Որակյալ, էժան, ինքնաբավ կաթնամսամթերք արտադրելու անհրաժեշտության, երաշտը, տարածքային հրդեհները, ջրհեղեղները կանխելու չօգտագործված հնարարավորությունների, Հայաստանի քարտեզից աստիճանաբար անհետացող արոտների, աղքատությունից արտագաղթող անասնապահ գյուղացու, հայրենական գիտատեխնիկական մշակումներից համառորեն հրաժարվող գյուղնախարարության, «մալի ժամով» մտահոգված ամերիկացի խորհրդատուից փախչող գեղջկուհու, «զավզակությամբ» զբաղվող լրագրողների, կառավարության նոր թիմի համառ, բայց իրավիճակին ոչ միշտ համարժեք ջանքերի և այլ բաների մասին երկար մտմտում, բայց այդպես էլ չէի հանգում վերջնական մտքի` ինչպես հակիրճ և տարողունակ ձևակերպեմ առկա վիճակը և դրա հիման վրա փորձեմ ներկայացնել իմ պատկերացրած ոլորտի առաջընթացի տեսլականը:
Այս փնտրտուքներում որոշեցի մեկ անգամ էլ ընթերցել տեղեկատվությունը, հատկապես «աչքի տակով» անցկացրածը: ՈՒ, կարծես, ուզածս գտա. դա անցյալ տարվա վերջին մեր վարչապետի և նրա թիմի «Պետք է գիտակցենք, որ երկիրը փոխողը մենք ենք» վերտառությամբ հարցազրույցն էր կայքերից մեկի հիմնադրի հետ:
Այն, իմ կարծիքով, առավել քան անկեղծ է, և եթե կառավարության ղեկավարը այդ մղումով է դիմում քաղաքացուն, ապա վերջինիս պատասխանը պետք է լինի համարժեք:
Բայց, նախ վարչապետի և նրա թիմի մեր երկրի այսօրվա իրավիճակի տեսլականի մասին. «Մեր տնտեսության վիճակը,- ասում է վարչապետը,- եթե պատկերավոր ասեմ, նման է չորացած, չմշակված դաշտի, որի վրայից մենք պետք է քարերը հավաքենք, ջրենք և պարարտանյութ տանք, որ հետո սերմ ցանենք ու այդ սերմից օգուտ ստանանք»:
Այսինքն, խոպանի իրավիճակ, որին հայերը ծանոթացան անցյալ դարի 50-ականներից՝ Ղազախստանի անծայրածիր տարածքները հերկելիս: Բայց դա հեռավոր անցյալում էր, հեռավոր երկրում, ու ինչպե՞ս պատահեց, որ հսկայածավալ ֆինանսական` բյուջետային, վարկային, դրամաշնորհային միջոցների առկայությամբ երկիրը վերածվեց խոպանի:
Պատճառների մասին խոսելու, խնդիրները ախտորոշելու հարցին վարչապետի պատասխանը հակիրճ է. «Իսկ ի՞նչ է տալու դա»: Այս պատասխանը շատերիս համար ցավոտ է հնչում` կերան ու մարսեցի՞ն:
Բայց եթե զգացմունքները դնենք մի կողմ և առաջնորդվենք սառը բանականությամբ, պետք է ընդունենք, որ այս պատասխանը համարժեք է այսօրվա տրամաբանությանը. կառավարության ղեկավարը իր և իր թիմի ուժերը փորձում է կենտրոնացնել կառուցողական դաշտում, մշակել առաջընթացի ծրագրեր և դրանք իրագործել: Սա է այսօրվա հրամայականը, էականը, իսկ անցյալի թալանչիների հարցերով երևի, կզբաղվեն ուժային կառույցները:
Բայց, ինչպես ցույց է տալիս առօրյան, «երևիով» չի ստացվում. մարդիկ կորցրել են հավատը կառավարման համակարգի նկատմամբ, ու անցյալի «բեռը» չբացահայտած առաջ շարժվելու գաղափարը չի նպաստում հավատի վերականգնմանը, կայացմանը: Այս իրավիճակը դեռ շատ է դժվարացնելու մշակված ծրագրերի իրացման գործընթացը, այն ծանր բեռի պես կախվելու է մեր ոտքերից:
Ինչևէ, կառավարության ղեկավարությամբ «ազգովին» փորձում ենք մշակել ծրագրեր և շարժվել առաջ:
Բայց դա անելու, մեր երկրի տնտեսության խոպանը հերկելու համար անհրաժեշտ են հսկայածավալ ֆինանսական միջոցներ, ինչը կառավարությունը չունի, իսկ տեղական փողատերերը, ինչպես նշում է վարչապետը, ձեռքները գրպանները չեն տանում, սպասում են «երկուշաբթիին»` հավատի կայացմանը, դրսի փողատերերն էլ սպասում են, թե երբ ներսինները դա կանեն:
«Սառույցը» կոտրելու համար կառավարության ղեկավարն իր թիմի հետ գնում է աննախադեպ քայլի` հորդորելով հարազատներին, մոտիկ մարդկանց՝ ֆինանսական ներդրումներ կատարել տնտեսությունում:
Հասկանում եմ՝ այս քայլերի հաջող ավարտը կգործարկի բումերանգի էֆեկտը` կվերականգնվի հավատը, մասնավորը ձեռքը կտանի գրպանը, և ներդրումների շղթայով կառավարությունը կհասնի իր նպատակին՝ համատարած, ինքնաբուխ տնտեսական առաջընթացի:
Տա Աստված, որ այդպես էլ լինի:
Գրեթե համոզված եմ, որ այդպես էլ կլինի, որովհետև մասնավորը տասն անգամ չափում է, մի անգամ ձևում, որ չի լինի կոռուպցիա և թալան (ինքդ քեզնից չես գողանա), որ ռիսկերը նվազագույնը կլինեն:
Հասկանում եմ նաև, որ ամենաարդյունավետը լինելով հանդերձ, մասնավորի ներդրումները մի կաթիլ են մեր երկրի առջև ծառացած խնդիրների ծովում, որ առավել էականը ծավալի և մասշտաբի առումով, բյուջետային, վարկային, դրամաշնորհային ներդրումների արդյունավետության խնդիրն է, որի լուծումն այդպես էլ չտեսանք անցած քառորդ դարում:
Ցավոք, իրավիճակը կրկնվելու միտում ունի, և դա նկատվում է ինչպես նոր կառավարության գործելաոճում կառավարություն-քաղաքացի փոխհարաբերություններում, այնպես էլ ինձ հետաքրքրող ոլորտի` տավարաբուծության զարգացման ռազմավարության մշակման հարցերում:
Հասկանալի է, որ այս երկու խնդիրներից առաջնայինն ու էականը քաղաքացի (հասարակություն)-կառավարություն փոխհարաբերություններն են, որովհետև առաջնայինը մարդն է` զարգացման ծրագրեր ստեղծողը, մասնակիցը, իրացնողը, ու ամեն ինչ պետք է արվի, որ նա տեսնի, շոշափի, իր մաշկի վրա զգա այդ ամենն ու դրանով աստիճանաբար վերականգնի հավատը, որը տարիներով նույնաբար կրկնվող առաջընթացի բառերով, տոկոսների աճով չի վերականգնվում, ավելին, ինչ-որ պահի այդ ամենը հակառակ արդյունքն է տալիս. մարդը ձանձրացել է, եթե չասենք ավելին, դարձել անտարբեր նույնիսկ իր ճակատագրի նկատմամբ:
Սա էլ երկրորդ խոպանն է, որն ավելի դաժան է և ողբերգական իր հետևանքներով, քան տնտեսականը:
Եվ պատահական չէ, որ նշված հարցազրույցի հենց սկզբում վարչապետը շեշտադրում է. «Չգիտեմ՝ մենք կարողացե՞լ ենք հետադարձ կապը հասարակության հետ պահել, ինչը չափազանց կարևոր է, որ հասարակությունը հասկանա, որ սա է ճանապարհը, արդյո՞ք մենք հասել ենք դրան, թե՞ ոչ»:
Իմ պատասխանը, որպես այս երկրի քաղաքացու, «ոչ»-ն է,- հետադարձ կապը կրում է ձևական բնույթ, պարտավոր են պատասխանել և կպատասխանեն` բայց ի՞նչ են գրում, ի՞նչ են ասում. անիմաստ, բովանդակազուրկ, խուսափողական պատասխանները չեն կարող վերականգնել հավատը: Ես սա ասում եմ իմ փորձից` արդեն տարուց ավելի երկխոսության մեջ գտնվելով կառավարության, գյուղնախարարության հետ, ոլորտի զարգացման մի շարք կենսական նշանակություն ունեցող հարցերով:
Բերեմ միայն մեկ օրինակ. պատկերացնու՞մ եք գյուղոլորտի ղեկավարի, որին առաջարկում ես օգտագործել արոտի բերքը բազմապատկող, երաշտը, տարածքային հրդեհները, ջրհեղեղները, հողատարման երևույթները կասեցնող փորձարկված տեխնոլոգիա և մեքենա, իսկ նա և իր աշխատակազմը մեկ տարվա ընթացքում նույնիսկ չեն էլ փորձում տեսնել այդ մեքենան, որը գտնվում է Երևանից ընդամենը 14 կմ հեռավորության վրա, որ 6 ամսվա լռությունից հետո, երբ, ինչպես ասում են, բանը բանից անցել է, նախարարը ցածրաձայն ընդունում է, որ, այո, երաշտ է եղել, և ուրախանում է, որ մսի գինը շուկայում բարձրացել է, որովհետև դա ամրապնդում է ոլորտը:
Կարո՞ղ եք պատկերացնել, երբ այդ մեքենան օգտագործելու առաջարկության հետ ուղարկում եմ նաև արդյունավետության հաշվարկը և չինովնիկներին տեղից շարժելու, մեքենան ներդնելու աջակցության համար պատրաստակամություն եմ հայտնում փաստացի շահույթից նրան, որպես պարգև, հատկացնելու 20000 դոլար, իսկ ինձ պատասխանում են՝ ստեղծիր հանձնաժողով (շնորհակալ եմ ինձ նախարարի իրավասություններ տալու համար), մեքենայի աշխատանքը ցույց տուր շահառու գյուղացիներին, լուծիր դրա հետ կապված ֆինանսական խնդիրները, այդ թվում՝ պարգևավճարի, մեզ տուր արձանագրությունը և մենք կորոշենք ուր ուղարկել այդ թուղթը:
Սա ոչ թե հավատը վերականգնելու քայլ է, այլ ծաղր, որը բումերանգի էֆեկտով վերադառնում է այդ պատասխանը ստորագրողին, ավելի է խորացնում կառավարման համակարգին չվստահելու խնդիրը, ինչը, գրեթե համատարած դրսևորման արդյունքում, հանգեցնում է հասարակության երկփեղկմանը. մի կողմում կառավարության լարված աշխատանքով լավագույն ելքի փնտրտուքներն են, մյուս կողմում այս ամենը որպես ներկայացում դիտող հասարակությունն է:
Հավելեմ՝ գյուղնախարարությունից ստացվող գրեթե բոլոր պատասխանները այս կարգի են:
Բայց փորձեմ կրկին մտնել կառուցողական դաշտ. այսօր արդեն խոսում են այս տարվա երաշտի մասին, ինչը գյուղի հերթական ողբերգության և Սևանը աստիճանաբար ցամաքեցնելու կանխանշանն է: Շուտով մոտավորապես 6 միլիարդ խորանարդ մետր անձրևաձնհալ ջուր, ինչը մեր ջրամբարների տարողունակության բազմապատիկն է, անարգել հոսելու է հարևան երկրներ, այն դեպքում, երբ մեր մեքենայով, ինչպես արդեն ասվեց, այդ ամենը կարելի է պահ տալ մեր արոտներին, փրկվել երաշտից, բայց չենք անում, որովհետև գյուղնախարարությունը… Նրանից հետ չեն մնում արտակարգ իրավիճակների, բնապահպանության, տարածքային կառավարման նախարարությունները, որոնք տարիներ շարունակ խնդրի լուծումը գցում են միմյանց վրա, ակնարկելով, որ մեքենան բազմաֆունկցիոնալ է, իսկ իրենց ֆունկցիան, գործունեության ուղղվածությունը մեկն է:
Վերջապես, անցյալ տարվա վերջին, սառույցը կարծես հալվեց, կառավարության հանձնարարությամբ վերը նշված նախարարությունները, նաև ջրպետկոմը հավաքվեցին գյուղնախարարությունում… և մեքենայի անհրաժեշտության մասին իրենց համատեղ դրական կարծիքը ուղարկեցին կառավարություն:
Բայց, հարգելի կառավարություն, արդեն 3-րդ ամիսն է, ինչ այդ հարցը քննարկում եք, շատ կխնդրեի արագացնել, որ գոնե այս տարի շահառու գյուղացիներին ցույց տանք մեքենայի հնարավորությունները, ձևավորենք պահանջարկը, կազմակերպենք արտադրությունն ու իրացումը, այսինքն, լուծենք էժան, որակյալ, ինքնաբավ խոտի, հետևաբար էժան, որակյալ կաթի, մսի, պանրի, կարագի, թթվասերի, կաթնաշոռի արտադրության խնդիրը: Հարգելի կառավարություն և գյուղնախարարություն, դուք դե՞մ եք:
Մեքենան ներդնելու ոդիսականի ճանապարհին հանդիպեցի մի արտառոց իրավիճակի, երբ լավ պաշտոն զբաղեցնող ծանոթներիցս մեկին խնդրեցի բարեխոսել, աջակցել, նա հանգիստ պատասխանեց. «Ստյոպա ջան, ինձ կհարցնեն՝ ո՞րն է քո շահը, ի՞նչ պատասխանեմ»: Նախարարներից մեկը շատ հավանեց հում թռչնաղբը վարակազերծելով գրանուլացված օրգանական պարարտանյութերի արտադրության մեր տեխնոլոգիան և մեքենասարքավորումները, բայց հրաժարվեց կառավարությանը նամակ գրելուց. «Դու ինքդ գրիր, եթե մեզ հանձնարարեն, մենք սիրով դա կներդնենք»:
Այսպիսով, կարող եմ փաստել, որ քաղաքացի (հասարակություն)-կառավարություն փոխադարձ կապը արդյունավետ չի գործում, այն ավելի շատ ձևական է, արարողակարգային` մենք գրում ենք-դուք գրում եք:
Սա անցյալի բեռն է. մարդիկ, որոնք տարիներով նպաստել են ոլորտի ֆինանսական միջոցների փոշիացմանը և որոնք այսօր էլ կառավարման համակարգում են, թույլ չեն տա, որ ինչ-որ նոր տեխնոլոգիա հասնի կառավարության ղեկավարին, և լինի նրա համարժեք մակագրությունը:
Թույլ չեն տա, որովհետև վարչապետը պետք է պահանջի խնդրի լուծում, իսկ լուծումը` «այո»-ն կամ «ոչ»-ը, վտանգավոր են չինովնիկի համար «այո»-ի դեպքում նա պետք է կրի նորույթի ներդրման հետ կապված հնարավոր «իքս»-երի պատասխանատվությունը, «ոչ»-ը պետք է հիմնավորի, ինչն իր ուժերից վեր է, այնքան էլ հեշտ չէ:
Ստացվում է, որ չինովնիկի համար օպտիմալ պատասխանը` պատասխանելով, ըստ էության, չպատասխանելն է, խնդրի լուծումը սար ու ձոր գցելն է, առավել ևս, որ նորույթի ներդրումից նա ֆինանսապես չի խրախուսվում (պարոն վարչապետ, փորձեք հանձնարարել Ձեր աշխատակիցներից մեկին, որ ուսումնասիրի գյուղնախարարությունից ինձ ուղարկված պատասխանները և կհամոզվեք, որ դա այդպես է):
Ստեղծված իրավիճակը շտկելուն, գիտատեխնիկական նորույթների ներդրումն արագացնելուն կօգնի վարչապետին կից, ըստ տնտեսության ոլորտների, ներդրման աջակիցների հանձնակատարներ ունենալը, որոնք նորույթի հեղինակի հետ կկնքեն պայմանագիր ներդրումից ստացվող փաստացի շահույթից իրենց պարգևավճարի չափի մասին: Նշեմ, որ այդպիսի նորմ, այդ թվում՝ ներդրող կոնկրետ տնտեսության մասով, գործում էր նաև խորհրդային տարիներին: Դա կշահագրգռի հանձնակատարին, նորույթն ընդունող տնտեսավարող սուբյեկտին, նորույթի հեղինակին, կառավարությունը կունենա հարկային լրացուցիչ մուտքեր: Այսպիսով, խնդրով շահագրգռված բոլոր կողմերը կունենան իրենց մոտիվացիան, և նորույթները արագ կներդրվեն՝ նպաստելով երկրի տնտեսության զարգացմանը: Որպես այդպիսի օրինակ, կրկին առաջարկում եմ արոտի բազմաֆունկցիոնալ մեքենան, որի ներդրումից, հաշվարկի համաձայն (այն գտնվում է կառավարությունում), ներդրողը մեկ տարվա հաշվով կունենա 100000 դոլարի մաքուր եկամուտ, որից 20000 դոլարը հեղինակը պատրաստ է նվիրաբերելու կառավարության հանձնակատարին:
Հիմա մեզ ասում են՝ հարգելի տնտեսավարող, քո բիզնես ծրագրով ստացիր ուզածդ բանկի ֆինանսավորման համաձայնությունը, այն ներկայացրու կառավարություն և կստանաս վարկի տոկոսադրույքի որոշակի իջեցում: Գնա ու աշխատիր, հաջողություն քեզ:
Բայց, պարոն վարչապետ, ինչպե՞ս եք պատկերացնում, կգտնե՞մ ես մասնավոր մեկին, որն իր փողերով, գրավով կհամաձայնի ֆինանսավորելու արոտի վերը նշված բազմաֆունկցիոնալ մեքենայի արտադրությունն ու իրացումը, երբ երաշտի, տարածքային հրդեհների, ջրհեղեղների, հողատարման երևույթների կասեցումը համապետական խնդիր է, երբ մեքենան կարող են գնել և խոտի բերքի աճից շահույթ ակնկալել համայնքները, եթե տեսնեն այդ մեքենայի աշխատանքը, իսկ գյուղնախարարությունը հրաժարվում է դրան աջակցելուց:
Այդ մեքենային կարող էր իրավաբանական ուղեգիր (ներդրման հավաստագիր) տալ գիտպետկոմը, որի ֆինանսավորմամբ ստեղծվել էր նաև մեր մյուս` թռչնաղբից և գոմաղբից վարակազերծված օրգանական պարարտանյութ պատրաստող մեքենան: Բայց, աշխատանքների ավարտական փուլին, արտադրական փորձարկումների և համապատասխան ակտի ստորագրմանը, գիտպետկոմը, քրեական որակավորման ձգտող գործողություններով, դադարեցրեց ինստիտուտի ֆինանսավորումը, ինչը հանգեցրեց ավելի քան 60 տարվա կենսագրություն և «Լեռնային երկրագործության մեքենայացման համամիութենական գիտաարտադրական միավորում» կարգավիճակն ունեցող ինստիտուտի փակմանը: Այսօր էլ գիտպետկոմում կարծում են, որ իրենք այդպիսի ակտ ստորագրելու իրավասություն չունեն: Իսկ ո՞վ ունի` հարցն անպատասխան է: Իմ խնդրանքին՝ ստեղծել հիմնադրամ և մեքենաների ներդրմամբ իրացնել նախագծային արդյունավետությունը` տարեկան ավելի քան 100 մլն դոլար, դրանով բարձրացնել գիտաշխատողների աշխատավարձը, ֆինանսավորել նոր հետազոտություններ, պատասխանում են, որ կանոնադրությամբ չունեն այդպիսի կետ: Լավ է, չէ՞, իրենք են մշակում կանոնադրությունը, այն ներկայացնում հաստատման, հետո ասում` կառավարության հաստատածը սա է, մենք ի՞նչ կարող ենք անել:
(շարունակելի)
Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ