համացանցային գրամոլությունն ու զազրախոսությունը սպառնում են դարի հիվանդություն դառնալ՝ քաղցկեղի ու ինֆարկտի «հացը կտրելով»: Եթե արդեն չեն դարձել: Մտածելու բան է:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 66167

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ