«ԳՆԱՑԵՔ, ԲԱՐՁՐԱՑՐԵՔ ՔԱՐԵՐԸ, ԵԹԵ ԴՐԱՆՑ ՏԱԿ ԶԻՆՎՈՐԻ ՈՍԿՈՐՆԵՐ ԳՏՆԵՔ, ԵՍ ՀԱՆՁՆՎՈՒՄ ԵՄ»
Սիսիան քաղաքի մոտակայքում գտնվող մեգալիթյան հսկա կառույցը մշտապես հետաքրքրել է բոլորին, և առայսօր շարունակում է մնալ առեղծվածային:
Խոսքը, անշուշտ, վերջին տասնամյակներում մեծ հետաքրքրություն ներկայացրած Քարահունջ շինության մասին է, որի տարիքը հաշվվում է մոտ 7500 տարի: Կառույցի ուսումնասիրմամբ զբաղվել են հնագետներ, իսկ 1983-ից` նաև աստղագետ Էլմա Պարսամյանը, 1994 թվականից` ռադիոֆիզիկոս Պարիս Հերունին: Երբ մեծ գիտնականը վատառողջ էր, միակ մարդը, որ շարունակեց Քարահունջի գիտական հետազոտությունները, կենսաբանական գիտությունների թեկնածու ՎԱՉԱԳԱՆ ՎԱՀՐԱԴՅԱՆՆ էր: Հատկապես վերջին հինգ տարիներին նա կատարեց ակտիվ հետազոտական աշխատանքներ, առաջ քաշելով Քարահունջի գաղտնիքի մեկնաբանության մի նոր մոտեցում:
Կառույցի մասին առաջին հիշատակմանը հանդիպում ենք 19-րդ դարավերջին` ազգագրագետ Մելիք-Շահնազարյանի հեղինակությամբ: Ազգագրագետին հաջողվում է տեղաբնակների շրջանում կատարած հարցումներով պարզել կառույցի թուրքական անվանումը` Ղոշուն դաշ: Այն, որ տեղաբնակներին կառույցի անվան հայկական տարբերակը հայտնի չի եղել, ամենևին զարմացնող չէ, քանզի հայկական տեղանունների օգտագործումը թուրքերեն տարբերակով տարածված երևույթ էր, ինչը, ի դեպ, պատահականություն չէ: Այն հետևանք էր Օսմանյան Թուրքիայի քաղաքականության. նաև անվանափոխությամբ ուրիշինը յուրացնելու քոչվորի ձեռագիր, ինչը, ի դեպ, միայն լեզվական երևույթ չէ: Տեղանունները նաև ազգի հիշողությունն են, պատմական իրականություն, ուստի և թուրքական կառավարությունը պիտի փորձեր նենգափոխել դրանք: Այդ քաղաքականությունը 1915-ի հունվարին ամրագրվեց Թուրքիայի ռազմական նախարար Էնվերի կողմից որպես հրաման. 1-ին կետում գրված է. «Օսմանյան կայսրության մեջ անվանափոխել հայերեն, հունարեն, բուլղարերեն աշխարհագրական բոլոր անվանումները, ոչինչ չպետք է հիշեցնի ոչ մուսուլման ժողովրդի գոյությունը»: Քաղաքականություն, որը շարունակվում է մինչ օրս Թուրքիայի կողմից բռնազավթված Արևմտյան Հայաստանում:
1965-ի ազգային զարթոնքի տարիներին Մոսկվայից ստացված թույլտվությամբ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը համարձակություն ստացավ հրաժարվելու մի շարք թուրքացված տեղանուններից, վերականգնելու անվանումների հայկական ծագումը: Ինչպես տեղեկացնում է Վաչագան Վահրադյանը, այդ ալիքի ազդեցությամբ հայ մասնագետները փորձեցին գտնել նաև Ղոշուն դաշ կառույցի հայկական անվանումը:
1985-ին աստղագետ Էլմա Պարսամյանն առաջիններից էր, որ օգտագործեց «Քարահունջ» բառը և մեգալիթյան այս հուշարձանը համեմատեց անգլիական Stonehenge-ի հետ: Աստղագետը, ուսումնասիրելով Քարահունջի կառուցվածքը, եզրահանգեց, որ կառույցն ունի աստղագիտական նշանակություն:
Ինչո՞ւ Քարահունջ։ Կառույցի նաև անվան շուրջ ստեղծված առեղծվածի բացահայտմամբ շահագրգիռ ակադեմիկոս Պարիս Հերունին բերում է հետևյալ հիմնավորումները: «Պատմիչ Ստ. Օրբելյանը XIII դ. իր «Սյունիքի Պատմությունը» գրքում Սիսական (Սիսիան) քաղաքի մոտ, ուրեմն նաև հուշարձանի մոտ, Քարունջ անվանմամբ գյուղ է հիշատակել» («Քարահունջ» և «Քարունջ» բառերի նույնությունն ակնհայտ է- Վ. Վ.): Հերունին շարունակում է, որ այսօր էլ տարածքում կա Քարահունջ անվանումով երեք գյուղ. մեկը Գորիս քաղաքի մոտ է գտնվում, մյուս երկուսը` Լեռնային Ղարաբաղի կենտրոնական և հյուսիսային մասերում` Շուշի քաղաքից ոչ հեռու և Շահումյանի շրջանում:
Մեկնաբանելով «Քարահունջ» անվանումը, Հերունին նկատում է, որ այն արտացոլում է կառույցի նշանակությունը` մեկնաբանվում որպես «խոսող քարեր», նկատի ունենալով հետևյալ անցումները. «Հունջ» բառում «ջ» հնչյունը փոխարինվում է «չ»-ով, ստացվում է «հունչ», այստեղից «հնչել», հետո «խոսել»: Եզրակացությունը` «Քարերը մեզ ինչ-որ բան են ասում աստղերի մասին: Հաշվի առնելով սա` ես անվանեցի կառույցը Քարահունջ»,- գրում է մեծանուն գիտնականը: Իսկ 2006-ին, իր ուսումնասիրությունների արդյունքում Հերունին հայտարարեց Քարահունջ-Stonehenge լեզվաբանական առնչակցության մասին:
Վաչագան Վահրադյանը նկատում է, որ ասվածը բավարար է հետևյալ ամփոփումը կատարելու համար. «Քարահունջ» բառով, որ նշանակում է «քարե փունջ», հնում հայերը կոչել են մեգալիթյան շրջանաձև կառույցները: Ահա թե ինչու դրանցից մի քանիսի անունով մերձակա գյուղերը կոչվել են Քարահունջ: «Այսպիսով, «Քարահունջ»-ը հատուկ անուն չէ, այլ այդ տիպի կառույցների ընդհանրական անվանումը»:
Գիտակցելով սյունիքյան հանրահայտ կառույցի անվան բացատրության կարևորությունը, Վահրադյանը հատուկ ուսումնասիրմամբ անդրադառնում է այդ խնդրին և համակարծիք չլինելով Հերունու` «Քարահունջ» բառի մեկնաբանությանը, առաջարկում իր տարբերակը: «Եկել եմ այն եզրահանգման, որ Քարահունջը պետք է դիտարկել տեղական բարբառի հիման վրա և «հունջ» բառը մեկնաբանել որպես «փունջ»,- ասում է Վահրադյանը, հավելելով.- Ես սա հայտնաբերեցի` անտեղյակ լինելով Էլմա Պարսամյանի` դեռ 1985-ին արած բացահայտմանը»: Սակայն Վահրադյանն իր ուսումնասիրություններում ավելի հեռուն գնաց` առաջ քաշելով Քարահունջի «գաղտնիքի» նորովի մեկնաբանություններ:
«Որտեղի՞ց է գալիս «Ղոշուն դաշ» («Kos,un tas,») անվանումը: Արդյո՞ք այն ճշգրիտ թարգմանություն է»,- նկատում է գիտնականն ու տալիս հետևյալ մեկնաբանությունը. «Կառույցի «Ղոշուն դաշ» անվան մեջ առաջին բառն ակնհայտորեն «Kos,un» թուրքերեն բառն է և հայերեն թարգմանվում է «շարք»: Անվանման երկրորդ բաղադրիչը` թուրքերեն «tas,»-ը, նույնպես ունի իր միարժեք թարգմանությունը` «քար»: Այսպիսով, ստացվում է, մոտավորապես, հետևյալը` «Շարքով (դասավորված) քար (եր)» («Շարքով քար»-«Ղոշուն դաշ»): Ստացանք արտաքին կառուցվածքային առանձնահատկությունն արտահայտող անվանում»,- եզրափակում է գիտնականը:
Սակայն այս բացատրություններին զուգընթաց այսօր հայաստանյան որոշ պատմաբանների, հնագետների կողմից համառորեն շրջանառվում է «Զորաց քար» անվանումը: Խնդիրն այն է, որ «Զորաց քարի» «տեսության» կողմնակիցները հակված են կառույցը ոչ թե աստղադիտարան, այլ դամբարանադաշտ համարելու: Իրենց «լուրջ գիտնական» հայտարարած այդ անձինք ակնհայտորեն զբաղված են կառույցի անվան միտումնավոր խեղաթյուրմամբ: Նախ, չթաքցնելով իրենց տագնապը հայկական Քարահունջի ու անգլիական Stonehenge անվանումների առնչությամբ, հայտարարում են, թե կառույցն ընդամենը սովորական դամբարանադաշտ է, ասել է թե` զորքերի գերեզմանոց, իբրև թե քարակույտերի տակ զորապետների և զինվորների մարմիններ են թաղված: Ակներև է դառնում, որ «Զորաց քար» անվան շրջանառությունը ամենևին պատահականություն չէ և հստակ նպատակադրում ունի կառույցը ոչ թե աստղադիտարան, այլ սովորական դամբարան հայտարարելու, դրանով արժեզրկելով հայության բնօրրանում հայտնաբերված աշխարհի հնագույն աստղադիտարանի համամարդկային արժեքն ու գիտական նշանակությունը:
«Գնացեք, բարձրացրեք քարերը, եթե դրանց տակ զինվորի ոսկորներ գտնեք, ես հանձնվում եմ,- հայտարարում է Վահրադյանը նկատելով.- Ի՞նչ բարոյական իրավունք ունեն «Զորաց քար» անվանման կողմնակիցներն այդչափ համառությամբ մերժելու այլոց տրամաբանական և հիմնավորված կարծիքները»:
Հարց է առաջանում. արդյոք գործ չունե՞նք օտար պատվերի կատարման հետ: Երբ հետևում ենք արևմտյան, մասնավորապես, գերմանացի ու անգլիացի գիտնականների հայտարարություններին, Քարահունջի հանդեպ նրանց դրսևորած աննախադեպ հետաքրքրվածությանը, ամեն ինչ իր տեղն է ընկնում:
ՈՎՔԵ՞Ր ԵՆ «ԶՈՐԱՑ ՔԱՐ» «ՏԵՍՈՒԹՅԱՆ» ԻՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԸ
2000 թվականին գերմանացի հնագետների մի խումբ ժամանում է Հայաստան` Քարահունջը ուսումնասիրելու «ազնիվ» մտադրությամբ: Սակայն սկզբից ևեթ աչքի է զարնում այն, որ գերմանացիները տարօրինակորեն շահագրգռված էին կառույցը ոչ թե աստղադիտարան, այլ «Զորաց քար»` դամբարան, կոչելու և պնդում էին, թե այստեղ հնում գերեզմանոց է եղել և զինվորներ են թաղված: Փորձենք հասկանալ, թե ինչ նպատակ է իրականում թաքնված նրանց դիրքորոշումներում:
Այսպես. 1996-ին Գերմանիայում հայտնաբերվել է նման փայտաշեն մի կառույց` 6000 տարվա վաղեմությամբ: Այն ունի դեպի հյուսիս, հարավ-արևելք և հարավ-արևմուտք նայող երեք միջանցք: Հայտնաբերված կառույցը գերմանացիները շտապեցին հայտարարել որպես աշխարհի ամենահին աստղադիտարան: Բայց ի մտահոգություն նրանց, փոքրիկ Հայաստանում հանկարծ ի հայտ է գալիս գերմանական փայտաշենը 1500 տարով գերազանցող առավել հզոր մի քարաշեն հսկա: Հիմա պարզ չէ՞, թե ինչու գերմանացիներին ձեռնտու չէ, որ հայկական Քարահունջը ճանաչվի որպես աստղադիտարան ու հայտարարվի աշխարհում առաջինը: ՈՒրեմն պիտի արձանագրենք նաև փաստը, որ գերմանացի հնագետների խումբը, հայրենասիրական զգացումներով տոգորված, շտապել էր Հայաստան, որ հերքի հայկական հնագույն աստղադիտարանի գոյությունը, որպեսզի այն հանկարծ չստվերի իրենցը: Մինչդեռ որոշ հայ «գիտնականներ» ստրկամտորեն ջուր են լցնում օտարի ջրաղացին: «Իսկ գիտե՞ք` ինչու. որովհետև այնտեղ հնագիտությունը ֆինանսավորվում է պետության կողմից, իսկ մեզանում` արտասահմանյան գրանտներով»,- պարզաբանում է Վաչագան Վահրադյանը:
Պարզ է դառնում, թե որտեղից է պատվիրված «Զորաց քար»-ի սին «տեսությունը». վճարում են ու պատվիրում ասել իրենց ուզածը: Կարծում ենք, նաև սրանով են մեկնաբանվում հնագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի ու մյուսների կողմից «Քարահունջ» աստղադիտարանը գերեզմանոց հայտարարելու ջանքերը:
ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ ԱՆԳԼԻԱՆ Է
Եվ ի՞նչ եք կարծում, կարո՞ղ էր քարահունջյան բացահայտումներին անտարբեր մնալ Մեծ Բրիտանիան, երբ առաջ է քաշվում այն միտքը, թե կան որոշակի զուգահեռներ բրիտների կառուցած Սթոունհենջի և հայկական Քարահունջի միջև: Անգլիացիների անհանգստությունն առավել սրվում է, երբ հաստատվում է նաև այն փաստը, որ հայկական Քարահունջը մոտ 3 հազար տարով հին է անգլիական Սթոունհենջից:
«Մենք հաստատում ենք «Անգլո-սաքսոնական քրոնիկոնի»` մեզ հասած հնագույն անգլերեն գրքի առաջին էջում գրված հետևյալ արտահայտությունը` «Բրիտանիա կղզին 800 մղոն երկարություն ու 200 մղոն լայնություն ունի: Այդ կղզում հինգ ազգություն կա` անգլիացիներ, բրիտներ, սքոթներ, պիկտեր, լատիններ: Կղզու առաջին բնակիչները եղել են բրիտները, որոնք եկել են Արմենիայից և ի սկզբանե բնակվել են Բրիտանիայի հարավում (Բեդե Պատվելի, «Եկեղեցական պատմություն», մաս I, Անգլո-սաքսոնական քրոնիկոն, 748 թ.)»: Բացահայտելով Սթոունհենջ-Քարահունջ հուշարձանների կապը, Վաչագան Վահրադյանը հայտարարում է, որ առկա է ոչ միայն լեզվաբանական կապ` «Երկուսն էլ գործածական առումով նույնն են` աստղադիտարաններ են, որոնց գործունեությունն ուղեկցվում էր (կամ էլ` քողարկվում) կրոնական ծիսակատարություններով: Երկուսն էլ կառուցել է նույն մշակույթը կրող, գրել իմացող ժողովուրդը` բրուն-բրիտները: Կան նաև այլ` զուտ աստղագիտական կապեր ևս, որոնք նկատել և նկարագրել են ուրիշ հետազոտողներ»: Ինչ վերաբերում է անվանումների նմանությանը, Վահրադյանը ներկայացնում է հետևյալ վարկածը. «Անգլերեն «սթոուն» և հայերեն «քար» բառերի նույնությունը կասկած չի հարուցում: «Հենջ» արմատը բացատրելիս անգլիացի հետազոտողները բաժանվում են երկու խմբի: Մի մասը կարծում է, որ այդ արմատը որոշակի աղավաղումով ունի «կախված» իմաստը, մյուս մասը այդ բառին (նույնպես` որոշ աղավաղումով) վերագրում է «ցանկապատ» իմաստը: Երկու մեկնություններն էլ, մեր կարծիքով, արհեստական են և անտրամաբանական: «Հենջ» բառն անգլերենում բավարար բացատրություն չունի և համարվում է օտար բառ: Մենք հակված ենք «հունջ» արմատի իմաստը դիտարկելու հայոց լեզվի տեղական` Սիսիանի բարբառի հիման վրա, այստեղ «հունջ»-ը նշանակում է «փունջ»: Այսպիսով` ստանում ենք շատ ավելի ներդաշնակ «Քարե փունջ» մեկնությունը, այսինքն` այն ոչ թե քարերի անկանոն կույտ է, այլ որոշակիորեն կազմակերպված քարերի հավաքածու»,- եզրափակում է իր բացահայտումը հայտնի գիտնականը:
Իսկ ի՞նչ եք կարծում, բրիտանացիները պետք է այս բացահայտումից երջանկացած շտապեին գրկախառնվե՞լ իրենց հայ եղբայրների հետ, ընդունելով իրենց ծագումնաբանական նոր իրողությո՞ւնը: Իհարկե` ոչ: Բացահայտումներից անհանգստացած անգլիացի գիտնականները, ինչպես և սպասվում էր, գերմանացիների նման գնացին Քարահունջի աստղադիտարան լինելը միանշանակորեն մերժելու, փոխարենը, «Զորաց քար»-ի անհեթեթ «տեսությունը» ամրապնդելու ճանապարհով:
Բրիտանացիները դիմում են նաև մեկ այլ խորամանկ քայլի` հայկական կառույցի դեմ արշավն իրականացնելով Միհրան Վարդանյան անուն-ազգանունով մեկի ձեռամբ:
ԻՆՔՆԱԿՈՉ ՄԻՀՐԱՆԸ ԴՈՒՐՍ ՇՊՐՏՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
Երիտասարդ գիտնական, Օքսֆորդի համալսարանում ուսանած Միհրան Վարդանյանը, որ եղել է Վաչագան Վահրադյանի ուսանողը (ի դեպ, իր գիտական կարիերայի համար պարտական է Վ. Վահրադյանին), օգտվելով վերջինիս հետ ունեցած մտերմությունից, նրանից վերցնում է Քարահունջին վերաբերող բոլոր հետազոտությունները, խոստանալով դրանք ցույց տալ Օքսֆորդի համալսարանի գիտնականներին: Բայց, չկորցնելով ոտքի վրա հանճարեղ գիտնական հռչակվելու հարմար պահը, նաև չդիմանալով բրիտանական հատուկ ծառայությունների գայթակղիչ առաջարկներին, Միհրանը յուրացնում է Վահրադյանի գիտական աշխատանքը, իրեն հայտարարում հայտնագործությունների հեղինակ, շահում գրանտներ, ապա Անգլիայից ստանում Հայաստան գալու և կառույցն ուսումնասիրելու ֆինանսավորում: Զավեշտ է, որ «արշավախումբը» դեռ Հայաստան չհասած ու չհետազոտած, բայց իրեն խմբի ղեկավար հռչակած Վարդանյանը սկսում է «Ազատություն», «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների միջոցով ի լուր աշխարհի հայտարարել, թե Քարահունջի վարկածն ընդամենը փուչիկ է:
Ներկայանալ իբրև հայտնագործության հեղինակ ու այդ դիրքերից պայքարել Քարահունջի բացահայտումների դեմ, անշուշտ, լավ մտածված սցենար էր: Թիկունքում ունենալով բրիտանական հետախուզության հովանավորությունը` Միհրանն անցնում է գործի:
Բարեբախտաբար, ՀՀ համապատասխան մարմինների ակտիվ աշխատանքի շնորհիվ ձերբակալվում է գրագող «գիտնականն» ու իր «արշավախմբի» հետ հեռացվում Հայաստանից, չնայած նրանց քայլերը քրեորեն հետապնդելի էին ու համարժեք պատիժ էին ենթադրում:
Ակնհայտ է, որ գործ ունենք ոչ միայն տարիների գիտական վաստակը յուրացնելու, հեղինակային իրավունքը ոտնահարելու փաստի հետ, այլև հայ ազգի գիտամշակութային ունեցվածքը սեփականելու, համաշխարհային քաղաքակրթության մեջ հայ ժողովրդի ունեցած կարևորագույն դերակատարումը ստվերելու նենգ պատվերի հետ: Չնայած գրագող Միհրանը դուրս շպրտվեց Հայաստանից, սակայն դա չի նշանակում, որ հակառակորդը դադարեց գործելուց, ամենևին: Հակահայկական պատվերի իրականացնողներն այժմ էլ անգլիական ֆինանսներով կաշառված, «Զորաց քար»-ի «տեսությունը» տարածող որոշ հայ «գիտնականներն» են:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ