Պարետի սահմանած սահմանափակումները գյուղացիներին դժվար կացության մեջ են դրել
31.03.2020 | 00:44
«Իրատեսը» մի շարք գյուղատնտեսներից դժգոհություն է ստացել, որ խիստ մասնագիտական տեխնիկական միջոցներ (պոմպեր, թունաքիմիկատներ սրսկելու գործիքներ և այլն), որ ձմեռվանից հետո վերանորոգման կարիք ունեն, այս օրերին ձեռք բերել հնարավոր չէ: «Վերոնշյալ տեխնիկան հնարավոր է ձեռք բերել տնտեսական խանութներից, որոնք այս օրերին փակ են, առցանց պատվիրել էլ, ցավոք, հնարավոր չէ: Բացի այդ, մարդիկ որևէ հանգույց նորոգելու համար տվյալ ագրեգատը հաճախ խանութ են տանում, այնտեղ համապատասխան խորհրդատվություն ստանում, համեմատում հինը նորի հետ, նոր միայն գնում այն: Ես, օրինակ, մեծ չափերի սածիլ եմ գնել, ու քանի որ այժմ ոռոգման ջրի սեզոն չէ, ոռոգումը պետք է պոմպով իրականացնեմ: Հակառակի նման, պոմպը փչացել է, սածիլներն էլ անոռոգ են մնացել ու չորացել: Հիմա ես ի՞նչ անեմ, եթե պոմպի համար անհրաժեշտ պահեստամասի խանութը փակ է, իսկ ներդրածս գումարը, փաստացի, ջուրն է ընկնում»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղատնտեսներից մեկը:
Մյուս կողմից, բավականաչափ տուժում են մասնագիտացված խանութները, որոնցում բացառապես այս սեզոնին է առևտուրն աշխուժանում: Անհասկանալի է նաև, թե ինչպես է ստացվում, որ պարետը թույլատրում է, օրինակ, թունաքիմիկատների, սերմերի ու տնկիների, պոլիէթիլենային թաղանթների վաճառքը, իսկ տնտեսական խանութների գործունությունն արգելում է: Եթե գյուղատնտեսության նախարարություն ունենայինք, գոնե կհուշեին՝ սերմը ցանելուց առաջ հողը վարել է պետք, ցանելուց հետո՝ ջրել ու խնամել:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ