Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

ԲԱԼԱԳԱՆՈՎԻՑ` ՃՈՅՏ, ՊԱՆԻԿՈՎՍԿՈՒՑ` ՇՄԱՅՍ (երբ ճերմակ է փայտածուխը, իսկ մածունը` թուխ)

ԲԱԼԱԳԱՆՈՎԻՑ` ՃՈՅՏ, ՊԱՆԻԿՈՎՍԿՈՒՑ` ՇՄԱՅՍ (երբ ճերմակ է փայտածուխը, իսկ մածունը` թուխ)
03.02.2012 | 00:00

«Իրենց գործունեությունը կամաց-կամաց կարգավորեցին Կառլ Մարքսի թոռները, կրոպոտկինականները, էնգելսականները և նրանց նմանները, բացառությամբ լեյտենանտ Շմիդտի զավակների անզուսպ կորպորացիայի, որին լեհական սեյմի պես շարունակ ծվատում էր անարխիան։ Հավաքվել էին մի տեսակ կոպիտ, ագահ, կամակոր զավակներ և իրար խանգարում էին շտեմարանները լցնելու»։
«Ոսկե հորթը», ԻԼՖ և ՊԵՏՐՈՎ, 1932 թ.

ՊԱՀՊԱՆԵՆՔ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՕԳՏՎԵՆՔ ՔԱՂՀԱՆԴՈՒՐԺՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏՔԱՄԱՆՆԵՐԻՑ
(«ԼԼ»-յան աֆորիզմների ճաշացանկից)

Համամասնական ալեկոծումները վտանգավոր են առաջիկա գարնանացանի համար։ Սոցիոլոգիան Հայաստանում գիտություն է` կանխատեսելի իրականության և այն խեղված ներկայացնելու մասին։ Եթե դրկիցդ աներեր ընդդիմադիր է կամ անտարբեր ապաքաղաքական, փոխի՛ր բնակությանդ վայրը։
Քամելեոնական կողմնորոշմամբ միջանկյալ տեղ փնտրեք քաղաքական ծանրքաշային գետաձիերի և մենաշնորհատեր ռնգեղջյուրների միջև։
Եվ այդ ո՞ր սնանկամիտն է հորինել, թե քաղմարմինների կանոնակարգված փոփոխումները նշան են հոգևոր անկումի, բարոյական ճողվածքի և ոգու քաղցի։

Քսան անկախ և շուկայամորմոք տարիները վերջնագրեր են ներկայացրել` դա տկարամիտ հոգեգարների զառանցանքն է։ Զի մեծն Եղիշեն չէ՞ր, որ ասաց և հորդորեց` դառնալ ժամանակի շունչը։ Եվ ահավասիկ` հրեղեն պոետի անկախական մեկնումը` կա՛մ ժամանակիդ շունչն ես, կա՛մ անժամանակ փչում ես շունչդ։
Բայց ո՞վ պոետ կարգեց Եղիշին Չարենց։ Ավոն տիեզերածփանք։ Կարսի հյուրատանը շառաչուն մի ապտակ հասցնելով հանդուգն պատանուն։ Հետո կերտեց ոգու սովի տեսլականը։ Իսկ դուք տղայամիտ նահանջի մեջ եք։ Բայց ոգու սովը ներկա պահին քաղհասունության անկյունաքար է և փորձաշրջան։ Անցար այն, ուրեմն հաղթեցիր («Հռի՜, է, քո՛ տիրոջ»...)։ ՈՒրեմն էսպես, նախընտրական շրջափուլում հրապարակավ քաղցում եք ճոխ սեղանների շուրջ։ Հետո ասուլիս ու հարթակ, և կոչնակներ ընտրատարածքի լայնք-երկայնքով, տեսե՛ք հայորդիք, լափում եմ բանջար և լակում անձրևաջուր, զի նախընտրական ապաշխարանքի մեջ եմ (հետո, բնականաբար, ճոխ սեղաններն են բախում դուռդ, երազում ու հարթմնի)։
Նաև փորձում եմ մեղքերս քավել։ Ձայներդ որսալուց առաջ (հանդարտ, հուշի՜կ, բաաաա՜)։
Էնպես որ, աչալուրջ եղեք ու բախտին աքացի մի տվեք։
Ծայրահեղ դեպքում կարող եք ունկնդրել «Քաղաքականությունը, բա ո՞նց, լրբություն է» ռոք-օպերան, լիբրետոն` ծաղիկ Ռուբոյի, երաժշտությունը` ջրծաղիկ Շմայսի։
(Հուռաաա՜։ Հառաաա՜ջ)։

Քաղաքական բարեկենդան է «ԼԼ»-ում։ Մեկ (1) գաղափարի շուրջ են միավորվել կարմրախայտներն ու դոդոշները։ Վասն հանրապետության փրկության։ Համադոդոշային դաշնագիրն ու կարմրաբոսոր խայտանքները վավերացնում են պատմական պահը։
2012-ի գերխնդիրը վայրագ ժողովրդավարության հաստատումն է Օվալաձև դիվանում։ Այսինքն` Դահլիճում։

ԴԱՇՆԱԳՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Խորհրդարան են մուտքագրվում (իմա` ներհոսում, սողոսկում, ավանակի, ջորու կամ զամբիկի վրա նստած հաղթարշավում) նորագույն հայեցակարգի համաձայն, ուր միատեղվում են ազատ կամքը և պետբյուջեի ճողվածքի ապաքինումը։

ՈՒՂԵՑՈՒՅՑ ԳԱԼԻՔ ԵՐԵՍՓՈԽԱՆԻ ՀԱՄԱՐ
ա. Յուրաքանչյուր առաջադրվող նախավճար է մուծում` 50 հազար ֆունտ ստեռլինգ։
բ. Պարտության պարագայում գումարը ներհոսում է «ԼԼ» հիմնադրամ»։

ՔԱՂՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Մասնակցել կարող են սեռահասուն տարիքի ՀՀ քաղաքացիները, անկախ կրթական ցենզից, դավանանքից, մականուններից և դաջվածքներից, հանցավոր անցյալից և խայտառակ ներկայից։
Երեսփոխանը պարտավորվում է`
ա. Տարեկան պետբյուջե մուտքագրել 1 մլն եվրո։ Սա կոչվում է ազգային օդի ապականման հարկ։
բ. Մասնակցել բոլոր նիստերին։ Երբեք ոտնձգություն չիրականացնել հարևանի կոճակի նկատմամբ (տաբատի և պիջակի կոճակները այս դրույթում բացակայում են)։
գ. ԱԺ տարածքում (դահլիճ, առանձնասենյակ, բուֆետ և գարաժ) բարձրաձայն չզկռտալ, չքորվել և չխռմփացնել։
դ. Պպզած (իմա` կքանստած) վիճակում օրենքներ չգրել։
ե. ԱԺ բուֆետում պարտադիր օգտվել պատառաքաղից և գդալից, միաժամանակ բերանը չսրբել օրվա հերթապահ ոստիկանի փողկապով։
ե.1. Եվրախորհրդից ժամանած երկնագույնների պատվիրակությանը չտնտղել, առավել ևս, պատիվ չտալ սեփական շոգեբաղնիքում։
զ. Հրաժարվել աշխատավարձից, աշխատանքի համար անհրաժեշտ պիտույքներն ու բաղադրիչները ներկրել դրսից։ Օրինակ` օճառը, մաստակը և հաշիշը։ Զորօրինակ` գրիչը, վառիչը և ներարկիչը։
է. Մասնաբաժին ունենալ ԱԺ պուրակներում հիմնվող բանջարանոցների աշխատանքներում։ Ստացված հասույթը` լոլիկ, սմբուկ, տաքդեղ ու դդմիկ, անհատույց նվիրաբերել Սոմալիի սովյալների ֆոնդին և սերիալներից հրաժարվող դերասանների հիմնադրամին (թող զխտկվեն, անուշ լինի)։
ը. Լրագրողների հետ առնչվելիս պահպանել երեսփոխանական էթիկայի հետևյալ ձևաչափը.
1. Գրկախառնվելիս հարյուրդոլարանոցը չմոռանալ նրանց գրպանում, երախտամոռ են, չեն գնահատի։
2. Հոգին բերանը բերած դեղնամրուր գրչուհիներին հայհոյել միմիայն «Դուք»-ով։ Օրինակ, էսպես. «Պատվելիս, դուք անցնում եք բոլոր հնարավոր սայմանները և ծաղրում եք մեզի։ Սա սադրանք ա։ Դրա համար էլ ես Ձեզի հայհոյում եմ այ ըսենց. դե կորեք, ես Ձեր փչացած մայրիկը...»։ Եղեք հանդուրժող, սա է կարևորը։

ՊԱՐԱՀԱՆԴԵՍԻ ԺԱՄԱՆԱԿԸ
(եռագույն ռապսոդիա` ցեխոտ ավարտով)

Վերջապես ընկա։ Դուք էլ ընկեք։ Չէ, պատշգամբից չէ, գլխի ընկեք։ Օգտակար է։ Նաև` անվնաս։ Եռագույնին հոգեպես փարվելով են հայ քաղաքական մտքի մունետիկները կուսակցափոխ (իմա` կուսակցադավ, կուսակցաշփոթ, կուսակցաշորշոփ) լինում։ Եռագույն, այսինքն` նվազագույնը պիտի փոխել երեք կուսակցություն։ Մի փոքր փիլիսոփայենք ու ճիշտ եզրահանգում անենք։ Գագարինը, Տիտովը, Տերեշկովան և այլք գերաստղեր էին, փառքով համազոր «Բիթլզ» համույթին, Սոֆի Լորենին և Էդսոն Արանտես դո Նասիմենտոյին (նույն ինքը` Պելե)։ Գուցե անգամ գերազանցում էին։ Ժամանակը, ինչպես ամեն բան, այս փառքն էլ փառազրկեց, և տիեզերագնացն այսուհետ մասնագիտություն է։ Դե, այլ կերպ չէր էլ լինի։ Երկու օրը մեկ երեք հոգի ճեղքում են երկնակամարի լազուրը։ Եվ տիեզերագնացը նույնքան մատչելի մասնագիտություն է, որքան, խոսքի օրինակ, գիշերային ակումբի մերկապարի մենեջերը։
Միևնույնն է հայ քաղաքական շուկայում։ Եթե մի հինգ տարի առաջ քաղդեմքի կուսակցափոխ լինելը համազոր էր` ա) ջեբկիրության մեջ բռնվելուն, բ) Կարապետիչի «Շոգեքարշ»-ին մասնակցելուն և գ) տրոլեյբուսով երթևեկելուն, ապա ներկայումս քաղաքական խորիմաստության և քաղաքացիական սխրագործության խորհրդանիշ է։ Այսինքն` հարաճուն պահանջարկ վայելող մասնագիտություն։ Չէ՞ որ կուսակցափոխությունը կամքի, մտքի, մարմնի և գրպանի թրթռուն ազատության մասին է խոսում։ Այսօր կարմիր, վաղը կապույտ (խնդրում ենք չշփոթել «գալուբոյի» հետ), մեկել օրն էլ նարնջագույն։

«ԼԼ»-ՅԱՆ ԱՖՈՐԻԶՄՆԵՐԻ ՃԱՇԱՑԱՆԿԻՑ
* Եթե Վ-ն հավատարիմ է իր միակ կուսակցությանը, ապա նա ոչ թե գաղափարի մարտիկ է, այլ քաղաքական դալտոնիկ։
* Էդ ինչո՞ւ սեփական կնոջը կարելի է օրումեջ դավաճանել, կուսակցությանը` ոչ։ Ի վերջո, քաղմարմնի հետ ոչ ԶԱԳՍ ես գնացել, ոչ նրանից երեխաներ ունես։

ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ՀՈԳՆԱ` ԺԱՎԵԼԻ ՍՊԻՐՏՈՎ
(հիշեք, քաղհանդուրժողական պետքամաններն էմալապատ չեն)

Ժամանակի քաղգերակայությունը. «Մկան շեռն էլ ջաղացին օգուտ է»։ Եվ ահա «Կապիտալի» վերընթերցմամբ է զբաղվում Մարքսիստը Դավիթ։
Եվ համոզում է, թովում ու դավում։
(Է՜հ Կարապետիչ, ո՛չ կուսակցափոխ եղար, ո՛չ դավեցիր ու թոթովեցիր։ Եվ ահա, խնդրեմ, «Շոգեքարշդ» գործուղվեց Հայաստանի նորագույն պատմության զարմանադարան)։ Եվ ապա Կառլի ծոռնածոռ Դավոն համոզում է, թե մեծն Մարքսն ամենևին դեմ չէր խոշոր կապիտալի և բոսոր քաղաքականության սերտաճմանն ու սիրախաղին։ Զի այս է վայրագ ժողովրդավարություն տանող ճշմարիտ ուղին։
Բայց դեռ ինչե՜ր են լինելու։ ԲՀԿ համամասնականը հիշեցնում է Օստապ Իբրահիմովիչի համհարզ Իպոլիտ Մատվեևիչի «Սկրյաբին» շոգենավ սողոսկելու անմահական դրվագը։ Հիշենք բերանացի. «Իպոլիտ Մատվեևիչը սկզբում լուռ նշաններ էր անում, իսկ հետո համարձակվեց նույնիսկ ծվծվացնել։ Բայց Բենդերը խուլ էր։ Օստապ Բենդերը սիրում էր էֆեկտներ։ Միայն երրորդ շչակից հետո, երբ Իպոլիտ Մատվեևիչն արդեն չէր կասկածում, որ ինքը թողնված է բախտի քմահաճույքին, Օստապը նկատեց նրան»։ Սակայն ինչո՞ւ միայն ԲՀԿ համամասնականը։ Միևնույն շոգենավային հրապուրանքն ունեն և՛ ՀՀԿ-ն, և ՕԵԿ-ը։ Այսինքն, անցողիկները։ Նաև` ՀԱԿ-ը։ Թերևս` որևէ դաշինք։ Ասենք` ուլտրաազատականների և կարծրակողների խառնամասնությունը։ Սակայն այլ բան է մեզ հուզում։ Անցած ճանապարհ, հիմն ու խախտումներ, բյուր համակիրներ ու անդամներ ունեցող քաղկառույցի ղեկապետը իպոլիտյան կքանստումների մեջ է։ Շոգենավն ուր որ է ճանապարհ է ընկնում։ Բարի։ Բայց նրա կուսանդամները ո՞ր քաղաքական հարթությունում են զբոսնում, ու ինչպե՞ս դիմել նրանց` ընկե՞ր, թե՞ պարոն։ Դիցուք, մեծապատիվ Հայրիկյանը` ՀՀԿ սառցանավով, Մարքսիստը Դավիթ` ԲՀԿ շոգենավով, այլ մեկը (Խոսրովը, օրինակ)` ՕԵԿ առագաստանավով բազմում են Օվալաձևում։ Նրանց կուսանդամներն այլևս ովքե՞ր են։ Մարքսիստական է նրանց ոգին և վարքը բարգավաճ։ Միևնույնն է բոլոր մյուս պարագաներում։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. -Շուրա Բալագանովին, եթե հիշում եք, լիակատար երջանկության համար անհրաժեշտ էր ընդամենը 5 հազար 4 հարյուր ռուբլի։ Առաջարկում ենք համամասնականներում ընդգրկվողների անվան դիմաց գրել այն գումարը, որը նրանց լիակատար երջանկություն է պարգևելու։ Մի պայմանով միայն` այդ գումարը ենթակա է հարկման։

Դիտվել է՝ 1810

Մեկնաբանություններ