Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

«100 ՄԻԼԻՈՆԸ ԽԹԱՆ Է ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

«100 ՄԻԼԻՈՆԸ ԽԹԱՆ Է ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
02.03.2012 | 00:00

Վերջին շրջանում բավականին ակտիվացել են գիտության ֆինանսավորման ավելացման շուրջ քննարկումները: Նշենք, որ Հայաստանում խիստ ցածր է գիտնականների աշխատավարձը: Մեր երկիրը գիտության ֆինանսավորմամբ աշխարհում վերջին տեղերից մեկն է գրավում: Եթե խորհրդային տարիներին Հայաստանի գիտության ֆինանսավորումը հասնում էր շուրջ 400-500 միլիոն դոլարի, ապա այժմ` մոտ 25 մլն դոլարի: 2011 թ. Հայաստանի գիտությանը հատկացվել է մոտ 9,7 միլիարդ դրամ, այս տարվա համար նախատեսված է 10,3 միլիարդ դրամ:
Նախագահ Սերժ Սարգսյանը 2011 թ. դեկտեմբերի 17-ին ավելի քան երկու տասնյակ երիտասարդ գիտնականների հետ հանդիպման ժամանակ հանձնարարականներ էր տվել` 100 միլիոն դրամ հատկացնել երիտասարդ գիտնականների ֆինանսական աջակցության նպատակով:
Արդեն իսկ ստեղծվել է այդ գումարների տնօրինման ղեկավար մարմին` բաղկացած ինը երիտասարդ գիտնականներից, որոնցից երեքը ԳԱԱ ինստիտուտների երիտասարդ գիտնականների խորհուրդների նախագահներ են, երեքը` ԵՊՀ, բժշկական համալսարանի և ճարտարագիտական համալսարանի գիտական միություններից, ևս երեքը ներկայացնում են «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը: Նախաձեռնության անդամ Խաչիկ Գևորգյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այս խորհուրդը պետք է որոշակիացնի աշխատանքների ժամանակացույցը և 100 մլն դրամի շրջանակներում իրականացվելիք ծրագրերը:
Երիտասարդ գիտնականներից բաղկացած ղեկավար մարմնից բացի, ստեղծվել է նաև խորհրդատուների խորհուրդ, որի կազմում են կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը, ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Հրանտ Մաթևոսյանը և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանը: Այս խորհրդին վերապահված են խորհրդատվական գործառույթ և ծրագրերի վերջնական հաստատման իրավունքը:
Ինչպես օրերս նշեց «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խմբի անդամ Տիգրան Հարությունյանը, առաջարկվում է, որպեսզի ստեղծված խորհուրդը գործի ռոտացիոն սկզբունքով: Դա նշանակում է, որ 100 մլն դրամի կառավարման համար ստեղծված ղեկավար մարմնի բոլոր անդամները վեց ամիսը մեկ կփոխվեն: Բացի այդ, կա առաջարկ` տեսագրել և հանրության ուշադրությանը ներկայացնել խորհրդի նիստերը: Թեև այս աշխատակարգի նկատմամբ որոշակի տարաձայնություններ ունեն «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խմբի այլ անդամներ: Տ. Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ մշակվել է նախագիծ, որի համաձայն` այդ գումարները կտրամադրվեն Հայաստանում կոնֆերանսների կազմակերպման, արտասահմանում կոնֆերանսների մասնակցության, գիտական ծրագրերի աջակցության, հայտնի գիտնականների անվան մրցանակների տրամադրման, ինչպես նաև լավագույն աշխատանքների համար գիտնականներին պարգևատրելու համար:
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունից Խաչիկ Գևորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 100 մլն դրամը, բնականաբար, բավարար չէ գիտությունը Հայաստանում զարգացնելու համար: Գիտնականները պահանջում են, որ գիտության ոլորտում բյուջետային ֆինանսավորումը հասնի ՀՆԱ-ի 1 տոկոսին: Երկրորդ կարևորագույն խնդիրը համարում են մասնավոր հատվածի ներգրավումը ոլորտում: «Մեր պահանջը հստակ գրված է. պետք է հասնել ՀՆԱ-ի 1 տոկոսի, որից հետո պետք է ձգտել 3 տոկոսի, իսկ դրա համար պահանջվում է 30 միլիարդ դրամ: Հետևաբար, ոչ մի կերպ հատկացվելիք գումարը բավարար չէ: Բայց 100 միլիոն դրամը խթան է նոր ծրագրեր իրականացնելու համար»,- նշեց Խաչիկ Գևորգյանը:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1194

Մեկնաբանություններ