ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

ԳՈՒՑԵ ՄԵԶ ՀՈՒԶՈՂ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՂԱՆԱԿԸ ԼՈՒՌ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱ՞ՆՔՆ Է

ԳՈՒՑԵ ՄԵԶ ՀՈՒԶՈՂ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՂԱՆԱԿԸ ԼՈՒՌ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱ՞ՆՔՆ Է
01.07.2011 | 00:00

Տարիներ առաջ, երբ հայկական տուրիստական մեր խմբին արտերկրում ուղեկցում էր նաև վրացականը, նրանցից մի քանիսն առաջին իսկ օրից մտերմության նշաններ ցույց տվեցին: Իսկ մեկն ասաց, որ անմիջապես, հենց քայլվածքից է գլխի ընկել մեր հայ լինելը, քանի որ Թբիլիսիում դեռ մանկությունից մոտ է մեր ազգակիցների հետ և քաջածանոթ է մեր ժողովրդին: Նա առանձնակի հարգանքով էր վերաբերվում հայությանը և հպարտանում, որ հարյուրամյակների ընթացքում երկու ժողովուրդներին շատ բան է միավորել, և այնքան շատ է եղել ընդհանուրը, որ երբեմն միմյանց զատորոշող սահմանն է իսպառ վերացել:
Բայց հարևան խմբում կային նաև մարդիկ, ովքեր, ի տարբերություն առաջինների, մի տեսակ շեշտված սառը վերաբերմունքի էին արժանացնում հայերիս, և երբ հետս արդեն մտերմացած վրացուց փորձեցի հասկանալ պատճառը, նա բազմանշանակ ասաց. «Երբ երկու ժողովուրդ գտնվում է հզորագույն հակադիր բևեռների ազդեցության սահմանին, միշտ էլ կլինեն այնպիսիք, ովքեր կփորձեն փչացնել հարաբերությունները, բաժանել միմյանց ու չինական պարիսպ կառուցել երկու կողմերի միջև»: Եվ իսկապես, այս մտքի հետ անհնար է չհամաձայնել, բայց կարելի է նաև լրացնել, որ մեր հարևան երկրում ժողովուրդներիս միջև միայն պարիսպ կառուցելու նախաձեռնությամբ չեն սահմանափակվում, այլև մտադրված են նախքան պարսպի վեր խոյացումը հնարավորինս հարուստ ավար տեղափոխել իրենց կողմը: Խոսքն առաջին հերթին Բագրատունյաց ծագմամբ Վրաստանի թագավորների և թագուհիների իշխանության շրջանում հայ ազնվականների կառուցած եկեղեցական ժառանգության մասին է: Նույն Բագրատունիներից, որոնց թագավորությամբ է պայմանավորված վրաց ժողովրդի ոսկեդարը, ևս փորձ է արվում վերացնել հայկական հետքը, անտեսելով դեռևս մ.թ.ա. վեցերորդ դարում Հրաչյա թագավորի կողմից այդ ազնվական տոհմի Հայաստան տեղափոխման Պատմահոր սկզբնային վկայությունը:
Փորձենք հասկանալ, թե երկու քրիստոնյա ժողովուրդների հարաբերությունների առումով մեզ մոտ ինչ է տեղի ունենում, և կա՞ն արդյոք այնպիսի անհարկի տրամադրություններ, որոնք կարող են ոչ միայն չնպաստել առկա խնդիրների լուծմանը, այլև ավելի բարդացնել իրավիճակը: Իսկ դա որքանով որ չի բխի մեր հարևանի շահերից, շատ ավելի վտանգավոր կլինի մի երկրի համար, որն ունի լրջագույն չլուծված խնդիրներ իր երկու այլ հարևանների հետ: Այս կապակցությամբ արժե մտորել. արդյո՞ք Վրաստանում հայկական ոչ բարվոք եկեղեցիների հարցը շարունակ բարձրաձայնելը միայն սեփական հավատքի ու մշակույթի հանդեպ սրտացավությունից է բխում. այդ դեպքում ինչո՞ւ մեզ չի հուզում հրաշալի Գոշավանք համալիրի և մեր երկրում քանդվող կամ կիսաքանդ հարյուրավոր այլ սրբավայրերի ճակատագիրը: Արդյո՞ք այդ երկրի հայության շրջաններում հայոց լեզվի պահպանման պահանջատիրությունը միայն ազգակիցներիս սեփական արմատներից հեռանալու մտավախության հետևանք է. իսկ այդ պարագայում ինչու այդպիսի պահանջով հանդես եկող անձինք որևէ անգամ մատնացույց չեն անում խեղված հայերենով գալիք սերնդին ապազգայնացնող մեր շատ հեռուստահաղորդումները, հետխորհրդային խնդրահարույց կրթական ոլորտը կամ աղաղակող ներքին այլ երևույթներ: Մանավանդ, երբ եղած խնդիրները պահանջի տեսքով ներկայացնելը կարծես թե մինչ օրս դրական տեղաշարժերի էլ չի հանգեցնում, «թասիբի գցում», առաջացնում հակաազդեցություն: Գուցե մեզ հուզող հարցերի լուծման լավագույն եղանակը կարող է լուռ համագործակցությունն ու աշխատա՞նքը հանդիսանալ:
Անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոսի հովվապետական այցին Վրաստան, կարծում եմ, որ այն կայացած էր և իսկապես պատմական: Հայոց եկեղեցու առաջնորդն արժանացավ վրաց իշխանությունների և եկեղեցու նվիրապետության բարձրագույն ուշադրությանն ու հարգանքին, շրջեց բոլոր հայաբնակ շրջաններով, իսկ ռուսական կայսրության շրջանից հետո առաջին անգամ` նաև Ջավախքում, ինչը մեծ ոգևորություն ստեղծեց հայության շարքերում: Վրաց հովվապետն էլ այդ բոլոր օրերին եղավ մեր կողքին: Ցավոք, մինչ այժմ դրական արձագանքներն այս իրադարձության նկատմամբ այնքան հաճախ չեն հնչում, որքան այսպիսի կարծիքների դեմ քննադատությունը: Տարեսկզբին ևս, երբ Վրաստանի ղեկավարը Սուրբ ծննդյան օրերին այցելեց հայկական եկեղեցի, մասնակցեց սուրբ պատարագին ու շնորհավորեց մեր ժողովրդին, իսկ Իլյա Երկրորդ պատրիարքն էլ հատուկ ջերմությամբ, բարի խոսքերով ու նվերներով ընդունեց հայոց պատվիրակությանը, մամուլում նույնիսկ անդրադարձ եղավ, թե մեր գլխի տակ «փափուկ բարձ են դնում»: Մինչդեռ բոլորս գիտենք, որ առանց ձեռք մեկնելու և բարիդրացիական շփումների երկխոսություն, առաջընթաց ու համակեցություն չեն կարող տեղի ունենալ։ Այդ դեպքում ո՞րն է մեր ուզածը:
Արժե խորհել նաև, թե այսպիսի դրսևորումներում իր ազդեցությունից զե՞րծ է արդյոք հայերիս դեմ գնալու հատկանշական բնավորության գիծը, ինչը նկատել են ոչ միայն մեր հայրենակիցները: Օրինակ, Իսրայելի ներկայիս պետության հայր համարվող Թեոդոր Հերցլը նախանցյալ դարի վերջին հայ ազգայինների հետ հանդիպումից հետո իր հուշերում գրել է, որ եթե հրեաների քաղաքականության հիմքում հրեամետ մոտեցումն է, հանուն որի իրենց նպատակին հասնելու համար նրանք պատրաստ են համագործակցելու բոլոր պետությունների հետ, ապա հայերն ունեն ոչ թե հայամետ, այլ հակաթուրքական դիրքորոշում: Տեսակետ կա, որ հակադրվելու, ընդդեմ գործելու հատկանիշը ձեռք է բերվել մշտապես հզոր տերությունների խաչմերուկում մեր երկրի գտնվելու հետևանքով, երբ այն ու նրա բնակչությունը շարունակ օգտագործվել են որպես բախարգելիչ գործոն: Չնայած կարծիքներ էլ կան, որ մեր բնատուր այս «հակահատկանիշի» շնորհիվ ենք ստանձնում այդպիսի դերակատարություն:
...Համբերատար ու լավատես լինենք երկու ժողովուրդների հարաբերություններում առկա, համոզված եմ, ոչ բարդագույն կամ անլուծելի խնդիրների հաղթահարման հարցում, և որ ամենակարևորն է, բոլոր դեպքերում լինենք նաև իրատես:
Աշոտ ՎԱՎՅԱՆ

Դիտվել է՝ 1679

Մեկնաբանություններ