«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու սպառնալիքների և նրա վտանգավոր հռետորաբանության լույսի ներքո արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է շտապ համագործակցել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ՝ կոչ անելով դատապարտել Թուրքիային և պահանջել նրան հեռացնել տարածաշրջանային դաշինքից»,- հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ն։ Փորձագետների գնահատմամբ՝ այս հայտարարությունը կարող է ավելի մեծացնել լարվածությունը երկու երկրների միջև:               
 

«Առավել կարևոր է եղած գիտական նյութերը թուրքերեն, ադրբեջաներեն կամ այլ լեզուներով թարգմանելը, քան նորերը հրապարակելը»

«Առավել կարևոր է եղած գիտական նյութերը թուրքերեն, ադրբեջաներեն կամ այլ լեզուներով թարգմանելը, քան նորերը հրապարակելը»
04.05.2012 | 00:00

Ընդունված է ասել, որ մենք շահել ենք Ադրբեջանի հետ ճակատամարտը միայն, մինչդեռ պատերազմն այդ երկրի հետ շարունակվում է, մասնավորապես, քարոզչական դաշտում։ Այս պատերազմում Հայաստանը շատ անելիքներ ունի. հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է ակտիվացնել հայամետ քարոզչությունը, ինչպես նաև երկրում զարգացնել ադրբեջանագիտությունը։ Քարոզչական պատերազմի և Հայաստանում ադրբեջանագիտության վերաբերյալ «Իրատես de facto»-ն զրուցում է ԵՊՀ երիտասարդ համալսարանականների միավորման նախագահ, պատմաբան ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ։

Գևորգ Մելքոնյանը, անդրադառնալով մեր երկրում ադրբեջանագիտության զարգացման հեռանկարներին, նշում է, որ հիմնական խնդիրը մասնագետների պակասն է։ «Միայն վերջին 3-4 տարիներին է, որ այս հարցին ուշադրություն է դարձվում։ Մասնավորապես, Երևանի պետհամալսարանում բացվեցին ադրբեջանագիտության և ադրբեջաներենի ուսուցման խմբակներ։ Սակայն կան մի շարք հարցեր, որոնք առնչվում են ոչ միայն ադրբեջանագիտությանը, այլև թուրքագիտությանը։ Բանն այն է, որ այսօր մեր երիտասարդ մասնագետները զրկված են համապատասխան պրակտիկա անցնելու հնարավորությունից։ Եթե արաբագետները կարողանում են իրենց պրակտիկան անցնել Սիրիայում կամ արաբական մեկ այլ երկրում, ապա նույնը չես կարող ասել Թուրքիայի և Ադրբեջանի մասին՝ այդ երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալու պատճառով։ Ստացվում է` մեր այն երիտասարդները, ովքեր փորձում են մասնագիտանալ ադրբեջանագիտության և թուրքագիտության ոլորտում, անցնում են միայն տեսական մասը։ Վերջերս հանրապետության նախագահի հետ հանդիպման ժամանակ ԵՊՀ ուսանողները բարձրացրին այս հարցը՝ առաջարկելով համապատասխան պրակտիկա կազմակերպել թուրքալեզու այլ երկրներում, օրինակ, Թուրքմենստանում, որտեղ ոչ միայն կկարողանան կատարելագործել լեզվական գիտելիքները, այլև կծանոթանան այդ ազգերի բարքերին, սովորույթներին։ Օրախնդիր է ոչ միայն լեզվի իմացությունը, այլև ժողովրդի մտածողությունը։ Չէ՞ որ մենք այսօր Ադրբեջանի հետ գտնվում ենք պատերազմական վիճակում, և պետք է հասկանանք մեր թշնամու ինչպես լեզուն, այնպես էլ մտածողությունը»,- նշում է Գևորգ Մելքոնյանը։ Նա հավելում է, որ հայ երիտասարդների համար կարևոր են նաև ֆինանսական հնարավորությունները։ Երիտասարդ ադրբեջանագետն այս ոլորտում հեռանկարներ չի տեսնում, չգիտի՝ իր մի կտոր հացը հետագայում ինչպես է վաստակելու, քանի որ տվյալ երկրի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ, և իր գիտելիքները կարող են դրսևորվել միայն տեսական դաշտում։ Այնպես որ, ըստ պատմաբանի, հատուկ ուշադրություն պետք է դարձնել այդ խնդիրներով զբաղվող մասնագետներին` խրախուսելով նրանց։ «Սա առաջին հերթին ռազմավարական նշանակության խնդիր է։ Պատերազմի տարիներին մենք տեսանք, թե որքան կարևոր էր թուրքերեն և ադրբեջաներեն իմանալը։ Մենք չգիտենք, թե հարաբերությունների ինչ հեռանկար է սպասվում այս երկրների հետ։ Եթե անգամ մեր հարաբերությունները կարգավորվեն, առավել ևս կարևոր է լինելու մասնագետների առկայությունը»,- ասում է Գևորգը։

Նշենք, որ Բաքվում մեծ ուշադրություն է դարձվում հայագիտության զարգացմանը, ինչն այդ երկրի հեռահար քաղաքականությունն ու ծրագրերն իրականացնելու բազա կլինի։ Բաքվի համալսարանում բացվել է հայագիտական ամբիոն, որտեղ դասավանդում են Արցախյան պատերազմի տարիներին Հայաստանից և Արցախից գաղթած ադրբեջանցիները։ Հայագիտական կենտրոն է գործում նաև Ստամբուլի համալսարանում, ընդ որում, այստեղի մասնագետները հայերեն են դասավանդում նաև Բաքվում։

Ադրբեջանն այսօր մեծ քարոզչություն է տանում, թիրախ ընտրելով հայկական լսարանը։ Մասնավորապես, իշխանությունների ֆինանսավորմամբ բացվել են հայալեզու ադրբեջանական կայքեր, որոնք իրականությունը ներկայացնում են խեղաթյուրված։ «Armenia.az կայքն ամեն օր թարմացվում է։ Կայքը շատ նուրբ քաղաքականություն է իրականացնում։ ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ այստեղ տեղադրվում է իրականությանը համապատասխանող 10 լուր, իսկ 11-րդն արդեն իրենց քարոզչական նյութն է։ Վերջերս բացվել է նաև www.karabakh.az քառալեզու (հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, անգլերեն) կայքը։ Այս կայքի զավեշտն այն է, որ հայերենով շարադրվում է Արցախի պատմության ադրբեջանական վարկածը` խեղաթյուրված ու ծիծաղելի։ Ներկայացված են նաև միջազգային կոնվենցիաները, Խոջալուի դեպքերը՝ բոլորն ադրբեջանական կողմից դիտարկված,- նշում է Գևորգ Մելքոնյանը՝ ավելացնելով, որ հայալեզու ադրբեջանական կայքերը ներկայացված են նաև սոցիալական ցանցերում, որոնց բաժանորդագրված են հարյուրավոր հայ երիտասարդներ, այդպիսով գտնվելով ադրբեջանցիների քարոզչության ազդեցության ներքո։- Լավ խոսք կա՝ կաթիլը քար է ծակում։ Երբ կաթիլ-կաթիլ մարդկանց համոզում են, որ պետք է գնալ զիջումների հանուն երկու ժողովուրդների բարեկամության, հասարակությունը սկսում է դեգրադացվել։ Եվ որքան հասարակությունը դեգրադացվի, ազգային խնդիրներում լինի անտարբեր, այնքան պատերազմը կմոտենա»։

Մեր զրուցակիցը նաև տեղեկացնում է, որ երիտասարդ մասնագետներով փորձել են ստեղծել նմանատիպ կայք թուրքերենով, որը թուրք ժողովրդին կներկայացներ Հայաստանի ու Արցախի իրական պատմությունը, սակայն առաջ է եկել ֆինանսավորման խնդիրը։ Տեղեկատվական այդ ռեսուրսը, ի վերջո, լսարան ունենալու համար անընդհատ պետք է թարմացվի։

Պատմաբանը նկատում է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները հայերի մեջ ասոցացվում են Արցախի խնդրի հետ։ Սակայն այդ հարաբերությունները միայն Արցախի խնդրով չեն սահմանափակվում։ Հակամարտությունն այնքան է խորացել, որ այսօր ադրբեջանցիները տարածքային նկրտումներ են ներկայացնում Սյունիքի, Երևանի նկատմամբ, փորձելով պատմությունը խեղաթյուրել։ «Հիմա մենք խնդիր ունենք ոչ միայն Արցախը ներկայացնելու (այն քիչ թե շատ ներկայացված է), այլև Հայաստանի բնակավայրերի պատմությունը թուրքերեն և ադրբեջաներեն, որպեսզի այդ ժողովուրդներին մատուցվի իրականությունը։ Մենք մեղադրում ենք մի ժողովրդի պատմությունը կեղծելու համար, բայց նրան չենք տալիս իրական փաստերը։ Սովորական ադրբեջանցին և թուրքը դպրոցում սովորել են խեղաթյուրված պատմություն։ Հիմա, երբ նրանք անտեղյակ են, և համացանցով չենք կարողանում հասցնել իրականությունը, ինչո՞ւ ենք մեղադրում նրանց ազգայնականության մեջ։ Տասնամյակներ շարունակ այդ մարդկանց ուղեղներում դրվել է հետևյալ թեզը՝ Հայաստանն ու Արցախն իրենց պատմական տարածքներն են, և հայերը եկել, այդ հողերում պետություն են ստեղծել։ Այս ստին մենք ոչինչ չենք հակադրում։ Այստեղ քարոզչական առումով մեր թիրախն առաջին հերթին պետք է լինի ոչ թե ադրբեջանական իշխանությանն ինչ-որ բան համոզելը, այլ ադրբեջանցի ժողովրդին։ Եթե մեր թիրախը դառնա ադրբեջանցի ժողովուրդը, 5-10 տարի հետո կտեսնենք, որ փոքրիշատե կթուլանա ադրբեջանցիների ատելությունը հայերի նկատմամբ։ Մեր այս քաղաքականությունը հսկայական արդյունքներ կարող է տալ։ Դրա վկայությունը Թուրքիայում սկսված մեծ շարժումն է, երբ մեծաթիվ ծպտյալ հայեր այսօր բացահայտում և վերադառնում են իրենց հայկական արմատներին, անձնագրում ազգության դիմաց գրելով` հայ։ Եթե մարդիկ, ավելի քան 90 տարի ենթարկվելով ճնշումների, լինելով հայերի արդեն 2-3-րդ սերունդը, Թուրքիայի նման անազատ, վախի մթնոլորտ ունեցող երկրում վերադառնում են արմատներին, ապա համոզված եմ՝ ճիշտ քարոզչության դեպքում մենք շատ բան կկարողանանք փոխել ադրբեջանցիների մեջ։ Այսօր Աղվանքի մասին գիտական աշխատությունները հայերեն կամ ռուսերեն են։ Ստացվում է՝ մենք գրում, մենք էլ կարդում ենք։ Առավել կարևոր է եղած գիտական նյութերը թուրքերեն, ադրբեջաներեն կամ այլ լեզուներով թարգմանելը, քան նորերը հրապարակելը։ Եթե մեր տպագրած նյութերի 10 տոկոսն էլ կարողանանք թարգմանել և լույս ընծայել ոչ միայն ադրբեջանցիների և թուրքերի, այլև մյուս ժողովուրդների համար, մեծ խնդիր լուծած կլինենք»։

Գևորգ Մելքոնյանը նշում է նաև, որ մենք, ունենալով սահմանափակ քարոզչական ռեսուրսներ, պետք է համակարգված գործենք. «Սփյուռքն առաջ է տանում Ցեղասպանության ճանաչման հարցը, Հայաստանի Հանրապետությունը հավասարապես կարևորում է և՛ Ցեղասպանության ճանաչումը, և՛ Արցախի հիմնահարցի կարգավորումը։ Մենք, ունենալով փոքր ռեսուրսներ, պատերազմում ենք երկու ճակատով։ Այս առումով մեր քարոզչությունը համակարգելու խնդիր ունենք։ Հայաստանի թիվ մեկ մարտահրավերն այսօր ոչ միայն Ցեղասպանության, այլև Արցախի խնդրի չկարգավորված լինելու պատճառով է։ ՈՒնենք այն, ինչ ունեք։ ՈՒնենք պատերազմական իրավիճակ, և հասարակությունը պետք է պատրաստ լինի խաղաղությունը պահպանելու»։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1352

Մեկնաբանություններ