«Եվրասիա» համագործակցության հիմնադրամի հրավերով օրերս Երևանում էին թուրք փորձագետներ, Բոսֆորի համալսարանի դասախոս ԲԵՀԼՈՒԼ ՕԶՔԱՆՆ ու սոցիոլոգ, քաղաքագիտության դոկտոր, Իզմիրի համալսարանի դասախոս ԶԱՖԵՐ ՅՈՐՈՒՔԸ։ Թուրքերի հետ անմիջական շփումներ գրեթե չկան, ուստի հետաքրքիր էր լսել թուրք փորձագետների և հարևան հասարակության կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների, Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականության, Հայոց ցեղասպանության ճանաչման և այլ հարցերի վերաբերյալ։
Բոսֆորի համալսարանի դասախոս Բեհլուլ Օզքանը, ով երկրորդ անգամ է մեր երկրում, խոսելով Հայաստանից իր տպավորությունների մասին, մասնավորապես նշեց. «Մշակութային առումով հայերի, հույների և թուրքերի միջև առանձնապես մեծ տարբերություններ չեմ տեսնում։ Երբ թուրքերին համեմատում եմ Ադրբեջանում ապրող ադրբեջանցիների հետ, հնարավոր է՝ հայերն ավելի մոտ լինեն թուրքերին, քանի որ շատ երկար դարեր ապրել ենք կողք կողքի, շատ ընդհանուր կողմեր ունենք։ Այո՛, գալիս եմ Հայաստան և ինձ օտար երկրում չեմ զգում»։ Ինչ վերաբերում է թուրք հասարակությանը, փորձագետը տեղեկացրեց, որ շարքային թուրքերն այսօր քաղաքականությամբ և պատմությամբ չեն հետաքրքրվում, Թուրքիայում շատերն անգամ Հայաստանի տեղը չգիտեն, հայերին էլ հաճախ շփոթում են հրեաների հետ։ Ըստ նրա, հասարակության մեջ հայերի նկատմամբ որևէ հստակ ատելություն չկա։
Անդրադառնալով հարևան երկրում խոսքի ազատության մակարդակին՝ Զաֆեր Յորուքը նշեց, որ թուրքական մամուլը շատ զարգացած է, կան մեծաթիվ թերթեր, հեռուստաընկերություններ, ռադիոկայաններ, ինտերնետային կայքեր։ Գործում է ռադիոն և հեռուստատեսությունը վերահսկող համապատասխան հանձնաժողով, որը, սակայն, հետևում է միայն, որպեսզի սեռական բնույթի տեսարաններ եթեր չսողոսկեն։ Քրեական օրենսգրքում խոսքի ազատությունը սահմանափակող ամենահայտնի հոդվածը 301-րդ հոդվածն է (այն անօրինական է համարում Թուրքիայի, թուրք ազգության կամ թուրքական կառավարական կառույցների վարկաբեկումը- Լ. Գ.), որով նաև Հրանտ Դինքը, Օրհան Փամուկն են պատժվել։ Սակայն, ըստ թուրք փորձագետների, Թուրքիայում խոսքի ազատությունը սահմանափակող օրենքները հիմնականում քրդական հարցին են վերաբերում։ Բեհլուլ Օզքանը նշեց նաև, որ Թուրքիայում այնքան շատ տպագիր ու էլեկտրոնային լրատվամիջոցներ կան, որ երբ մի կարևոր բան էլ ասվում է, կորչում-գնում է։ Նա մի համեմատություն կատարեց. «Ժամանակին Խորհրդային Միությունում մամուլի ազատություն չկար, ԱՄՆ-ում կար. ԽՍՀՄ-ում ոչ ոք չէր կարողանում գրել, իսկ ԱՄՆ-ում գրում էին, ոչ ոք չէր ընթերցում։ Արդյունքն ի վերջո նույնն էր։ Այս առումով Թուրքիան նման է Միացյալ Նահանգներին»։ Այսուհանդերձ, նրանց տեղեկացմամբ, փակված թերթերի քանակով Թուրքիան աշխարհում առաջիններից մեկն է։
Ժամանակակից Թուրքիայում ի՞նչ դեր ունի պանթուրքիզմը։ «Պանթուրքիզմը Թուրքիայում երբեք ազդեցիկ գաղափարախոսություն չի եղել։ Պանթուրքիզմը մի քանի հոգու երևակայության արդյունքն է։ Մինչև 1920-ական թվականները պանթուրքիզմի հաղթանակի մասին խոսելն անհնար էր, քանի որ Ռուսաստանն այդ ժամանակ շատ ուժեղ էր։ 1923-ից հետո էլ այն օրակարգ չի մտել, քանի որ թուրքական հանրապետության առաջնային նպատակը սեփական սահմանները պաշտպանելն էր։ Այսօր ընդհանրապես պանթուրքիզմը տեղ չունի։ Ես Թուրքիայում չգիտեմ այդ գաղափարախոսությանը հարող որևէ լուրջ քաղաքական գործչի։ Չգիտեմ՝ Գերմանիայում այսօր նեոնացիստներն ինչ դեր ունեն, Թուրքիայում պանթուրքիզմը բոլորովին էլ ազդեցիկ չէ»,- ասաց Բեհլուլ Օզքանը։
Ղարաբաղյան հարցի մասին խոսելիս թուրք փորձագետ Օզքանը նշեց, որ եթե Արցախի հայերը խնդրի լուծման որևէ տարբերակի համաձայն չլինեն, այդ լուծումն իրական չի լինի։ «Ոչ ոք չի կարող ստիպել Ղարաբաղի հայերին Ադրբեջանի վարչակարգի ներքո ապրել։ Ադրբեջանն իր ադրբեջանցի քաղաքացիների նկատմամբ ժողովրդավարական սկզբունքներով չի առաջնորդվում և քանի դեռ այդ վիճակում է, շատ հասկանալի է, որ հայերը չեն կարող ապրել այլ սահմանների ներքո»,- նշեց փորձագետը՝ ավելացնելով, թե համոզված է, որ Իլհամ Ալիևը Ղարաբաղի հարցը պատերազմի միջոցով չի ցանկանում լուծել, այսօրվա իրավիճակը նրան շատ ձեռնտու է, նա նստած է միլիարդավոր դոլարների նավթի վրա, և այդ նավթամուղները կառուցվել են, որովհետև նա նավթային շատ մեծ ընկերություններին պատերազմը բացառող երաշխիքներ է տվել: Բոլորը գիտեն, որ այդ նավթամուղներն այսօր անցնում են Հայաստանից ընդամենը 30-40 կմ հեռավորության վրա, և եթե հանկարծ պատերազմ սկսվի, Հայաստանը կարող է ռմբակոծել այն: ՈՒստի, ըստ թուրք փորձագետի, Ալիևը պատերազմ սկսելու համարձակություն չունի, նա պարզապես իր հասարակության հետ է խաղում:
Պատասխանելով Հայոց ցեղասպանության մասին հարցին՝ Բեհլուլ Օզքանը նշեց. «Ազգայնականությունը շատ վտանգավոր գաղափարախոսություն է։ Եթե ձեր իդեալներն ու իրական քայլերն իրարից շատ հեռու են, արդյունքներն ազգայնականության համար շատ ծանր են լինում։ 20-րդ դարասկզբի հայ ազգայնականության խնդիրը սա էր՝ իրականությունն ու իդեալները շատ հեռու էին միմյանցից, այդ պատճառով իդեալներից ոչ մեկին չհասան, և հայ հասարակությունը մեծ ողբերգություն ապրեց։ Եթե այսօրվան հայացք ձգենք, Հայաստանը 2,5 միլիոն բնակչություն ունի, մի կողմից՝ 70-միլիոնանոց Թուրքիա, մյուս կողմից՝ մոտ 9-միլիոնանոց Ադրբեջան, հարավում էլ 30 միլիոն իրանական ադրբեջանցիներ են ապրում։ Եթե ես Հայաստանի քաղաքացի լինեի, կաշխատեի առավելագույնս օգտագործել այս վիճակը»։ Բեհլուլ Օզքանն էլ ընդգծեց, որ այսօր Թուրքիայում կան շատ մարդիկ, որ օգտագործում են «ցեղասպանություն» բառը, և նրանց հետ այնքան էլ վատ բան չի պատահել. ապացույցը «Հայե՛ր, ներե՛ք մեզ» ակցիայի կազմակերպումն էր։
Պարզվում է՝ թուրք հասարակության մեծ մասն անտեղյակ է հայ-թուրքական սահմանի բացման խնդրին, իսկ թուրքական մամուլի արձագանքն այս հարցում պայմանավորվում է արցախյան հիմնախնդրով։ Իշխանությունները, մամուլում խոսելով այդ թեմայով, նշում են՝ քանի դեռ ղարաբաղյան հարցում Ադրբեջանն առաջընթացի չի հասել, սահմանը չի բացվի։ Սակայն փորձագետների կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է բացել սահմանը, և Ղարաբաղն այդ հարցում գործ չպետք է ունենա: Բեհլուլ Օզքանը կողմ է առանց նախապայմանների սահմանի բացմանը։ Նրա կարծիքով՝ սահմանի փակումը ոչնչով չօգնեց Թուրքիային. Թուրքիան այսօր Հայաստանում ոչ մի ազդեցություն չունի, և Հայաստանում էլ Թուրքիայի մասին ոչ ճիշտ տեղեկություններ կան։ Ըստ թուրք փորձագետների, Հայոց ցեղասպանության խնդրի քննարկումը պետք է բաց լինի թուրք հասարակության համար, բոլոր արգելքներն այս հարցում պետք է վերացվեն, հակառակ դեպքում տարբեր ուժեր կշարունակեն շահարկել հասարակական կարծիքը։ «Մենք ընդհանուր ապագա ունենք։ Հայերն ու թուրքերը, ուզեն թե չուզեն, շարունակելու են ապրել որպես հարևաններ։ Երկուսն էլ շատ որակյալ ժողովուրդ են»,- եզրափակեց Բեհլուլ Օզքանը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ