Գովազդատուները զանգվածաբար լքում են X սոցիալական ցանցը՝ մտահոգված հարթակում թունավոր բովանդակության աճով և ծառայության սեփականատեր Իլոն Մասկի վարած քաղաքականությամբ: Մարքեթոլոգների միայն 4%-ն է X-ը համարում ապրանքանիշերի համար անվտանգ հարթակ: Մասկը հերքում է գովազդատուների վստահության աղետալի անկման հետ կապված խնդիրները և մեղադրում նրանց շանտաժի մեջ:               
 

ԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԿԱԽԱՂԱՆՆԵՐԸ»

ԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԿԱԽԱՂԱՆՆԵՐԸ»
27.05.2011 | 00:00

«Տականքը փրփուր է դառնում, փրփուրը շամպայնի չափանիշ։ Իրենց սերը պարտադրեցին, պոետներից սիրերգեր քամեցին, պոետները թոքախտից հյուծվեցին։ Իմ դատարկված փամփուշտներն իրենց նախկին անմեղությունը որպես անմեղսունակություն պահանջեցին։
Մի լլկիր ինձ, իմ գրիչ, քո սուր սայրը ես վաղուց եմ ճաշակել։
Խոհանոցը կնոջ թագավորությունն է, անկողինը նրա գաղութն է։ Իշխանությունը նրանց է պետք, ովքեր ոչինչ են առանց այդ իշխանության»։

Վարուժան Նալբանդյան,
«Խոհերի արկածախնդրություն»

ԿԵՆՏՐՈՆԱԽՈՒՅՍ ՇԱՐԺԵՐ
(հրապարակախոզություն)

Այսուհանդերձ մենք ազատ, անկախ, ինքնիշխան երկրում մի ծանրակշիռ ձեռքբերում ունենք։ Կենսագործում ենք երևելիների պատգամները։ Զի պատկառանք ենք ձեռք բերել ամենայն արժեքավորի և իմաստության հանդեպ։
Զի ինքներս ենք մեր ազատության և անկախության ինքնորոշված իշխանատոհմը։
Սակայն վերստին ունկնդրենք պոետի դղրդուն միտքը. «Ես ձեզ ասում եմ` կգա ոգու սով և դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ»։ Պոետը դարակազմիկ բան-ա-ստեղծ էր, ինչը փաստեց ռուս արքայական մշակույթի ռահվիրան։ Եվ այսպես ճոխանում ենք ու քաղցում։ Ազգովին, նախարար ու նախրապան, բանվոր և ուզվոր, ճարտարապետ ու սանհանգույցի վարպետ, արձակի ու չափածոյի կրող և լրամրող, նախագահ ու գահազուրկ ընդդիմախոս, խոսնակ և... «մարդ կա աշխարհն է շալակած տանում, մարդ կա ելել է շալակն աշխարհի»։ Մի խոսքով, գանձագող-մենաշնորհատեր։ Շեղվեցինք։ Մուտքագրվում ենք Հյուսիսային պողոտա։ «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»... Պոետի տողը թնդում է, և «լինել-չլինելու» համլետյան անդրադարձերը լցվում են հրապարակ։ Պողոտայի երկայնքով տեղակայված ճոխ սեղաններն ուղեկցում են ամենայն հայոց հրապարակ, ուր բոլորաձև շարք բռնած քառաձայն երգչախումբը, ոտն ի գլուխ դարչնագույն, որոտում է հրապարակի, պողոտայի, ինքնիշխանության օրհներգը` «Եկավ ահա սովը ոգու, և մաքրազարդենք սեղանները ճոխ»։
Հյուսիսային պողոտա, երրորդ հանրապետության երկրորդ ղեկապետի հանդուգն աքացին մեր համապետական ամորձիներին։
Հյուսիսային պողոտա։ Պարզապես ծոմապահություն։ Ճաշկերույթը` կես սեղան վար։
Հանրապետության հրապարակ։ Կես դար առաջ ոգու համանվագ, ճաշկերույթ շքեղ, վայելչանքի խրախճանք, մտքի, կամքի ու բազկի եռասյուն տաճար։
Եվ պատվանդանը` գրանիտե երգ երգոց, հրապարակի անդրադարձը կոթողի անձեռակերտ հրաշագործությունում։
ՈՒլյանով-Լենինի արձանը ժամանակավրեպ պատահմունք էր։ Ոչ ավելի։ Սակայն հրաշակերտ թամանյանական անսամբլը տառացիորեն ամորձատվեց ներկա Ազգային պատկերասրահի շենքի կառուցմամբ, որ էականորեն կազմալուծեց օպերային թատրոն-կառավարական տուն առանցքի քաղաքաշինական ներդաշնակությունը։
Պակասորդը հավելավճարով «համալրեց» Հյուսիսային պողոտան, անկենդանության խորհրդանիշը, մոլեմսխուն կապիտալի վերընձյուղման առհավատչյան, այլ «գլուխգործոցներ»։
Տարիներ են անցել Հյուսիսային պողոտայի շահագործումից, և մինչ օրս այն սառն ու օտար է մայրաքաղաքին։ Նարեկ Սարգսյանն այսօր փորձում է անհնարինը` օպերայատիպ հսկա թմբուկ կառուցել Կառավարական տան վրա։ Այլևս անհնար է «վերախմբագրել» Հյուսիսային պողոտան, որը, ըստ Թամանյանի, պիտի շրջահոսեր դեպի հրապարակ, լայնարձակ, լճակ-պուրակների հերթագայությամբ զուգահեռելով երկու վեհասքանչ թմբուկները Արարատի հայացքի ներքո (հանճարները չեն վրիպում)։
Խնդիրն ավելի քան պարզ է։ Հսկայական միջոցների ներդրմամբ կկառուցվի Կառավարական տան թմբուկը (Նարեկ Սարգսյանն ահռելի փորձ և հմտություն է կուտակել)։ ՈՒ քանի որ Ազգային պատկերասրահի երկնասլաց կառույցը լրջորեն խաթարելու է «դարակազմիկ մեծագործությունը», առաջ կգա այն օտարելու, ասել է թե` փլուզելու հրամայականը։ Սակայն գուցե իսկապես հանդգնենք ու գնանք դեպի Թամանյանը։ Նաև ընդունենք, որ քաղաքաշինական հաջողությունների պարագայում «համբուրում են գլխավոր ճարտարապետի ճակատը», վրիպումների դեպքում` անարգանքի համազգային սյունին գամում, մոռանալով, որ քաղաքաշինությունը ներկա Երևանում խստորեն վերահսկվում է վարչաքաղաքական վերնախավի կողմից։ Եվ հասարակությանը մնում է ավելի շուտ թիկունք կանգնել մայրաքաղաքի ճարտարապետին։ Այս դեպքում` Նարեկ Սարգսյանին։
Իսկ դու կեցցե՛ս, Հասրաթյան Միքայել, քո հրաժարականով հիմնավորեցիր, որ փառահեղ պապի` Գրիգոր Նազարյանի ազնվական արյունն է տրոփում երակներումդ։
Ի դեպ, սույնի վերաբերյալ սպասում ենք մայրաքաղաքի ավագանու հույժ շահագրգիռ արձագանքին։ Բավ է բերաններդ ջուր առած մունջ ձևանաք, հարգելինե՛րս։ Ջուրը այդ կարող է նաև ճահճանալ։ Իսկ ճահճում, գիտեք, ինչ հմայիչ կենդանիներ են բազմանում։ Սպասենք ձեր հուզախռով արձագանքին։ Սպասենք և հուսանք։ Հուսանք և երազախաբ չլինենք։
ԲՈՒԺՈՒՄ ԵՆՔ ԲՅՈՒՋԵԻ ՃՈՂՎԱԾՔԸ
(զվարթուն պամֆլետ)

Դուք, ի՞նչ է, կարծում եք հայրենի իշխանությունների պայքարն ընդդեմ ճգնաժամի (տնտեսական-կարտոֆիլային), կաշառակերության (չինովնիկա-ծառայողական), մենաշնորհատիրության (շաքարավազա-հավկիթային) այդպես էլ տեղապտո՞ւյտ է տալու, ոնց շփոթված նորահարսը խստաբարո սկեսրոջ խոհանոցային տիրույթներում։ Սխալվում եք։ Էն էլ` չարաչար։ Զի չարաբաստիկ մի դիպվածով սկեսուրը երդիկից ընկնում, փշրում է կողոսկրերը, և «շերեփա-մածնաթանային» հեղաշրջումից հետո նորահարսը միապետական կարգեր է հաստատում խոհանոցում, բանջարանոցում և օրորոցում։ Բայց հուզաթոթով շեղվում ենք բուն մեր ասելիքից։ Այսպիսով, հայտնաբերվել է պայքարի նշանակալից մի կռվան, փաստարկ, հիմնահարց. խորհրդարանի արժանապատիվ ծառայողական շարժակազմը թարմացվեց։ Սա պետգանձարանից «խլեց» ընդամենը մի հարյուր հազար դոլար։ ՈՒ թքած, որ աշխարհի գերզարգացած պետությունները նման լուծումը համարում են բացարձակապես անտեղի շռայլություն` ենթակա հասարակական լայնահուն դատափետման և նեղմիտ վրիժառության` պաշտոնանկության տեսքով։ Դե, թող փորձի ԱՄՆ-ի, Չինաստանի, Իսլանդիայի, Լեհաստանի կամ Մալայզիայի, ի վերջո, Իրանի խորհրդարանի խոսնակը համաշխարհային-համերկրային ճգնաժամի թունդ պահին նման բան թույլ տալ։ Պարզ է, չէ՞, նրա ճակատագիրը։ Որովհետև տարրական պատվախնդրությունից զուրկ են։ Չունեն մեր նորանկախական նամուս-թասիբն ու ռազմավարական հեռատեսությունը։ Մի տեսեք, թե ինքնաբուխ հպարտությունից ինչպես են ուռչում շարքային հայորդիների թշերը, ինչպես են ամենակուլ հուզմունքից կուլ գնում պերճախոս լեզուները, երբ իշխանակառավարական շքեղաշուք շարժակազմերն են սլանում դեպի երրորդ հանրապետության պայծառ գալիք։
Դե, ասացեք, խնդրեմ, բանի նման կլինի՞, որ խոսնակը, օրինակ, շրջի տասհազարանոց ծառայողականով, պատգամավորներն ու նախարարներն աշխատավայր հասնեն տրոլեյբուսով։ Էլ ի՞նչ հարգանք ու պատկառանք։ Եվ, ասացեք, խնդրեմ, երեկոյան ի՞նչ վստահություն կհաղորդի տիար Գալուստ Գրիգորիչի, տեր Րաֆֆու կամ էլ թեկուզ ընկեր Վահանի պետականաշնորհ ելույթը գործազուրկ որմնադիր ուստա Գվիդոնին, եթե առավոտյան նա ծունկ ծնկի, ուս ուսի, կներեք, նաև թուշ թշի երթևեկել է նրանց հետ։ Չի՛ լինի։ Անհնար է։ Եվ հղի անկանխատեսելի հետևանքներով։ Ասենք, տնտեսական ճգնաժամի հանկարծահաս հաղթահարմամբ։ Բա եղա՞վ, էս դեպքո՞ւմ էլ ալամ աշխարհից առաջ ընկնենք։
ԱՆԿԱԽԱԿԱՆ ՇՈՒՐՋՊԱՐ
(պորտապարի քմայքները)

Կեցցե՛ս, Ազատիչ-բարեփոխիչ։ Զի արձանագործական և քանդակաքերթողական չարը խափանվեց։ Նախագահական նստավայրի հրապարակից ապամոնտաժվեցին ու տարհանվեցին նորանկախ հայոց կերպարվեստի երկու չարագույժ խճողանքները։ Տարոսիկները թող սփռվեն ու շուրջպար բռնեն Թեհլերյանի, Գևորգ Չավուշի, Հարություն Շմավոնյանի, այլոց հիշատակը «հրեշապատող» գլուխկոտրուկների շուրջը։
Ի դեպ, բավականին ուշագրավ զարգացումներ են ընթացք առել Գարեգին Նժդեհի հուշարձանի շուրջ։ Տողերիս հեղինակը (նույնն է, թե ձեր ծառան խոնարհ) վերոնշյալ թնջուկը փորձում է տարրալուծել այն պատմական պահից ի վեր, երբ Սուրեն Սպանդարյանի անվան հրապարակը, մետրոպոլիտենի կայարանը (դարձյալ նրա անվան) և Կալինինի անվան պողոտան վերանվանվեցին ի պատիվ մեծ տարագրի, փայլուն զորավարի և պետական այրի, ի վերջո` ազգային էթնոիմաստասիրության ռահվիրայի, Գարեգին Նժդեհի։ Հրաշալի հայրենանվեր քայլ։ Սակայն հրապարակում կանգուն էր Սպանդարյանի արձանը, շնորհալի մի ստեղծագործություն` կերտված հեղափոխական ռոմանտիզմի ոգով։ Ժամանակ անց ժողովրդական բանահյուսությունը (այլ ձևակերպմամբ` փողոցային դիվանագիտությունը) չզլացավ իր գնահատման մեջ. «Նժդեհի անվան Սպանդարյանի հրապարակ»։
Տարիները գլորվեցին, նժդեհականները եկան իշխանության, և ահա, թվում էր, վերջապես սայլը տեղից կշարժվի, սառույցը կհալչի, պատանի սկաուտներն էլ զվարթուն կկարկաչեն, երբ Նժդեհը «գահընկեց կանի» Սպանդարյանին, և ամեն բան կհանգրվանի յուր տրամաբանական, բանական և բարոյական շրջագծում։ Սույն պարագայում` Նժդեհի անվան հրապարակում։
Ի դեպ, ուշագրավ է մոլեռանդ-բոլշևիկ Սպանդարյանի բոլշևիկյան պատվատիտղոսը` «Իզգոյ»։ Ասել է թե` ապադասային անձ, վտարյալ, անջատվոր։ Մի խոսքով, տղեն բախտ չուներ։ Ո՛չ Տուրուխանյան երկրամաս աքսորավայրում, ո՛չ էլ Երրորդ մասի հրապարակում։
Եվ ահա քաղաքապետարանը վերջապես որոշում է կայացնում տեղակայել Նժդեհի ձիարձանը նախկին «Հայրենիք» կինոթատրոնի հրապարակում։ Համենայն դեպս, սա է քաղաքապետարանում վերջերս ձևավորված գեղարվեստի խորհրդին պարտադրվող տեսակետը։ Ի դեպ, բավականին ուշագրավ դիրք է բռնել սույն խորհրդում քաղաքապետ տիար Կարապետյանը։ Անձամբ հորդորում է, խրատում, հրահանգում և փորձում իր կամքը պարտադրել` մոռանալով, որ գեղխորհուրդը խորհրդակցական անկախ մարմին է` կոչված մայրաքաղաքի գեղարվեստական-գաղափարական խեղաթյուրված կերպարը վերականգնելու։ Սակայն տիար Կարապետյանի յուրօրինակ մեթոդաբանությամբ գեղարվեստի խորհրդում ի հայտ են գալիս գործիչներ, որոնց թնդանոթի որոտի հեռավորությամբ պիտի հեռու պահել ոչ միայն նշյալ խորհրդից, այլև, առհասարակ, մայրաքաղաքից, նրա ցավ ու հոգսից։
Մի խոսքով, Նժդեհը` ձիու վրա, հավանաբար, սուրը դեպի լյառն Արարատ` ի հեճուկս «Իզգոյի»։
Ի դեպ, խնդիր է ծագել օտարելու Սպանդարյանի արձանը։ Հուսանք, որ տարաբախտ այդ բոլշևիկի բախտը գոնե կբերի այնքանով, որ չի արժանանա ՈՒլյանով-Լենինի, ավելի ստույգ, վերջինիս արձանի ճակատագրին։
Ինչևէ, ապագան ուրվագծվում է բավականաչափ «դյուցազներգական», այլևս Նժդեհի անվան հրապարակում ամայություն է, Նժդեհը օտարված է իր անունը կրող հրապարակից, դե, իսկ Սպանդարյան-Իզգոյի ճակատագիրն ամենից տեսանելին է։ Եվ հասանելին։ Նրա արձանը կապամոնտաժվի և կտարվի անհայտ ուղղությամբ` ծառայելու, անշուշտ, որպես ջարդոն (ոգու սովի տիրակալությունն է, ինչ արած)։
Այ, սրա փորձն ու վարպետությունը մենք ունենք։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1490

Մեկնաբանություններ