ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ճի՞շտ ենք գնահատում արդյոք մեր կրթական ներուժը

Ճի՞շտ ենք գնահատում արդյոք մեր կրթական ներուժը
22.07.2008 | 00:00

Հայերի ուսումնատենչության մասին առասպելներ են պատմում։ Անկախության առաջին իսկ տարիներից հանրապետության գրեթե բոլոր մարզերում, մեծ ու փոքր քաղաքներում սկսեցին բացվել ոչ պետական բուհեր։ Ոչ պետական բուհ կոչվածն, իհարկե, բռնեց կամ չբռնեց ժամանակի քննությունը, դրանց մի մասը մինչ օրս գործում է, մի մասն էլ փակվեց-լուծարվեց՝ չկարողանալով ապահովել ուսանողների անհրաժեշտ քանակ։
Այսօր ՀՀ տարածքում գործում է 62 (որոնցից 48-ը՝ Երևանում) ոչ պետական բուհ, որտեղ սովորում են 25 հազար 551 ուսանողներ։ 2007-2008 ուսումնական տարում ոչ պետական բուհ է ընդունվել 6035 ուսանող։ Իսկ ընդհանուր առմամբ 2007-2008 ուստարում հանրապետության 85 պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ և 11 մասնաճյուղեր է ընդունվել 26 հազար 157, սովորել՝ 112 հազար 244 մարդ։
Լավ թե վատ, ուզենք թե չուզենք, այսօր կայացած է բուհական մասնավոր համակարգը։ Այլ խնդիր է այդ հաստատություններում կրթության որակի ապահովումը։ Ի վերջո, ավելի քան 25 հազար մարդ վստահում է այդ համակարգին, բավականին գումար է վճարում և ակնկալում որակյալ, մրցունակ գիտելիքներ։ Թերևս ոչ պետական բուհերի՝ ընդունված չափանիշերին համապատասխանության հարցը ճշտելու նպատակով ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությունը մի շարք ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացրել է ստուգումներ, որոնց արդյունքները ներկայացվել են կրթության և գիտության նախարարություն, որն էլ իր հերթին հանձնարարել է լիցենզավորման և հավատարմագրման գործակալությանը՝ պարզաբանումներ ներկայացնել այդ ուսումնասիրությունում տեղ գտած իրողությունների վերաբերյալ։ Կրթության և գիտության փոխնախարար ԱՐԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ մեզ տեղեկացրեց, որ վիճակը, ըստ ներկայացված փաստաթղթի, փայլուն չէ. «Մենք կարծում ենք, որ նման ուսումնասիրություն պետք է արվի նաև մյուս հաստատություններում։ Եթե ցանկանում ենք վիճակի մասին հստակ պատկերացում կազմել, տեսնել, թե մեր ինստիտուցիոնալ կառույցներն ինչպես են ձևավորված և ինչպես են իրենց իրավասության վարույթն իրականացնում, ոչ պետական բուհերում ինչ տիպի թերություններ են կրկնվում, ապա ուսումնասիրություններ պետք է արվեն բոլոր հաստատություններում»։ Ըստ փոխնախարարի՝ նախագահի վերահսկողական ծառայությունն արձանագրել է ոչ պետական բուհերի տարածքների անհամապատասխանություն ընդունված չափանիշերին։ Թերություններ են նկատվել կադրերի որակական հատկանիշերի հարցում։ Հիշեցնենք, որ այս կրթական հաստատություններում դասախոսների առնվազն 50 տոկոսը պետք է լինի հիմնական աշխատող, որոշակի մասը պետք է ունենա գիտական աստիճան։
Ի՞նչ լծակներ ունի ԿԳՆ-ն արձանագրված թերությունները շտկելու ուղղությամբ։ «Ակնհայտ է, որ մոտեցումները լինելու են ոչ ընտրողական։ Այն թերությունների վերացման համար, որոնք շտկվող են, իհարկե, ժամանակ կտրվի։ Կացնային մոտեցումներն այստեղ անընդունելի են։ Իսկ խորքային թերությունների և լիցենզիայի պայմանների խախտման դեպքում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»,- նշեց Արա Ավետիսյանը։
Ընդհանրապես, աշխարհում կրթության որակի կառավարման տարբեր մոդելներ կան։ Օրինակ, ամերիկյան տարբերակում բարձրագույն կրթության համակարգի շատ բուհեր, ստեղծելով հասարակական ընկերակցություններ, միավորումներ, իրականացնում են տվյալ տարածաշրջանի բուհերի հավատարմագրման գործընթացները։ Որակի գնահատման ամենաընդունված չափանիշերից է հավատարմագրումը։ Դա փորձված ձև է և իրականացվում է գրեթե բոլոր երկրներում՝ որպես որակի արտաքին վերահսկման ամենակարևոր ձև։ Մեզ մոտ նույնպես գործում է հավատարմագրման ծառայությունը, բայց այն ավարտվում է մեկ փուլով։ Մինչդեռ դրսում գործող նույնանման կազմակերպությունները հավատարմագրումից հետո ժամանակ առ ժամանակ վերադառնում են տվյալ բուհի որակի խնդրին և պարբերաբար վերահսկում ուսուցման գործընթացը։
Մեզանում արդեն տարիներ շարունակ բարձրաձայնում են կրթության որակի անկման մասին։ Այս առումով արդիական է դարձել անկախ մի կառույցի ստեղծումը, որի նպատակը կլինի բուհական կրթական համակարգի համապատասխանեցումը միջազգային կրթական չափորոշիչներին։ Փոխնախարար Ա. Ավետիսյանի տեղեկացմամբ՝ շուտով կստեղծվի որակի ապահովման ազգային կենտրոն, և որակի ընթացիկ ու ամփոփ գնահատման ամբողջ վարույթը կտեղափոխվի այդ կառույց։ «Կենտրոնը լինելու է որոշակիորեն անկախ, և որակի ապահովման վարույթի տեսանկյունից կհավասարեցվեն պետական և ոչ պետական բուհերի նկատմամբ կառավարության պահանջները։ Խնդիրն այն է, որ ոչ պետական հաստատությունները որոշակի անկախություն ունեն և օրենքով սահմանված շատ պահանջներ իրենք պետք է ապահովեն, ոչ թե պետությունը, քանի որ հիմնադիրն իրենք են»,- նշում է կրթության և գիտության փոխնախարարը։
Բուհական բարեփոխումները պետք է իրականացվեն ոչ միայն պետական, այլև մասնավոր բուհերում։ Կրեդիտային համակարգը, եռաստիճան կրթությունը պետք է ներդրվեն նաև այստեղ։ Ոչ պետական բուհերում ո՞ր փուլում են գտնվում բարեփոխումները։ «Բարեփոխումներն իրականացվում են, թեև պետությունն այս հարցում պարտադրանքի իրավասություն չունի, քանի որ հիմնադիրն ինքը չէ,- ասում է փոխնախարարը։- Կգնա՞ բուհը ընդհանուր եվրոպական կրթական դաշտ՝ և՛ կառուցվածքային, և՛ բովանդակային չափանիշերով, ուրեմն կդառնա մրցունակ, ճանաչված, իսկ եթե ի վիճակի չէ դա իրականացնելու, ապա բնական ձևով կմահանա։ Հիմնադիրը պետք է որոշում կայացնի՝ գնա՞լ այդ ուղղությամբ, թե՞ բավարարվել կոնկրետ շուկայի համար նեղ մասնագիտական կադրեր պատրաստելով»։ Այլ խոսքով, եթե բուհը չկարողանա միջազգային չափանիշերին համապատասխան կրթություն ապահովել, նրա գործունեությունն անիմաստ կդառնա։
Վերադառնալով նոր ձևավորվելիք որակի ապահովման ազգային կենտրոնին՝ նշենք, որ այն բաղկացած կլինի որակի ներքին և արտաքին գնահատման համակարգերից։ Այսինքն՝ յուրաքանչյուր բուհ իր ինքնավարության շրջանակներում պետք է ձևավորի որակի գնահատման համակարգ։ Վարչությունները, որոնք ձևավորվելու են բուհերում, պետք է սկսեն որակի ներքին գնահատումից։ Այդ ներքին համակարգը ինքնագնահատումն է, որը հաջորդ փուլում կտեղափոխվի որակի ազգային ծառայություն։ Վերջինս կստուգի, թե որքանով է համալսարանը ճիշտ և ազնիվ ինքնագնահատականի մեջ և իր հերթին կտա նրա գնահատականը, որի շուրջ էլ կձևավորվեն որակի ազգային համակարգը և համալսարանների վարկանիշային ցանկը։ Սա էլ իր հերթին կներկայացվի եվրոպական մոնիտորինգին, որը կստուգի, թե երկիրը որքանով է ճիշտ գնահատում իր կրթական ներուժը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 10314

Մեկնաբանություններ