Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Բանակ են գնալու նաև աղջիկները

Բանակ են գնալու նաև աղջիկները
19.09.2008 | 00:00

ՀԻՄՆԱԽՆԴԻՐ
Այն, որ վաղ թե ուշ ՀՀ կառավարությունը վերացնելու էր պետական բուհերի ուսանողների համար նախատեսված զորակոչից տարկետման իրավունքը, սպասելի քայլ էր: Սակայն մտահոգիչ է այն, որ դա ցանկանում է կիրառել հենց 2009թ. գարնանային զորակոչից: Եվ այստեղ խնդիրն այն չէ, որ կառավարությունը պատրաստվում է բանակը համալրելու նպատակով զորակոչել 18 տարին լրացած ուսանողներին, այլ այն, որ արդեն 17 տարի տեղի ունեցող և չդադարող արտագաղթի և բնական աճի նվազման պատճառով Հայաստանի մարդկային ռեսուրսները հետզհետե պակասում են: Իսկ դրանից մտահոգիչ փաստ դժվար է արձանագրել, նկատի ունենալով մեր հարևաններին` Ադրբեջանին, Թուրքիային և Իրանին, որոնց բնակչության թիվն անշեղորեն աճում է, և մոտակա 20 տարիների ընթացքում նշվածներից առաջինի բնակչութունը կլինի առնվազն 11 մլն, իսկ երկրորդինն ու երրորդինը` մոտ 100 մլն:
Սա՝ որպես իրողություն: Հասկանալի է, պետական բուհեր ընդունվող երիտասարդների մի մասի, ասենք՝ 40-50 տոկոսի համար դա յուրօրինակ միջոց է բանակից առնվազն 4 տարի օրենքով տարկետում ստանալու համար, որից հետո նրանք նույն ձևով նաև իրենց «պարտքն են կատարում» հայրենիքի հանդեպ, իսկ վերջում հայտնվում որևէ նախարարության յուղոտ վարչությունում կամ այլ պետական հաստատությունում: Սակայն ոչ բոլորն են բուհ ընդունվում միայն ժամանակ անցկացնելու և բանակից խուսափելու համար: Մեծ է նաև այն երիտասարդների թիվը, ովքեր իսկապես, մանավանդ ճշգրիտ գիտությունների գծով, փորձում են դառնալ լավ մասնագետներ: Պարզ է՝ այս խմբի մի մասն էլ ծառայությունից հետո կամ մնում է Հայաստանում, կամ հեռանում է:
Համենայն դեպս, 18 տարին լրանալուն պես բանակ զորակոչվելու պարագայում հարց է առաջանում՝ արդյոք դա նպաստելո՞ւ է իրապես սովորելու ձգտող երիտասարդներին հետագայում դառնալու լավ մասնագետներ, քանի որ իրողություն է. երկու տարվա բանակի ծառայությունը հետագա ուսուցմանն այնքան էլ նպաստող հանգամանք չէ, դրանից հետո արդեն բուհ ընդունված ուսանողի համար դժվար կլինի լիարժեքորեն ներգրավվել ուսումնական գործընթացին, իսկ դրանից առաջին հերթին կտուժի ուսանողը: Այսինքն՝ զորակոչելով ուսման ձգտող ուսանողներին, հարցականի տակ ենք դնում տնտեսության համար անհրաժեշտ մասնագիտությունների գծով մարդկանց պահանջարկի խնդիրը:
Պարզ է, միայն դիպլոմ ստանալու համար բուհ ընդունված երիտասարդները հաստատ այդ երկու տարին չեն ծառայելու, և դրանից բանակի թվային համալրման խնդիրը չի լուծվելու: Եվ այս պարագայում բանակում առկա կոռուպցիոն ռիսկերն ավելի զարգացում կապրեն, ու բազմաթիվ չարաշահումների համար նոր դուռ կբացվի:
Եվ այսպես, ինչո՞ւ է կառավարությունը որոշում կայացրել բանակ տանել նաև 18 տարին լրացած ուսանողներին: Այստեղ բախվում ենք ժողովրդագրական խնդրին: Հայաստանից վերջին տասնհինգ տարիների զանգվածային արտագաղթը և ծնելիության շեշտակի անկումը էականորեն նվազեցրել են երկրի մարդկային ներուժը, որն արդեն իսկ իրեն զգացնել է տալիս: Իսկ եթե այս հանգամանքին ավելացնենք նաև այն, որ մեկնողների գերակշիռ մասը արական սեռի ներկայացուցիչներն են, ապա խնդիրն ավելի սուր բնույթ է ստանում և ամենևին չի բխում Հայաստանի պաշտպանական և ռազմական հզորության շահերից:
Ըստ պաշտոնական տվյալների, ՀՀ բանակի թվաքանակը կազմում է մոտ 62 հազար մարդ, սրան են գումարվում նաև ներքին գործերի և այլ ստորաբաժանումներ, և այդ թիվը հասնում է մինչև 90 հազարի: Սա բնակչության թվաքանակի հաշվարկով ամենամեծ բանակն է աշխարհում` մոտ 3%: Հայաստանի նման փոքր երկրի համար սա բավականին լուրջ թիվ է, և ամենևին զարմանալի չէ, որ Հայաստանի պետական բյուջեի ծախսերի ամենամեծ բաժինն ընկնում է հենց պաշտպանական գերատեսչությանը: Սակայն մոտակա տարիներին բանակի թվակազմի համալրման մոտեցումները երևի զգալի փոփոխությունների կենթարկվեն, քանի որ զինակոչիկների թիվն արդեն իսկ սկսում է նվազել: Այսպես, 2010 թ. զինակոչային տարիքի պատանիների թիվը 2005-ի համեմատ կկրճատվի 10%-ով, իսկ 2010-ի նկատմամբ 2019-ին կնվազի ևս 30%-ով, և սա միայն այն դեպքում, եթե բացառենք արտագաղթը, որը Հայաստանի ներկայիս պայմաններում քիչ հավանական է:
Այսպես թե այնպես, նույնիսկ ուսանողներին բանակ զորակոչելու պարագայում, Հայաստանը ստիպված կլինի զգալիորեն ավելացնել պայմանագրային զինծառայողների թիվը, իսկ դա, ինչ խոսք, նկատի առնելով նաև ղարաբաղյան հիմնախնդիրը, պարտադիր պայման է դառնում:
Այնպես որ Հայաստանին մնում է հետևել Իսրայելի օրինակին և սկսել բանակ զորակոչել նաև իգական սեռի ներկայացուցիչներին:
Ատոմ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 8770

Մեկնաբանություններ