«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու սպառնալիքների և նրա վտանգավոր հռետորաբանության լույսի ներքո արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է շտապ համագործակցել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ՝ կոչ անելով դատապարտել Թուրքիային և պահանջել նրան հեռացնել տարածաշրջանային դաշինքից»,- հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ն։ Փորձագետների գնահատմամբ՝ այս հայտարարությունը կարող է ավելի մեծացնել լարվածությունը երկու երկրների միջև:               
 

Որտեղի՞ց լույս աշխարհ եկավ «ադրբեջանցի» կեղծանվան տեր ժողովուրդը

Որտեղի՞ց լույս աշխարհ եկավ  «ադրբեջանցի» կեղծանվան  տեր ժողովուրդը
04.05.2012 | 00:00

(սկիզբը` նախորդ համարներում)


Առաջինը, որ Աղվանից աշխարհի մասին ճշգրիտ ու ելակետային տեղեկություն է հաղորդում, պատմահայր Խորենացին է: «Իսկ արևելյան կողմից, հայերեն խոսակցության վերջին սահմաններում, երկու կուսակալ է նշանակում նահապետական տների ցեղերից` Սիսակյաններին ու Կադմոսի սերունդներից: Սրանից հետո (Վաղարշակը) հաստատում է արևելյան-հյուսիսային կողմից մեծ, անվանի, բազմաբյուր կուսակալությունը, Կուր կոչված մեծ գետի ընթացքով, որ անցնում է մեծ դաշտով (կուսակալ է նշանակում) Առանին… այսինքն` Սիսակից սերված ցեղը, որ ժառանգեց Աղվանից դաշտը և այս դաշտի լեռնակողմը» (Խորենացի, «Հայոց պատմություն», 1968 թ., էջ 137):

Խորենացու այս վկայությունը ելակետային է մի շարք առումներով: Առաջինը` այդ կուսակալությունը գտնվում է հայերեն խոսակցության սահմաններում, այսինքն` կուսակալության բնակիչները հայախոս են, հայեր են: Այդ վկայությունը ամրակցվում է նրանով, որ բնակչության այդ հատվածը Սիսակից սերված ցեղն է, իսկ Սիսակն ու Սյունիքը անուրանալի հայ ու Հայաստան են: Իր վկայության շարունակության մեջ էլ Խորենացին նշում է, որ այդ երկիրն էլ Աղվանք կոչվեց Սիսակի քաղցր բնավորության պատճառով, որովհետև նրան աղու (քաղցր) էին ասում: Այս թանկագին վկայությունը` հիմնավորված «Աղուանք» բառի իմաստաբանությամբ, հայ պատմաբանները մի կողմ են թողել, որդեգրել նրա աղավաղված տարբերակը` «Ալբան», սարեր ու ձորեր ընկնելով` որոնել ու գտել «ալբան» բառահիմքով տեղանուններ ու մեր քաղցր, հաճելի, դուրեկան Աղուանքը դարձրել «լեռների երկիր»։

Խորենացու այս հիմնարար վկայությունն Աղվանից աշխարհի հայկականության մասին այնքան անշրջանցելի ու հասկանալի ճշմարտություն է եղել, որ հետագա մեր պատմիչները Աղվանից աշխարհի անցուդարձերին անդրադառնալիս անհրաժեշտություն չեն զգացել արձանագրելու նրա բնակիչների հայ լինելը, ինչպես, ասենք, Արծրունյաց, Սյունյաց, Գուգարաց, Տարոնի և այլ աշխարհների անցուդարձերը ներկայացնելիս անհրաժեշտ չեն համարել նշելու նրանց բնակիչների հայ լինելը: Բացառություն է երկու դեպք, երբ արդեն «Աղվանից աշխարհ» հասկացությունը 10-րդ դարից սկսած ներկայացվում էր որպես երկրատարածքի ավանդական անվանում, և զուգահեռաբար շրջանառվում էին «Հայոց Արևելից կողմանք», «Խորին աշխարհ Հայոց» հասկացություննները, մանավանդ որ, Բուն Աղվանքից բացի, այդ հասկացությունների մեջ էին ընդգրկվել նաև Արցախ, ՈՒտիք հայաշխարհները:

Առաջինը 10-րդ դարի կաթողիկոս-պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին է անհրաժեշտ համարել արձանագրելու Աղվանից աշխարհի բնակչության հայ լինելը: Արաբական տիրակալների հալածանքներից խուսափելով` Դրասխանակերտցին շատ է ապաստանել տարբեր հայաշխարհներում, նաև Աղվանից աշխարհում, ուր արդեն ձևավորվել էին մի քանի գավառական թագավորություններ` Փառիսոսի, Կամբեջանի, Կապանի: Եվ ահա Աղվանից աշխարհում իր թափառումների առնչությամբ Դրասխանակերտցին անհրաժեշտ է համարում նշել. «Ի կողմանս արևելեայ Աղուանից առ մեծն իշխանն Սահակ, երթեալ և առ թագավորն նոցունց Ատրներսեհ, որ ըստ արևելից հիւսիսոյ Կովկասու. զի և նոքա ի ժողովրդենեն մերմե և խաշն արոտի մերոյ էին» (Հովհ. Դրասխանակերտցի, «Պատմություն հայոց», 1912, էջ 217):

Ինչպես տեսնում ենք, կաթողիկոսը ապաստանել է Սահակ Սևադայի մոտ, որ Գարդմանք գավառի իշխանն էր, և գավառն էլ գտնվում էր Բագրատունյաց թագավորության կազմում, այնուհետև Ատրներսեհ թագավորի մոտ, որ Կամբեջանի թագավորն էր` Կուր գետի ձախափնյակում, և անհրաժեշտություն էր համարում շեշտելու նրանց հայ լինելը: Նույնն անում է նաև 13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցին:

«…Զլուսավորիչս կողմանցս Աղուանից, որպես զազգայնոց և զհավատակցաց մերոց, մանավանդ զի և առաջնորդք նոցա հայալեզու, հայերենախոս յոլովք էին, թագավորքն` հնազանդք թագավորացն հայոց, ընդ ձեռամբ նոցա լեալք և եպիսկոպոսն` ձեռնադրեալ ի սրբոյն Գրիգորէ և յաթոռակալաց նորա, և ազգն ուղղափառութեամբ ընդ մեզ կացեալ կրօնս, վասն այնորիկ արժան է ի միասին լինել հիշատակ երկուց ազգացս» (Կիրակոս Գանձակեցի, «Պատմություն հայոց», 1961 թ., էջ 192):

Բայց Դրասխանակերտցին ու Գանձակեցին վերջիններն էին, որ անհրաժեշտություն համարեցին հայ ժողովրդի միասնականությունը փրկել աշխարհագրական ու քաղաքական անջրպետներից, որը հազարամյա քաղաքական վայրիվերումների, առանձնապես պարսկական տարանուն աշխարհակալությունների քաղաքականության պարտադրանքն է եղել: Միանգամայն նոր հորիզոններ է բացում մեր առաջ «Աշխարհացույցը», որն իր վերջնական տեսքն ստացավ 7-րդ դարում` կապվելով Անանիա Շիրակացու անվան հետ: Այնտեղ արձանագրված Բուն Աղվանքի գավառների, բնակավայրերի և աշխարհագրական այլ անունները մեզ տեղափոխում են նախապատմական ժամանակներ: Նախ տեսնենք, թե ինչ սահմաններ է գծում «Աշխարհացույցը» Աղվանից աշխարհի համար:

«Ալբանիան, այսինքն` Աղվանից աշխարհը, սկսվում է Վրաց աշխարհից արևելք և Սարմատիային սահմանակից Կովկասյան լեռներով, մինչև Կասպից ծովն ու Հայաստանի սահմանը Կուր գետով» («Աշխարհացույց», էջ 105): Այս պատկառելի տարածքում արձանագրված բոլոր նախաստեղծ տեղանուններն ու աշխարհագրական անուններն անխտիր բնիկ հայերեն բառեր են` ժառանգված հնդեվրոպական նախամայր լեզվից, որոնց մի մասն այսօրվա հային մատչելի է դառնում ստուգաբանական բառարանների օգնությամբ: Ասենք, արձանագրված է Եղնի գավառ: Մենք բառարանի օգնությամբ իմանում ենք, որ «եղն» նշանակում է էգ եղջերու:

Առանց լրացուցիչ մեկնաբանության ներկայացնենք մի քանի տեղանուններ` Բեղ, Շաքի, Հողմազ, Աղուանք, Կապաղակ (որը թուրքը Կաբալա է դարձրել և այսօր նրանով փող է պոկում ռուսներից), Գետառու, Գեղավու, Քաղադաշտ, Քաղաբերդ, Քանդակ, Ոստան, Կախավան, Մուխանք, Օրաբան, Արջկան, Հերան, Մովկան դաշտ և այլն, նաև Կապան, որը 7-րդ դարում ուներ իր թարգմանված զուգահեռը` Դարբանդ, ժամանակակից Դերբենդը, բայց 12-րդ դարում Մատթեոս ՈՒռհայեցին այն օգտագործել է նախաստեղծ անունով` Կապան: Այդ տեղանուններին գումարվում են նաև պատմական դարաշրջաններում ստեղծված հայերեն տեղանունները, ինչպես` Բագու, Մարդական, Խաչմաս, Յոթնփորակյան Բագին, Խուրս վեմ պարիսպք և այլն:

Իսկ երբ հասնում ենք պատմական դարաշրջաններին, երբ մարդկությունը տիրապետում էր գրավոր խոսքին, Աղվանից աշխարհի մասին տեղեկությունների պակաս չի զգացվում: Առաջիններից մեկը այդ առումով մենք կհամարեինք Կյուրոսի ստեղծած աշխարհակալության 3-րդ տիրակալ Դարեհ Կոդոմանոսի կատարած վարչատարածքային բաժանումը քսան սատրապություն-փոխարքայությունների, ինչի հետևանքով հայ ժողովուրդը հայտնվեց երեք տարբեր սատրապություններում, և դա ճակատագիր դարձավ մեր ժողովրդի համար, և որի վերջին դրսևորումը մեր զավակների արյան գնով ձևավորված Արցախի Հանրապետությունն է` կանգնած հազարամյակների արյունոտ հակամարտությունների ճանապարհ անցած մերօրյա սպառնալիքների դիմաց:

Դարեհը կատարեց այնպիսի վարչատարածքային բաժանումներ, որ որևէ սատրապություն էթնիկական միատարրություն չունենա: Դա հնարավորություն է տալիս կենտրոնին, որ սատրապությունների կազմի մեջ մտած տարբեր ցեղերի ներքին հակասությունները միջոց դարձնի բոլորին հնազանդության մեջ պահելու համար:

Երեք տարբեր սատրապություններում (11,13,18) հայտնված հայ ժողովուրդը, որ ավելի քան 200 տարի վարչաքաղաքական առումով սահմանազատված էր, Աքեմենյան կայսրության կործանվելուց հետո ձևավորեց իր անկախ թագավորությունները և պատմության մեջ մտավ Մեծ Հայք, Փոքր Հայք և Աղվանից աշխարհ անվանումներով: Մ.թ.ա. 3-րդ դարում ձևավորված այդ թագավորություններից Մեծ Հայքի և Աղվանից թագավորություններն իրենց գոյությունը պահպանեցին մինչև մ.թ. 428 թվականը, երբ Պարսկաստանի Սասանյան տիրակալները վերացրին թագավորությունները և մտցրին մարզպանական կառավարում` միաժամանակ կատարելով տարածքային վերաձևումներ, ինչի շնորհիվ Մեծ Հայքի երկու նահանգ` Արցախն ու ՈՒտիքը միացրին Աղվանքին: Սասանյանների այս հերթական վերաբաժանումները ևս ճակատագիր դարձան հայ ժողովրդի արևելյան հատվածի համար` անհնար դարձնելով նրա հետագա միավորումը մայր հատվածի հետ, մղելով զարգացման ինքնուրույն ուղի: Չուշացավ այդ ինքնուրույնության դրսևորումը հենց մարզպանության ստեղծումից կարճ ժամանակ հետո: Ավարայրի ճակատամարտից ընդամենը յոթ տարի հետո Աղվանից թագավորական տան ժառանգորդ Վաչե Երկրորդը ապստամբեց պարսկական տիրապետության դեմ` հայրենի թագավորությունը վերականգնելու ծրագրով, որը վերջնական հանգուցալուծման հասավ Վաչագան Երրորդ բարեպաշտի ջանքերով: Ճիշտ է, կարճատև կյանք ունեցավ վերականգնված թագավորությունը, բայց իր էությամբ միանգամայն նոր երևույթ էր: Վաչագան Բարեպաշտը ստեղծեց սահմանադրական միապետություն և երախտագետ ժողովրդի կողմից ստացավ Բարեպաշտ պատվանունը:

Հետագա ավելի քան 1600 տարիներին համայն հայության հետ Աղվանից աշխարհի հայությունը ևս առաջին դիրքերում է եղել հայոց պետականության վերականգնման համար մղված պայքարում: Ինչե՜ր միայն արժեն արաբական զորավար, ազգությամբ թուրք Բուղային տված Աղվանից իշխան Աբու Մուսեի խրոխտ պատասխանն ու նրա հրոսակների ջարդը: (Թովմա Արծրունի, «Պատմություն Արծրունյաց տան», 1978, էջ 190-197):

Երբ երկարատև ազատագրական պայքարից հետո Բագրատունիները վերականգնեցին հայոց պետականությունը հայրենիքի մի հատվածում, նույն տարում իսկ հայրենիքի մյուս հատվածում Համամ Արևելցին վերականգնեց Աղվանից աշխարհի պետականությունը:

«Այս նույն ժամանակներում` 336 (887) թվականին, հաջողվեց Աշոտ Բագրատունուն Հայաստանում բարձրացնել իր թագավորական գահը: Ապա Բարեպաշտ Համամը, որ եղավ նաև Աղվանքի թագավոր, նույնպես Աղվանքի կործանված թագավորությունը վերականգնեց, ինչպես Աշոտ Բագրատունին նորոգեց հայոց թագավորությունը: Սրանք միևնույն ժամանակ կատարվեցին» (Մ. Կաղանկատվացի, «Պատմություն Աղվանից աշխարհի», 1969 թ., էջ 262):

Իսկ թե ինչ տարածք էր ընդգրկում վերականգնված Աղվանից թագավորությունը, պարզվում է արդեն այն բանից հետո, երբ այդ թագավորությունը վերածվել էր առանձին գավառական թագավորությունների` Փառիսոսի թագավորություն Գարդմանում, Կամբեջանի թագավորություն Կուրի ձախափնյակին, Աղվանքի ծայր հյուսիսում ձևավորված Կապանի թագավորություն` Խաչմաս կենտրոնով:

«Կային նաև ուրիշ հայ թագավորներ Դարբանդ գավառում, որ կոչվում էր Կապան: Նրանք ազնիվ և սրբակրոն թագավորներ էին, և պատարագներում հիշվում են նրանց անունները Աստվածասեր այլ սուրբ թագավորների շարքում. այն է` Վաչագանի, նրա որդու` Գոշատակի որդու` Փիլիպեի, Փիլիպեի որդու` Սևադայի, Սևադայի որդու` Սենեքերիմի, Սենեքերիմի որդու` Գրիգորի, որ մեր այս մատյանի գրության ժամանակ կենդանի էր» (Մատթեոս Ուռհայեցի, «Ժամանակագրություն», 1973 թ., էջ 151-152):

ՈՒռհայեցու պատմությունը հասնում է մինչև 1136-1137 թվականները: Կապանի թագավորությունը արաբական տիրապետությունից հետո ստեղծված հայոց պետական կառույցների մեջ, փաստորեն, ամենաերկարակյացն էր:

12-րդ դարի կեսերից վրաց-հայկական դաշնակցությամբ ծավալված ազատագրական պայքարում` սելջուկյան տիրապետության դեմ, Զաքարյան եղբայրներն ազատագրում են հայոց նահանգները: Հաղարծնում թողած մի վիմական արձանագրության մեջ Զաքարեն ու Իվանեն իրենց ազատագրած նահանգները համարում են նախնիներից ստացած ժառանգություն: «Երբ Աստծո նախախնամությունը հասավ արարածներին, և մեր նախնիների սեփական ժառանգությունը տվեց մեզ տիրելու, առաջ մեր ձեռքը տվեց անառիկ Ամբերդ դղյակը և թագավորանիստ քաղաքն Անին, ապա և Շաքին և Շիրվանը, և Պարտավը մինչև Բայլական, և ուրիշները իրենց սահմաններով» (Բ. ՈՒլուբաբյան, «Խաչենի իշխանությունը 10-16-րդ դդ.», 1975 թ., էջ 132):

Սկսած 13-րդ դարից, Միջին Ասիայից ներխուժած թաթար-մոնղոլներն ու նրանց կրնկակոխ հետևած թուրքական տարանուն ցեղերը, մինչև օսմանյան թուրքերն ու Սեֆյանները, որոնք դարձյալ թուրքեր էին, այնպիսի ավերածությունների էին ենթարկել բովանդակ հայ հայրենիքը, որ առանձին դժվարամատչելի լեռնային շրջաններում էին պահպանվել միատարր հայ զանգվածներ` իրենց դիմադրողական կարողությամբ ու ազգային անընկճելի ոգով: Զեյթունի ու Սասունի, Սյունիքի ու Արցախի և մյուս լեռնային շրջաններում փրկվեց հայի ազգային նկարագիրն ու ոգին, որը 1862 թ. հայ բանաստեղծին իրավունք էր տալիս Զեյթունի քաջորդու անունից ազդարարելու. «Թուրքաց մայրեր թող լան, և դուն ուրախ լուրեր տար ի Զեյթուն»:

Այս առումով բնավ էլ պատահական չէ, որ 17-րդ դարի վերջերից սկիզբ առած ազգային-ազատագրական շարժման կենտրոն էին Սյունիքն ու Արցախը` դառնալով համայն հայության` Հնդկաստանից մինչև Լեհաստան, հույսերի ու ակնկալիքների հանգրվան: Եսայի Հասան Ջալալյան կաթողիկոսի ու Դավիթ Բեկի գլխավորությամբ ծավալված ազատագրական կռիվները օսմանյան ու պարսկական տիրապետությունների դեմ իրենց հերոսականությամբ դարձան հայ ժողովրդի պատմության չխամրող էջերից մեկը:

Իրենց անհատակ ողբերգականությամբ պակաս հերոսական չէին հայ ժողովրդի արևելյան հատվածի ցուցաբերած ջանքերը ցարական կայսրության կործանումից հետո ևս: 1918 թվականի փետրվարին բոլշևիկները Բաքվում իշխանության հասան ու հռչակեցին կոմունա: Բայց օրեր անց թուրք մուսաֆաթականներն ապստամբեցին, եռօրյա փողոցային կռիվներում պարտվեցին ու փախան Գանձակ` սպասելով, որ մեծ եղբայրը գա ու իրենց համար պետություն ստեղծի: Կոմունան, փաստորեն, ազգային կազմով դարձավ հայկական` իր 16-հազարանոց զինվորներով` անկախ բոլշևիկների հետապնդած ծրագրերից: Լենինը չէր կարող հանդուրժել հայկական ազգային կազմով մի կոմունա` կանգնած Մեծ Թուրանի ճանապարհի այդ հանգուցային կետում: Եվ նա, թալեաթ-էնվերների հետ ձեռք ձեռքի տված, արյան մեջ խեղդեց այդ կոմունան, իսկ կոմունարներին էլ Ախչակումայի անապատում ոչնչացրեցին:

Նույն օրերին հայոց Ազգային խորհուրդը իշխանություն էր ձևավորել Արցախ-Ղարաբաղում և կանգնել մեծ ու փոքր եղբայր թուրքերի բարբարոսությունների դեմ: Բայց, չնայած ղարաբաղցիների ցուցաբերած տևական ու անձնազոհ ջանքերին, նրանք ևս վերջնահաշվում կիսեցին Բաքվի կոմունայի դժբախտ ճակատագիրը` հետագա 70-ամյա նահատակությամբ:

Այսպիսով, բազում ու բազմաբնույթ են Աղվանից աշխարհի` հայի հայրենիք լինելու մասին ազգային աղբյուրների հաստատումները: Նման հաստատումներից կարելի է հիշատակել, ասենք, Երուսաղեմում Աղվանից կաթողիկոսությանը պատկանող Պանտա վանքի միջադեպը: Հույն հոգևորականները, այդ հարցում իրենց բնորոշ կեցվածքով, աղմուկ են բարձրացնում վանքի ազգային պատկանելության շուրջ: Մերոնք հաղթում են նրանց` մատնացույց անելով վանքի պատերին գրված հայերեն արձանագրությունները: Տասնյակ հազարավոր վիմական արձանագրություններ կան` գրված Աղվանից աշխարհի պատմաճարտարապետական հուշարձանների պատերին ու գերեզմանաքարերի վրա:

Մեր գրիչների արդեն տպագրված ու դեռևս ձեռագիր հիշատակարաններում անհաշիվ են ընթացիկ իրադարձությունները ներկայացնող վկայությունները: Հիշատակենք դրանցից միայն մեկը` շրջանառության մեջ դրված պատմաբան Աշոտ Հովհաննիսյանի կողմից: «Ձեռագիր մի հիշատակարանում, գրված 1584 թ.` Կարինում, միայն հենց Շիրվանը գրավելու տարում հայ գերիների թիվը հաշվվում է 72 հազար, իսկ հաջորդ տարում Արարատյան դաշտից տարածներինը` 60 հազար» (Ա. Հովհաննիսյան, «Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության», գիրք 2, էջ 63-65): Խոսքը սուլթանների վասալ Ղրիմի թաթար խանի արշավանքի մասին է, որ Էլբրուսի կողքով արշավեց Շիրվան, ավերեց երկրի տնտեսությունը, առանձնապես թթենիների այգիները և գերեվարեց 72 հազար հայի:

Դիտարկման արժանի է նաև մեկ այլ հանգամանք: Հազարամյակներ շարունակ արյան ու ավերումների ճանապարհով անցած այդ երկրամասը, որ հիմնականում եղել է օտար նվաճողների տիրապետության տակ, մինչև 17-րդ դարի վերջերը պահպանել է բնիկ ժողովրդի էթնիկական գերակայությունը, մնացել է հայ ժողովրդի էթնոտարածք: Իսրայել Օրու վիճակագրությունից տեղեկանում ենք, որ երկրատարածքի բնակչության 73 %-ը հայ է, 27 %-ը` մահմեդական, բայց ոչ ազերթուրքեր, որոնց դեռ չէին մտցրել երկրատարածք:

Աղվանից աշխարհի հայկականությունը վկայված է նաև օտար հեղինակների կողմից: Բավարարվենք դարձյալ մեկ վկայությամբ: Արաբ հեղինակ Իբն ի Ֆակիհն իր «Աբդուլան» աշխատության մեջ Հայաստանի տարածքը բաժանել է չորս մասի և անվանել «Առաջին, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Արմինիա». Նա Առանը (Աղվանքը) համարում է Առաջին Արմինիայի մասերից, իսկ Պարտավը, Բելուկանը, Կապաղակը, Շիրվանը, Շաբրանը, Շաքեն, Շամքորը և Բալասաջանը համարում է Առանի քաղաքներից: Նա գրում է. «Առանը Արմինիայի առաջին հողային հատվածն է» (Էնաեթուլլահ Ռեզա, «Ազարբայջան և Առան», 1994 թ., էջ 28):

Այսքանից հետո տարօրինակ ու անհասկանալի է մնում հայ պատմաբանների խուլ անտարբերությունն Աղվանից հայաշխարհի անցած ուղու և պատմության հարցում, որը դուռ է բացում գրիչ վերցնելու կարողություն ունեցող ցանկացած ազերթուրքի առաջ, որպեսզի կողոպտեն ու իրենցը հռչակեն այն ամենը, ինչ ստեղծել է մեր ժողովուրդը հազարամյակների ընթացքում:

(շարունակելի)


Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2062

Մեկնաբանություններ