Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ ԵՎ ԿԵՐՊԱՐԸ ՄԱՅՐՆ Է»

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ ԵՎ ԿԵՐՊԱՐԸ ՄԱՅՐՆ Է»
27.01.2012 | 00:00

Հայ ժողովրդի պատմության բոլոր շրջափուլերում բացառիկ ու ճակատագրական է հայ կնոջ դերակատարությունը: Եվ, ի պատիվ գիտակից հայ այրերի, պետք է խոստովանել, որ նրանք մշտապես հաջողել են իրենց ձեռնարկումներում, եթե կարողացել են զերծ մնալ առնականության սնապարծ գերագնահատումներից ու գործել կնոջ մտքի, երևակայության, կամքի, բազում այլ շնորհների սթափ գիտակցումով: Նման գիտակցումից ծնված մի քայլի վկայությունն են իմ գրասեղանին դրված ստվար հատորները` նորօրյա ձոն հայ մայրերին, հայ կանանց:
Լույս է տեսել «Հայուհիներ» երկհատոր հանրագիտարանը, որում զետեղված են բոլոր ժամանակներն ու ոլորտները ներկայացնող նշանավոր հայ կանայք: Դիցուհիներ, սրբեր, թագուհիներ, իշխանուհիներ, պետական-հասարակական գործիչներ, ազգային շարժման, հեղափոխության, պատերազմի մասնակիցներ, գիտության, բժշկագիտության, գրական, թատերական, երաժշտական, պարարվեստի, կինոյի, կերպարվեստի, ճարտարապետության, շինարարության ոլորտների, մարզաշխարհի ակնառու դեմքեր:
Այս նախաձեռնությունը «Ամարաս» հրատարակչության հիմնադիր Արկադի Ասրյանինն է, ով բարձր է գնահատում հայ կնոջ պատմական դերակատարությունը մեր ազգի կենսագրության բոլոր դրվագներում: «Հայ տղամարդը երբեք չի մոռացել հայ կնոջ պատմական և փրկարար հերոսության մասին: Նրանց հերոսությունը գովերգել են մեր մեծ պոետներն ու նկարիչները: Ինչպես շատ ազգերի, այնպես էլ մեզ համար Հայրենիքի խորհրդանիշը և կերպարը մայրն է: Մայր Հայաստանը»,- հանրագիտարանի առաջաբանում գրել է գրող, հրապարակախոս, «Հայուհիների» գլխավոր խմբագիր Զորի Բալայանը:
Իբրև հայ կնոջ անվիճելի կարևորության հավաստիացում` հրատարակիչները հանրագիտարանի 2-րդ հատորում ևս մեկ անգամ մեջբերել են Գարեգին Նժդեհի գնահատականը. «Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»:
Հանրագիտարանի տպագրությունը հովանավորել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, «Փյունիկ» և «Լույս» հիմնադրամները:
Հանրագիտարանում օրինաչափորեն ներառվել է նաև «Իրատես de facto»-ի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանի անունը, սակայն նրա իսկ կարծիքով` «Հայուհիները» զերծ չէ որոշակի բացթողումներից: Թերևս, այս երկհատորյակը կազմելուն կարող էր շահեկանորեն նպաստել նաև մամուլը, ասպարեզ, ուր ամենալայն և ամենաանաչառ լուսաբանմանն են արժանանում այսօրյա ու հնօրյա թե՛ այր, թե՛ կին ազգային գործիչները: Հուսանք, որ ժամանակը և պայմանները թույլ կտան մի նոր հայացք նետել կատարված աշխատանքին և հարկ եղած դեպքում, լրատվադաշտի գործուն աջակցությամբ, լրամշակել այնքան կարևոր աշխատությունը, մանավանդ որ հանրագիտարանի գլխավոր խմբագրի ներածականում կարդում ենք. «…գործն ավարտված է` հետագայում շարունակելու որոշմամբ: Եվ համոզված եմ. լեգենդի շարունակությունը կլինի»:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1479

Մեկնաբանություններ