Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

ՆՈՐ ԿԱՌՈՒՅՑ, ՈՐ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԼԻՆԵԼ ՀԱՄԱՅՆ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՍՐԲԱՎԱՅՐԸ

ՆՈՐ ԿԱՌՈՒՅՑ, ՈՐ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԼԻՆԵԼ ՀԱՄԱՅՆ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՍՐԲԱՎԱՅՐԸ
03.02.2012 | 00:00

«Հայաստանը գեղեցիկ երկիր է, պարզապես պետք է այն հետաքրքիր դարձնել օտարների համար Արարատ լեռով, որի վրա Նոյյան տապանն է»: Մարկեթինգային մտքերի առաջնորդ Ֆիլիպ Կոտլերի այս հետաքրքիր դիտարկումը խոստանում է իրականություն դառնալ:
Հաղթանակ զբոսայգու բարձունքում, ուր պարզորոշ երևում է Արարատը, վեր է խոյանալու «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԸ»` ասես հուշելով, որ համաշխարհային ջրհեղեղից հետո Հայոց աշխարհից է սկսվել մարդկության պատմությունը: Տապանը կառուցվելու է այն նույն չափսերով, ինչ նշված է Աստվածաշնչում` 132 մետր երկարությամբ, 22 մետր լայնությամբ և 13,5 մետր բարձրությամբ։
«Ճապոնիայում, Հոլանդիայում, Հոնկոնգում, Թուրքիայում և այլուր տապանի կրկնօրինակներ արդեն ստեղծվել են, սակայն այս դեպքում խոսքը պատմամշակութային գործող համալիրի մասին է, որը վերջին տասնամյակներում ոչ միայն մեզ մոտ, այլև աշխարհում եզակի կառույց է լինելու,- ասում է «Արմարե» ընկերության նախագահ, «Գեղարվեստի կոմբինատ» ՍՊԸ-ի տնօրեն, համալիրի կառուցման հեղինակ, իրականացնող և գլխավոր պատասխանատու ՄԱՐՏՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:- Տապանը եզակի է իր չափսերով, շքեղությամբ, բովանդակությամբ և ամենամոտն է Արարատին: Գիշերային Երևանում նոր կառույցի վայրը հուշելու են լազերային ճառագայթները` Մեծ և Փոքր Մասիսների պատկերով»:
Նոր կառույցը կրոնական շեշտադրում չի ունենալու, այն կունենա համամարդկային նշանակություն և կհանդիսանա ողջ մարդկության սրբավայրը: Տապանի վերին տախտակամածի վրա կլինեն մասնաբաժիններ, ուր այբբենական կարգով կտեղադրվեն աշխարհի բոլոր ազգերի, ժողովուրդների, պետությունների բրենդները, զինանշանները, օրհներգերը` ազգային խորհրդանիշներով և պատկերներով:
Տապանի մուտքի մոտ կտեղադրվեն բնական չափսերով կենդանիների պղնձաձույլ արձանները: Առաջին հարկում այցելուներին կդիմավորեն «Նոյյան տապանի» անձնակազմի կրկնօրինակները` Նոյի գերդաստանը, կենդանական աշխարհը: Համալիրում կլինեն նաև ուխտավորների և զբոսաշրջիկների համար հանգստյան և գիշերելու 40 առանձնասենյակներ, թանգարան, կինոթատրոն, կոնֆերանս-դահլիճ, կառավարական, պետական նշանակություն ունեցող ընդունելությունների սրահ, ծայրամասերում կտեղադրվեն հնաոճ և ժամանակակից կահկարասիով երկու տարբեր սրճարաններ:
Համալիրի վերնամասում տեղադրված հատուկ հեռադիտակներով այցելուները կդիտեն Սուրբ լեռը: Մարտուն Հարությունյանը հավաստիացնում է, որ արդեն տեսել են և մոտավորապես գիտեն, թե Արարատի որ հատվածում են տապանի բեկորները:
«Նոյյան տապան» պատմամշակութային համալիրի կառուցման նախաձեռնող խմբի անդամներն են անվանի դերասան Սոս Սարգսյանը, բանաստեղծ Արամայիս Սահակյանը, ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, քանդակագործներ Ֆրանց Սիմոնյանը, Գագիկ Ստեփանյանը, Սերժ Մեհրաբյանը, ճարտարապետ Լևոն Իգիթյանը, «Հաղթանակ զբոսայգի», «ՈՒրախ ժամանց» ՍՊԸ-ի տնօրեն Թորոս ՈՒմրիկյանը և այլք:
Մտավորականները, հասարակական գործիչները հիմնականում դրական են արձագանքում նախագիծն իրականացնելու գաղափարին: Դրական պատասխան են տվել նաև հանրապետության նախագահն ու վարչապետը: Անցյալ տարի «Հաղթանակ» զբոսայգում էլիտար համալիր կառուցելու առաջարկ է ներկայացրել ինչ-որ արտասահմանյան կազմակերպություն: Այդ ընթացքում որոշ խոչընդոտներ են եղել քաղաքապետարանի կողմից. նախագիծը ձգձգվել, բայց չի մերժվել:
Ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգար-յանը տվել է իր համաձայնությունը, և, նախագծի հաստատումից հետո, երկու տարում վեր կխոյանա կառույցը:
Քաղաքի ճարտարապետությունն արդեն խճճված է, համաձայնում է «Նոյյան տապանի» հեղինակը և հավաստիացնում, որ այս իմաստով էլ տապանը եզակի է, այն դառնալու է մեր քաղաքի մի մասնիկը` ներդաշնակ ու խորհրդավոր: Ինչպես ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանն է նկատել` տապանը մեր պատմության և՛ անցյալն է, և՛ ներկան:
Նշենք, որ այս պահին նախագիծը գտնվում է Հանրային խորհրդի քննարկման փուլում:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1285

Մեկնաբանություններ