Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

ԱՆՀԻ՞ՄՆ Է ԳՐՔԵՐԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՐՁՐԱՑՎՈՂ ԱՂՄՈՒԿԸ

ԱՆՀԻ՞ՄՆ Է ԳՐՔԵՐԻ  ԹԱՆԿԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՐՁՐԱՑՎՈՂ ԱՂՄՈՒԿԸ
06.03.2012 | 00:00

Գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանում թանկանում են գրքերը: Գրախանութները թարմացնում են հեղինակների հետ ունեցած պայմանագրերը` ավելացված արժեքի մասին օրենքում վերջերս ամրագրված փոփոխությունը մատնանշելով: Ենթադրվող 20 տոկոսի փոխարեն առեղծվածային գնաճ է նկատվում, թե ինչո՞ւ, հստակ բացատրություններ չեն տրվում:
Գրողները վճռականորեն են տրամադրված. գիրքն ընդհանրապես պետք է ազատվի հարկից: Գրողների միությունում հարցի շուրջ լռություն է: Պատկերը հակասական է նաև գրախանութներում:
«Գրքերի աշխարհ» գրախանութում, օրինակ, թանկացումներ չեն գրանցվել: Պարզվում է, փոփոխությունը վերաբերում է փոքր հրատարակություններին, առանձին հեղինակների գրքերին: «Գրքերի աշխարհ» գրախանութների ցանցի տնօրեն ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ անհիմն է համարում բարձրացված աղմուկն ու կրկնակի թանկացման մասին խոսակցությունները: Նրա խոսքով` քանի որ գրքի բիզնեսն էլ լավ վիճակում չէ, ով ինչքան ուզում` արհեստականորեն թանկացնում է:
Արձակագիր Արամ Պաչյանի կարծիքով` «Գրքերի աշխարհում» գրքերը չթանկացան, քանի որ իրենք աղմուկ բարձրացրին և սկսեցին պայքարել թանկացումների դեմ: «Առեղծվածային բանակցություններ են, կարծես, ընթացել, որոշ գրավաճառների և հրատարակիչների հետ լեզու են գտել, ինչը դեռ անհայտ է թե՛ մեզ, թե՛ հանրությանը,- ասում է նա:- Փաստն այն է, որ դեռ պաշտոնական պարզաբանում չի եղել, դեռ տանջվում են մեր մտքի տիտանները, իսկ մենք բոլորս սպասում ենք նրանց պատասխանին»: Արամ Պաչյանը վստահ է, որ գրողների ծավալած ակցիան միակ հնարավորությունն է զգոն պահելու, սթափեցնելու հանրությանը և հարցը հասցնելու բոլոր այն մարմիններին, ովքեր կապ ունեն գրքի թանկացման և հարկերի բարձրացման հետ: «ՀԳՄ-ն էլ, լավ կլինի, գոնե որոշակի դիրքորոշում ունենա, ոչ թե, ինչպես միշտ, «սովետի արքետիպերով» առաջնորդվելով, անիմաստ ու անլուրջ պահվածք դրսևորի»,- հավելում է նա:
Նշենք, որ հարցն այսօր քննարկվելու է Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում, կառավարությունը պաշտոնական պարզաբանում կտա: Թե ինչ արտոնություններ կսահմանվեն գրքի շուկայի համար, կպարզվի առաջիկայում:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1163

Մեկնաբանություններ