Օրերս Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) հանդես եկավ տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտները կարգավորող առանձին պետական կառավարման մարմնի՝ նախարարության ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ։
Դիմելով հանրապետության նախագահին և նորընտիր Ազգային ժողովին՝ ԻՏՁՄ-ն իր հայտարարության մեջ մասնավորապես նշում է. «Ելնելով տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (բարձր տեխնոլոգիաների) ոլորտի զարգացման, տեղեկատվական հասարակության կայացման առկա նախադրյալներից, Հայաստանում բարձր տեխնոլոգիաների և գիտելիքի վրա հիմնված տնտեսության ձևավորման կարևորությունից, հաշվի առնելով տարածաշրջանի այլ երկրների կողմից այս ոլորտում վարվող արմատական քաղաքականությունը, կարևորելով Հայաստանի մրցակցային առավելությունները պահպանելու և զարգացնելու անհրաժեշտությունը՝ գտնում ենք, որ խիստ անհրաժեշտ է ստեղծել ոլորտի պետական կառավարման կենտրոնացված մարմին՝ նախարարություն։ Նախարարությունը կհամակարգի Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների, նորարարության ներդրման և զարգացման, տնտեսության բոլոր բնագավառներում դրանց արդյունքների ներդրման, էլեկտրոնային կառավարման և տեղեկատվական հասարակության ձևավորման գործընթացները, պատասխանատու կլինի ոլորտի պետական քաղաքականության մշակման ու իրականացման համար:
Ոլորտի կառավարման նման մոդելներ ներդրվել և հաջողությամբ կիրառվում են աշխարհի բազմաթիվ զարգացող և զարգացած երկրներում՝ Ավստրիայում, Չեխիայում, Դանիայում, Գերմանիայում, Մալթայում, Պորտուգալիայում, Սերբիայում, Բելառուսում, Ղազախստանում, Ռուսաստանում, Մոլդովայում, Ռումինիայում, Լեհաստանում, Բուլղարիայում, Սլովենիայում, Մալայզիայում, Եգիպտոսում և այլուր:
Նախարարության առկայությունը հնարավորություն կտա խուսափելու ոլորտի զարգացմանը խոչընդոտող բազմաթիվ հանգամանքներից, ինչպիսիք են ոլորտի միասնականության խաթարումը՝ տարբեր պետական մարմինների միջև բաժանվածությամբ, գործառույթների հաճախակի կրկնությունները, իրար միջև բաժանելու անկարողությունը, միասնական համակարգման գրեթե բացակայությունը և այլն: Արդյունքում ոլորտի կառավարմանը, զարգացմանն ուղղված ջանքերը հիմնականում ձևական բնույթ են կրում»։
Ըստ ԻՏՁՄ-ի՝ ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կնպաստի պետական կառավարման, պաշտպանության, կրթության, առողջապահության, անվտանգության, ինչպես նաև տնտեսության այլ բնագավառներում տեխնոլոգիական առաջնահերթությունների բացահայտմանը, իսկ միասնական և հետևողական կառավարումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ:
Տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտները կառավարող պետական կառավարման մարմինը կհամակարգի տնտեսության արդիականացման գործընթացը, ինչը թույլ կտա նաև իրապես ապահովել երկրի միջազգային վարկը՝ որպես տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաները երկրի տնտեսության զարգացման առաջնահերթություն հռչակած պետության։ Հնարավորություն կստեղծվի ձևավորելու զարգացած տեխնոլոգիական ոլորտ՝ բարձր հավելյալ արժեք ստեղծող հետազոտական և բարդ ինժեներական լուծումներ առաջարկող ու ծառայություններ մատուցող ընկերություններով, միջազգային շուկաներում մրցունակ արտադրանքով։ Կմշակվեն և կիրականացվեն ոլորտի զարգացմանն ուղղված նպատակային ծրագրեր, զարկ կտրվի էլեկտրոնային հասարակության և կառավարման զարգացմանը, կընդլայնվի պետության կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունների շրջանակը՝ ապահովելով դրանց լիարժեք հասանելիությունը, խրախուսելով կիրառումը և այլն։
Հայտարարության հեղինակները նշում են, որ պետական կառավարման նման մարմնի ստեղծմամբ չի առաջանում էական ծախսերի անհրաժեշտություն, քանզի այն չի ենթադրում մեծ աշխատակազմի ստեղծում, իսկ ներկայիս տարբեր պետական մարմիններում նշված ուղղություններով զբաղվող և հաճախ գործառույթներով իրար կրկնող ստորաբաժանումներում ներգրավված են մի քանի անգամ ավելի շատ մարդկային ռեսուրսներ: Նախարարության ստեղծումը կնպաստի որոշակի ռեսուրսների խնայողությանը` ի հաշիվ անարդյունավետ կառավարման մեխանիզմների վերացման, գործառութային կրկնությունների բացառման, իրականացվող ծրագրերի համակարգվածության, առկա ռեսուրսների կենտրոնացված կառավարման, չհաշված ոլորտի զարգացման արդյունքում եկամտաբերության և հարկային մուտքերի ավելացումը:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ