Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Ադրբեջանը սպառնում է ճանաչել Կիպրոսի թուրքական հանրապետությունը, եթե ԵՄ-ն ճանաչի Արցախը

Ադրբեջանը սպառնում է ճանաչել Կիպրոսի թուրքական հանրապետությունը, եթե ԵՄ-ն ճանաչի Արցախը
27.11.2020 | 12:18

«Այն, ինչ այնտեղ կատարվում է, վերաբերում է և մեզ»՝ նախազգուշացնում է Բրյունո Ռետայոն: Սենատի նախագահ Ժերար Լարշեի նախաձեռնությամբ 5 խմբակցությունների ղեկավարներ ներկայացրին Լեռնային Ղարաբաղի՝ «հայկական քաղաքակրթության օրորոցի» ճանաչման բանաձև: Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան Թուրքիայի իշխանությունների աջակցությամբ և կոչ է անում Ֆրանսիային հումանիտար օգնություն ցուցաբերել հայերին, նաև պահանջել ռազմական հանցագործությունների միջազգային հետաքննություն: Բանաձևն ընդգծում է տեղահանված անձանց վերադարձի անհրաժեշտությունը և հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պահպանությունը: «Այս բանաձևը քաղաքական ուժեղ քայլ է, որ վկայում է մեր համերաշխությունը Հայաստանի հետ»՝ հայտարարեց արտասահմանյան գործերի ու պաշտպանության հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոն Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանների հետ հանդիպումից հետո: «Մենք գործ ունենք Լեռնային Ղարաբաղում ողբերգության հետ: Ֆրանսիան թույլ տվեց խոսել զենքերին: Մի՞թե Ֆրանսիայի դիվանագիտությունն իրեն անգործության չի դատապարտուն, երբ համառում է չեզոք դատավորի դիրքորոշման մեջ»՝ հարցնում է սենատորը: Նոյեմբերի 9-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև Ռուսաստանի հովանու ներքո հրադադարի ստորագրման լուրից հետո ֆրանսիացի սենատորները անհանգստանում են հայերի ապագայի համար: «Այսօր հայ բնակչությունը, որի հետ մեր երկիրը կապված է բարեկամության դարավոր կապերով, նորից նահատակվում է Լեռնային Ղարաբաղում»՝ հիշեցնում են բանաձևը ստորագրած 5 խմբակցությունների ղեկավարները: Բրյունո Ռետայոն Հանրապետականներից, Էրվե Մարսեյը՝ կենտրոնամետներից, Պատրիկ Կաները՝ սոցիալիստներից, Էլիան Ասասին՝ կոմունիստներից, Գիյոմ Գոնտարը՝ կանաչներից:

«Առաջ, Հանրապետությունը» չի միացել բանաձևի նախագծին և նախընտրել է մեկ այլ նախագիծ, որ քիչ շեշտադրումներ է անում Լեռնային Ղարաբաղի դիվանագիտական ճանաչման վրա: «Ֆրանսիան այլևս չի կարող անտեսել փաստը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միայն լիակատար ու լիարժեք անկախությունը կդառնա առաջին պատվարը»՝ գտնում են սենատորները: «Ֆրանսիան չի կարող անտեսել և թուրքական ռազմածունչ վարչակազմի նկրտումները»՝ հավելում են նրանք՝ մեղադրելով նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ Թուրքիայի շրջակայքի «խոր անկայունացման քաղաքականության մեջ»: Թեպետ բանաձևի նախագիծը պարտադիր ուժ չունի, ձգտում է Լեռնային Ղարաբաղի ճանաչումը դարձնել «բանակցային գործիք հաստատուն խաղաղության ձևավոման համար»՝ ինչպես աասում է Բրյունո Ռետայոն: «Հանրապետականները» մտադիր են բանաձևը առաջ մղել և Ազգային ժողովում՝ գործընթացի մեջ ներգրավելու համար բոլոր պատգամավորներին: Դա սիմվոլիկ ճնշում է դառնում կառավարության վրա, որ Մինսկի խմբի անդամ Ֆրանսիան օգտագործի այդ առաջարկը:
Մարիո Մուրգ, Le Figaro


Հ.Գ. Թուրքիայի Habertürk-ը գրում է, որ նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը ընդունեց բոլոր կուսակցությունների ստորագրած բանաձևը «Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին»: Բանաձևին կողմ է քվեարկել 305 պատգամավոր: փաստացի սա առաջին քայլն է այն գործում, որի վրա աշխատում էր Փաշինյանի վարչակազմը վերջին ժամանակներս: Ռազմական բախումների ժամանակ ևս բազում փորձեր են ձեռնարկվել, բայց մինչև Սենատ չեն հասել: Անցյալ շաբաթ 15 քաղաքների քաղաքապետեր, այդ թվում Փարիզի, ընդունել են համանման որոշումներ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցում Սենատի բանաձևի ընդունումը գնահատել է իբրև պատմական քայլ և նշել, որ ճանապարհ է բացում նման որոշումների այլ երկրներում ընդունման համար: Իրականում Փաշինյանի դիրքորոշումը թույլ մխիթարություն է: Բայց նա ունի և հետին պլաններ: Երբ Ֆրանսիայի հայկական կազակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, որ բանաձևի հետևում կանգնածներից մեկն է, ասում է. «Ֆրանսիան նախկինում էլ բազմիցս քննարկել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և նրա անվտանգությունը կարող է երաշխավորված լինել միայն անկախության ճանաչումով», դա ցույց է տալիս, որ հայկական սփյուռքը Ֆրանսիայի միջոցով ցանկանում է հաղթահարել ստատուս քվոյի ներկա անորոշությունը՝ ճանաչումի միջոցով: Բանաձևի ընդունումից հետո Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը հայտարարեց, որ «Լեռնային Ղարաբաղի ճանաչումը անկախ պետություն ոչ մեկին օգուտ չի տա»: Անցյալ շաբաթ նույն նախարարը, պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին խորհրդարանում՝ ասաց. «Հրադադարի այս ռեժիմը չի կարգավորում խնդրի էությունը: Այսօրվա գլխավոր հարցն է՝ ինչպես է վաղը խնդիրը կարգավորվելու ըստ էության; Այդ քննարկումներն արդեն սկսվել են: Սկզբից եղել են բանակցություններ Ֆրանսիայի նախագահի ու նախագահ Պուտինի միջև, երեկ՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ու իմ միջև Փարիզում: Մենք հանդիպում ենք անցկացնելու Մոսկվայում, որ հրադադարի ռեժիմի անհստակությունները հանենք: Խնդիրները՝ փախստականները, հրադադարի պարամետրերը, Թուրքիայի ներկայությունը, վարձկանների վերադարձը և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի բանակցությունները սկսելը»:

Փաստորեն՝ Ֆրանսիան ի պատասխան Ռուսաստանի ու Թուրքիայի քայլերին՝ փորձում է իր կողմը գրավել Հայաստանին և աշխատեցնել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ֆրանսիայի այդ քայլերը հիշեցնում են հարցի ևս մեկ չափազանց սուր չափում: Դա, կարծում եմ, 2007-ին էր: Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն էր եկել ոչ պաշտոնական չվերթ Ադրբեջանից: Ինքնաթիռում գերազանցապես բիզնեսմեններ էին: Իհարկե, և Թուրքիայում, և ՀԿԹՀ-ում այդ ժամանակ բոլորովին այլ մթնոլորտ էր: Խոսում էին նույնիսկ Հայաստանի հետ սահմանների բացման մասին: Շատերը, ինչպես ես, հուզված էին այդ որոշոմից, բայց շարունակություն չեղավ: Թե հետո ինչ է լինելու, ես հարցրի «Նոր Ադրբեջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովից Բաքվում, նրա պատասխանը լույս է սփռում այսօրվա վրա. «Այդ ինքնաթիռից հետո մեզ հետ կապվեցին Եվրախորհրդարանից: Ասացին եթե դուք ճանաճեք ՀԿԹՀ-ն, մենք կճանաչենք Լեռնային Ղարաբաղը: Այդ ժամանակ մենք խոսեցինք Թուրքիայի հետ և դադարեցրինք գործընթացը»: Որոշ ժամանակ անց ես առաջին անգամ այդ հայտարարությունը հրապարակեցի թուրքական ԶԼՄ-ներում և միշտ փորձել ենք բացատրել, որ մի օր ՀԿԹՀ-ի ճանաչումը հնարավոր կդառնա:


Այս փուլում Ֆրանսիայի ու ԵՄ-ի պաշտոնական անձինք պետք է իմանան, որ եթե պայմանները այդպիսին են, ՀԿԹՀ-ի ճանաչումը հեռու չէ:
Հետաքրքիր պատմություն է, բայց ի՞նչ է փոխելու, եթե աշխարհում Կիպրոսի թուրքական պետությունը Թուրքիայից հետո ճանաչի նաև Ադրբեջանը, ըստ էության, ոչինչ: Կիպրոսի ճանաչումով ԵՄ-ին հետ պահել ինչ-որ որոշումից նույնքան թույլ քայլ է, որքան թույլ քայլեր է անում ԵՄ-ն Թուրքիայի դեմ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 13378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ