Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

ՆՐԱ ԿԵՐՊԱՐՈՒՄ ՄԻԱՎՈՐՎԵԼ ԷԻՆ ՃՇՄԱՐԻՏ ԳԻՏՆԱԿԱՆՆ ՈՒ ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆԸ

ՆՐԱ ԿԵՐՊԱՐՈՒՄ ՄԻԱՎՈՐՎԵԼ ԷԻՆ ՃՇՄԱՐԻՏ ԳԻՏՆԱԿԱՆՆ ՈՒ ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆԸ
22.03.2011 | 00:00

Հավանաբար, ծագման արմատներն են պատճառ հանդիսացել, որ Ալբերտ Շարուրյանն իբրև գիտնական ընտրել էր հոգեհարազատ արևմտահայ գրականության ոլորտը և կեսդարյա աշխատանքային գործունեությամբ լավագույնս սպասավորել նրան: Ծնողները 1915-ի որբեր էին, Երևան գաղթած Վանա լճի հարավային կողմում գտնվող Նարեկ և Փայխներ հարակից գյուղերից, որոնք հայտնի էին ուխտավայր հանդիսացող, Մեծ եղերերգուի աճյունն ամփոփող հրաշալի Նարեկա վանական համալիրով ու վերին լեռնալանջին գտնվող Սուրբի ժայռափոր աղոթատեղի-ճգնարանով: Գուցե այս սրբավայրերից էին նաև փոխանցվել նրան այնքան բնորոշ բարությունն ու պարկեշտությունը: Շարուրյանն այն անձանցից էր, որոնց էության մեջ միմյանց են հանդիպում ճշմարիտ գիտնականն ու առաքինությունը։ Ցավոք, մեր ժամանակներում հաճախ չէ, որ տեղի են ունենում այդպիսի զուգորդություններ:
Ալբերտ Սրապիոնի Շարուրյանը 2011-ի մարտի 10-ին կդառնար 80 տարեկան…
Ալբերտ անունն ընտրել էր որբանոցում մեծացած և այնտեղ արհեստ սովորած նրա ատաղձագործ հայրը, որը համոզված էր դրա հայկական ծագման մեջ և կարծում էր, որ այդ անունը նշանակում է ալ (կարմիր) բերդ: Հազիվ տասը բոլորած որդին, դպրոցական ուսմանը զուգընթաց, սկսեց օգնել հորը փայտանյութերի տեղափոխման, նկուղային պայմաններում պատրաստված կահույքի վաճառքի և այլ հարցերում` ընտանիքի ապրուստը վաստակելու հրամայականից դրդված: Դպրոցականի համար հատկապես դժվար էին Երկրորդ աշխարհամարտի սովի տարիները, երբ հոր` ռազմաճակատում գտնվելու ընթացքում ընտանիքի հոգսն ընկել էր իր ուսերին: Այդ ծանր տարիները հիշելիս Շարուրյանի աչքերը կենդանի վերապրում էին այն ողբեգությունը, թե ինչպես փողոցում հացի պատառը փախցրած և հետապնդումից շնչակտուր փախչող հասակակից երեխան իր աչքի առաջ ճզմվել էր տրամվայի անիվների տակ:
Դպրոցում ուսման դժվարին տարիներին Ալբերտ Շարուրյանն արդեն ընտրեց իր սիրելի մասնագիտությունը և 1949-ին ընդունվեց Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի լեզվի և գրականության բաժին, այնուհետև` «Հայ նոր գրականության պատմություն» մասնագիտությամբ ուսանեց ասպիրանտուրայում: ՈՒսանողական տարիները, ինչպես հատկանշական էր իր սերնդակիցներից շատերին, ուղեկցվում էին անձնազոհ աշխատասիրությամբ, երբ ընկերներն ուսուցանվող նյութը կատարելապես յուրացնելու պահանջով և գիշերվա քունը հաղթահարելու նպատակով դանակով մատի վրա վերք էին բացում ու վրան աղ ցանում:
Բարձրագույն և ասպիրանտական ուսման միջև ընկած մի որոշ ժամանակահատված բանասերը նվիրեց լրագրողական աշխատանքին, իսկ արդեն 1962 թվականից մինչև վախճանը Շարուրյանն անցավ գրականագիտական և դասախոսական գործունեության` 1976-ի փետրվարից նույն համալսարանում զբաղեցնելով պրոֆեսորի պաշտոն:
Ընդգրկուն և արժեքավոր է Ալբերտ Շարուրյանի գրականագիտական ժառանգությունը, նա հեղինակ է մի շարք գրքերի ու բնագրագիտական աշխատությունների.
1963 թ. հրատարակվեց նրա «Սրբուհի Տյուսաբ. կյանքը և ստեղծագործությունը» գիրքը, որտեղ քննության են առնված հայ առաջին վիպասանուհու վեպերը, բանաստեղծական ու հրապարակախոսական ժառանգությունը, հասարակական-մանկավարժական գործունեությունը: Աշխատությունը հեղինակի թեկնածուական ատենախոսությունն էր, որը նա նվիրեց վաղամեռիկ սիրելի քրոջը` Լենային:
Ալբերտ Շարուրյանն իր առջև խնդիր դնելով Պետրոս Դուրյանի տաղերը օտար միջամտություններից մաքրելը, նրա գրական ժառանգության անհայտ էջերի և կենսագրական ու ստեղծագործական հետաքրքրություն ներկայացնող փաստերի բացահայտումը` հեղինակը հանդիսացավ մի շարք գիտական կարևոր գործերի: 1972-ին լույս տեսած «Պետրոս Դուրյան. կյանքը և գործը» գիրքը նրա դոկտորական թեզն էր, հեղինակի գրչին են պատկանում նաև բանաստեղծի մասին «Սկյուտարի Սոխակը» գիրքը, «Արշակ Չոպանյան, Պետրոս Դուրյանի կյանքն ու գործը», «Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու երկու հատորով», «Պետրոս Դուրյան, Երկեր» և «Պետրոս Դուրյանը վավերագրերում և ժամանակակիցների հիշողություններում» գրքերի բնագրագիտական աշխատանքները: Արժե նաև նշել, որ դուրյանագետը Դուրյանի դիմանկարի ստեղծման, կյանքին, գործունեությանը, միջավայրին, տարազին, մազերի հարդարմանը վերաբերող ստույգ տվյալների տրամադրման և այլ նախաձեռնությամբ գործնական մասնակցություն է ունեցել հայտնի սրտաբան, անատոմ-մարդաբան Անդրանիկ Ճաղարյանի` բանաստեղծի դիմաքանդակի վերականգնման աշխատանքներին, խմբագրել այդ մասին աշխատությունը:
Գրականագետն իր մոր` Հայկանուշ Շարուրյանի հիշատակին է նվիրել «Միսաք Մեծարենց» մենագրությունը, որտեղ նորահայտ փաստերի հիման վրա ուրվագծում է հայ մեծ բանաստեղծի կյանքի ուղին, բնութագրում նրա գրական ժառանգությունը: Շարուրյանի աշխատասիրությամբ են լույս ընծայվել նաև Միսաք Մեծարենցի երկերի լիակատար ժողովածուն, «Միսաք Մեծարենց, Երկեր» և «Միսաք Մեծարենցը և Դանիել Վարուժանը ժամանակակիցների հուշերում» ժողովածուները:
Ալբերտ Շարուրյանի «Դանիել Վարուժան. կյանքի և ստեղծագործության տարեգրություն» գրքում ներկայացվում են սիրված բանաստեղծի կենսագրական և ստեղծագործական նշանակության բազմաթիվ նորահայտ փաստեր: Բանասերն է նաև խմբագրել ու գործուն մասնակցություն բերել Վարուժանի երկերի լիակատար ժողովածուի եռահատորյակի հրատարակությանը։
Սանկտ Պետերբուրգում լույս տեսած «Նոր ժամանակների հայ գրողներ» աշխատությամբ գրականագետը, Մ. Ջանփոլադյանի աշխատակցությամբ, այս անգամ արդեն ռուս ընթեցողին է ներկայացնում արևմտահայ գրողներին ու նրանց թարգմանված ստեղծագործությունները:
Ալբերտ Շարուրյանի գործունեության վերջին հանգրվանը Գրիգոր Զոհրապն էր:
1996 թ. ի հիշատակ Գրիգոր և Քլարա Զոհրապի, Հայց. եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևելյան թեմի «Տոլորէս Զոհրապ Լիպմըն» հիմնադրամի մեկենասությամբ և երջանկահիշատակ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինի հայրական քաջալերությամբ հրատարակվում է Շարուրյանի` «Գրիգոր Զոհրապի կյանքի և գործունեության տարեգրություն» գիտահետազոտական ստվարածավալ աշխատությունը:
Վեհափառին դեռևս Անթիլիասի Մայրավանքից էին ծանոթ նրա գրականագիտական աշխատությունները, իսկ 1995-ին Էջմիածնում նա կարողացավ ծանոթանալ նաև անձնապես: Շարուրյանը պատմում էր Վեհարանում առաջին ընդունելության ժամանակ կայացած այսպիսի մի երկխոսության մասին։ Վեհափառը հարցրել էր, արդյոք նա այդ օրն այցելե՞լ էր Մայր Տաճար, և ստանալով դրական պատասխան, այս անգամ էլ հետաքրքրվել` աղոթք արե՞լ է, թե՞ ոչ: Շարուրյանը պատասխանել էր. «Վեհափառ, աղոթք ասել չգիտեմ, բայց Տեր Աստծուն խնդրեցի, որ սկզբում երեխաներիս ու թոռներիս առաջնորդի, նեղության մեջ գտնվողներին հասնի, ու հետո, ամենավերջում, եթե կամենա` ինձ»: «Դա ամենաճիշտ աղոթքն է»,- ասել էր լուսահոգին: Նորին սրբության մերձակայքում գտնվողներն ասում էին, որ մեծ գրասերն ու գրքասերը մեկ անգամ չէր, որ առանձնահատուկ գնահատանքի էր արժանացնում Շարուրյան գրականագետին ու մտավորականին, հանդիպումների ընթացքում առանձնակի ջերմությամբ գրկախառնվում նրա հետ:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տպարանում է լույս տեսնում «Գրիգոր Զոհրապ, Էջեր ուղևորի մը օրագրեն» գիրքը: 1994 թվականին Ալբերտ Շարուրյանի «Գրիգոր Զոհրապի կյանքի և գրական ժառանգության էջերից» մենագրությունն արժանանում է Համազգայինի մրցանակին և 2000 թ. տպագրվում Բեյրութում: 2001-2004 թթ. զոհրապագետի աշխատասիրության շնորհիվ տպագրվում է Գրիգոր Զոհրապի երկերի ժողովածուն, որի մասին բանաստեղծ, գրականագետ, հարգելի մտավորական Սարգիս Կիրակոսյանը «Ազդակ»-ի էջերում գրում է. «Դարասկիզբին լոյս աշխարհ եկած Գրիգոր Զոհրապի շուրջ 3500 էջ հաշուող իրարայաջորդ վեց հատորները… բառին ամբողջական առումով տօն է եւ տօնահանդես…, որ կը ներկայացնէ շատ քիչ կամ հազիւ ծանօթ միւս Գրիգոր Զօհրապը, այսինքն՝ ազգային եւ պետական գործիչը, հրապարակագիրը, մտաւորականը, գրականագէտը եւ նամակներու ջերմ մտերմութեան ընդմէջէն վեր բարձրացող Գրիգոր Զօհրապ ամուսինին, հօր, ազնիւ մարդուն եւ անշահախնդիր բարեկամին ոսկի կերպարը։ Մէկ խօսքով՝ Գրիգոր Զօհրապի ամբողջական դէմքն ու վաստակը»։
Շարուրյանի հաջորդ և վերջին աշխատությունը` «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի միջոցներով 2006 թ. լույս տեսած «Գրիգոր Զոհրապը ժամանակակիցների հուշերում և վկայություններում» ժողովածուն է:
Շարուրյանը ղեկավարել է թեկնածուական թեզեր, եղել է ավելի քան երեք տասնյակ թեկնածուական և դոկտորական թեզերի պաշտոնական ընդդիմախոս։
Ալբերտ Շարուրյանը հեղինակ է նաև այլ աշխատությունների, թարգմանությունների, հանրապետության և արտերկրի գիտական ու գրական պարբերականներում հրատարակել է ավելի քան 200 հոդված։ Նա համագործակցում էր առանց բացառության աշխարհասփյուռ բոլոր ազգային, մշակութային, հոգևոր հաստատությունների հետ, իսկ ազգային գրադարանը, արխիվն ու Մատենադարանը իրավամբ կարելի էր նրա երկրորդ տունը համարել:
«Լուսավոր մարդը Երևանից» խորագիրն է կրում հայտնի լրագրող, հրապարակախոս Սերգեյ Բաբլումյանի վերջերս Մոսկվայում հրատարակված Հայաստանի մասին «Հեռու և մոտ» գրքի` Շարուրյանի մասին հոդվածը, որտեղ նա գրում է. «Ալբերտ Շարուրյանը, լինելով Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր և հայ գրականության գիտակ, հիշվում է նաև մի բանով, առանց որի էլ կարող են լինել թե ցանկացած գիտությունների դոկտոր կամ պրոֆեսոր, և թե որքան ուզես` դասավանդել համալսարաններում: Ալբերտ Շարուրյանը հիշվում է իր առաքինությամբ: Քիչ էր մնում ասեի` գերագույն առաքինությամբ, բայց… առաքինությունը միջակություն չի ընդունում: Այն կամ կա, կամ չկա: Այսպիսին է եթերաթափանց, համարյա անորսալի այդ առաքինություն-երևույթի բնույթը: …Անցյալ դարի իննսունականների սկիզբը առանձնահատուկ էր նաև այն բանով, որ պրոֆեսորների հետ կարելի էր ծանոթանալ հացի հերթերում, որտեղ բոլորը հավասար են, բայց ոչ նման միմյանց: Զարմանալիորեն Վիլյամ Սարոյան հիշեցնող Շարուրյանի արտասովոր մարդ լինելն արտահայտվում էր նաև այստեղ, ուր հանապազօրյա հացի համար հավաքի այս սահմանափակ միջավայրում, ասես ոչնչից ու հանկարծ, ստեղծվում էր մեկմեկու զիջելու, միմյանց փոխադարձ հասկանալու բարեկամոք մթնոլորտ: Սկզբում կարծում էի, որ պատճառը միայն այդ թաղամասում Շարուրյանին ճանաչելուց էր. Հանրապետության և Թումանյան փողոցների խաչմերուկում մեկ տասնամյակ չէ, որ ապրել էր նա, ուր նրան իրոք բոլորը գիտեին: Բայց արի ու տես, որ հացի չափաբաժնի հետևից ընկնելով հանդերձ, մենք բոլորս էինք հաճախ անցնում թաղամաս հասկացության ու հերթում մեզ հասանելիք տարածքների սահմանագծերից անդին: …Երևի պատճառն այն է, որ առաքինությունն ինքնաբուխ է, հարատև… և ցկյանս…»:
Շարուրյանն այնպիսի մարդ էր, որ առանձնապես պահանջներ և հավակնություններ չուներ հօգուտ սեփական անձի և ապրում էր համեստ պայմաններում: Նա իր ուրույն արժեքային համակարգն ուներ և անտարբեր էր ինչ-որ պաշտոն զբաղեցնելու, վերջին շրջանում նաև ակադեմիկոս դառնալու առաջարկների նկատմամբ: Փոխարենը, ասես իր ներսից հորդող անտեսանելի ճառագայթներով, լուսավորում և իմաստավորում էր շրջապատի մարդկանց կյանքը` այդպիսով սեպվում նրանց հիշողության մեջ: Կարելի էր ժամերով վայելել նրա զրույցները, որովհետև դրանք կյանքը ճիշտ ապրած մարդու ազնվագույն խրատներ էին: …Զավակները հաճախ էին ծանոթ և անծանոթ մարդկանցից լսում. «Ձեր հայրը սուրբ մարդ է»:
Շարուրյանն այն սակավաթիվ մտավորականներից էր, ում դասախոսություններն ունկնդրելու էին գալիս նաև այլ մասնագիտությունների կամ կրթօջախների ուսանողներ, քանի որ այդ ընթացքում նրանք ստանում էին ոչ միայն գիտական տեղեկությունների ներհոսք, այլև ջերմություն և սեր:
Շարուրյանի աճյունի մոտ շատ էին շրջապատից արցունքները թաքցնել ջանացող հին ու նոր ուսանողները։ Նրա ուսանողը լինելու բախտ է ունեցել նաև այս տողերի հեղինակը, ով իր պարտքն է համարել նաև Շարուրյանի ընտանիքից ստացված հավելյալ տեղեկությունների և լուսանկարների օգնությամբ ձեռնամուխ լինել սույն հոդվածի ստեղծմանը:
Ինչ-որ նախախնամությամբ Շարուրյանն իր կյանքի ընթացքում` դասընկերոջ, համակուրսեցու, գործընկերոջ, պարզապես ընկերոջ, ուսանողի կամ էլ այլ կարգավիճակով հանդիպել և շփվել է բոլորիս շատ լավ հայտնի անձանց հետ, որոնք իրենց հետքն են թողել և թողնում ազգային մշակույթի, գիտության բնագավառներում, մասնակցում մեր գրվող պատմությանը: Նրանց անունները, թերևս, չարժե այստեղ թվարկել, բայց ես հավատում եմ, որ Ալբերտ Շարուրյանն իր լուսավորությունից ամեն մեկին լույսի մեկական, թեկուզ և փոքր բաժին է կարողացել բաժանել, ինչի շնորհիվ այդ մարդկանց գործերը դարձել են ավելի բարի կամ էլ` պակաս չար:
Շարուրյանը երջանիկ մարդ էր. նա փառք էր տալիս Աստծուն, որ ունի լավ ընտանիք` երեխաներ ու թոռներ, և սիրելի աշխատանք: «Մարդուն երջանիկ լինելու համար այս երկուսն են պետք»,- ասում էր նա: Միակ բանը, որ ցանկանում էր և այդպես էլ չիրականացավ` իր բոլոր թոռներին միաժամանակ հանդիպելն էր, ինչն անհնարին էր դառնում ավագ դստեր` արտերկրում բնակվելու պատճառով:
Ալբերտ Շարուրյանը վախճանվեց 2007-ի հունվարի 22-ին` Երևանի հիվանդանոցներից մեկում` հետվիրահատական շրջանում չորս օր շարունակ սարքավորումներով կյանքը հարկադիր երկարացնելուց հետո: Բժիշկները զարմացել էին նրա օրգանիզմի այդչափ բարձր դիմադրողականության վրա: «Շատ է ուզում ապրել»,- ասել էր նրանցից մեկը: Այո, նա շատ էր ուզում ապրել, բայց ոչ այն պատճառով, որ մահից շատ էր վախենում, նա այդ մասին արտահայտվել էր: Պարզապես ուզում էր ապրելով իրականանալի դարձնել իր մի զավակի ընտանիքի արդեն նախապատրաստված հեռավոր այցելությունը մյուսին:
Հավանաբար մի օր կիրականանա Շարուրյանի երազանքը նաև բնական եղանակով, և երբ նրա բոլոր թոռներին ու ծոռներին մի գեղեցիկ օր կհաջողվի իրար գլուխ հավաքվել, նա արդեն երկնքից այցի կգա նրանց:
Արամ ԵԼԱՀՅԱՆ

Դիտվել է՝ 2451

Մեկնաբանություններ