Առողջապահության ոլորտում վերջերս կարևոր իրադարձություն տեղի ունեցավ։ Առաջին անգամ հրավիրվեց «Կլոր սեղան»` օստեոպորոզի (ոսկրանոսրություն) դեմ պայքարի և կանխարգելման ծրագիր մշակելու նպատակով, որին ներկա էին ոլորտի մասնագետ կանայք, ինչպես նաև հասարակական ակտիվ գործունեություն ծավալող կանայք: Կլոր սեղանին որպես պատվավոր հյուր իր մասնակցությունն ունեցավ ՀՀ վարչապետի տիկինը՝ Գոհար Սարգսյանը:
Այն, որ խնդիրը բարձրացրել էին կին մասնագետները, երևի թե բնական էր, քանի որ օստեոպորոզը խիստ տարածված է 50 տարեկանից բարձր կանանց մոտ։ Համաշխարհային տվյալներով` օստեոպորոզից մահացությունն զբաղեցնում է չորրորդ տեղը: Իսկ եթե հավելենք, որ օստեոպորոզն աստիճանաբար հանգեցնում է հաշմանդամության, և օստեոպորոտիկ կոտրվածքների վիրահատությունը մատչելի չէ. պարզ է, որ պետք է արձագանքենք, հասկանալով, որ խնդիրն իսկապես շատ լուրջ է: Կլոր սեղանին մասնակցում էին միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ` օստեոպորոզի համաշխարհային ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Ջոն Քանիսի ղեկավարությամբ, որոնք քննարկեցին խնդրի լուծման բոլոր հնարավոր ճանապարհները։ Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի նախագահ Արմինե Հարոյանը կարևորեց պետության դերն այս խնդրի լուծման գործում, մասնավորապես նշելով, որ հիվանդությունը պետք է դասվի սոցիալական նշանակություն ունեցող հիվանդությունների շարքին, ինչպես նաև հավանություն տրվի կանխարգելիչ միջոցառումների լայն ծավալմանը։ Հիվանդության կանխարգելման և վաղաժամկետ բացահայտման նպատակով առաջարկվեց կատարել լայնատարած սկրինինգ, իսկ սոցիալապես անապահով խմբերի համար անվճար իրականացնել դենսիտոմետրիկ հետազոտություններ։ Այս առաջարկին միացան մամոգրաֆիայի կենտրոնը, «Էրեբունի» բժշկական կենտրոնը, մոր ու մանկան առողջության ինստիտուտը։ Ինչ խոսք, բարի կամքի նման դրսևորումը խրախուսելի է հատկապես այն առումով, որ նշված հետազոտությունը բավականին թանկարժեք է, մինչդեռ այն թույլ է տալիս բացահայտել հիվանդությունը դեռևս նախնական փուլում, ինչը նշանակում է, որ այդ դեպքում շատ ավելի արդյունավետ կլինի բուժումը, քան հիվանդության քայքայիչ ներգործության խորացման դեպքում։ Նկատենք, որ կլոր սեղանը գործնականում բացառիկ էր, քանի որ ոչ միայն հնչեցին կարծիքներ և ներկայացվեցին վիճակագրական ու գիտական տվյալներ, այլև որոշակի քայլեր առաջարկվեցին։ Ինչպես նկատեց պրոֆեսոր Քանիսը, Հայաստանում օստեոպորոզը պահանջում է ավելի մեծ ուշադրություն, և այդ խնդիրը պետք է ավելի լիարժեք ներկայացված լինի օրենսդրական դաշտում։
Մասնագետների կարծիքով` կենսակերպը, սնունդը նույնպես էական նշանակություն ունեն հիվանդության առաջացման գործում։ Կոչ արվեց ակտիվորեն աջակցելու հասարակության շրջանում կրթական ծրագրերի լայնատարած կիրառման և առողջ ապրելակերպի քարոզչության կազմակերպման հարցերում: Հասարակությանը սպառնացող օստեոպորոզի բեռը նվազեցնելու հարցում շատ կարևոր է մարմնամարզության ակտիվ պրոպագանդումը, անհրաժեշտ սննդամթերքի օգտագործումը` D վիտամինի առկայությունը, ինչպես նաև վնասակար սովորությունների բացառումը։
Այն, որ մեր ժողովուրդը, հատկապես նրա իգական հատվածը, առողջ կենսակերպից հեռու է, փաստ է։ Վերջին տվյալներով` տեղի է ունեցել 50-ից բարձր տարիք ունեցող բնակչության, այսինքն` օստեոպորոզի բարձր ռիսկայնության խմբի մեծացում, ինչն սպառնում է այս հիվանդության և դրա արդյունքում ոսկրի կոտրվածքների քանակի աճով:
Մասնագետները կարծում են, որ անհրաժեշտ է կատարել օստեոպորոզի հստակ վիճակագրություն` այս հիվանդության հետ կապված խնդիրներն ու նվաճումները ճիշտ գնահատելու, ինչպես նաև կանխարգելիչ ծրագրերի նախագծման նպատակով:
Վնասվածքաբան պրոֆեսոր Արմեն Չարչյանը, ներկայացված առաջարկներին երկու ձեռքով կողմ լինելով, խոսեց հիվանդության առկա վիճակի մասին և նշեց, որ վերոհիշյալ բոլոր միջոցառումները շատ արդյունավետ կլինեին ոչ միայն հիվանդի, այլև իրենց` վիրաբույժների համար:
Քանի որ օստեոպորոզը շատ դեպքերում հանգեցնում է հաշմանդամության, խնդիրը դառնում է ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական և, ինչու չէ, նաև պետական:
Կարծում ենք` արված առաջարկները լիովին ընդունելի են, բայց, որպեսզի դրանք կյանքի կոչվեն, պետք է օրենսդրական ձևակերպում ստանան:
Ժասմեն ՎԻԼՅԱՆ