ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Վաշինգտոնյան «մելիզներ»

Վաշինգտոնյան «մելիզներ»
20.11.2023 | 17:04

Այսօր Վաշինգտոնում նախատեսված Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպումը չկայացավ:

Ադրբեջանը հրաժարվեց հանդիպումից՝ պատճառաբանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովում՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հարցով լսումների ժամանակ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի կատարած հայտարարություններն այն մասին, որ ԱՄՆ-ը դադարեցրել է ռազմական և այլ բնույթի աջակցությունը Ադրբեջանին, չեղարկել բարձր մակարդակի մի քանի այց՝ այդպիսով ազդանշան տալով Բաքվին, որ երկկողմ հարաբերությունները չեն կարգավորվի, քանի դեռ Հայաստանի հետ բանակցություններում առաջընթաց չի գրանցվել:

Ինչպես նաև, որ դատապարտում են Բաքվի գործողությունները և որ աջակցություն կտրամադրեն միայն այն ժամանակ, երբ կտեսնեն իրավիճակի իսկական բարելավում:

Նման հայտարարությունը բնականաբար ցայտնոտի առիթ է հանդիսացել, որի արդյունքում Ադրբեջանի Արտաքին Գործերի Գերատեսչությունը՝ չհապաղելով հայտարարել է, որ «Միացյալ Նահանգների միակողմանի մոտեցումը կարող է պատճառ դառնալ, որ ԱՄՆը կորցնի միջնորդի իր դերը»:

Ինչ խոսք՝ առաջին հայացքից ուրախալի է լսել Ադրբեջանի հանդեպ նման կոշտ հայտարարություն:

Անշուշտ՝ հաճելիից զատ, իր բովանդակությամբ նաև լուրջ ու ծանրակշիռ հայտարարություն է, սակայն մտորելու տեղիք է տալիս այն առումով, թե այդ հայտարարությունն իր բնույթով իրո՞ք հայանպաստ է, և թե արդյոք կթողնի՞ քաղաքական հետևանքներ:

Առաջին հայացքից այն հստակ դիրքորոշման և ճնշում գործադրելու դեմոնստրացիա է:

Եվ իրոք, սեպտեմբերի 19-ից առ այսօր ԱՄՆ-ը դադարեցրել է ռազմական և այլ բնույթի աջակցությունն Ադրբեջանին ու չեղարկել բարձրաստիճան ղեկավարության այցերը Բաքու:

Բայց երբ դիտարկում ենք այն, որ իրեն թիվ մեկ հեգեմոն գերտերություն կարգած պետությունը, որը Ռուսաստանի կամ Չինաստանի նման պետությունների նկատմամբ սանկցիաներ է կիրառում՝ ժամանակին կարող էր սանձել Ալիևին, Ադրբեջանի հանդեպ սանկցիաներ կիրառել և առհասարակ միջամտեր պատերազմի դադարեցման հարցում՝ այլ պատկեր է ուրվագծվում:

Իսկ պատերազմի ընթացքում Բլինքենյան անարդյունք զանգերը և անարժեք հորդորները ավելի են հիմնավորում ուրվագծվող պատկերը:

Ինչ խոսք, ԱՄՆ-ն իր հետաքրքրություններն ունի Հարավային Կովկասում, մասնավորապես, Հայաստանում:

Հենց այնպես չէ, որ Հայաստանում է գտնվում Միացյալ Նահանգների՝ աշխարհում թվով երկրորդ ամենախոշոր դեսպանատունը:

Ակնբախ է ԱՄՆ-ի հետաքրքրության չափաբաժինը մեր հարցում:

Եթե ԱՄՆ-ն Իսրայելին իր անմնացորդ նվիրվածությունն ու աջակցությունն է դրսևորում, տրամադրում է անասելի թվաքանակի սպառազինություն, իր ծովային նավատորմն է հասցնում Գազայի ափամերձ հատված, անգամ իր զինվորականներին է որպես դեսանտ իջեցնում ռազմական թեժ գոտի, ապա մեր մասով՝ բավարարվում է իր դեսպանին Սյունիք գործուղելով:

Իսկ դա և Նախիջևանի հետ սահմանին ԱՄՆ դրոշի ներքո գործարանի կառուցումը որևէ կերպ չի կաշկանդեցնում Բաքվին, որ արհամարհի նման դեմոնստրատիվ այցելությունները սահմանամերձ գոտի, առավել ևս պահանջի ու հասնի իր նպատակին, որով՝ թե՛ ԱՄՆ դրոշն իջեցվեց, և թե՛ գործարանի կառուցումը դադարեցվեց:

Էլ չեմ խոսում ԱՄՆ վարչակազմերի կողմից ժամանակին

907-րդ բանաձևի շրջանցման արդյունքում Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության մասին:

Երբ ԱՄՆ-ի որդեգրած «անկողմնակալ» քաղաքականության արդյունքում Ադրբեջանին Հայաստանից զգալիորեն ավելի խոշոր ռազմական աջակցություն էր տրամադրվում (այս տարիների ընթացքում նույն ժամանակահատվածի համար Ադրբեջանը ստացել է 419 մլն ԱՄՆ դոլարի օգնություն, Հայաստանը՝ մոտ 189 մլն ԱՄՆ դոլարի):

Ինչևէ, գուցե ինչ-որ բան է փոխվել ԱՄն արտաքին քաղաքականությունում, գուցե ՌԴ-ին հակադրության դրսևորում է ընդամենը:

Միգուցե ՀՀ գործող իշխանություններն են ԱՄՆ-ին ինչ-որ բան առաջարկել կամ երաշխիքներ ստացել:

Իսկ որ ամենահավանականն է՝ հայկական լոբբինգի գրավականն է:

Համենայն դեպս, թող մեր գործող իշխանությունները չցնծան նման հայտարարություններ լսելիս:

Առ այսօր այդպիսի ականջահաճո ու ոգևորիչ հայտարարություններով են սնել մեզ, մենք էլ կերել ենք ու բավարարվել կամ հերթական հիասթափությունն ապրել:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 5194

Մեկնաբանություններ