Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

ԱԽՊԵՐՈՒԹՅԱՆ ՇՔԵՐԹՈՒՄ ՍԿՍԵԼ ԵՆ ՀԱՄԵՍՏ ՏԵՂԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼ ՆԱԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ

ԱԽՊԵՐՈՒԹՅԱՆ ՇՔԵՐԹՈՒՄ ՍԿՍԵԼ ԵՆ ՀԱՄԵՍՏ ՏԵՂԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼ ՆԱԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ
17.02.2012 | 00:00

Կասկածից վեր է` անկախության պտուղները հա՛ էլ ճաշակելու ենք։ Ցավն այն է, որ օր օրի դրանք անհամանում են, հաճախ` դառնանում։ Նման դեպքերում փոխվում են գնահատման չափանիշներն ու չափորոշիչները։ Արժևորման համակարգը, կորցնելով համեմատության կշռաչափը, ժամանակի թելադրանքով ձեռք է բերում նոր, բայց էժան բովանդակություն։ Ինքը` ժամանակը, լինելով ամեն տեղ և ամեն ինչում ամեն ինչի սկիզբը, իր սև գործն է անում։ Տիրում է նրանց, ովքեր ընդունակ են և հաճույք են ստանում տրվելուց։ Ժամանակն իշխում է նաև նրանց, ովքեր հեռանալով իրենց արմատներից, նիստուկացից, հագուկապից, ամեն ինչում եվրոպականն են փնտրում և մի օր էլ դառնում արտասահմանցի։
Այսօրինակ խեղաթյուրումների կողքին կան նաև քիչ, բայց դրական փայլատակումներ, որոնք նույնպես անկախության ծնունդ են։ Դրվատելին այն է, որ այդ լավն աստիճանաբար ներծծվում է մեր մեջ։ Հայերիս համար, օրինակ, ախպերությունից լավ բան կա՞։ Իհա՛րկե չկա։ Ախպերությամբ գյուղապետ ու թաղապետ են դառնում, լավ ախպերության դեպքում` քաղաքապետ կամ պատգամավոր։ Իսկ ավելի մեծ ախպերությամբ դուրս են գալիս կառավարման երթուղի, մտնում քաղաքական դաշտ և օրերից մի օր դառնում ախպերների իսկական ախպեր։ Պետք եղած դեպքում ախպերությունը կազմ ու պատրաստ է։ Ախպերավարի կարող են քվեարկել, օրախնդիր օրենքներ ընդունել, հարկ եղած դեպքում օրենքները հարմարեցնել իրենց, պաշտոններ բաժանել, քավոր-սանիկություն խաղալ, խնամիանալ, թիմային պայքար «ծավալել», թալանել, բայց չկիսվել, իրար տակ քանդել, նստել «ռազբորկի», պատժել կամ ընդհանրապես... վերացնել։ Եվ քանի որ հայ ենք ու սիրում ենք ամեն ինչում առաջինը լինել, չորով պնդում ենք` ախպերությունը սեռային խտրականություն չի սիրում։ Որտեղ տղամարդ, այնտեղ էլ կին ու մաքո՜ւր, ախպերական հարաբերություններ։
Ախպերության թասիբը մեր մեջ այնքան է նստած, որ միջազգային ախպերության ցուցասրահում ոտնաչափ տեղ ունենալու հեռանկարով կառավարության վերնախավը` կին թե տղամարդ, մի հրահանգով բարոյաքաղաքական դաս տալու նպատակով վերջերս հայտնվեց սահմանամերձ գոտու խրամատներում` միանման, մաքրամաքուր կամուֆլյաժներով, և «Արմենիկումի» «գյուտից» հետո կրկին աշխարհին զարմացնելու փորձ արեց։ Աշխարհի արմանք-զարմանքն էական չէ, մեզ համար կարևորն այն է, որ մե՜նք զարմանանք ուրիշների զարմանքից` թեկուզ ախպերավարի։ Ախպերությունը, իրոք, շատ լավ բան է և այնքան վարակիչ, որ չի հարցնում նաև տարիք ու փորձ։ Կարող է ձևավորվել պահի, շահի, դավաճանության թելադրանքով, կարող է դուրս գալ աշխատանքային շրջանակներից, քո և քո երկրի առանցքից ու գնա՜լ, հասնել ամերիկաներ, չինաստաններ։ Պետությունների ախպերության հիմնաքարը շահի քաղաքականությունն է կամ քաղաքականության շահը։ Անձի դեպքում` փողը։ Չկա մեկը, որ չձգվի դեպի փողը։ Ձգտում են բոլորը, բայց քչերն են ունենում։ Քչերն իրենց ունեցածն ավելացնում են, իսկ շատերը բազմապատկման փորձ անում, երբեմն` կորցնում։ Կորցնողները փոխանակ իրար հետ ախպերություն անեն, թիկունք թիկունքի տան վերականգնվելու համար, փորձում են կպնել ախպեր տղերքի ախպերությանը։
Օլիգարխների ախպերությունը չթվա թե հեշտ ու խաղաղ է։ Սպասվածից բազմաշերտ է ու բարդ, բայց հենց որ առաջ է գալիս շահերի համընկնում, ամեն ինչ իր տեղն է ընկնում` ժամանակավոր, ճիշտն ու սխալն իրար խառնված։ Չհամընկնելու դեպքում ախպերությունը ճաք է տալիս ու Կռիլովի «Կարապը, խեցգետինը և գայլաձուկը» ստեղծագործության նման ամեն մեկն իրեն է ձգում։
Էլ ավելի հանելուկային ու հեղհեղուկ է օլիգարխների և չինովնիկների ախպերությունը, քանզի հիմքում, լողացող հանգամանքներից բացի, ուրիշ ոչինչ չկա։ Հանգամանքների բերումով նրանց ինքնապաշտպանական ախպերությունը պարտադրված է, կյանքը` կարճ ու փոփոխական։ Ստեղծվում և ավարտվում է իշխանության ներսում։
Այլազան ու զարմանազան ախպերության շքերթում սկսել են համեստ տեղեր զբաղեցնել նաև մշակույթի գործիչները, հանձինս սունդուկյանցիների։ Ի հեճուկս մնացյալների, ախպերությունն այստեղ ակադեմիական դերասանության հիմքի վրա է կառուցվում։ Խաղում են բոլորը։ Ամեն մեկն այնքանով, որքանով։
Հենց այստեղ էլ տարբերակվում է պրոֆեսիոնալ արտիստների և չդերասանների ախպերությունը։ Այդուհանդերձ, կողմերի խախտված ախպերությունն արդեն այնքան է ակադեմիական, որ կուլիսների հետևում, մասնաշենքում բոլորն անխտիր ողջագուրվում են, իսկ դրսում իրար... Մեր իրավիճակն այս է։ Հետո էլ թե` սա ի՞նչ մայր թատրոն։ Սունդուկյանը ակադեմիկական մահ է ապրում։ Ո՛չ, թատրոնը կա՛ ու կլինի՛, ավելի ճիշտ` հարատևելու է, ու շատերի կամքին հակառակ` անբաժան սերիալային ախպերությամբ։
Այն էլ ինչպիսի՜ ախպերությամբ։ Ախպերություն, որ գեղարվեստական ղեկավարին կարող է հանել, տեղը գլխավոր ռեժիսոր դնել` գործառույթները գրեթե չփոխելով։ Խոսքը ոչ թե բառախաղի, այլ մարդու մասին է։ Իսկ դու, ով մարդ, կգա ժամանակ, որ չես կարողանա հասկանալ, թե ով էր քեզ սիրում, հարգում ախպերավարի, և ով չգնահատում ախպերականով։
Ամեն դեպքում, հայերիս համար, դրսում թե ներսում, միևնույն է, ախպերությունից լավ բան չկա։ Կա՞, թե՞ չկա։
Չէ՛, ով ինչ ուզում է մտածի, օրեր են, կմթնեն, անց կկենան, և ով ինչ ուզում է ասի, ես ասել եմ ու էլի կասեմ` Հայաստանում ախպերության ճգնաժամ չկա՛, չի՛ եղել և չի կարող լինել, բայց ճգնաժամով պայմանավորված ախպերություն պետք է որ լինի, իսկ դրսում, դրսում ամեն ինչ այլ է։ Դրսի ախպերությունը մի ուրիշ բան է ու ամենքին չէ, որ տրվում է։ Իսկ մենք բացառություն ենք, և, որպես էլիտար ազգ, մեզ տրված է և՛ ախպերների ապերախտություն, և՛ ապերախտների ախպերություն։ Ճիշտ է և այն, որ դրանք սկսել են զուգահեռվել մեր անկախության առաջին իսկ օրից ու... ՈՒ մինչև հիմա ոչ ոք գլուխ չի հանել, թե որ ախպերությունն է ախպերականով ախպերություն և որը` ճշտով ապերախտություն։ Հենց այսպես էլ` գլուխ չհանած, գլխի և ոտքերի տեղերը խառնած, շարունակում ենք համբերել, հանդուրժել, համ էլ հետները ախպերություն անել։
Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 1128

Մեկնաբանություններ