ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԼՈԲԱԼ ԾՐԱԳՐԵՐԻՑ ՉԵՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԼՈԲԱԼ ԾՐԱԳՐԵՐԻՑ ՉԵՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ
13.11.2009 | 00:00

Օրերս «բյուջետային» ասուլիսների շարքը համալրեց առողջապահության նախարար ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՔՈՒՇԿՅԱՆԸ։ Կարևորն այն չէր, որ 2010-ի պետբյուջեն (55,3 մլրդ դրամ) այս տարվա համեմատ կրճատվել է 600 մլն դրամով, որը էական կրճատում չհամարվեց, քանի որ այն պայմանավորված է 2010-ի ՀԲ-ի վարկային ծրագրերի միջոցների նվազմամբ, այլ այն, որ ոլորտի ռազմավարական նշանակության ծրագրերը գլոբալ ճգնաժամի պատճառով «հեռավոր դարակում չեն փակվում»։
«Առաջնային բուժօգնության ոլորտը համարվում է գերակա, ուստի հատկացումների 38 տոկոսը` 21,1 մլրդ դրամը, ուղղվելու է ամբուլատոր պոլիկլինիկական ծառայությանը։ Ընդհանուր առմամբ, մեկ շնչի հաշվարկով հատկացումները կազմում են 17100 դրամ։ Հատուկ ուշադրություն է դարձվելու մարզային, գյուղական վայրերում առաջնային առողջության պահպանման գործընթացներին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարարը։
Հարկ է նշել, որ մարզային բուժօգնության առաջնային ծառայության զարգացման քաղաքականությունը տարբեր ժամանակներում պարբերաբար կարևորվել է, սակայն փաստ է, որ գործնական աշխատանքներն սկսվեցին 2007-ի վերջերից, երբ ավարտվեցին այդ ուղղությամբ տեղերում կատարված ուսումնասիրությունները։ Նախարարը վստահեցրեց, որ 2009-ի դեկտեմբերի վերջերին և 2010-ի ընթացքում շահագործման կհանձնվեն ամբողջությամբ վերանորոգված Իջևանի, Հրազդանի, Արմավիրի, Ապարանի, Գորիսի բժշկական կենտրոնները, իսկ 2010-ին կսկսվի Գյումրու բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցումը։ Ինչ խոսք, որ բուժօգնության մակարդակի բարձրացման հարցում կարևորվում են նաև բուժաշխատողների աշխատավարձերի, սոցիալական խնդիրները։ Ճիշտ է, 2010-ին աշխատավարձերի բարձրացում, ցավոք, տեղի չի ունենա, բայց այն, որ ճգնաժամի պայմաններում չի էլ նվազի, կարծում ենք, վատ չէ։
Ինչ վերաբերում է պետպատվերի շրջանակներում իրականացվող բուժօգնությանը, առողջապահության նախարարը վստահեցրեց, որ այս ոլորտում կրճատում ևս չի նախատեսվում։ Կարծում ենք` այս համատեքստում շատ կարևոր է համավճարների համակարգի ներդրման հարցը, որը հատկապես ֆինանսական ճգնաժամի պայմաններում կթեթևացնի բյուջեի բեռը, և ֆինանսավորումն ավելի հասցեական կդարձնի։ Բնականաբար, այս հարցը չէր կարող դուրս մնալ լրագրողների տեսադաշտից։ «Քանի որ մտադիր ենք համակարգը ներդնել 2010-ին, այս պահին ընթանում են աշխատանքային քննարկումներ, սեմինարներ։ Անելիքներն այս ուղղությամբ շատ են, և համակարգի ներդրման մասին միայն հայտարարություններ անելը բավարար չէ։ Պետք է լուրջ աշխատանք իրականացնել կլինիկաների ղեկավարների, բուժանձնակազմի հետ, հստակեցնել բոլոր հարցերը, նոր միայն հասարակությանը ներկայացնել այն։ Երբ համակարգը պատրաստ կլինի, մենք այդ մասին կիրազեկենք հանրությանը»,- ընդգծեց նախարարը։
Այլ կերպ ասած, առողջապահության նախարարը նախընտրում է խոսել գործից։ Իսկապես, ո՞ւմ է պետք մի համակարգ, որը դրական ազդեցություն խոստանա սոսկ թղթի վրա։ Ամեն դեպքում, այս պահին հստակ է մեկ բան։ «Սոցիալապես անապահով բոլոր խմբերն ազատված են լինելու համավճարից»,- վստահեցրեց Հարություն Քուշկյանը։ Ըստ նախարարի` մոռացության չի մատնվել նաև շտապ օգնության արդիականացման ծրագիրը, ինչն առաջնային բուժօգնության հարցում ռազմավարական կարևոր նշանակություն ունի։ «Ճգնաժամի հետևանքով ծրագրի իրականացումը որոշ չափով դանդաղեց, սակայն պարտադիր իրականացնելու ենք այն։ Հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից որակյալ բուժծառայություն` առանց առաջնային բուժօգնության բարձր մակարդակի։ Ծրագիրը կյանքի կոչելու համար դիմել ենք ՀԲ-ին։ Եթե չկարողանանք ծրագիրն իրականացնել բյուջեի ֆինանսավորմամբ, կփորձենք ՀԲ-ի ծրագրերի մեջ ընդգրկվել։ Հույս ունեմ, որ ծրագրի իրականացումը կսկսենք 2010-ից»,- նշեց առողջապահության նախարարը։ Բարեփոխման այս ծրագիրն արժանացել է միջազգային համապատասխան կառույցների բարձր գնահատականին։ Ըստ մասնագետների` ծրագիրն անտեսված չի եղել նաև 2009-ին և, չնայած ճգնաժամին, իրականացվել են որոշ մասնագետների ուսուցման վերապատրաստման աշխատանքներ։
Ինչևէ, այն, որ առողջապահության 2010-ի բյուջեն մեծ չէ, փաստ է, և թե ծրագրերի քանի տոկոսը տարեվերջին կիրականացվի, դժվար է կանխատեսել, քանի որ անհնար է կռահել նաև գլոբալ ճգնաժամի հետագա ազդեցությունն ընդհանուր տնտեսության և բյուջեի մուտքերի կատարողականի վրա։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1924

Մեկնաբանություններ