Այս շարժման քաղաքական անատոմիայի մեջ հենց սկզբից դրվել է անշտապ, համբերատար, մտածված մարտավարությամբ, փոքր և պերմանենտ հաղթանակներով առաջ գնալու մեթոդը: Սա կարող է դուր չգալ շատերին, ովքեր մեկ հուժկու հանրահավաքով հարցեր լուծելու կողմնակից ամենագետներն են և վեց տարի է գիտեն, թե ինչ է պետք անել, բայց դեռ բան չեն արել: Ի տարբերություն դրան, այս շարժումը ունի իր ներքին տրամաբանությունը, որի ամենակարևոր հանգամանքը մաքսիմալ ներառականությունն է ոչ միայն հակաիշխանական մոտիվներով, այլ նաև նոր հանրային մեծամասնության ձևավորման հիմքով, ինչը պրոցես է և ընթացք, ոչ թե մեկ հուժկու զարկի, այլ այդ հուժկու զարկի խելամիտ, հաշվարկված և էֆեկտիվ հասունացման:
Սրբազան շարժման գրավականը նաև նախորդ շարժումների սխալների հաշվառումն ու չկրկնումն է, ինչը հանգեցրել է նաև մեկ կարևոր հանգամանքի: Դեռ չկա մեծ հաղթանակ, բայց մի բան հստակ է՝ չկա նաև որևէ պլանավորման ձախողում, ինչը ռիսկային դաշտ կտանի շարժումը:
Փաշինյանը քաղաքական դաշտում շուրջ վեց տարվա ընթացքի մեջ առաջին անգամն է, որ խաղում է երկրորդ, տեղ-տեղ՝ նաև երրորդ համարով: Նա որևէ կերպ այս ընթացքում օրակարգ թելադրող չէ, օրակարգը, թե՛ ինֆորմացիոն, թե՛ քաղաքական, թե՛ հանրային, և թե՛ ազդեցիկության ու սպասումների առումով, թելադրվում է Սրբազան Շարժման կողմից, իսկ դա նրա համար, հավատացեք, բեկումնային հարված է: Նրա բոլոր որոշումներն այլևս, սկսած իր տեղաշարժից, խոսույթից, թիմի ղեկավարումից և վերջացրած սեփական քաղաքական վարքաբանությունից, կախման մեջ են ոչ թե իր կամքից, նպատակահարմարությունից, այլ Շարժման կողմից նրա առաջ դրված պայմաններից և խաղի կանոններից: Նա ոչ միայն երկրորդ համարով է խաղում քաղաքական դաշտում, այլ նաև դարձել է իր նկատմամբ ծավալվող պրոցեսներին զգուշորեն և վախով դիմադրող:
Խաղը շուռ է եկել, և մարման վտանգը սպառնում է ոչ թե անշտապ և համբերատար առաջին համարով ճնշողին, այլ՝ երկրորդ համարով ճնշվողին, որքան էլ նա փորձի ձև անել, թե չի ճնշվում, այնուամենայնիվ, ծանր շնչառությունն ու ձախողումների շարքն ակներև է:
P.S. Այսօրվա տոնը չեմ շնորհավորի, կշնորհավորեմ, երբ գործենք և ավարտենք ու վերադարձնենք տոնի և շնորհավորանքի իրավունքն ու պատիվը, ինչը մոտ է:
Վլադիմիր Մարտիրոսյան