Ներքաղաքական դաշտում այնպիսի տպավորություն է‚ թե ընդդիմությունն ու իշխանությունը զուգահեռ աշխարհներում են գործում։ Ընդդիմությունը հանրահավաքներ է անում‚ ճանապարհներ փակում‚ հացադուլներ իրականացնում՝ պնդելով‚ որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնպիսի հանցանք է գործել ժողովրդի ու պետության հանդեպ‚ որ նման դավաճանության պարագայում հնարավոր չէ այլևս պաշտոնավարել։ Այս պայմաններում նա չի կարող ստանձնել հետպատերազմյան վերականգնման առաջնորդությունը։ Մյուս կողմից էլ Նիկոլ Փաշինյանը ինչպես իր վերջին հարցազրույցում ասաց‚ ընդդիմության պահանջները չեն ստանում ժողովրդի հավանությունը‚ դրանից էլ բխում է‚ որ նա դեռևս պետք է մնա իր պաշտոնին և առնվազն 6 ամիս շարունակի աշխատել՝ փորձելով կայունացնել իրավիճակն ու փոքր-ինչ վերականգնել տարբեր ոլորտների աշխատանքը։
Ըստ էության‚ երկու հակադիր և տարբերվող գնահատականներ են հնչում ներքաղաքական իրավիճակի մասին։ Եվ ամենազավեշտալին այն է‚ որ դա հանգեցնում է նրան‚ որ ընդդիմությունն ու իշխանությունն ապրում են տարբեր քաղաքական օրակարգերով։ Ընդդիմության պարագայում ամեն ինչ հասկանալի է. փորձում է տարբեր տեխնոլոգիաներով‚ հիմնականում հանրային ճնշման միջոցով Փաշինյանին հեռացնել իր աթոռից։ Եվ պետք է փաստել‚ որ առայժմ դա նրան այնքան էլ չի հաջողվում։ Իհարկե‚ ընդդիմությունն ունի կողմնակիցների հստակ զանգված‚ սակայն դա բավարար չէ‚ որպեսզի դիմակայի բավականին փոքրաթիվ ոստիկանական ուժերին‚ որոնք պաշտպանում են վարչապետին։ Պետք է փաստել‚ որ ընդդիմությունն առանձնապես մեծ կրեատիվություն էլ չի ցուցաբերում։ Թեև բավականին հետաքրքիր նյուանսի վրա պետք է ուշադրություն դարձնել. Ռուսաստանից‚ ըստ էության‚ թե Պուտինի‚ թե Լավրովի մակարդակով ընդդիմությանն ուղերձներ են ուղարկվել‚ ըստ որոնց‚ մինչև Փաշինյանն իր կողմից ստորագրված հայտարարության վերջին ստորակետը կյանքի չկոչի‚ Ռուսաստանի համար այնքան էլ ցանկալի չէ ՀՀ վարչապետի հեռացումն իշխանությունից։ Ռուսաստանը շատ հստակ հասկանում է‚ որ Հայաստանում ցանկացած նոր քաղաքական ուժ‚ առավել ևս առաջնորդ‚ որ այժմ գա Փաշինյանի փոխարեն‚ պետք է փորձի ինչ-որ բան չեղարկել‚ ինչ-որ բան ուղղել ընդունված հայտարարությունում‚ ինչը ՌԴ-ին ձեռնտու չէ։ Բացի այդ‚ հաշվի առնելով այն‚ որ հարթակում կանգնած ընդդիմությունը‚ այնուամենայնիվ‚ բավականին պրագմատիկ է‚ հասկանում է Ռուսաստանի դերն ու ռուսամետ է‚ նույն ՌԴ-ն չի ցանկանում‚ որպեսզի ՀՀ ներկա ընդդիմությունը վարկաբեկվի‚ որևէ կերպ առնչություն ունենա փաշինյանական արկածախնդրության հետ ու իրականացնի հայտարարության կետերը։ ՈՒ պատահական չէ‚ որ Շոյգուի և Լավրովի հայաստանյան այցելության օրը տեղի ունեցավ 17 կուսակցությունների վերջին հանրահավաքը։ Սա առիթ է տալիս եզրակացնելու‚ որ այցի ընթացքում գուցե նաև ինչ-ինչ մակարդակներում հանդիպումներ են կայացել ընդդիմության առաջնորդների հետ‚ որոնց բացատրվել են վերոնշյալ կետերը։ Այստեղ պետք է հաշվի առնենք նաև‚ թե ինչ վերաբերմունք ունի պաշտոնական Մոսկվան Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի նկատմամբ։ Այն‚ որ այդ վերաբերմունքը 2,5 տարում չի փոխվել և այնքան էլ դրական չէ‚ ցույց են տալիս նաև Ռուսաստանի դաշնային‚ պետական ալիքների թոք շոուները‚ որտեղ ոչ միայն փորձագետներն են վերջին խոսքերով բնութագրում Նիկոլ Փաշինյանին‚ այլև իշխանական վերլուծաբաններն ընդգծում են այն‚ ինչ ՌԴ նախագահը չի կարող բաց տեքստով հնչեցնել։ Վերջին հանդիպումներում ուշագրավ էր նաև Շոյգուի և Լավրովի վերաբերմունքը Ալիևի և Փաշինյանի նկատմամբ։ Եթե Ալիևի հետ հանդիպումներում նրանք ցուցաբերում էին հարգալից վերաբերմունք‚ ապա ՀՀ վարչապետի հետ հանդիպումներում ակներև էր ծաղրալից‚ քամահրական վերաբերմունքը‚ ինչից զգացվում էր‚ որ Փաշինյանի օրերը հաշվված են։ Եվ այդ օրերի վերջնաժամկետը պայմանավորված է Ադրբեջանին հողերի հանձման ժամկետով։
Կրեմլի գլխավոր քարոզիչներից մեկի՝ Կիսելյովի հաղորդման ընթացքում նույնպես քար գցվեց Փաշինյանի դաշտը։ Հստակ նշվեց‚ որ 2018 թվականի իշխանափոխությունը կազմակերպվեց‚ և Փաշինյանը բերվեց ՀՀ կառավարման ղեկին‚ որպեսզի Հայաստանը ռուսական ազդեցությունից տարվի դեպի Արևմուտք‚ սակայն պատերազմի ընթացքը ստիպեց ՀՀ կառավարության ղեկավարին խոնարհվել Ռուսաստանի առջև‚ և ՌԴ-ն դարձյալ վերադարձավ՝ Արևմուտքից հետ վերցնելով Հայաստանը։ Այսպիսով‚ թեև Փաշինյանը Ռուսաստանի համար ոչ ընդունելի գործիչ է‚ սակայն համապատասխան իրավիճակում օգտագործում են նրան։ Ընթացող իրադարձությունները վկայում են‚ որ Փաշինյանի պիտանիության ժամկետը լրանալուն և Ռուսաստանի հետ սիրավեպն ավարտվելուն պես նա դուրս կգրվի‚ և համապատասխան ուժերը ամբոխին կասեն՝ ահա նա‚ ինչ ուզում եք‚ նրա հետ արեք։
Որքան էլ ասենք‚ թե Նիկոլ Փաշինյանը ոչ ադեկվատ է‚ զուրկ սկզբունքներից‚ սակայն այնուամենայնիվ‚ նա շատ լավ հասկանում է‚ որ իր վիճակը բավականին տխուր է‚ և այս պարագայում իր անվտանգության երաշխավոր Ռուսաստանը սպասում է‚ որ նա իր պարտավորությունները՝ կապիտուլյացիան անվերապահորեն կատարի‚ որից հետո ձեռքերը կլվանա այդ դավաճանից։ Նույնիսկ ՌԴ նախագահը‚ որ ամեն անգամ նշում է‚ թե Փաշինյանը դավաճան չէ‚ հաջորդ նախադասություններում փաստում է‚ որ կատարել է այնպիսի գործողություններ‚ որոնք այլ կերպ, քան դավաճանություն‚ անվանել հնարավոր չէ։ Այս համատեքստում նախ արվեց Շուշիի հետ կապված բացահայտումը՝ ընդգծելով‚ որ Փաշինյանը հրաժարվեց հայերի համար նպաստավոր տարբերակից‚ այնուհետև հանձնեց Շուշի բերդաքաղաքը‚ այնուհետև ՌԴ առաջնորդը փաստեց‚ որ հայտարարության տեքստը պատրաստել են Փաշինյանն ու Ալիևը։ Այսպիսով հօդս ցնդեցին ՀՀ վարչապետի այն քարոզչական հայտարարությունները‚ թե իբր ամեն ինչ Մոսկվան է կազմակերպել‚ և ինքը ստիպված էր ստորագրել։ Պուտինն իր ամեն հարցազրույցում հիմք է տալիս հայ ժողովրդին պատրաստելու Փաշինյանի դեմ դավաճանության վերաբերյալ ապացույցներ ունեցող դոսիե‚ որը հետագայում ոչ միայն քաղաքական‚ այլև իրավական գնահատականի կարժանանա։ Թեև ՀՀ վարչապետն այսօր ամեն ինչ անում է‚ որպեսզի պատմության մեջ մնա ոչ թե որպես դավաճան‚ այլ անմեղսունակ գործիչ‚ որը‚ գործից չհասկանալով‚ վաճառել է երկիրը և ավելի քան 5000 մարդու մահվան պատճառ դարձել։
Նիկոլ Փաշինյանը հասկանում է‚ որ քանի ռուսներն իրեն փորձում են օգտագործել‚ ինքը մի փոքր ժամանակ ունի‚ մյուս կողմից հույսը դնում է ժողովրդի զոմբի հատվածի վրա‚ որը ցանկացած պատրվակ օգտագործում է իր առաջնորդին‚ իր սրտի վարչապետին իշխանության ղեկին պահելու համար։ Այդ զանգվածն այն պատրանքներն ունի‚ թե Արցախը որպես բեռ հանձնելուց հետո սկսելու է լավ ապրել‚ ինչպես ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանն էր ասում։ Պետք է փաստենք‚ որ հասարակությունում կա մի խավ‚ որի համար Արցախը բեռ էր‚ և Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիոն քաղաքական կուրսը նրան հոգեհարազատ է‚ ու կամա թե ակամա գաղափարապես պաշտպանելու է կապիտուլյացիան՝ հույս ունենալով‚ որ դրա արդյունքում լավ է ապրելու՝ Թուրքիայից ապրանք է ներկրելու‚ գնացքով մեկնելու է Աղդամ ու այնտեղի շուկայից նուռ է գնելու և այլն։ Փաշինյանը հույս ունի‚ որ իր անհայրենիք ներքին հենարանը հավատարիմ է մնալու ու թույլ չի տալու իրեն հեռացնել պաշտոնից։ ՀՀ վարչապետը ցանկանում է պատրանքներ ստեղծել‚ թե հասարակությունն ինքն է պարտվողական‚ ամեն ինչ արդեն անցյալում է‚ հիմա արդեն հերթը վերականգնողական աշխատանքներինն է։ Նա անընդհատ իրեն զբաղմունք է գտնում և օպերատորին հետևից տանելով՝ աշխատանքի իմիտացիա է ստեղծում. նախարարներ է փոխում՝ իբր թե բարեփոխումներ սկսելու և ճգնաժամը հաղթահարելու նպատակով և այլն։ Այլ հարց է‚ որ նշանակված նոր կադրերն էլ ավելի վատը կարող են լինել‚ քան իրենց նախորդները։ Բանականություն ունեցող ոչ մի մարդ այսօր չի համաձայնի ստանձնել նախարարի պաշտոնը‚ բոլորին ակնհայտ է‚ որ այս պահին չկա ավելի ժամանակավոր բան‚ քան Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ Եվ ինչպես վերլուծաբաններն են ասում‚ այսօր համաձայնում են նախարար դառնալուն միայն նրանք‚ որոնք կորցնելու բան այլևս չունեն կամ էլ անուղղելի կարիերիստներ են‚ որ իրենց ինքնակենսագրականում ցանկանում են ևս մեկ կետ ավելացնել՝ հետագայում միջազգային որևէ կազմակերպությունում աշխատանքի տեղավորվելու համար։
Իսկ Հայաստանում իրականում կատարյալ անիշխանություն է։ ՀՀ կառավարությունում այսօր վարչապետի որոշումները ոչ ոք չի իրականացնում‚ և չկան գործուն կառույցներ‚ որոնք նրա որոշումները կկատարեն։ Իշխանության ներսում կա խուլ սաբոտաժ։ Եթե ժամանակին Փաշինյանը բողոքում էր պետական համակարգի սաբոտաժից‚ սակայն չէր ուզում հասկանալ‚ որ իրականում իր բերած կադրերը աշխատել չգիտեին‚ ապա այսօր իսկապես առկա է այդ երևույթը‚ քանի որ պետական համակարգը‚ համաձայն իր յուրահատկության‚ զգալով անկայունություն‚ իշխանության ժամանակավոր լինելը‚ իրեն չի ստիպելու աշխատել‚ մանավանդ աշխատել մեկի համար‚ որը վաղը չի լինելու։ Առավել ևս որ դեռ պարզ չէ‚ թե ինչ իրավական գնահատական է տրվելու կառավարության ղեկավարին։
Նիկոլ Փաշինյանն այսօր իշխանություն չունի‚ կան ընդամենը վարչապետի կամ նախարարների ցուցանակներ‚ սակայն հարց լուծող մարդիկ չկան։ Արցախի մասին խոսելն էլ ավելորդ է‚ քանի որ նույնիսկ վերջին զոմբին շատ լավ հասկանում է‚ որ Հայաստանը չի կարող Արցախի վերականգնման կամ տնտեսության բարելավման երաշխավոր լինել։ Եվ դա այսօր ստանձնել է ՌԴ-ն անձամբ Պուտինի գլխավորությամբ‚ ով 2-3 օրը մեկ խորհրդակցություններ է կազմակերպում՝ ցույց տալով‚ թե ով է իրականում իրադրության տերը։
Իշխանության իմիտացիան ընդամենը քարոզչական պատրանք է՝ հասցեագրված պողոսներին։ Որևէ քաղաքական որոշում Փաշինյանը չի ընդունում‚ և դրա արդյունքներն արդեն տեսնում ենք տնտեսության մեջ՝ ֆինանսական շուկայում մոտեցող կոլապսը‚ դրամի կտրուկ արժեզրկումը։ Վարչապետը շատ երկար է համոզել Կենտրոնական բանկին‚ որպեսզի վերջինս ինտերվենցիա կատարի‚ մի փոքր իջեցնի դոլարի կուրսը՝ հանրությանը հանգստացնելու համար։
Նկատենք‚ որ դրամի կուրսի անկումից առաջին հերթին պողոսներն ու զոմբիներն են տուժում‚ քանի որ դա հանգեցնելու է առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման։ Իսկ քանի որ հանրության այդ խավը ոչ թե ուղեղով‚ այլ հաստ աղիքով է մտածում‚ հենց սառնարանը բացի և տեսնի‚ որ այն դատարկ է‚ հասկանալու է՝ Նիկոլ Փաշինյանն իրենց հերոսը չէ։ Այդ իսկ պատճառով իշխանությունը փորձում է ամեն ինչ անել‚ որ տնտեսական կոլապսը շատ արագ չզարգանա‚ վարչապետը ժամանակ շահի՝ փորձելով որոշում ընդունող աշխարհաքաղաքական կենտրոնների հետ պայմանավորվել սեփական անվտանգության մասին և անխուսափելիորեն հեռանա։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ