ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Օխլո-կակիստոկրատիայի կատարսիսը

Օխլո-կակիստոկրատիայի կատարսիսը
15.04.2024 | 12:35

Տոտալ ողբերգությունը շարունակվում է:

Մինչ Ազգային Ժողովում բարդույթավորված վարչապետն աֆեկտի տակ ազարտի ընկած, հոգեշեղվածի դիվային հայացքով, մարազմատիկ մոլագարի անոմալ ժեստիկուլյացիայով, հիստերիկ-պարանոյիկի վարքագծով, իրեն բնորոշ ու ավանդական դարձած լիրիկական զեղումներով, էմոցիոնալ պոռթկումներով, էկլեկտիկ մտքերով, հոդաբաշխ ու աբսուրդային արտահայտություններով պարադոքսալ նոնսենսներ կշռայլի ու ինտրիգ ապահովելով էքստազ կապրի՝ խաղաղ պայմաններում երկու տարբեր դժբախտ պատահարների արդյունքում զինվորներ կզոհվեն, տասնյակներն էլ վիրավոր ու հաշմանդամ կդառնան:

Առ այսօր էլ ընտանիքի անդամներին ոչ ցավակցություն կհայտնեն, ոչ էլ մեղավորների անուններ կտան:

«Մեղավորի» անուն այլ տեղ կտան:

ԱԱԾ-ն քրեական գործ կհարուցի մոլորված հովվին ու անասուններին հետ բերելու նպատակով նրանց հետևից գնացած հայ զինծառայողի դեմ՝ մեղադրելով նրան օրեր առաջ Ներքին Խնձորեսկում տեղի ունեցած փոխհրաձգության մեջ, որի արդյունքում

ադրբեջանցի սահմանապահը ստացել էր վիրավորում։

Բացի այդ, ՀՀ ԱԱԾ-ն ափսոսանք պետք է հայտնի ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու կապակցությամբ՝ ընդունելով մեր զինվորի մեղավորությունը:

Ընդ որում, ՀՀ իշխանությունները մեզ պետք է ասեն, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից էլ զինվորին մեղադրեն «սահմանը խախտելու» մեջ։

Եվ սա ոչ առաջին և ոչ էլ վերջին դեպքն է:

Ներքին Հանդի միջադեպն էլ նույն գնահատականին արժանացավ:

Դրա համար էլ Ադրբեջանը «պարզերես» է միջազգային հանրության առաջ, որովհետև հայկական կողմը պաշտոնապես ընդունում է իր մեղավորությունը:

Հետևաբար, հետագա լուրջ սադրանքներ ու էսկալացիաներ թույլ տալիս, հանգիստ է, որովհետև գիտի՝ Հայաստանը իր վրա կվերցնի ողջ մեղքն ու պատասխանատվությունը:

Ինչևէ, աբսուրդը շարունակվում է:

Այն աստիճանի աբսուրդ, որ թշնամու կրակոցները սահմանային բնակավայրերի վրա ՀՀ իշխանություններն անվանում են՝ «անկանոն ու ոչ նպատակային կրակ»:

Ադրբեջանցիները կրակում են քաղաքացիական օբյեկտների, բնակելի տների, մեքենաների վրա ու դա մեր իշխանությունները համարում են «անկանոն ու ոչ նպատակային»:

Ստացվում է՝ կանոնավորն ու նպատակայինը դա կոնկրետ հայ զինվորի կամ քաղաքացու կյանքը խլելն է:

Ստացվում է՝ դա է մեր իշխանությունների պատկերացումը:

Թե ինչու ՀՀ իշխանությունները նման տխմար ձևակերպումով Ադրբեջանի արածները ծածկադմփոց են անում՝ բոլորիս է պարզ:

Վարչապետի՝ «50 մետր էս կողմ, էն կողմն ինչ կապ ունի» արտահայտությունը, Ալիևից սարսափած լինելը, սեփական ժողովրդին պատերազմով վախեցնելն ու ահաբեկելը ամեն ինչ ասում է:

Այնպես որ՝ հանձնելն էլ, զիջելն էլ, թշնամուն արդարացնելն էլ մտածված է, հստակ պլանավորված ու հաշվարկված:

Դժվար էլ չէ հասկանալ, որ Ոսկեպարը ևս հանձնվում է Երևանից:

Որ Ոսկեպարը պետք է պաշտպանել Երևանում, ոչ թե շաբաթ-կիրակիով գնալ «էքսկուրսիա», գյուղամիջում քոչարի պարել, «Հայ քաջեր» երգել, հայրենասիրական ոտանավորներ արտասանել, անունն էլ դնել՝ հայրենիքի պաշտպանություն:

Ստեփանակերտի հրապարակում էլ էինք երգում-պարում, Աղավնոն էլ էինք պարով պահում, բայց վերջում ողջ Արցախը կորսվեց:

Հիմա էլ Ոսկեպարից հերթական Աղավնո ենք սարքում:

Դժվար էլ չէ հասկանալ, որ հարցերը Երևանում են լուծվում, որ հողը պահում են զենքով ոչ թէ հայրենասիրական կոչերով, որ

ժողովուրդն առանց թիկունքում պետություն ունենալու չի կարող միայնակ հող պահել, որ Փաշինյանին ու Ալիևին չեն խանգարելու ո՛չ մեր պարերը, ո՛չ երգերն ու հայրենասիրության դեմոնստրացիաները:

Ինչ խոսք՝ Տավուշում, Երևանում և ողջ Հայաստանում բողոքի, անհամաձայնության, ընդդիմանալու, անհնազանդության, դիմադրության, ինչպես նաև Տավուշի բնակչությանը բարոյական, քաղաքական աջակցություն հայտնելու համար միջոցառումներն անհրաժեշտ են, սակայն եթե պայքարը սահմանափակվելու է նման միջոցառումներով, ապա այն սոսկ ինքնախաբեություն է:

Իսկ մինչ այդ շարունակեք հանդուրժել մի երկրի ղեկավարի, ով ԱԺ բարձր ամբիոնից, ի լուր աշխարհի պետք է բարբաջի, թե «մեզ 30 տարի մեշոկի նման շպրտել են էս կողմից էն կողմ», «մտածում եք՝ քեռին պուճուր վախտ ինձ շոկոլադ չի տվել, հիմա վրե՞ժ եմ լուծում», «4 գյուղ տալը չի երաշխավորում, որ կխուսափենք պատերազմից, բայց չտանք էլ՝ պատերազմ կլինի», «հոգևորականներ կան, հիշել են, որ Տավուշում եկեղեցի կա, շոու պատարագ, ստենդ ափ են անում», «Կառավարությունը և անձամբ ես հանգել ենք այն համոզման, որ պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հակոտնյա են միմյանց և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար»:

Պարզապես հանդուրժեք, որովհետև սովոր եք ցինիկ վարքագծին, մանպիուլյացիաներին, դեմագոգիային, դիլետանտությանը, պաթոսին ու պոպուլիզմին:

Անգամ եթե անկաշկանդ խոստովանում է, որ երկիրը հասցրել է այն վիճակին, որ հողերը տա, չտա՝ միևնույն է, պատերազմ կլինի, որ թշնամու կողմից արդեն իսկ օկուպացված տարածքներն էլ չի պատրաստվում վերադարձնել:

Անգամ եթե գիտակցում եք, որ պատերազմը խիստ հավանական է կամ անխուսափելի, հետևաբար՝ առնվազն մեր խնդիրն է այդ պատերազմին չգնալ վերջինիս հրամանատարությամբ:

Էլ չեմ ասում, որ նման գերագույն գլխավոր հրամանատարով պատերազմի կործանարար վերջնարդյունքն անկասկած ապահովված է:

Անգամ եթե ակնհայտ է, որ այո՛, ոչ միայն «քեռին պուճուր վախտ իրեն շոկոլադ չի տվել», այնպես էլ տնեցիները, շրջապատն ու հասարակությունը ժամանակին ըստ արժանվույն չեն դաստիարակել, որ հիմա էլ սեփական ժողովրդին քեն չքշի ու վրեժ չլուծի:

Անգամ եթե ծաղրում, վարկաբեկում է հայոց եկեղեցուն, հեգնում հոգևորևականներին…

Էլ չեմ խոսում՝ պատմական ու իրական Հայաստանի խիստ վտանգավոր խոհափիլիսոփայական զեղումների մասին, որով հետայսու հաստատվում է Արցախի, Հայոց ցեղասպանության պատմական հիշողության և մեր հավաքական ժառանգության մերժումն ու ուրացումը։

Որ սա ոչ այլ ինչ է քան թուրքական քարոզչության տարածում, որ վարչապետը դե ֆակտո իրական Հայաստանը վեր է ածում պատմականի և հանձնում է թշնամուն:

Այսպիսով՝ ապատիկ վարքագծով շարունակեք հանդուրժել սուտը, կեղծիքը, ամբարտավանությունը, պատեհապաշտությունը, գավառական շուստրիությունը:

Մանավանդ, որ հարմարվել եք դառը իրականության, ցանկացած աղետի ու արհավիրքի, ողբի, սգի, կորստի ու փորձանքների հետ:

Իսկ Օխլո-կակիստոկրատիան թող ցնծա, կատարսիս ապրի:

Օխլոկրատիա - ժողովրդավարության այլասերված տեսակը, որը հիմնված է դեմագոգների անընդհատ ազդեցության տակ ընկնող ամբոխի փոփոխվող քմահաճույքների վրա։

Կակիստոկրատիա – կառավարման համակարգ, որը ղեկավարվում է ամենավատ, ամենաքիչ որակավորում ունեցող և ամենաանբարեխիղճ քաղաքացիների կողմից:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1277

Մեկնաբանություններ