38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ցավի, ափսոսանքի, հիացմունքի, հպարտության, տխրության և ամոթի իրարամերժ, հակասական զգացումներ

Ցավի, ափսոսանքի, հիացմունքի, հպարտության, տխրության և ամոթի իրարամերժ, հակասական զգացումներ
22.12.2017 | 11:04

Նախորդ մասը)

Միկոյան գործչի շուրջ խոսակցությունները թեժացան, երբ Երևանի ավագանին որոշում էր կայացրել Երևանում նրա արձանը կանգնեցնելու մասին: Անհիմն ու անպատասխանատու որոշում է և, հուսով եմ, որ այն չի իրականանա: Մենք շատ ավելի կարևոր գործեր ունենք և ունենք հիասքանչ փաղանգ մեծ հայորդիների, ովքեր իրապես վաստակել են հուշարձան ունենալու բարոյական իրավունքը: Իսկ Միկոյանին պետք է արձան կանգնեցնել Մոսկվայում, ինչը կլինի շատ արդարացի, քանզի ԽՍՀՄ քաղաքական ղեկավարության կազմում դժվար թե գտնվի մեկ ուրիշը, որ իր գործունեությամբ, երկրին ու ժողովրդին մատուցած ծառայություններով կարողանա համեմատվել Անաստաս Իվանովիչի հետ:
Ես չեմ կարող չանդրադառնալ հանրային կյանքի կանոնավորման այնպիսի կարևոր հարցի, ինչպիսին է բոլշևիզմի, լենինիզմ-ստալինիզմի պետականորեն դատապարտումը և նրանց բոլոր սիմվոլ-խորհրդանիշերից վերջնականապես հրաժարվելը: Բոլշևիզմի հակամարդկային էությունը, նրա գործած սարսափելի ոճիրները, երկրի էլիտար խավերի և հատկապես աշխատող գյուղացիության ոչնչացումը կործանեցին Ռուսաստանը և նրան հետ շպրտեցին առնվազն 100 տարով: Երկիրը պետք է մաքրել բոլշևիկյան աղբից, երբ դահիճ-մարդասպանների, բախտախնդիր ավազակների, «մոգոնած» հերոսների անուններով անվանակոչվում էին փողոցներ, դպրոցներ, ինչ-ինչ հիմնարկներ: Որպես հաջող օրինակ կարող եմ նշել մեծ հայորդի, հանճարեղ գիտնական Վիկտոր Համբարձումյանի շատ ճիշտ և հիանալի հուշարձանի (հեղ.` Տարիել Հակոբյան) կանգնեցումը ՈՒսանողական այգում, աստղացուցարանի դիմաց:
Հենց բոլորովին վերջերս Ռուսաստանում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքում պարզվում է, որ այդ երկրի բոլոր ժամանակների լավագույն «թագավորը» Ստալինն է: Այո, «ինչ ցանես, այն էլ կհնձես»: Տարիներ շարունակ ոչ հեռուստաալիքները, ոչ դպրոցական դասագրքերն ու ծրագրերը բոլորովին չէին նպաստում աճող սերնդի պատմագիտական կրթվածությանը, տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը, ոչ էլ մոլորված նախորդ երկու սերնդի «աչքերը բացելուն»: Հնարավոր չէ հաշտվել հասարակական գիտակցության այդպիսի քարանձավային մակարդակի, մազոխիզմի, տգիտության այդպիսի զարհուրելի, ապշեցուցիչ դրսևորման հետ:


Ստալինականությունը (խնդրում եմ չխառնել ստալինիզմի հետ) նողկալի, արյունալի չարագործությունների դարաշրջան է: Ստալինականությունը պետական քաղաքականություն դարձած քաղաքական բանդիտիզմ է, իսկ էթիկական հարթության մեջ՝ մարդկայնությունից դուրս գտնվող երևույթ: Անձի-անհատի այլասերման ու ոչնչացման ագրեսիվությամբ, բռնության իր տեսության ու պրակտիկայի հետևանքներով նա ավելի կործանարար եղավ, քան համաշխարհային պատերազմները:
Հասնելով սոցիալական պաթոլոգիայի գագաթներին, ստալինականությունը վտանգավոր մետաստազներ տվեց աշխարհի բոլոր մասերում: Հենց Պախանին ենք պարտական իր ժողովրդի և տարածաշրջանի գլխին իսկական պատուհաս դարձած Կիմ Չեն Ին կոչվող դեգեներատով, որի Կիմ Իր Սեն անունով պապին Պախանը «նշանակեց» Հյուսիսային Կորեայի առաջնորդ և արդեն 70 տարի խեղճ ու կրակ, սոված, զոմբիացած ժողովուրդը տառապում է այդ հոգեխախտ ընտանիքի լծի տակ:


Ստալինը, նրա քաղաքական դիմանկարը չհնացող թեմա են, քանզի առանց այն ճանաչելու և գիտակցելու, առանց ստալինականության էությունը ըմբռնելու հնարավոր չէ պատկերացնել խորհրդային ժողովրդի ողբերգությունը և երկրի խայտառակությունը:
Հաճախ կարելի է լսել` այն ժամանակներում ահագին լավ բաներ կային, իրավունք չունենք դրանք մոռանալու: Կարելի է և համաձայնել այդ տեսակետի հետ, բայց մի պարտադիր պայմանով ՝ չպետք է մոռանալ նաև վատը և վատագույնը, բոլոր այն գազանությունները և հրեշավոր հանցագործությունները, որ իրականացվեցին սեփական ժողովրդի, նրա լավագույն զավակների, երկիրը ծաղկեցնող, հզորացնող, բարգավաճ ու զարգացած հասարակություն ստեղծող ուժերի նկատմամբ: Եվ միայն համադրելով ու համեմատելով այդ սոսկալի ոճրագործությունների մասշտաբներն ու դրանց հետևանքները երկրի, ժողովուրդների ճակատագրերի վրա և այդ «ահագին լավ բաները», միայն անհուսալի տգետներն ու ապուշները կարող են շարունակել իրենց բարբաջանքը լենինյան-ստալինյան նվաճումների մասին: Էլ չեմ ասում, թե ինչպիսի անեծք կարող է հնչել, եթե բոլոր այդպիսիներին մաղթենք նորից ապրել այդ մղձավանջային տարիների բոլոր «վայելքները»` լրտես-գործակալների մատնություններով, գիշերային ձերբակալություններով, КГБ-ի և НКВД-ի սադիստ քննիչների ծեծի, խոշտանգումների աներևակայելի դաժանություններով և հազար ու մի ապուշ ու անհեթեթ մեղադրանքներով, արշիպելագ ԳՈՒԼԱԳ-ի, Կոլիմայի, Սիբիրի, Ղազախստանի անթիվ-անհամար ճամբարներով: Եվ ամենազարմանալին, թերևս, այն է, որ այդ մարդիկ ոչ մի ձգտում կամ ցանկություն չունեն կարդալու այդ ժամանակների մասին իսկական, ռեալիստական գրողների ստեղծագործություններն ու հուշապատումները` Սոլժենիցին, Շալամով, Շմելյով, Գինզբուրգ, Գրոսման, Դոմբրովսկի, Մոժաև... Բոլորովին պատահական չէ, որ Ալեքսանդր Սոլժենիցինը գրում է. «Բոլշևիկները Ռուսաստանի հետ վարվեցին այնպես, ինչպես մարդասպանը զոհի հետ: 20-րդ դարը Ռուսաստանը տանուլ տվեց»:
Ցավոք, հայ գրականությունը հարուստ չէ այդ ժամանակներին նվիրված բարձրարժեք գրական ստեղծագործություններով: Դժոխքի այդ ճամփաներով անցած և հրաշքով փրկված մարդկանց մեծ մասի համար այդքան էլ հեշտ չէ նորից վերհիշել այդ օրերը, նորից վերապրել այդ սարսափելի ժամանակները և թղթին հանձնել իրենց հուշերը: Այնուամենայնիվ Գուրգեն Մահարին, Վահրամ Ալազանը, Մկրտիչ Արմենը, Լեռ Կամսարը և էլի մի քանիսը թողեցին որոշ հուշեր, որոնցից կառանձնացնեի Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարերը» և, իհարկե, Լեռ Կամսարին:


Եվ ի՞նչ ունենք արդյունքում: Մինչ օրս էլ կան գաղափարախոսներ, որոնց համար Ստալինը մեծ առաջնորդ է, Հիտլերին հաղթած և սոցիալիզմ կառուցած: Երկար ժամանակ հենց այս ձևով «լվանում» են մարդկանց ուղեղները և շարունակում բնակչությանը հիմարացնելու իրենց սև գործը: Կրեմլյան գեբելսների թիմը (Կիսելյով, Կուրղինյան, Մեդինսկի, Պրոխանով ու էլի մի քանիսը) չի դադարում մարդկանց համոզելուց, որ ԽՍՀՄ-ը բարության ու արդարության պատվար էր, Լենինը՝ հանճար, Ստալինը՝ պետական մեծ գործիչ, պատերազմ շահած, և դա արդարացնում է նրա բոլոր դաժանությունները, վայրագությունները, որոնք, ի միջի այլոց, խիստ ուռճացված են և չափազանցված, իսկ Ամերիկան մեր ոխերիմ և արյունալի թշնամին է, որի միակ նպատակը և գոյության իմաստը Ռուսաստանն ու ռուս մարդուն կործանելն է:
Հասարակության ապաբոլշևիկացմանն ուղղված այդպես էլ չկայացած ռուսական Նյուրնբերգը ոչ միայն չօգնեց ազգային խայտառակությունից վերջնականապես ազատվելուն, համազգային ողբերգության վերջին էջը շուռ տալուն, այլև նպաստեց հասարակության ավելի խոր պառակտմանը, հետադիմական տարրերի լկտի պահվածքի դրսևորումներին, ոմանց պահանջով Վոլգոգրադը նորից Ստալինգրադ վերանվանելու կոչերով, Մոսկվայի կենտրոնում դահիճ «երկաթյա» Ֆելիքսի արձանի վերադարձման մտադրություններով և նման կարգի զանազան ապուշությունների դրսևորմամբ: Այդ մարդկանց մտքով էլ չի անցնում օրինակ վերցնել Գերմանիայից, որը մեկընդմիշտ հրաժարվելով Հիտլերից, Գեբելսից ու ֆաշիզմի գաղափարախոսությունից, 1945 թվականին համարյա հողին հավասարեցված երկիրը իր իմաստուն քաղաքական առաջնորդների (Կոնրադ Ադենաուեր, Լյուդվիգ Էրհարդ) ղեկավարությամբ դարձավ հարուստ, հզոր տնտեսությամբ, քաղաքակիրթ աշխարհում իր պատվավոր տեղը զբաղեցնող երկիր, որի հաջողությունները տնտեսության, գիտության, մշակույթի, սպորտի ասպարեզներում զարմացնում են ողջ մարդկությանը:
-Մենք կրկնեցինք ռուսական վատ օրինակը: Մեր երկրում էլ բոլշևիզմը և լենինիզմ-ստալինիզմը չկանգնեցին պետության և ժողովրդի դատ ու դատաստանի առաջ, չբացահայտվեց ներքին գործակալական ցանցը, «Նյուրնբերգ» չկայացավ, որը, համոզված եմ, «ավելի վատ էր, քան հանցագործությունը, քանի որ այն սխալ էր»: Խելացի մարդու այս պարադոքսալ միտքը մեզ չի օգնում լուծելու հետկոմունիստական Ռուսաստանի և Հայաստանի քաղաքական ու պետական առաջնորդների անհասկանալի և անընդունելի դիրքորոշման առեղծվածը: Շատ վիճելի էր համարվում «շպիոնների» ցանցի բացահայտման հարցը: Կրկնեմ` խոսքը ներքին գործակալական ցանցի մասին է (արտաքին գործակալական ցանցը, ավելի ճիշտ` գործակալները, ենթակա էին միայն Կենտրոնին և ուղիղ կապի մեջ էին Մոսկվայի հետ): Բոլոր ժամանակներում մարդիկ ձգտել են բարի անուն և հիշատակ թողնել իրենց զավակներին: Եվ այս կարևորագույն բարոյական կենսասկզբունքը խախտողները, որոնց զրպարտագրերը հազարավոր կյանքեր էին խորտակել և ընտանիքներ դժբախտացրել, առոք-փառոք շարունակում էին վայելել կյանքը, իսկ նրանցից ոմանք նույնիսկ բարոյականության դասեր էին տալիս մեզ: Ես հպարտ եմ, որ ազնիվ ծնողների զավակ եմ, և կատեգորիկ դեմ եմ, որ այդ դժնդակ տարիներին ոչնչով չապականված իմ ծնողները գտնվեն այդպիսիների հետ նույն հարթության վրա: Եվ վերջապես կա մերձբալթյան հանրապետությունների դրական փորձը, որը կարող էր օրինակ ծառայել:

Ես ուզում եմ Անաստաս Հովհաննեսի Միկոյանին նվիրված այս հոդվածը ավարտել հետաքրքիր մի պատմությամբ, որի ենթատեքստում կա բոլորիս հուզող հարցի պատասխանը:
Անցյալ դարի 70-ականներին լույս տեսան մեր փառապանծ մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշագրությունները, որտեղ մարշալը բարի խոսքով է հիշում ժողովրդական հերոս Անդրանիկ Զորավարին: Հենց այդ տարիներին Հեյդար Ալիևը բավականին ազդեցիկ ուժ էր դարձել` քաղբյուրոյի անդամության թեկնածու էր, շատ էր մտերմացել Լեոնիդ Իլյիչի հետ, նրա ֆավորիտներից էր: Դե բոլորս էլ գիտեինք թե ինչ գնահատական էին տալիս Անդրանիկին հարևան հանրապետության վայ-«պատմաբանները»: Ալիևը որոշում է իր դժգոհությունն արտահայտել մարշալին և նեղել նրան պաշտոնական կուսակցական դիրքերից: Նա, ըստ երևույթին, այնքան էլ լավ չէր պատկերացնում, թե ում հետ գործ ունի, և ով է իր դիմաց կանգնածը: Միշտ է այդպես` ամեն մարդ իր արշինով է չափում մյուսներին: Բաղրամյանն էլ իր արշինն ուներ և շատ լավ գիտեր, որ իր դիմաց կանգնած ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու Հեյդար Ալի օղլի Ալիևն ընդամենը մի իքի-բիր դեզիրտիր-դասալիքի մեկն է, որը ստոր, զարտուղի մեթոդներով խուսափել էր զորակոչից, ոչ մի օր չանցկացնելով ռազմաճակատում, այն դեպքում, երբ իր հետ նույն 1923 թ. ծնված տղաները գրեթե առանց բացառության խրամատներում էին պատերազմի հենց սկզբից: Բաղրամյանի շշպռեցնող խոսքը պետք է անգիր անեն մեր բոլոր ներկա և ապագա քաղաքական գործիչները:
-Լավ լսեք և լավ հիշեք, Հեյդար Ալիևիչ, նախ և առաջ ես հայ եմ, իմ ժողովրդի զավակը:
Հետո նոր` Հայրենիքի զինվոր ու մարշալ:


Եվ միայն այս երկուսից հետո` ԽՄԿԿ կենտկոմի անդամ:
Խոսակցությունը համարում եմ ավարտված:
Ահա այսպես: Ցավոք, այս խոսակցությունը չի վավերագրվել, բայց ես անձամբ հավատում եմ, որ այն եղել է ճիշտ այսպես, քանզի հենց այդպես էլ պատմում էին հենց այն ժամանակներում, և խոսք-զրույցների բովանդակությունների խեղաթյուրումը քիչ էր հավանական:
Սա պետք է ուղղակի պատգամ լինի քաղաքականություն մտնող յուրաքանչյուր հայի համար:


Ջոն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 12801

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ