ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Այնուամենայնիվ, ի՞նչ խնդիր էր լուծում նախագահը

Այնուամենայնիվ, ի՞նչ խնդիր էր լուծում նախագահը
26.08.2008 | 00:00

ԲԱՐԵՇՐՋՈՒՄՆԵՐԻ ԾԻՐՈՒՄ
Ի՞նչ խնդիր էր փորձում լուծել Սերժ Սարգսյանը ՀՀ կառավարության կազմում կառուցվածքային բարեշրջումներ անելով. ահա մի հարց, որ վերջին օրերին ակտիվորեն է քննարկվում հանրության շրջանում…
Պատճառն ակնհայտ է. եթե Սարգսյանն իսկապես ոչ թե հիմա, այլ «սրանից էլ դեռ շատ առաջ է համոզված եղել, որ ամենաարդյունավետը հարկային ու մաքսային մարմինների միացյալ աշխատանքն է», ինչո՞ւ է նախ՝ դրա մասին միայն հիմա խոսում և ինչո՞ւ է 10 տարի շարունակ իր իմացած «լավագույն-արդյունավետ բանաձևը թաքցրել» իր ընկեր ու զինակից Քոչարյանից։ Չէ՞ որ հակառակ դեպքում, փաստորեն, շատ ավելի արդյունավետ կստացվեր կառավարության աշխատանքն ու բյուջեի հավաքագրումը:
Այնուամենայնիվ, ի՞նչ խնդիր էր լուծում Սերժ Սարգսյանը` «ամենաերիտասարդ թոշակառու» Քոչարյանի «ամենաքիփերից» մեկին` նախկին ՀՊԾ նախկին պետ Վահրամ Բարսեղյանին ոչ միայն աշխատանքից հեռացնելով, այլև բոլորի ներկայությամբ «շան լափը նրա գլխին թափելով»: Չէ՞ որ Ղարաբաղի Խնձրստան գյուղի (և ոչ Ստեփանակերտի, ինչպես սխալմամբ գրել են ոմանք) նախկին բնակիչ Վահրամ Բարսեղյանը Սարգսյանի համար էլ «պակաս վիզ չի դրել»: Ավելին, որոշ լուրերի համաձայն, մարդը նախագահականում անկեղծորեն էլ խոստովանել է, թե` «Շեֆ, համ ասում եք` սաղի հերն էլ, սաղին տուգանեք, փակեք (նկատի ունի սուպերմարկետները – հեղ.), էս արեք, էն արեք, հարկերը բերեք, ազնիվ աշխատեք, համ էլ ասում եք` բյուջեն լցրեք: Բա ո՞նց անենք, շեֆ, չի ստացվում, համ էլ` մարդիկ կան, որ դեռ հարցեր էլ ունեն մեզ հետ. բան չենք ասել մենք դեռ էդ մարդկանց, մենակ փող ենք ուզել»…Ահա՜, հանգամանք, որ «ավանդաբար ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանող» Սարգսյանին շատ է մտահոգել. իբր` բա էն Գագոն ո՞նց ա անում, Վահրամ: Ոնց են անում կամ արել մաքսայինում, Բարսեղյանը, փաստորեն, ժամանակին և ճիշտ չի կողմնորոշվել: Փաստորեն, թերևս, սխալ է կողմնորոշվել նաև առանձին գործարարների հետ «սեփական նախաձեռնությամբ, բայց շեֆին դուր եկող զրույցներ վարելու հարցում»: Օրինակ` Հրանտ Վարդանյանի հարցում: Մեր զրուցակցի վկայությամբ` «հըռի կոպալ` գնացել-ասել է` էսքան փող դիր սեղանին, սա էլ թե` տամ, ախպեր ջան, միշտ տվել ենք, հիմա էլ տանք, բայց դրանից հետո համ հարկերը պիտի լրիվ մաքուր տանք, որովհետև ձեր նախագահն էդ ա ասում, համ պիտի Թոխմախի Մհերի մոտից իմ մոտ գաք, բա հետո՞, էդ էղավ հայերե՞ն, ախպեր ջան»,- ասել է պարոն Վարդանյանս ու հայդե. նախ` նախագահականում բողոքելու, ետքն էլ` Թեհրան ու վրացական տարածքներ, ուր տեղափոխում է իր կապիտալը, ծխախոտի գործարաններ է հիմնել, և որտեղ, ասում են, պատերազմի արդյունքում իր գործարանն էլ է տուժել: Զանգահարեցինք էլ իրենց, բայց էդպես էլ չասին` իսկապե՞ս Վարդանյանին պատկանող գործարանի մի մասը Վրաստանում ռուսների կողմից ռմբակոծվել է…
Բայց, ինչպես ասում են, «հռիկոպալությունը» և Սերժ Սարգսյանի ասած` «չգիտակցելը, թե ինքը որ համակարգում է աշխատում»-ի պահը դեռ ամբողջը չեն, չնայած «վատ` մասնագիտորեն, վատ` մարդկային և բարոյական նորմերի տեսանկյունից, վատ` բոլոր իմաստներով» ձևակերպումը, որ տրվեց Սարգսյանի կողմից, անշուշտ, հավակնում է ամբողջ լինել, մի բան էլ ավելի…
Եվ, այդուհանդերձ, մաքսայինի հաշվին «հաշվանցում անող» Բարսեղյանի հետ, ասում են, Սարգսյանն այլ կարգի խնդիր լուծեց: Եվ բնավ էլ պատճառն այն չէ, որ «մարդկային-բարոյական տեսակետից սխալ ու վատ աշխատող» էդ մարդը նեղ միջավայրում համարձակվել էր ասել` «արա, այ ախպեր ջան, համ խեղդում են, համ էլ` դե, գնա իրանց օբյեկտներին ձեռ տուր… մի գլուխ Ռոբի մարդկանց վրա են նավոդկա տալիս, ըտենց էդ ո՞նց կըլնի»…
Ստացվում է` հասանք բուն գործի՞ն. ինչպես Սարկիսովին, Բարսեղյանին է՞լ է Սերժ Սարգսյանը «զոհաբերում» հանուն ոչ միայն «պետության կայացման, այլև բնազդի մակարդակի բարձրացած զգուշավորության»: Չլինի՞ հանկարծ ու էքսը կապիտալն անխռո՜վ, հանդա՜րտ աֆրիկաներ տեղափոխելուց հետո նորից ոչ մի առանձնատուն ու բնակարան չհավանի և… էդպես էլ կառավարական «դաչեքում մնա»…
Հնարավոր է: Համենայն դեպս` անհնար չէ, որովհետև հարկայինի ղեկավարության «մասնագիտորեն վատ աշխատելու հարցում» գոնե Սերժ Սարգսյանը ոչ միայն մինչև վերջերս ձեն-ծպտուն չէր հանել, այլև իր ասուլիսում հաստատել էր, որ շատ էլ լավ աշխատում են, սաղին էլ հարկային դաշտ են բերում ու ընդհանրապես` եթե «Առավոտի» թղթակիցը «շնաձկան տեղ գիտի, թող ասի, ինքն էլ ՀՊԾ-ին ասի, գնան` կաշիները քերթեն-աղ դրած ձուկ սարքեն»…
Ի միջի այլոց, «ոչ վատ», հապա «շատ էլ լավ աշխատանքի» մասին է հենց երեկ ու երեկ վկայել նաև ՀՀ ֆինանսների նախարարությունը, որտեղից մեզ հաղորդագրություն են ուղարկել, թե բա չե՞ք ասի` «այս տարվա հունվար-հուլիս ամիսներին բյուջեի եկամուտները կազմել են 414 մլրդ դրամ, ծախսերը` 405,8 մլրդ դրամ… ապահովել են կառավարության 9-ամսյա ծրագրի համապատասխանաբար 76,5 և 68,6 %-ը… բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 55,1%-ով, ծախսերի գծով` 52,1%-ով»: Ավելին, ասվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, այսինքն` երբ Քոչարյանն էր տերուտիրական, եկամուտներն ավելացել են 26,8%-ով, 32,1%-ով` հարկերը, 13,6%-ով` պարտադիր սոցապահովության վճարները և նույնիսկ 189,8%-ով` պաշտոնական դրամաշնորհները:
Հիմա թե որտե՞ղ է «վատ աշխատել» Բարսեղյանը, ելնելով այս թվերից, հեչ պարզ չէ։
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 5644

Մեկնաբանություններ